HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հավելյալ 528 միլիոն դրամ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման համար

Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունը այսօրվա նիստին որոշեց արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 528 միլիոն դրամ։

Կառավարության մի որոշմամբ` գործադիրի պահուստային ֆոնդից ԱԳՆ-ին հատկացվեց 408 միլիոն դրամ։ Հավելյալ այդ գումարը տրամադրվում է, քանի որ գագաթնաժողովի և հարակից միջոցառումների ծրագրերում կատարվել են հստակեցումներ՝ կապված մասնակից 84 երկրների, շուրջ երկու տասնյակ այլ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցության ձևաչափի հետ։ Արդյունքում՝ անհրաժեշտություն է առաջացել ավելացնել որոշ աշխատանքներ և ծառայություններ, կատարել հավելյալ ծախսեր՝ կապված Ֆրանկոֆոն լրագրողների միության կոնգրեսի անցկացման Ֆրանկոֆոնիայի ավանի կառուցման և գործունեության, Հանրապետության հրապարակում գալա-համերգի բեմի կառուցման և տեխնիկական հագեցվածության, Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացման հետ:

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ծախսերի ավելացման հավանականության մասին տեղեկացվել էր դեռ անցյալ տարի՝ գագաթնաժողովի խիստ նախնական ծախսերը ներկայացնելիս, ինչի արդյունքում բյուջեի պահուստային ֆոնդի հատկացումներում նույն նպատակի համար նախատեսվել է 408 միլիոն դրամ:

«Պատրաստվում ենք ապահովել Հայաստանի կողմից այդ գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը»,- հարցը զեկուցելիս հայտնեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ, շարունակելով նախարարի խոսքը, հայտնեց, որ Հայաստանի համար կազմակերպվելու է աննախադեպ միջոցառում։

Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հավելեց, որ ոստիկանությունը ապահովելու է գագաթնաժողովի ընթացքում կազմակերպված բոլոր միջոցառումների և Հայաստան ժամանած մասնակիցների անվտանգությունը։

Գործադիրի այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ արտաքին գործերի նախարարությանը կհատկացվի 120 միլիոն դրամ՝  Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների կեցության նպատակով հյուրանոցներում ամրագրված սենյակների կանխավճարի համար։

Նշենք, որ 2018թ. հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման նպատակով 2018 թվականի պետական բյուջեով արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 1,4 միլիարդ դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter