Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

«53 տարի տունս սարերի բերքով եմ պահում»



Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը Ադրբեջանին սահմանակից է։ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից գյուղն ակտիվ ներգրավված է եղել ռազմական գործողություններին։ Եղել է թեժ կետերից մեկը։

1991 թ. մայիսի 6-ին Ադրբեջանի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակն ուղղաթիռների, տանկերի եւ ծանր հրետանու օգտագործմամբ ցանկանում է փորձել ոչնչացնել Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղը։ Գյուղը փրկվել է առաջին հերթին ինքնապաշտպանության շնորհիվ։

Հենց 1990-ականներին էլ տեղի է ունեցել մեծ արտագաղթ։ Արդյունքում՝ Ռուսաստանում ձեւավորվել է ոսկեպարցիների բավականին մեծ սփյուռք։

73-ամյա ոսկեպարցի Մարուս Գյուլնազարյանը ամռան ու աշնան պտղաշատ օրերին սարերից միրգ ու հատապտուղ է հավաքում։ Ասում է՝ 53 տարի տունը սարերի բարիքներով է պահում։ Վստահեցնում է, որ հոնով բեռնված ուսապարկը 50 կիլոգրամ քաշ ունի։

«Ամեն ինչ էլ կա հանդըմը՝ տանձ, խնձոր, զկեռ, տխիլ։ Օգոստոս ամսին չիմս (բոլորս-հեղ.) էլ քաղըմ ենք։ Վերը հանձնըմ ա, վերը արաղ ա քաշըմ, իրա հոգսին անըմ»,- ասում է տարեց ոսկեպարցին։

Զավակներն իրենց ընտանիքներով ապրում են Ռուսաստանի Դաշնությունում։ Հայաստանից մեկնել են 90-ականներին, պատերազմական օրերին։ Մարուս Գյուլնազարյանն ասում է, որ շատերն են մեկնել Ոսկեպարից։ Ինքն արդեն սովորել է մենակությանը։ Միայն ձմռան երեք ամիսներին հյուրընկալվում է ռուսաստանաբնակ զավակներին, գարնանը՝ վերադառնում։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ