HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Վարկային միջնորդ հանդիսացող ընկերության ներքին սխեման բացահայտում է նախկին աշխատակիցը

Լուսանկարում երևում են ֆեյսբուքյան կեղծ էջեր, որոնք վարում են վարկային միջնորդ հանդիսացող «Օնլայն Էլեկտրոնիկ» ընկերության աշխատակիցները՝ առաջարկելով ֆեյսբուքյան օգտատերերին մեկ օրում գումար ստանալ՝ առանց գրավի ու միջնորդի։ Նմանատիպ էջ ժամանակին վարել է Արմինեն (անունը փոխված է)՝ վարկառու գտնելու նպատակով։

Նա «Հետքին» ներկայացրեց այն սխեման, որով միջնորդ հանդիսացող ընկերությունները վարկային վատ պատմություն ունեցող քաղաքացիներին առաջարկում են միջնորդել բանկի հետ ապառիկի պայմանագիր կնքել՝ նրանց տրամադրելով այդ պայմանագրով սահմանված գումարի 60-65 տոկոսը, իսկ 30-35 տոկոսը պահում են որպես միջնորդավճար։

«Քաղաքացիները շատ հաճախ կարծում են, որ իրենք բանկի սև ցուցակում են, բայց գրանցված աշխատող լինելու դեպքում՝ մարդը սև ցուցակում հայտնվելուց մի տարի հետո կրկին կարող է գործարք անել բանկի հետ։ Վարկային միջնորդ կազմակերպություններն օգտվում են առիթից, որ մարդկանց մեծ մասը չգիտի այդ մասին։ Նրանք առաջարկում են «օգնել» սև ցուցակում հայտնված անձանց, որոնք վաղուց սև ցուցակում չեն, իսկ իրական սև ցուցակում գտնվողներին բանկը, հետևապես նաև իրենք մերժում են»,- պատմում է Արմինեն։  

Արմինեն ասում է նաև, որ նման միջնորդ կազմակերպություններին դիմում են այն անձինք, ում շատ շտապ գումար է անհրաժեշտ, գտնվում են ծայրահեղ վատ վիճակում և «մեկ օրում», «առանց գրավի», «առանց երաշխավորի» բառերը գրավում են նրանց։ Ամենաշատ դիմողներն, ըստ նախկին աշխատակցի, պայմանագրային զինծառայողներն են․ «Դիմողների 10-ից 4-ը, կարելի է ասել, զինծառայողներ էին։ Նրանցից շատերը նաև սև ցուցակում էին»,- պատմում է Արմինեն։

Հիշեցում․ «Հետքը» գրել էր վարկային միջնորդ հանդիսացող Varkov.am ընկերության մասին, որը բազմաթիվ քաղաքացիների խաբել էր։ Մարդիկ ապառիկի պայմանագրեր էին կնքել բանկերի հետ, սակայն չէին ստացել ոչ ապրանքը, ոչ էլ գումարը։ Հրապարակումից հետո ոստիկանությունն իրականացրել էր ուսումնասիրություն, և երեկ հաղորդագրություն տարածեց, որ վարկային կազմակերպություններ հանդես եկող ընկերությունների խարդախություններ է բացահայտել։ Ոստիկանությունը, սակայն, դեռևս մանրամասներ և կազմակերպությունների անուններ չի հայտնում։  

«Օնլայն էլեկտրոնիկ» ՍՊԸ-ում Արմինեն  աշխատել է մի քանի ամիսլ։ Չնայած նրա պնդումներին, որ իրեն գրանցեն որպես աշխատող, գործատուն անընդհատ հրաժարվել է՝ խուսափելով հարկեր վճարել։ Արմինեն պատմում է, որ իր նման չգրանցված տասնյակ աշխատակիցներ կային ընկերությունում, ովքեր, մեծ մասամբ, տնից էին աշխատում։

«Այդ ընկերությունում տնօրեններից մինչև նորեկ աշխատակից նույն գործով էին զբաղված․ բացել էջ ֆեյսբուքում, տեղադրել հայտարարություն, գովազդել այդ էջը, պատասխանել զանգերին, ուղեկցել քաղաքացիներին էլեկտրոնիկայի խանութ, հետևել, որ կնքի ապառիկի պայմանագիրը, քաղաքացու և ապառիկով ձեռք բերված ապրանքի հետ վերադառնալ գրասենյակ, ապրանքը տալ տնօրենին»,- պատմում է Արմինեն։ 

Ապրանքը տնօրենի սենյակ մտնելուց հետո տեղափոխվում է պահեստ, հետո մանրածախ վերավաճառողների խանութներ։ Միևնույն ժամանակ, բանկի հետ ապառիկի պայմանագիր կնքած քաղաքացու հետ ընկերությունն առանձին կնքում է առք ու վաճառքի պայմանագիր, ըստ որի տվյալ ապրանքը քաղաքացուց գնում են իրական գնի 65 տոկոսով։ Արդյունքում՝ քաղաքացին ամսական մուծում է ապրանքի ապառիկը, որը ներառում է ապրանքի 100 տոկոս գինը և բանկի միջնորդավճարը։

Այսպիսով՝ քաղաքացին միջնորդի միջոցով գործարք անելիս՝ վճարում է ապառիկով ձեռք բերված ապրանքի կրկնակի գինը։

 

Որոշ միջնորդ կազմակերպությունների դեպքում՝ առք ու վաճառքի պայմանագրի կետերում պահանջ կա, որ պայմանագրի առարկան պետք է գաղտնի պահվի։ «Բեսթ Կրեդիտ» («Արտակ Բեզիրյան Գագիկի» ԱՁ) կոչվող վարկային միջնորդը քաղաքացիներին դրդել է ստորագրել պայմանագիր, ըստ որի՝

- Պայմանագրի առարկա վաճառված ապրանքի հետ կապված երրորդ անձանց կողմից գնորդին (այսինքն՝ միջնորդ ընկերությանը – խմբ.) որևէ պահանջ ներկայացնելու դեպքում փոխհատուցել դրա հետևանքով գնորդի կրած վնասներն ամբողջությամբ։

- Վաճառողը (այսինքն՝ քաղաքացին – խմբ.) պարտավորվում է գաղտնի պահել և երրորդ կողմին չփոխանցել այդ պայմանագրի կատարման ընթացքում իրենց հայտնած տեղեկությունները և այլ մանրամասներ։  

 

Ըստ Արմինեի՝ մինչև հեղափոխությունը աշխատակիցները ստանում էին ֆիքսված մոտ 80 հազար դրամ աշխատավարձ, գումարած այդ աշխատակցի կողմից բերված յուրաքանչյուր հաճախորդի պայմանագրի գումարի 1 տոկոսը։ Հեղափոխությունից հետո փոխեցին վճարման ձևը, հանեցին ֆիքսված աշխատավարձը՝ վճարելով ամեն հաճախորդի գործարքից 2-3 տոկոս։

Այսինքն՝ «Օնլայն էլեկտրոնիկը» պայմանագրով սահմանված գումարի 35 տոկոսը պահում է որպես միջնորդավճար, որի միայն 2-3 տոկոսն է վճարում աշխատակիցներին։ Մնացած 32-33 տոկոսին, ըստ Արմինեի, տիրապետում էին տնօրենները։

«Օնլայն էլեկտրոնիկ» ընկերությունը էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է «Օնլայն էլեկտոնիկ» անվամբ։ Հիմնադիրն ու 100 տոկոս բաժնետերը Դավիթ Ղազինյանն է։       

Ընկերությունը գրանցվել է 2016թ-ին, իրավաբանական հասցեն` Նոր Նորք, Բակունցի 2-րդ նրբանցք, 13/1, 40։ Արմինեն նշում է, սակայն, որ ընկերության գրասենյակը գտնվում էր Մալաթիա Սեբաստիա համայնքում։ «Ի դեպ՝ շատ հաճախ տեղափոխում էին գրասենյակը։ Եւ այդ փողոցի վրա մի քանի նմանատիպ վարկային միջնորդներ կային»,- ասում է Արմինեն։

Կարդացեք նաև՝ 

Ոստիկանությունը հորդորում է Varkov.am-ից տուժածներին դիմել իրենց

«Ոստիկանությունը մեզ ոչինչ չի կարող անել»․ Varkov.am-ի տնօրենն ու աշխատակիցը քաշքշել են հաճախորդներին 

Մեկնաբանություններ (3)

Աննա
Ուզումեմ իմանալ
Artur
Ուզումեմ վարկ
Լիաննա Խաչատրնան
Ուզումեմ վարկ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter