HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ Տավուշ գյուղում բողոքում են իրենց հանդեպ անուշադրությունից

«Պա՛հ, պա՛հ, պա՛հ, պարտք, է՜»,- ասում է տիկին Զոյան ու թերթում խանութի կշեռքի մոտ դրված պարտքի տետրը, որ այդքան էլ հին չէ, քանի որ երեք ամիսը մեկ տվյալներն արտագրում է նոր տետրում և ամենակարևորը՝ հեշտ գտնելու համար այբբենական կարգով է գրում: Տավուշ գյուղի՝ տիկին Զոյայի խանութում ամենահին պարտքը 5 տարվա է, բայց ասում է, թե մարդիկ չունեն, որ պահանջեն էլ, որտեղի՞ց տան:

Մի պարտքի տետր էլ անձամբ ինքն ունի: Ասում է՝ իրենն ավելի ցավալի է, չեն հասցնում: «Երբեմն ապրանքի կարիք կա, բայց գումար չկա, վարկ ենք վերցնում, որ ապրանքն առնենք: Մարդիկ մեզ վրա են հույս դնում, մենք էլ՝ բանկերի»,- սա ասելուց հետո փակում է տետրերն ու աչքերը մաքրում: 

Երկու վարկ իր անունով են վերցրել, երկուսը՝ ամուսնու: Հիմա երկուսով են գյուղում ապրում, երեխաները Երևանում են բնակվում, գալիս-գնում են Տավուշ: Տիկին Զոյան ասում է՝ եթե վարկերը փակեն, իրենք էլ կգնան Երևան:

Տավուշի մարզի նույնանուն (հայտնի է նաև որպես Թովուզ) գյուղում 4 խանութ կա, ամենամեծը, թերևս, տիկին Զոյայենց խանութն է: Այստեղ ամեն ինչ կարելի է գտնել՝ սննդից մինչև հագուստ, կոշիկ ու տնտեսական ապրանքներ: 21 տարի առևտրով զբաղվող Զոյա Դարբինյանն ասում է, որ նախկինում խանութի փոխարեն կրպակ էր, առևտուրը վատ չէր, հիմա խանութը մեծացել է, բայց առևտուրն է պակասել: Գյուղացիները հիմնականում առևտուր են անում հարևան Բերդ քաղաքից, իսկ Տավուշի խանութներից ամենաանհրաժեշտ ապրանքներն են գնում, օրինակ՝ հաց ու ծխախոտ:

Տավուշ գյուղում 1800 բնակիչ կա: 2017-ին նախկին համայնքը տարածաշրջանի 15 այլ գյուղերի հետ միացվել է Բերդ քաղաքին՝ դառնալով մեկ համայնք: Այսինքն՝ նախկին Շամշադինի ամբողջ շրջանը դարձել է մեկ համայնք: Տավուշն ընդամենը 10 կմ է հեռու հայ-ադրբեջանական սահմանից, բայց ի տարբերություն Բերդի որոշ գյուղերի, որոնք պարբերաբար գնդակոծվում են հակառակորդի կողմից, այստեղ հանգիստ է: Ընդ որում՝ կառավարության որոշման համաձայն, Տավուշը նույնպես սահմանամերձ բնակավայր է համարվում, սակայն տիկին Զոյան ասում է, թե նույն լրագրողները հիմնականում շեշտը դնում են հենց սահմանին, շփման գծի հարևանությամբ գտնվող բնակավայրերի վրա՝ մոռանալով իրենց: Նրա կարծիքին են նաև համագյուղացիները:

Տավուշի գյուղապետարանի օպերատոր Սիրուշ Պողոսյանն ասում է, որ գյուղի վարելահողերի մեծ մասն այսօր չի մշակվում, քանի որ ոռոգման ջուր չկա (այս թեմային կանդրադառնանք առաջիկայում): Մշակվող հիմնական կուլտուրաներից են խաղողը, եգիտացորենը, գարին: Խաղողը հանձնում են Բերդի կոնյակի գործարան: Այս տարի մեկ կիլոգրամի գինը, ըստ բնակիչների, 140 դրամ էր:

Նախկինում Տավուշում նաև ծխախոտագործությամբ էին զբաղվում: Հիմա գյուղում ծխախոտի չորացման կետ կա, մի քանի հոգի աշխատում են:

81-ամյա Փիրուզ Բաբայանը նստել է տան դռանը: Այգուց նոր է եկել, չի հասցրել հանել գրպանիկով գոգնոցը: Ավելի քան 30 տարի ծխախոտագործ է եղել: «Տանջվել, չարչարվել եմ, թութունի մեջ աշխատողը ո՞նց պիտի լինի: Թութուն էինք ցանում, մշակում, ուղարկում Այգեպարի ֆաբրիկա»,- սա ասելուց հետո ժպտում է, հենվում ձեռնափայտին: Խորհրդային տարիներին Տավուշի հարևան Այգեպարում ծխախոտի գործարան կար, որից պատերազմի հետևանքով հիմա ավերակներ են մնացել:

Փիրուզ տատն ասում է, թե Տավուշն այն ժամանակ ուրիշ էր, աշխուժություն կար, մարդիկ ավելի բարի էին իրար հանդեպ, հիմա շատ բան է փոխվել: Գյուղը մի տեսակ սուս-փուս է դարձել: Սա ասելուց հետո անմիջապես ավելացնում է, թե չէ, ինքը շատ գոհ է իր հարևաններից: 81-ամյա կինը 7 երեխա ունի՝ 6 աղջիկ և 1 տղա, 20 թոռ և 34 ծոռ: Այս տարի առաջին ծոռը բանակ է գնացել:

«Բա մի հատ հյուրասիրենք, էդպես ոնց կլինի»,- ասում է տատի հարսը՝ Ազնիվ Դանիելյանը: Կանչում է աղջկան՝ Սոնային, որ սուրճ պատրաստի, իսկ մենք խոսում ենք գյուղի հին ու նոր կյանքից:

Ազնիվը Շամշադինի մեկ այլ՝ Նավուր գյուղից է հարս եկել: Պատերազմի տարիներին է ամուսնացել, կատակում է, թե «խաբեցին, եկան ուզեցին, հետո ամուսնուն բանակ տարան»: Ազնիվի բարձր տրամադրությունը վարակիչ է դառնում, բոլորս սկսում են կատակներ անել, բայց գյուղի լռությունը ճնշում է: Ազնիվը Փիրուզ տատին է դիմում, թե բա՝ էն ժամանակվա հարսները լուռ էին, մի բառ չէին էլ կարող խոսել: Հիմա ինքը 25 տարվա լռությունը խախտել է ու դիմում է սկեսուրին, թե բա՝ հիշո՞ւմ ես, որ ամուսնուս պրիսյագին մազերդ սարքեցիր, գնացիր, ինձ էլ տանը թողեցիք, բոլորս ծիծաղում ենք, Ազնիվն էլ է ծիծաղում, բայց հետո շարունակում է, թե այն ժամանակ խեղճ էր, խոսել չէր կարող:

43-ամյա Ազնիվը բուժքույր է, բայց մասնագիտությամբ աշխատանք չի կարողացել գտնել: Տարիներ առաջ դիմել է Բերդի բժշկական կենտրոն, որտեղից պատասխանել են, թե տարիքը մեծ է, չեն ընդունել աշխատանքի: Հիմա երկու ամիս է, ինչ աշխատում է Բերդի ձեռնոցի գործարանում, ամուսինն էլ պայմանագրային զինծառայող է:

Գյուղապետարանի աշխատակից Սիրուշ Պողոսյանն էլ ասում է, որ Տավուշի տղամարդկանց մեծ մասը պայմանագրային զինծառայող է: Նշում է նաև, որ ջրի պատճառով վարելահողերի մեծ մասը չմշակող գյուղում ամենամեծ խնդիրը աշխատատեղեր չունենալն է, ինչի հետևանքներից մեկն անապահով ընտանիքների քանակն է:

Չկողպված դարպասից ներս ենք մտնում: Պատուհանից այն կողմ Սոֆյան է, գրկին՝ 9 ամսական Անահիտը: Կարծես գեղանկար լինի՝ երիզված պատուհանի շրջանակով: Հեռվից բարևում է: 11-ամյա Գևորգը դուռը բացում է և ընկերոջ հետ այս ու այն կողմ վազում բակում: Գևորգը խիստ զբաղված մարդու տպավորություն է թողնում և անցուդարձին էլ անընդհատ խոսում է: Հակոբի լուսանկարչական ապարատը տեսնելուց կանգնում է ընկերոջ մոտ, թե բա՝ մեզ նկարի: Կողք-կողքի կանգնում են պատշգամբում, նկարվում, հետո նորից սկսում վազվզել:

32-ամյա Սոֆյա Մարալյանիի հետ զրուցում ենք՝ հին թախտին նստած: Նա թախտի ծայրին է նստել, դժվար է խոսում: Ասում է՝ ինքն ու ամուսինը հենց Տավուշից են: 13 տարի առաջ են ամուսնացել: Ամուսինը հաշմանդամության կարգ ունի, ամսական 19 հազար դրամ է ստանում: Մեր այցի օրը նա գյուղի անասուններին արոտ էր տարել: Սոֆյայի ասելով՝ օրական 4 հազար դրամ են տալիս նախրապաններին: Ընտանիքը նաև ամսական 30 հազար դրամ նպաստ է ստանում երեխաների համար:

Տան հացը Սոֆյան է թխում: Մինչև Անահիտի ծնվելը նաև հող էր մշակում, եգիպտացորեն հավաքելու գնում: «Յոլա ենք գնում»,- ասում է նա ու դպրոցական Գևորգին խնդրում բերել նկարչական ալբոմը: Տղան հակադարձում է մորը, հետո, այնուամենայնիվ, բերում ալբոմը, մեզ ցույց տալիս իր արած նկարները, հետո շարունակում խաղալ ընկերոջ հետ: Ընկերը Երևանից է, բայց ասում է, թե Տավուշում այնքան լավ է, որ չի ցանկանում վերադառնալ:

Գյուղապետարանի օպերատոր Սիրուշ Պողոսյանը նշում է, որ վերջին տարիներին գյուղից 20 ընտանիք է հեռացել Երևան ու Ռուսաստան: «Էնտեղից եկողներ առայժմ չկան»,- ավելացնում է նա:

Տավուշցիներն էլ ասում են, որ եթե ոռոգման ջուր ունենան, կարողանան հողերը մշակել, գյուղում կյանքը կաշխուժանա:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter