Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հայկական ակումբներն այս տարի առաջընթաց գրանցեցին, բայց կարեւորը հիմքն է



Հայկական ֆուտբոլային ակումբներն ավարտեցին իրենց ելույթները եվրոպական մրցաշարերում: Եվրոպական հարթակում Հայաստանը ներկայացնող 4 թիմերից 2-ը կարողացան հասնել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ, ինչն աննախադեպ երեւույթ է անկախությունից հետո: Ճիշտ է՝ նախկին ԽՍՀՄ-ի մաս կազմող մի շարք երկրներում (այդ թվում՝ հարեւան Ադրբեջանում, որի թիմերը, ի տարբերություն հավաքականի, եվրոպական ասպարեզում աչքի են ընկնում հաջող ելույթներով) սա կարող է ժպիտով ընդունվել, բայց այդպիսի վիճակում է մեր ֆուտբոլն այսօր:  

Այն բանից հետո, երբ պայմանավորված խաղի մեղադրանքով ՀՖՖ-ն գրեթե չեմպիոն դարձած «Շիրակից» 12 միավոր հանեց, թիմը հայտնվեց 4-րդ տեղում, ինչը հնարավորություն տվեց «Ալաշկերտին» դառնալ չեմպիոն, «Բանանցին» ՝ փոխչեմպիոն, «Գանձասար-Կապանին»՝ բրոնզե մեդալակիր: Քանի որ ֆեդերացիայից դժգոհ գյումրեցիները հրաժարվեցին մասնակցել Եվրոպայի լիգայի խաղարկությանը, այդ հնարավորությունը ստացավ առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցրած «Փյունիկը»: Իսկ 2017/18 թթ. մրցաշրջանում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում էր ընդամենը 6 թիմ, այսինքն՝ «Փյունիկն» Հայաստանի նախավերջին թիմն էր: Ու ստացվեց այնպես, որ «Շիրակի» հետ կապված պատմությունից ամենաշատը օգտված 2 ակումբները՝ չեմպիոն դարձած «Ալաշկերտն» ու եվրոպական մրցաշար դուրս եկած «Փյունիկը», աննախադեպ քայլ կատարեցին:

Ի սկզբանե մեծ հույսեր չկային փոխչեմպիոն «Բանանցից», որը, անկախ նրանից, թե ինչ արդյունքի է հասնում ներքին առաջնությունում կամ գավաթի խաղարկությունում, գլխավորապես տապալվում է եվրոպական հարթակում: Սա նաեւ մեր առաջնության որակի ցուցիչ է: Այս անգամ էլ բացառություն չէր՝ Արամ Ոսկանյանի թիմը ընդհանուր 1-5 (1-2, 0-3) հաշվով հենց որակավորման առաջին փուլում զիջեց բոսնիական «Սարաեւոյին»: «Բանանցը» 26 խաղ է անցկացրել եվրոպական մրցաշարերում (Չեմպիոնների լիգա, ՈւԵՖԱ-ի գավաթ/Եվրոպայի լիգա), որոնցում ընդամենը 4 հաղթանակ է տարել ու 3 ոչ-ոքի խաղացել՝ պարտվելով 19 մրցավեճում: Խփած ու բաց թողած գնդակների տարբերությունը՝ 19-57: Երեւանյան թիմն ընդամենը 1 անգամ է (ՈւԵՖԱ-ի գավաթի 2005/06 թթ. խաղարկություն) կարողացել հաղթահարել գոնե մեկ փուլ:        

Առաջին հայացքից թվում էր, թե ոչ մի շանս չունի նաեւ «Գանձասար-Կապանը», սակայն Աշոտ Բարսեղյանի թիմը, դրսում պարտվելով 0-2, տանը շատ մոտ էր հիմնական ժամանակում 2-0 հաշվով հաղթանակին ու ընդհանուր հակամարտությունը լրցացուցիչ ժամանակ տեղափոխելուն, սակայն անփութության պատճառով խաղավարտին գոլ ընդունեց ու չնայած հաղթեց 2-1, լքեց Եվրոպայի լիգան առաջին իսկ փուլում: Այն, թե ինչպես էին խաղում կապանցիները կարգով ավելի բարձր լեհերի դեմ, հուշում է, որ թիմը առաջադիմել է նախորդ մրցաշրջանի համեմատ, երբ Բարսեղյանի սաները ընդհանուր 0-4 հաշվով զիջեցին չեռնոգորական «Մլադոստին»: Հատկապես տպավորեց կապանցիների գլխավոր հարվածային ուժը՝ Գեղամ Հարությունյանը, որը, ինչպես գրել ենք նախկինում, արժանի է ազգային հավաքականում խաղալու հնարավորություն ստանալուն:

«Փյունիկում» սեփականատիրոջ փոփոխությունից հետո փոխվել է նաեւ ռազմավարությունը: Եթե նախկինում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ակումբը շեշտը դնում էր տեղացի երիտասարդ կադրերի վրա, որոնք գլխավորապես ակումբի սաներն էին, ապա ռուսաստանահայ Արթուր Սողոմոնյանի օրոք «Փյունիկում» փորձում են համատեղել արտասահմանցի (հիմնականում՝ ռուսաստանցի) փորձառու լեգեոներներին ու տեղացի պատանի-երիտասարդներին: Այս համաձուլվածքն ու նոր գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի փորձն ու մարտավարությունը օգնեցին թիմին հասնել մինչեւ Եվրոպայի լիգայի երրորդ փուլ՝ ճանապարհին հաղթահարելով մակեդոնական «Վարդարի» (1-0, 2-0) ու ղազախական «Տոբոլի» (1-2, 1-0) արգելքները: Թել Ավիվի «Մաքքաբիի» հետ դիմակայությունում (0-0, 1-2) երեւանցիներին չհերիքեց կարգը, չնայած իր դերը խաղաց նաեւ արտագնա մրցավեճում թիմի մարտավարությունը. մեկ գոլ խփելուց հետո փյունիկցիներն աստիճանաբար սեղմվեցին սեփական կիսադաշտում, ու մրցակցի շարունակական ճնշումը տվեց իր արդյունքը, բարձր էր նաեւ Տալալաեւի սաների խաղի խոտանը:

Այդուհանդերձ, «Փյունիկն» իր պատմության մեջ առաջին անգամ մեծ քայլ կատարեց եվրոպական մրցաշարերում: Նախկինում ակումբը 6 անգամ հաղթահարել էր որավորման առաջին փուլը (Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպայի լիգայում ընդհանուր վերցրած), սակայն ավելին անել չէր կարողացել: Թիմն այս անգամ աչքի ընկավ նաեւ գոլերով՝ 6 խաղում խփելով նույնքան գնդակ (միայն մեկ խաղում Տալալաեւի սաները «ժլատ» գտնվեցին), փոխարենը բաց թողնելով 4-ը:  

«Փյունիկի» պես ԵԼ երրորդ փուլում հայտնվեց նաեւ «Ալաշկերտը», բայց, անկեղծ ասած, գործող չեմպիոնի անցած ճանապարհը ոչ մի կերպ չի կարելի համեմատել առաջինի հետ, քանի որ փյունիկցիներն իրենց ջանքերով անցան ամբողջ ճանապարհն ու շատ մոտ էին նաեւ 4-րդ՝ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալուն, այնինչ «Ալաշկերտը» ՉԼ-ում նախ երկու անգամ 0-3 հաշվով պարտություն կրեց շոտլանդական հանրահայտ «Սելթիկից», ապա ՈւԵՖԱ-ի նոր կանոնների համաձայն տեղափոխվեց ԵԼ եւ ծանր պայքարում ընդհանուր 1-0 հաշվով ասպարեզից հանեց չեռնոգորական «Սուտյեսկային», բայց երրորդ փուլում 0-2, ապա 0-5 խայտառակ հաշվով պարտություններ կրեց ռումինական «Կլուժից»: Ինչ-որ մեկը կարող է ասել, թե «Ալաշկերտի» բախտը չբերեց շոտլանդական ու ռումինական չեմպիոններին հանդիպելիս, բայց Վարուժան Սուքիասյանի թիմն առանձնապես չտպավորեց նույնիսկ Մոնտենեգրոյի չեմպիոնի դեմ խաղում: Այնպես որ ամեն ինչ պիտի օրինաչափ համարել: Ավելին՝ 6 խաղում Հայաստանի չեմպիոնը խփեց ընդամենը 1 գոլ՝ բաց թողնելով 13-ը:      

Երրորդ փուլ անցած «Փյունիկի» ու «Ալաշկերտի» պարագայում մտահոգում է մեկ փաստ. երկու թիմերում էլ տոն տվողն ու առանցքային ուժը լեգեոներներն էին. մեկնարկային կազմերում տեղացիներից ընդգրկվում էին միջինը 4-5 ֆուտբոլիստ: Ճիշտ է՝ նույն Եվրոպայում սա վաղուց սովորական երեւույթ է, բայց այս դեպքում, թերեւս, սխալ կլինի փորձել կրկնօրինակել եվրոպական փորձը նախեւառաջ այն պարզ պատճառով, որ համեմատելու եզրեր գրեթե չկան կամ շատ հեռու են իրարից:

Հայաստանում դեռ չկա մանկապատանեկան ֆուտբոլի զարգացած համակարգ, լավ մարզադպրոցներ ունեն եւ ունեցել են «Բանանցն» ու «Փյունիկը», բայց փորձը ցույց է տվել, որ դա բավարար չէ ոչ միայն ակումբների, այլեւ հավաքականների համար: Տարիներ շարունակ տարիքային հավաքականների համար ընտրությունը գերազանցապես կատարվել է 2-3 ակումբի սաներից, այսինքն՝ չի եղել մրցակցություն նույն մարզադպրոցների միջեւ, ինչի հետեւանքը պատանեկան ու երիտասարդական, ապա եւ ազգային ընտրանիների ձախողումներն են միջազգային մրցաշարերում: Սրա պատճառով էլ սկսել ենք աջ ու ձախ նոր կադրեր փնտրել սփյուռքում:

Կան նաեւ Ավանի, Գյումրու ու Վանաձորի ակադեմիաները, որոնց արդյունքները կարող ենք տեսնել ժամանակի ընթացքում, բայց մեծ անելիք ունեն հենց իրենք՝ առաջնության մասնակից բոլոր ակումբները:

Պատահական չէ, որ այսօր արդեն կարծիքներ են հնչում ներքին առաջնությունում լեգեոներների քանակի սահմանափակման վերաբերյալ, ինչը տրամաբանական է: Սա նաեւ կստիպի ակումբների ղեկավարությանը ոչ թե դրսից հրավիրված միջին որակի ֆուտբոլիստներով հարցեր լուծել առաջնությունում ու եվրոպական մրցաշարերին մասնակցելու հնարավորություն ստանալ, այլ մտածել հիմքից սկսելու՝ սեփական դպրոցն ունենալու եւ կադրերը պատրաստելու միջոցով աստիճանաբար կայուն ակումբ ստեղծելու մասին:

Մյուս կողմից՝ լավ է, որ վերջապես 6 ակումբի մասնակցությամբ բարձրագույն խմբի առաջնության կազմը ընդլայնվել է՝ հասնելով 9-ի: Առաջնության մեկնարկային հանդիպումներն ու գրանցված հաշիվները հուշում են, որ հետաքրքիր մրցաշար է լինելու. օրինակ՝ նույն «Արարատ-Արմենիան» բավականին հավակնոտ նախագիծ է, չնայած միայն ժամանակը ցույց կտա, թե որքան կայուն եւ երկարաժամկետ է այն:

Լավ ենթակառուցվածքներով (սկսած մանկապատենական բազայից) ակումբները մրցունակ առաջնության նախադրյալ են, իսկ այդպիսի առաջնությունը հիմք է տեղացի լավ կադրերի ի հայտ գալուն, որոնք էլ պիտի մրցակցություն ստեղծեն ազգային հավաքականում տեղ ունենալու համար: Եթե Հայաստանի ակումբային ֆուտբոլում նոր-նոր ուրվագծվող դրական տեղաշարժերը թիթեռի կյանք չունենան, 2-3 տարվա ընթացքում կարող ենք տեսնել փոփոխությունների առաջին արդյունքները պատանի ու երիտասարդ, որակյալ ֆուտբոլիստների տեսքով (այնպես չէ, որ այդպիսիք հիմա ընդհանրապես չկան, բայց նրանց կարելի է հաշվել մատների վրա):    

Հ.Գ. 2018/19 թթ. մրցաշրջանի եվրոպական ելույթները մեր ակումբներն ավարտեցին: 4 մասնակիցներն անցկացրին 16 խաղ, որոնցում տարան 5 հաղթանակ, 2 ոչ-ոքի խաղացին եւ 9 պարտություն կրեցին, գնդակների տարբերությունը՝ 10-25:

Ամեն խաղում դրական արդյունքը կարեւոր է նրանով, որ թիմերն իրենց երկրին բերում են վարկանիշային միավորներ: Վերջին 5 մրցաշրջանների վարկանիշային միավորների համագումարով ձեւավորվում է երկրի ակումբային ֆուտբոլի վարկանիշը, ինչի հիման վրա էլ որոշվում է, թե տվյալ երկիրը քանի ակումբ կարող է ներկայացնել եվրոպական մրցաշարերում (ՉԼ, ԵԼ), եւ որ փուլերից են մեկնարկելու թիմերը:   

Ներկա մրցաշրջանում (2018/19) ՈւԵՖԱ-ի 55 անդամների շարքում Հայաստանը 45-րդն էր: Այս մրցաշրջանի համար հաշվի էին առնվել մեր թիմերի 2012/13-2016/2017 թթ. արդյունքները: Գալիք մրցաշրջանում՝ 2019/20-ում, Հայաստանն իր վարկանիշով 46-րդն է (2013/14-2017/18 թթ. արդյունքների հիման վրա):

Արդեն 2020/21 թթ. մրցաշրջանում հաշվի կառնվեն նաեւ հայկական ակումբների այս տարվա ելույթները:

Այդ ցուցակում (նկարում) մեր երկիրն առայժմ 43-րդն է, սակայն քանի որ Լյուքսեմբուրգի ու Վրաստանի մեկական թիմեր շարունակում են պայքարը ԵԼ-ում, հնարավոր է նրանք շրջանցեն Հայաստանին:    

Տես նաեւ՝ Վեր-վեր թռչելուց հետո անկումը կրկնակի ցավոտ է

                   Մխիթարվենք Մխիթարյանով, կամ անդունդի երկու կողմերում

Առաջին լուսանկարում՝ դրվագ «Փյունիկ»-«Մաքքաբի» հանդիպումից (ffa.am)


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ