HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Տավուշում դեղձի այգիները չորանում են․ բերքի մեծ կորուստներ են գրանցվել

Նոյեմբերյանի տարածաշրջանի մի քանի գյուղերում դեղձենիների վարակ է սկսվել։ Հարյուրավոր հեկտարներ ոչնչացման վտանգի առաջ են հայտնվել։ Առողջ ծառերը մի քանի ամսվա ընթացքում դեղնում, հետո չորանում են։ Պտուղները չեն մեծանում, չեն հասունանում, վաճառքի կամ ուտելու պիտանի չեն։

Օրինակ` Լճկաձոր եւ Պտղավան գյուղերի դեղձի որոշ այգիներում ծառերի մասսայական հատումներ են տեղի ունենում։ Այգեգործներն արդեն մեռած ծառերը հատում են։

Կասկածում են Դեբեդի ջրի որակին

Հաղթանակցի Մնացական Բադասյանը ցույց է տալիս գյուղի դեղձի այգիները՝ տեղավորված լանջի աջ ու ձախ կողմերում։ Ձախ կողմի այգիների կեսն արդեն դեղին է։ Մնացականը ցույց տվեց հմուտ գյուղատնտես Ավագ Ավագյանի դեղձուտը։ Ավագը ծառերի մի կեսը հատել է դրանց չորանալու պատճառով։

«Ավագը երկար տարվա գյուղատնտես է։ Իր նման մշակող չկա։ Տես՝ իր այգին ինչ վիճակում է։ Ծառերը չորանում են։ Կողքի էս այգին էլ իմն է։ Էս հիվանդությունը հաստատ արմատային է։ Միգուցե հիվանդություն էլ չէ՝ ջրից են ծառերն էս օրն ընկնում։ Մենք արդեն բոլոր հնարավոր վարկածները՝ կապված ցանկացած հիվանդության հետ, կարմրուկ, մոլիվիալ եւ այլն, բացառել ենք։ Դրանց դեմն առնող միջոցառումները կատարել ենք։ Մնում է հողի ու ջրի բաղադրությունը ստուգվի»,- ասաց Մնացական Բադասյանը։

Նա պատմեց, որ հիվանդությունը դեպի վերեւ է բարձրանում Դեբեդի կողմից։ Հարեւան Լճկաձոր եւ Պտղավան գյուղերի այգիներն արդեն ավելի մեծ վնասներ են կրել։ Կան այգիներ, որ ամբողջությամբ վարակված են։

Մնացական Բադասյանի այգին 1 հեկտար է։ Այգու աշնան բերքն այս տարի ուղիղ կեսով նվազել է։ Մնացականի կինը պատմեց, որ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին 2 միլիոն դրամի դեղձ են վաճառել։ Այս տարի բերքը ուղիղ կեսով կրճատվել է այգի մտած հիվանդության պատճառով։

«Որ ծառը թույլ է, շատ արագ ընկել է հիվանդության ճիրանը։ Ուժեղ ծառերը դեռ դիմադրում են։ Դիմադրում են նաեւ ուժեղ սորտերը։ Սա համատարած է»,- ասաց Մնացական Բադասյանը։


Արայիկ Պարանյանը

Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց հետեւյալը․ «Մեր համայնքում դեղձի այգիները մասսայաբար չորանում են։ Մենք հարցը բարձրացրել ենք մարզպետարանի միջոցով։ Գյուղատնտեսության նախարարության մասնագետները ժամանել են տարածաշրջան, ծառի արմատից ու կեղեւից, հողից եւ ջրից փորձանմուշներ են վերցրել։ Ընդհանուր լաբորատոր փորձաքննության համար անհրաժեշտ նյութերը տարել են՝ այգիների չորացման պատճառը գտնելու համար։ Կարծիք կա, որ Թեղուտի հանքավայրից արտանետված ծանր մետաղների քանակությունը ջրի միջոցով հասել է այգիներ եւ վնաս պատճառել։ Բայց սա ընդամենը կարծիք է։ Լաբորատորիայի եզրակացությունն է կարեւոր»։

Լճկաձորի վարչական ներկայացուցիչ Սուրեն Մարտիրոսյանն ասում է, որ դեղձենիների չորացման պրոցեսը սկսվել է 4 տարի առաջ։

«Լճկաձորի դեղձի այգիները եղել են 100 հեկտար, բայց արդեն մեծ մասով չորացել են։ Աշնանը գույքագրում կանենք, թիվը կհստակեցնենք։ Վաղ գարնանը մարդը նորմալ էտել է ծառերը, բոլոր տեսակի ագրոքիմիական մշակումներն արել, բայց այգին մետր առ մետր վերանում է։ Էս ծառը 10 տարեկան է։ Ժողովրդի ասած՝ սրա տղա վախտն ա։ Սա պիտի նվազագույնը 100 կիլո բերք տա։ Բայց երեւի 7 կիլո էլ չի տվել։ Էս տարի մեր գյուղացիները մինիմում բերք են ստացել»,-ասաց Սուրեն Մարտիրոսյանը։


Սուրեն Մարտիրոսյանը

Լճկաձորի նախկին գյուղապետի խոսքով՝ նախորդ աշնանը գյուղում ստացել են 1000 եւ ավելի տոննա բերք, իսկ այս տարի 350 տոննան լինելու է առավելագույնը։

Վնասատուն «հայտնաբերվել է»

Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնն ավարտել է ուսումնասիրությունը։ Նոյեմբերյանի տարածաշրջանի դեղձենիներին վնասողը կալիֆորնիական վահանակիրն է։ Այն կարանտին նշանակության տեսակ է եւ մեծ վնաս է պատճառում պտղատու ծառատեսակներին: Վնասատուն վարակում է ծառերի բունը, բոլոր տարիքի ճյուղերը, շիվերը, ինչպես նաեւ տերեւներն ու պտուղները: Ուժեղ վարակի դեպքում ծառերի ճյուղերի եւ բնի կեղեւը պատռվում են, այնուհետեւ աստիճանաբար չորանում ու թափվում: Վարակվածության բարձր աստիճանի դեպքում պտուղները ճաքճքում են, ձեւախեղվում, ապրանքային տեսքն ընկնում է:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյան ասում է․ «Կալիֆորնիական վահանակրի դեմ պետք է պայքարել ճիշտ ժամանակին եւ գրագետ։ Երբ վահանակրի թափառողները դուրս են գալիս, դա բուժման իդեալական ժամկետն է։ Շատ անգամ գյուղացիները սխալ ժամկետում են պայքարում՝ երբ վահանակիրը թաքստոցում է։ Դա արդյունք չի ապահովում»։

Հետաքրքիր է, որ կալիֆորնիական վահանակրի դեմ պայքարը ներառված է տարեկան միջոցառումների ցանկում։ Այսինքն՝ գյուղատնտեսները վահանակրի դեմ բուժում իրականացնում են։ Գառնիկ Պետրոսյանին հարց ուղղեցինք, թե արդյո՞ք հնարավոր է, որ բուժանյութերը որակյալ չեն, եւ միջոցառումներն արդյունք չեն տալիս, փոխնախարարը պատասխանեց․ «Չեմ կարծում։ Եթե բուժանյութերը որակով չեն, այլ վայրերում նույնպես վարակ կլիներ։ Պտղավանում շատ լավ պտղաբույծ կա՝ Սպարտակ Զախարյանը, նրա այգիներում շատ լավ վիճակ է»։

Ըստ Գառնիկ Պետրոսյանի՝ խիստ սառնամանիքների պայմաններում վնասատուների հարուցիչները բավականաչափ վնասվում են, առանձին դեպքերում որոշ վնասատուներ գրեթե ամբողջովին ոչնչանում են։ Այս տարվա ձմռանը, ըստ փոխնախարարի, գրանցվել է վնասատուների համար բարենպաստ ջերմաստիճան։

Գառնիկ Պետրոսյանը պտղաբույծներին խորհուրդ տվեց անպայման խորհրդակցել մասնագետների հետ՝ մտածված պայքար տանելու համար։ Հարցին՝ հնարավո՞ր է գյուղնախարարությունը հանձն առնի մի ամբողջ տարածաշրջանում վնասատուի դեմ պայքարն առաջնորդի, մասնագետ գործուղի գյուղացիներին խորհրդատվություն մատուցելու նպատակով, փոխնախարարը պատասխանեց․

«Պետությունը նման ծրագիր չունի։ Միայն ու միայն իրենք պետք է իրենց այգիներում պայքար տանեն։ Դա կառավարելի հիվանդություն է։ Դա մորեխների կամ կրծողների դեմ պայքարին պետք չէ հավասարեցնել։ Սա նոր բան չէ, հայտնի հիվանդություն է, իր դեմ պայքարի միջոցներով հանդերձ։ Ուղղակի գյուղացիները ուշադրություն չեն դարձնում, ժամանակին չեն կանգնեցնում»։

Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանն այն կարծիքին է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում լաբորատորիա ունենալու խիստ պահանջ կա։

«Մեր տարածաշրջանում այգեգործության զարգանալու մեծ հեռանկարներ կան։ Բայց ժողովուրդը բուժումները տարերայնորեն է անում՝ մեկը մեկից խորհուրդ հարցնելով։ Լաբորատորիան կնպաստի ամեն ինչ մասնագիտորեն կազմակերպված եւ հիմնավորված կատարել։ Այլապես այգեգործությունը չի զարգանա»,-ասաց Պարանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter