ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Սերժ Սարգսյանը հարցաքննվելու է «Մարտի 1-ի գործով»



Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու որոշումը ապօրինի է։

ՀՔԾ պետը հավաստիացրեց, որ «Մարտի 1-ի գործով» առանց բացառության հարցաքննվելու են բոլոր այն անձինք, ովքեր առնչություն են ունեցել այդ գործին․

«Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»,- ավելացրեց ՀՔԾ պետը։

Խաչատրյանի խոսքով՝ քննիչն է որոշում, թե գործով ում պետք է կանչի հարցաքննության, և պետք է նրան թույլատրել անձամբ պլանավորել գործողություները, որպեսզի հարցաքննությունն արդյունավետ անցնի։

«Ես հուսով եմ, որ գլխավոր դատախազությունը կբերի վճռաբեկ բողոք, և Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը»,- ասաց Սասուն Խաչատրյանը։

ՀՔԾ պետը չի կարծում, որ այս ընթացքում Քոչարյանը կփորձի լքել երկիրը, սակայն եթե նման փորձ անի, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու, քրեական վարույթից թաքնվելու փորձ և կկիրառվի խափանման միջոց։

Սասուն Խաչատրյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը պետք է ինքնաբացարկ հայտարարեր այս գործով, քանի որ «Մարտ 1-ի գործերով» կայացրել է ինը մեղադրական դատավճիռներ և այնպիսի ձևակերպումներով, որոնցում նա խաղաղ ցուցարարներին բնութագրել է որպես ամբոխ, մասսայական անկարգությունների մասնակից, ովքեր հրկիզումներ և ջարդեր են արել․

«Այսինքն՝ նա այդ ինֆորմացիայի կրողն է։ Այսինքն՝ նա այդ համոզմունքի կրողն է և այդ համոզմունքի կրողը լինելու պայմաններում նա պարտավոր էր ինքնաբացարկ հայտարարել։ Գոնե եթե չէր հայտնում ինքնաբացարկ, նա պարտավոր էր բարձրաձայնել այս փաստերը»։

ՀՔԾ պետի համոզմամբ՝ Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու որոշումը կայացնելիս դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից, քանի որ պետք է ստուգեր առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ