HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քննիչների և փաստաբանի վերաբերյալ կաշառքի գործով ցուցմունք կտա էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը

Էրեբունու քննչական բաժնում կաշառք ստանալու վերաբերյալ՝ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող գործով  ցուցմունք կտա նույն քննչական  բաժնի պետի նախկին տեղակալ Բունիաթ Եղիազարյանը: Վերջինս կաշառքի վերաբերյալ նույն դատարանում, բայց առանձին վարույթում քննվող գործով մեղադրյալի կարգավիճակ ունի:

 Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով անցնող որդու օգտին գործողություններ կատարելու համար քաղաքացի Բաբկեն Գասպարյանը քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք: 

Մասնավորապես՝ ըստ գործի նյութերի՝ Բաբկեն Գասպարյանի որդուն՝ Սոս Գասպարյանին վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության հոդվածի վերաորակելու համար Բաբկեն Գասպարյանը  քննիչ Միքայել Զադոյանին առաջարկել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, որն ընդունվել է։ Ապա, ըստ մեղադրանքի, Միքայել Զադոյանն Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Գասպարյանից ստացել են 3000 դոլար կաշառքը:

Նշենք, որ Սոս Գասպարյանի պնդմամբ՝ ուշ երեկոյան ինքը և եղբայրը տուն գալիս են եղել, երբ 4 անձինք հարձակվել են իրենց վրա ու ծեծի ենթարկել, և նման պայմաններում ստիպված է եղել իր մոտ եղած դանակով պաշտպանվել: Նշենք, որ արդյունքում Գասպարյան եղբայրների հետ վիճաբանած անձանցից մեկը՝ Սերգեյ Կուդրյաշովը ծանր մարմնական վնասված է ստացել:

Քննիչ Զադոյանի, Գայանե Գալոյանի և Բաբկեն Գասպարյանի վերաբերյալ գործը քննվում է դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում, իսկ Բունիաթ Եղիազարյանի վերաբերյալ գործը քննում է դատավոր Արշակ Վարդանյանը: Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ քննիչ Միքայել Զադոյանը կալանքի տակ է: Դատավոր Մակյանի վարույթում Բունիաթ Եղիազարյանին դատակոչի ցուցակում ներառելու և նրան հարցաքննելու միջնորդությունը ներկայացրել են  Միքայել Զադոյանի պաշտպանները:

Այսօրվա դատական նիստին դատարանն ավարտեց գործում առկա փաստաթղթերի հետազոտումը: Հրապարակվեց ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի և իր հետ վիճաբանած Սերգեյ Կուդրյաշովի միջև տեղի ունեցած առերես հարցազննությանը, որի շրջանակներում վերջինս պնդել է Սոս Գասպարյանի կողմից իր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու հանգամանքը: Սոս Գասպարյանն էլ իր հերթին պնդել է, որ, դանակը կիրառելով, անհրաժեշտ պաշտպանության է դիմել, քանի որ հասկացել է, որ  իր և եղբոր կյանքին վտանգ է սպառնում:

Դատական նիստին Գայանե Գալոյանի պաշտպան Անժելա Հոբոսյանն ընթերցեց փաստաբան Գայանե Գալոյանի կողմից Էրեբունու քննչական բաժնին ու դատախազությանը հասցեագրված մի շարք գրություններ, որոնցում առարկություններ են ներկայացված գործով քննիչի գործողությունների դեմ:  Այսպիսով, ըստ էության, պաշտպանական կողմը ցանկանում է ցույց տալ, որ Գալոյանը, ում մեղադրում են իր պաշտպանյալի օգտին գործողություններ կատարելու համար կաշառքի միջնորդություն կատարելու մեջ, իրականում կատարել է իր աշխատանքն, այդ թվում՝ առարկելով քննիչի գործողությունների դեմ:

Միքայել Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այն ժամանակ, երբ, ըստ մեղադրանքի, Միքայել Զադոյանը կաշառք է վերցրել Սոս Գասպարյանի արարքին անհրաժեշտ պաշտպանություն որակում տալու համար, քրեական գործում դեռևս  առկա չի եղել անհրաժեշտ պաշտպանության հանգամանքների մասին որևէ տվյալ:

Այսօրվա դատական նիստը հետագձվեց, և մյուսը նշանակվեց սեպտեմբերի 11-ին:

Լուսանկարում դատավոր Մեսրոպ Մակյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter