
Արայիկ Խանդոյան ու Վարուժան Ավետիսյանն ազատ արձակվեցին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ որոշեց կալանքից ազատել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանին ու Վարուժան Ավետիսյանին:
Այսօր այս գործով դատական նիստին Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը և Ավետիսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրին Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի և Հակոբ Նազարյանի կողմից տրված անձնական երաշխավորություններ, որում վերջիններս դատարանին հավաստիացրել էին, որ ազատության մեջ մնալու դեպքում Խանդոյանն ու Ավետիսյանը պատշաճ վարքագիծ կդրսևորեն:
Պաշտպան Արայիկ Պապիկյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքին, որ Խանդոյանը մի շարք առողջական խնդիրներ ունի: Նշենք, որ մեղադրող կողմը չէր առարկել ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երաշխավորությամբ փոխելու դեմ:
Այժմ դատարանի դահլիճում հավաքված քաղաքացիներն ու ազատության մեջ գտնվող ամբաստանյալները գնում են Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու կառավարության 100 օրերն ամփոփելու առթիվ հրավիրված հանրահավաքին:
Մեկնաբանել