HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պավել Մանուկյանի ասածն իրականությանը չի համապատասխանում. Էդվարդ Գրիգորյան

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանը հերքում է Պավել Մանուկյանի կողմից իր դեմ տրված ցուցմունքը:

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը հուլիսի 18-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ ՊՊԾ գնդում հրազենային վիրավորում ստացած, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի ուղղությամբ պատահաբար կրակոց է արձակել ոչ թե Արմեն Բիլյանը, ում մեղադրում են սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը: Վերջինս հայտարարությունից զատ այլ մանրամասներ չհայտնեց՝ թեև կողմերին հետաքրքրում էր, թե Գրիգորյանը որտեղ է եղել, արդյոք ականատես եղել է, երբ ոստիկանի ուղղությամբ կրակոց է արձակվել:

Չնայած Գրիգորյանի հայտարարությանը՝ Պավել Մանուկյանը շարունակեց պնդել, որ կրակոցն արձակվել է Գրիգորյանի կողմից:

«Էդվարդ Գրիգորյանը մեր Սասնա ծուռն է, բայց Էդվարդ Գրիգորյանից ավելի թանկ բան կա. դա կոչվում է արդարություն: Արդարություն, հանուն որի մենք ապստամբել ենք: Ճշմարտությունն այն է, որ իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանը պատահական կրակոց է արձակել, իսկ Բիլյան Արմենն այնտեղ չի եղել: Ինձ համար տարբերություն չկա՝ Արմեն Բիլյանը, Էդվարդ Գրւգորյանը, թե Արամ Մանուկյանը»,- ասաց Պավել Մանուկյանը:

Արմեն Բիլյանն իրավիճակում հստակություն չմտցրեց. հիշեցրեց միայն, որ այսօր Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության 100-րդ օրն է, որ այդ հեղափոխության նպատակներից մեկը կեղծիքին վերջ դնելն էր:
«Վերջ կեղծիքին»,- հայտարարեց Արմեն Բիլյանը:

Անդրադառնալով Պավել Մանուկյանի՝ Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ արված հայտարարությանը՝ մեղադրող կողմը վարկած էր առաջ քաշել, որ հավանական է՝ այս ամենը պաշտպանական մարտավարություն է, որի նպատակը շփոթություն առաջացնելն է: Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը, ով ասել է, որ Պավել Մանուկյանի հայտարարությունն իրենց միասնական դիրքորոշումը չէ, դատարանին վստահեցրեց, որ իրենց՝ ամբաստանյալների միջև որևէ ներքին պայմանավորվածություն չկա:

«Ուզում եմ խնդրել չփնտրել սև կատու մութ սենյակում, եթե չկա այդպիդի կատու: Կա այն, ինչ կա»,- ասաց Վարուժան Ավետիսյանն ու հիշեցրեց ավելի վաղ իրենց կողմից արված հայտարարությունն այն մասին, որ այսուհետ աջակցելու են իշխանություններին, ուստի կոնստրուկտիվ վարքագիծ են դրսևորելու:

Այսպիսով այս հարցի քննարկումն ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter