Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Անծանոթը մեր մեջ



Սկիզբ

1948թ. հունիսի 19-ին է ծնվել անգլիացի երգիչ, պոետ և երաժիշտ Նիք Դրեյքը, Բուրմայում (Մյանմա), որը Հնդկաստանին, Թայլանդին և Չինաստանին սահմանակից երկիր էր: Նիքի ծնողներն այստեղ էին տեղափոխվել 30-ականներին: Նրա ծնվելուց գրեթե մեկ ու կես տարի անց, այս երկիրը դուրս եկավ անգլիական տիրապետությունից և անկախացավ: 1952թ. Դրեյք ընտանիքը երկու երեխաների՝ Նիքի և Գաբրիելի հետ վերադարձավ Անգլիա, որտեղ հաստատվեց ուորքշիրյան Թանուորդ Ին Արդեն փոքրիկ գյուղաքաղաքում: Նիքն իր երաժշտական ընդունակությունները ժառանգել էր մորից՝ Մոլլիից, ով երբեմն նվագելուց զատ նաև երգեր էր գրում: Մայրը շատ մեծ ու կարևոր ազդեցություն է ունեցել նրա վաղ շրջանի ստեղծագործական կյանքում: Նիքն ինքնուրույն դաշնամուր նվագել սովորեց, հետո՝ սաքսոֆոն, կլառնետ, բայց այս բոլորը հետագայում արդեն վերջնականապես փոխարինվեցին կիթառով: Նա գիշեր-ցերեկ, ժամերով փորձում էր՝ աշխատելով տեխնիկական վարժանքներով զարգացնել մատների շարժն ու նվագը: Հետո սկսեց գրել սեփական երգերն ու մի օր էլ համարձակություն հավաքեց, ձայնագրեց դրանք ընտանեկան մի հին մագնիտոֆոնի օգնությամբ:

 

Նիքի ստեղծագործական կյանքում, հատկապես՝ բանաստեղծություններ գրելու առումով, մեծ դեր է ունեցել Ֆրանսիայում ապրելու ժամանակահատվածը:   1967թ. աշնանը, նա՝ կիսատ թողնելով քեմբրիջյան ուսումը,  ճանապարհ բռնեց դեպի բոհեմական և արվեստների երկիր Ֆրանսիա: Ընտրեց Էքս ան Պրովանսի համալսարանն ու հիպիական կյանքով ապրող միջավայրը: Ընդունվելով համալսարան՝ Դրեյքը այստեղ որոշեց միմիայն կենտրոնանալ ստեղծագործական ուժերը զարգացնելու վրա: Նոր միջավայրը տաղանդավոր պոետի ու հուսալքված երաժշտի համար իսկապես, փրկություն էր, բայց՝ ժամանակավոր:

Հաճախ ներգրավվելով հիպիական համայքում և շփվելով առօրյա կենսաձևից ու մտածելակերպից տարբեր այս երիտասարդների հետ՝ նա, իսկապես, դրական մթնոլորտում էր իրեն զգում: Առաջին անգամ նա այստեղ համարձակվեց վերցնել կիթառն ու երգել սեփական ստեղծագործություններսը՝ հանդես գալով մի խումբ մարդկանց առջև: Սա լուրջ փորձառություն էր իր չկաշկանդվելու, կատարողական ձիրքը ամրապնդելու կամ զարգացնելու առումով, բայց միևնույն ժամանակ փորձառություն էր նոր ազդեցությունների ու նոր կենսաձևի մեջ: Դրեյքը նրանց նման սկսեց փորձել թմրանյութի համն ու ներգործությունը: Գարնանը նույնիսկ մի խումբ ընկերների հետ մեքենայով արկածային ճամփորդության մեկնեց դեպի Մարոկկո՝ «լավագույն խոտից» գտնելու:.Նրա կյանքում, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ խաղաղ և համեմատաբար երջանիկ էր:

Ամեն ինչ կրկին փոխվեց Անգլիա վերադարձից հետո: Նախ սկսվեց ինքնամեկուսացումը շրջապատից, ապա՝ ստեղծագործական ձախողումները:

 Ն. Դրեյքն այստեղ  փորձեց շարունակել կիսատ թողած կրթությունը Լոնդոնում՝ անգլիական գրականության դասեր ստանալով Քեմբրիջի մեծահամբավ համալսարանում: Բայց այս քաղաքն ու տեղի միջավայրը առանց այդ էլ փխրուն  արտիստի համար այնքան էլ հյուրընկալ չթվացին: Քաղաքն իրեն չափազանց անդեմ էր երևում, ինքն իրեն զգում էր որպես օտարական և ժամանակի ընթացքում հասկացավ, որ դժվարանում է շփման եզրեր գտնել մյուս ուսանողների հետ: Նույն խնդիրն ուներ նաև դասախոսների հետ, ովքեր գտնում էին, որ Նիքը բավականին խելացի, բայց սովորելու հանդեպ հետաքրքրություն չդրսևորող երիտասարդ էր:

Բոհեմն ու պահպանողական միջավայրն, անշուշտ, իրենց ահռելի տարբերությամբ չէին կարողանում համատեղվել: Նիքն արդեն սովորել էր անհարմարության զգացումն ու թախիծը ցրելու այլընտրանքի անունը՝ ծխել: Նա մեկուսանում էր իր սենյակում, ծխում արդեն հարազատ դարձած մարիխուանան, ստեղծագործում և նվագում:

Քեմբրիջում ուսանելուն զուգահեռ՝ երաժիշտը, այնուամենայնիվ, շարունակում էր հանդես գալ փոքրիկ համերգներով, տարբեր միջոցառումների կազմում և քաղաքի տարբեր վայրերում: Դրանցից մեկի ժամանակ էր, որ Դրեյքին նկատեց «Fairport Convention» բրիտանական ֆոլկ ռոք բենդի հիմնադիր Էշլի Հաթչինգսը: Տպավորված Դրեյքի կատարմամբ և, առավելապես, կերպարով՝ հենց նա էլ խորհուրդ տվեց  երիտասարդ պրոդյուսեր Ջո Բոյդին աչքի տակ առնել թվացյալ ապագա աստղին: «Նա աստղային արտիստի էր նման,- հիշում է մի առիթով Հաթչինգսը,-հիանալի արտաքին և թվում էր՝ յոթ ոտնաչափ բարձրությամբ հասակ ուներ»:

Նիք Դրեյքի դեբյուտային՝ «Five Leaves Left» ալբոմը, որին արդեն անդրադարձել ենք, կոմերցիոն առումով ձախողվեց: Բայց դա, հավանաբար ավելի մտահոգում էր ոչ թե պրոդյուսեր Բոյդին, այլ՝ Դրեյքին: Այս ալբոմի հետ նա պայմանագրի սկզբից մինչև ձայնագրության, թողարկման վերջին դետալը, կապել էր նաև իր վստահությունը լուսավոր ապագայի հանդեպ: Նա համոզված էր, որ ճանաչումն իրեն պիտի մարդկանց առջև անակնկալ բացահայտեր ու տեսնել տար, ինչպես հոդվածներում է բնորոշվում, «արեգակի մյուս երեսը», կամ լսեցներ «ամենախոր ծովից էլ խոր» լռությունը:

 Նիքը կոտրված էր, հիասթափված, բայց, բարեբախտաբար,  ոչ այնքան ուժասպառ:

«Five Leaves Left»-ից հետո նա վերջնականապես լքեց Քեմբրիջը՝ ամբողջովին տրվելով երաժշտությանն ու ձայնագրություններին: Արդեն 1970 թվականին սկսվեցին երկրորդ ալբոմի՝ «Bryter Lyter»-ի աշխատանքները: Այն թողարկվեց նոյեմբերին և չնայած պրոդյուսերական նոր հնարքներին՝ այս ալբոմը ևս և՛ հանրության, և՛ լրատվամիջոցների կողմից մեծ իմաստով անտեսվեց: Ձախողում՝ ձախողման հետևից:

Դրեյքի ալբոմների անհաջող մասսայականության և կոմերցիոն գրեթե տապալման պատճառներից մեկն էլ հավանաբար նրա խառնվածքն էր: Գովազդաին որևէ միջամտություն իր կողմից չէր ցանկանում հավելել, բացառությամբ մի քանի աջակցող համերգների, որոնք փոխանակ օգնելու, ավելի շատ խանգարում էին գործին: Նրա համերգները անշուք էին, ներկայացման մեջ աղքատիկ ու չոր, ասես՝ ինքն իր համար, քանի որ բացարձակ չէր հաղորդակցվում լսարանի հետ և դեռ մի բան էլ երգն ընդհատում էր երկար ու ձանձրալի դադարներով՝ կիթառի հնչողությունը շտկելու համար: Երբեմն նույնիսկ այդ դադարները ավելի էին երկարում, երբ նա՝ վերացած տեղի ու ժամանակի զգացողությունից, սառած հայացքով նայում էր որևէ աներևույթ կետի:

Դրեյքը նաև մերժում էր հարցազրույցների գնալ, խուսափում էր անգամ մեծ համերգային շրջագայություններից: Իր կենդանության օրոք նա միայն մի հարցազրույց է ունեցել, որը հրատարակվել է «Sounds» անվամբ պարբերականում, այն էլ՝ Բոյդի համառ ու երկարատև հորդորներից հետո: Նա նույն կերպ էր վարվում նաև երրորդ ալբոմի նոր պրոդյուսերական թիմի հետ, որից վերջիններս չափազանց հիասթափված և զայրացած էին: Հարցազրույցը վարող Ջերի Գիլբերտն այսպիսի եզրահանգում արեց. «Նիք Դրեյքը ամաչկոտ և ինքնամփոփ ֆոլք երգիչ է, և հայտնի է նրանով, որ ընդհանրապես չի խոսում, մինչև որ դրա բացարձակ անհրաժեշտությունը լինի»: Ավելի ուշ նա նաև հիշելու է. «Մեծ իմաստով՝ մեր միջև այդպես էլ  հաղորդակցություն-կոնտակտ չստացվեց, չեմ էլ հիշում՝ այդ ողջ ընթացքում գոնե մեկ անգամ նայե՞ց ինձ, թե՞ ոչ: Եթե ավելի խիստ արտահայտվեմ, ապա կասեմ, որ նա շատ տաղանդավոր, բայց շատ սխալ դաստիարակություն ստացած տղա էր, ով խորապես տառապում էր ինքն իր հանդեպ տածած խղճահարության զգացումից»:

Դրեյքի երրորդ և վերջին ալբոմը ձայնագրվեց առանց Ջո Բոյդի մասնակցության: Վերջինս այդ ձախողումներից հետո վաճառել էր ստուդիան և տեղափոխվել ԱՄՆ: 11 երգից բաղկացած և ընդամենը 28 րոպե տևողությամբ «Pink Moon»-ը հուսալքված երաժշտի վերջին ճիգն էր՝ ինքն իր հանդեպ հավատը վերականգնելու: Այն թողարկվեց 1972թ. «Island Records»-ի կողմից: Նիքն այստեղ ամբողջովին հավատարիմ էր երաժշտության հանդեպ իր զգացողություններին ու պատկերացումներին՝ այն պետք է լիներ մաքուր, հնարավորինս բնական, առանց գործիքային միջամտությունների, այնպիսին՝ ինչպիսին ստեղծում էր ինքը՝ երաժիշտը: Նա ստուդիա հայտնվեց կեսգիշերին, կիթառը ձեռքին, լուռ՝ առանց որևէ բառ ասելու, ու սկսեց նվագել: Ընդամենը երկու օր և երկուական ժամ տևած ձայնագրությանը ներկա էր  միայն հնչյունային ռեժիսոր Ջոն Վուդը: Երբ ավարտվեց, նա հարցրեց տարօրինակ և ակնհայտորեն վատ հոգեվիճակում գտնվող երաժշտին. «Ամեն ինչ կարգի՞ն է, Նիք»: Վերջինս ինչ-որ անհասկանալի բան մրմնջալով հեռացավ նույքան անսպասելի, որպիսին հայտնվել էր:

«Pink Moon». Այս ալբոմը թերևս միակն էր, որը մի քանի հրապարակման և հանրային լսարան տեղափոխվող դրական կարծիքների արժանացավ: Բայց ցավոք, տարածման և պրոպագանդման տեսանկյունից այն նույն անտարբեր հայացքների ուղեկցությամբ հայտնվեց նախորդ երկու ալբոմների կողքին ու այդքանով սահմանափակվեց  նաև «Pink Moon» -ի գոյություն-չգոյությունը: Ինչպես երաժշտության տեսաբաններն էին նկատել՝ «ուրախացնող և զարմացնող» որևէ առանձնահատուկ բան չունեցող այդ երգերը չափից դուրս լուրջ էին, չոր ու մռայլ:

Նիք Դրեյքը հասկացավ, որ ինքն այլևս անկարող է կրկին ստեղծագործել, և ուրեմն՝ մնաս բարով երաժշտություն: Նա սկսեց կրկին մարիխուանա օգտագործել, ընկնել դեպրեսիաների գիրկն ու կորցնել հավատը սեփական ուժերի հանդեպ:

 «Ինձ դուր չի գալիս այստեղ մնալը, բայց մնացած բոլոր տեղերն ինձ համարն այլևս անտանելի են»,-ասաց նա մորը՝ երբ մի օր տուն վերադառնալու հուսահատ որոշմամբ բախել էր դուռը: Դրեյքը նույնիսկ մտածում էր  ինքնակամ զորագրվել բանակային ծառայության: Ծնողների որոշմամբ՝ նա որոշ ժամանակով նույնիսկ հոսպիտալացվեց հոգեբուժարաններից մեկում, քանի որ սկսել էր նյարդային նոպաներ ունենալ:

 Պրոդյուսեր Ջո Բոյդը, ով չնայած տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, երբեմն շարունակում էր կապի մեջ մնալ Նիքի հետ: Հարցազրույցներից մեկում ինքն էլ է հաստատում, որ Նիքի դեպրեսիաներն առավելապես խորացան ալբոմների անհաջողություններից հետո: «Եթե նրա բեմական կերպարն ու  անտարբեր մոտեցումը իրենից հեռացնում էր մարդկանց,  այնուամենայնիվ, երգը, կատարումները գերում էին նրանց,-ասում է Բոյդը,- Դրեյքը կիթառ նվագելու կատարյալ տեխնիկայի էր տիրապետում, նա ակուստիկ ոճը զարգացրել էր՝ ներգրավելով բարդ հարվածներ»:

Բոյդն այդ երգերում առանձնացնում էր նաև Նիքի պոեզիան, որում առկա սիրո ու միաժամանակ հիասթափության կտրուկ երանգները չափազանց ներդաշնակ էին ու դրանով իսկ՝ մարդկանց հոգիներին հասու:

1974թ. նոյեմբերի 25-ին, առավոտյան ժամը 6-ի մոտակայքում, Նիք Դրեյքը սովորականi նման խմեց  Tryptizol-ի հաբերը՝ որպես բժշկի կողմից նշանակված հակադեպրեսանտներ, ու անկողին մտավ: Նա այլևս երբեք չէր զարթնելու:

 Մինչ օրս հայտնի չէ՝ ինքնասպանություն էր դա, թե՞ սխալմունք, որովհետև 26-ամյա Դրեյքը մահացել էր դեղանյութի մեծ չափաբաժնից: Բայց ամենատխուրն այն էր, որ այդպես էլ նրա մահվան մասին ոչ ոք չանդրաձավ որպես երաժշտական կորստի, նա հեռացավ նույնքան աննկատ, որքան ապրեց իբրև երգիչ և պոետ իր 26 տարիների ընթացքում:

Միայն իր մահվանից տարիներ անց այս մոռացված ու անտեսված երգիչը ոչ միայն պիտի բացահայտվեր ու անակնկալի բերեր շատերին, այլև կուլտային անուն դառնար հայտնի երաժիշտների կյանքում, և չափազանց ազդեցիկ երաժիշտ՝ կիթառի հնչյունների աշխարհում: Երաժշտի հանդեպ հետաքրքրությունը սկսվեց 1980-ականներից: Դրեյքի ալբոմները 300 անգամ ավել են վաճառվել հետմահու` նրա կենդանության օրոք ունեցած վաճառքի համեմատ: Այսօր անտեսված այս երաժշտի «չոր ու մռայլ» երգերով 3 ալբոմներն էլ ընդգրկված են ռոլինգսթոնյան լավագույն ձայնագրությունների շարքում:

1985թ. բրիտանական «The Dream Academy» բենդը թողարկեց «Life in a Northern Town» սինգլը՝  նվիրված Նիք Դրեյքի հիշատակին: 90-ականներին, այս երաժշտի հանդեպ աճող մեծ հետաքրքրության հետքերով նրան էին անդրադառնում այնպիսի ամսագրեր, ինչպիսիք էին «Rolling Stone»-ն ու «NME»-ն: Իսկ 1997թ. Նիքի նկարը զարդարում էր «MOJO» ամսագրի շապիկներից մեկը, որովհետև նա արդեն համարվում էր երաժշտության մեջ վերջին 20 տարիներին ամենակարևոր ազդեցություն թողած արտիստներից մեկը:

Նիք Դրեյքն այսօր լեգենդ է: Նրա մասին գրվել ու շարունակվում են գրվել հոդվածներ, կենսագրական հարուստ տեղեկություններով ու միստիկ, պատկերավոր փնտրտուքներով գրքեր, նկարահանվել են ֆիլմեր: Նրա ալբոմներն ու երգերը վերաթողարկվել են մի քանի անգամ, զբաղեցրել տարբեր հորիզոնականներ: Եվ այդ բոլոր հրապարակումներում նա հայտնվում ու անհետանում է միմիայն կորուսյալ, չհասկացված ու անդառնալի տխրության մեջ մոռացված իր կերպարանքով, որտեղ շարունակ հիշեցնում է «Fruit Tree»-ի՝ կյանքում ինչ-որ տեղ ու ինչ-որ ժամանակ նկատելի դարձող անհրաժեշտ գոյության մասին:

Դրեյքից չի եղել որևէ տեսագրություն, համերգային կատարումների որևէ  անդրադարձ կամ նկարագրություն, և նա իր լեգենդային նշանակությամբ տարիներ անց ներկայանում է՝ միմիայն հարազատների ու ընկերների հուշերին ապավինելով:

«Նա ինքնահավան չէր, և նույնիսկ, ինքնավստահ էլ չէր,- հիշում է քույրը՝ դերասանուհի Գաբրիել Դրեյքը,- բայց հոգու խորքում համոզված էր, որ ինքը լավն է»:



Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ15:40 - 19 օգոստոսի, 2018
բՈՒրմա, թե բԻրրմա… Կարծեմ առ այսօր մենք Ի-ով էինք գրում այդ երկրի անվանումը...
2. Նաիրա Հայրապետյան00:42 - 20 օգոստոսի, 2018
Բուրմա
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ