HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսել է կառուցել 2-րդ պոչամբարը․ աշխատանքից կրճատվածներն էլ վարկերը սառեցնելու համար ակնկալում են Վալերի Մեջլումյանի աջակցությունը

«Թեղուտ» ՓԲԸ-ի  կրճատված աշխատողները չեն կարողանում փակել «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ից վերցրած վարկերի տոկոսները։ Oգոստոսի 16-ին` ժամը 13-00-ին, Ալավերդու Քարե կամրջի մոտ «Թեղուտ» ՓԲԸ-ի նախկին 20 աշխատողները ցույցի էին դուրս եկել: Նրանք հանդես էին գալիս որպես «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության խմբի անդամներ: Իրականում ցուցարարները «ՎՏԲ» բանկում վարկ ունեցողներն են, որոնք աշխատանքից կրճատվելուց հետո պահանջում էին սառեցնել իրենց վարկերը:

Ցուցարարներից Հայկասար Մարուքյանը բացատրեց, որ կրճատված որևէ աշխատող տեղեկություն չունի, թե ինչու է դադարեցվել «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատանքը: Տեղեկանալով, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը Թեղուտում է, ցուցարարները հանդիպում են խնդրել նրանից: Վ. Մեջլումյանը չէր ցանկացել հանդիպել նախկին աշխատողների հետ: 

Զայրացած ցուցարարները ժամը 14:00-ին, մոտ 20 րոպե, փակեցին  Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը: Ոստիկանության միջամտությամբ ժամը 15:00-ի սահմաններում «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Վարդան Արամյանն ընդունեց ցուցարարների ներկայացուցիչներ Կարեն Միքայելյանին, Հայկասար Մարուքյանին  և ցուցարարների պահանջով` նաեւ «Հետք»-ի լրագրողին:  

Կարեն Միքայելյանը Վարդան Արամյանին ներկայացրեց իրենց պահանջները: Պատմեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ում  աշխատելու ժամանակ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» 16% տոկոսադրույքով  աշխատողներին սպառողական վարկեր է տվել: «ՎՏԲ»-ում հաշվարկել են` եթե աշխատողը 200 000 դրամ  աշխատավարձ է  ստանում, կարող է ամիսը 50 հազար դրամ վարկ վճարել: «Էդ հաշվարկով են վարկերը տրվել»,- բացատրեց Կարենը:  

«Քանի որ մենք խոշոր վարկ ունենք «ՎՏԲ»-ից, դա ներքին պայմանավորվածություն է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի ամբողջ շարժը, բոլոր հաշիվները պետք է «ՎՏԲ»-ով անցնեն: «ՎՏԲ»-ն առաջարկել է «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատողներին իրենց վարկային գծի մեջ մտնել, աշխատողներն իրենց որոշմամբ են վարկեր վերցրել»,- պարզաբանեց Վ. Արամյանը:  

Կարենը հայտնեց, որ աշխատանքից կրճատվելուց մի քանի ամիս հետո «ՎՏԲ» բանկը վարկառուներին գրավոր տեղեկացրել է իրենց վարկի տոկոսադրույքը 4 տոկոսով բարձրացնելու և 20 տոկոս դարձնելու մասին:

«Մարդիկ չեն կարողանում մարել վարկերը և կանգնած են իրենց ամբողջ գույքը կորցնելու վտանգի առաջ»,- ասաց Կարենը:

Վերջինս պատմեց նաև, որ  վարկառուները մեկ ամիս առաջ Ալավերդի են հրավիրել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Վարկերը ժամանակավոր սառեցնելու խնդրանքով 150 վարկառուների տվյալներով Է. Մարուքյանի միջոցով նրանք դիմում են ներկայացրել Կենտրոնական բանկի նախագահին: Միաժամանակ «Թեղուտ» ՓԲԸ-ն վերագործարկելու համար 1900 մարդու ստորագրությամբ դիմում են ուղարկել վարչապետին:

Մեկ շաբաթ առաջ կենտրոնական բանկը դիմումին պատասխանել է, թե իրավասու չէ խառնվել «ՎՏԲ» բանկի ներքին  խնդիրներին: Նաև հայտնել են, թե «ՎՏԲ» բանկի ղեկավարությունը տեղյակ չէ վարկառուների դժգոհություններին և պատրաստ է անհատական դիմումների հիման վրա 150 վարկառուների վարկային պայմանագրի վերանայմանը: Կարենն անձամբ դիմել է «ՎՏԲ» բանկին` վարկի տոկոսադրույքը վերանայելու պահանջով:

«Իմ 16 տոկոսով վերցրած 1մլն դրամ վարկից 600 հազարը դեռ մնում է: Բանկում ասացին՝ հիմա կարող են իմ վճարած 400 հազար դրամը հետ տալ և 20 տոկոսադրույքով ձևակերպել նոր վարկ»,- ասաց Կարենը: Կարենի ասելով` «ՎՏԲ» բանկն ամեն ինչ անում է վարկառուների վարկային բեռը ավելի ծանրացնելու համար: Կենտրոնական բանկը վարկառուներին նաև առաջարկել է վարկերի սառեցման  հարցով բանակցությունների սեղանի շուրջ նստել «Թեղուտ» ՓԲԸ-ի երկու բաժնետերերի` «ՎՏԲ» բանկի և Վալերի Մեջլումյանի հետ:

«Մենք ակնկալում ենք Վ. Մեջլումյանի աջակցությունը մինչև «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկվելը մեր վարկերի սառեցման համար, քանի որ ինքն է մեզ ասել, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն 50 տարի աշխատելու է, բացի դա՝ մենք իրեն աշխատելու ժամանակ ենք այդ վարկերը վերցրել»,- բացատրեց Կարենը: Ցուցարարների ներկայացուցիչները խնդրեցին  Վ. Արամյանին իրենց հայտնել, թե ի վերջո ում պատճառով է 800 մարդ զրկվել աշխատանքից:

Վ. Արամյանը Կարենին և Հայկասարին հորդորեց փնտրել ոչ թե մեղավորներ, այլ իրավիճակից դուրս գալու լուծումներ: Այսուհանդերձ, Վ. Արամյանը բացատրեց, որ բանկի իրավունքների ներքո գտնվող պարտավորությունները ընկերությունը չի կարող իր վրա վերցնել:

«Մենք բանկի հետ կիսում ենք այն մասը, որ ընկերությունն իր սեփական ծախսերի հաշվին լուրջ քայլեր է անում «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկման ճիշտ ճանապարհը գտնելու համար»,- ասաց նա:

Վ. Արամյանը վարկառուներին տեղեկացրեց «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատանքների դադարեցման պատճառներին: Նրա ասելով՝ 2014-2015թ.-ին Թեղուտի գործարանը միջազգային բոլոր ստանդարտների համապատասխան է կառուցվել: Բայց դրանք այն ստանդարտներն են եղել, որոնք գործել են մինչև 2014թ.: Այսուհանդերձ, 2015-2016 թթ. նույնականացվել են ռիսկերը, ամբողջ գլոբալ աշխարհն անցել է նոր ստանդարտների. «Մասնագիտական ժարգոնով ասած` դա  պոչամբարի պատվարի սեյսմակայունության 9 բալանոցից ավելի դիմադրողականության խնդիրն է: Մենք կարող ենք գնալ բավականին մեծ ռիսկի, որի գնահատումը միջազգային խոշոր կազմակերպության կողմից տրվել է գրեթե 90 տոկոս: «Թեղուտ» ՓԲԸ-ն որպեսզի աշխատի, պետք է պոչամբարի պատվարի որոշակի աշխատանքեր կատարվի»,- հայտնեց Վ. Արամյանը:

«Մեր խնդրանքը նա է, որ դուք էլ մասնակցեք «ՎՏԲ»-ի հետ կապված մեր վարկային գործընթացին»,- ասաց Կարենը:

Վ. Արամյանը բացատրեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն «ՎՏԲ»-ի հետ ավելի գլոբալ հարց է լուծում: Ընկերությունն ուզում է «ՎՏԲ»-ի հետ վերջնական համաձայնության գալ պատվարի և պոչամբարի հարցում: Քանի որ «Վալլեքս»-ն  իրավասու չէ միջամտել «ՎՏԲ»-ի գործերին, Վ. Արամյանը խոստացավ իր անձնական կապերով հասկանալ, թե ինչ կարելի է անել: Կրճատված աշխատողների վարկային գումարները «Թեղուտ» ՓԲԸ-ն իր վրա վերցնելու մասին հարցին, Վ. Արամյանը բացատրեց, որ դա տեսականորեն հնարավոր է, գործնականում՝ ոչ, քանի որ  ընկերության կանխիկ գումարները ներկայումս բավարարում են միայն «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկման խնդիրները լուծելու համար:    

Վերջինիս խոսքով, «Թեղուտ» ՓԲԸ-ի հետագա աշխատանքը կախված է երկու գործոնից: Առաջինը տեխնիկական վերլուծության արդյունքն է, որն ընկերությունը կստանա 2-3 ամսվա ընթացքում: «Դա ստանալուց հետո «Թեղուտ» ՓԲԸ-ն պետք է գնա հին պոչամբարի պատվարի վերակառուցման և նոր պոչամբարի կառուցման»,- հայտնեց Վ. Արամյանը: 

Երկրորդ գործոնն այն է, թե ինչպես է ընկերությունն իր հարցերը կարգավորում «ՎՏԲ» բանկի հետ: «Անկեղծ ասած` ես փորձում եմ նրանց հետ կառուցողական եզրեր գտնել: Որովհետև առճակատումը որևե բան չի տա երկու կողմին: Այդ մեսիջները ես անձամբ փոխանցել եմ «ՎՏԲ» բանկին»,- ասաց Վ․Արամյանը:

Նրա կարծիքով, առճակատման դեպքում տուժելու են բոլորը: «ՎՏԲ»-ն չի կարողանալու իր գումարները ստանալ, «Թեղուտ» ՓԲԸ-ն էլ կորցնելու է իր ամբողջ գույքը։   

Վարդան Արամյանն ասաց, որ դեռ որոշակի չէ «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկման ժամկետը։ «Բայց, ամեն դեպքում,  նվազագույնը մեկ տարվա գործ է, տեսականորեն կարող է տևել 1,5 տարի: Մեր հարցերի հարցն է՝ հին պոչամբարն ամրացնել և նոր պոչամբար կառուցել: Պետք է հին պոչամբարը վերակառուցվի այնպես, որ համապատասխանի 0,43 ժ արագացման ամրության պատվարին, որը հնարավորություն կտա ընկերությանն անխափան աշխատել առաջիկա 10-15 տարիներին: Այս առումով հին պոչամբարը կամրացվի մասնակի: Ծավալային առումով նոր պոչամբար կկառուցվի, որպեսզի մենք կարողանանք երկարաժամկետ կայունություն ապահովել»,- բացատրեց «Վալլեքս»-ի փոխնախագահը:

Մեկնաբանություններ (5)

Սամվել
ինչքանով կարողացա հասկանալ,Արամյանը բազնաթիվ անգամ պոչամբարի ամրացման հարցն է մեջբերում:Արդյոք սա չի խոսում այն մասին,որ պոչամբարը կառուցվել է նախագծային նորմերին ոչ համապատասխան,այսնքն խախտումներով,որի համար էլ դանիական ընկերությունը դադարեցրել է Թեղուտի հանքի ֆինանսավորումը:Ինչու են թաքցնում ճշմարտությունը եվ մոլորեցնում աշխատողներին
Լարիսա Փարեմուզյան
Գագիկ , դուք հավանաբար տեղյակ չեք Ալավերդու պղնձաձուլական գործարանի վտանգավոր արտանետումների մասին հրապարակումներին: Այսուհանդերձ եթե դուք Գագիկ Շոլինյանն եք , ապա հնարավոր չէ, որ տեղյակ չլինեք: Հիշեցնեմ այդ ահազանգերից ընդամենը մի քանիսը՝ 2017թ. մարտի 17-ի, 2017թ.-ի սեպտեմբերի 6-ի,2017թ.-ի փետրվարի 17-ի, 2018թ.-ի հունիսի 16-ի, 2018թ.-ի օգոստոսի 7- և այլ հրապարակումներ: Կոնկրետ ուշադրությունից դուրս չի մնում պղնձաձուլական գործարանի հետ կապված որևէ միջադեպ:
Gagik
Ըստ Արամյանի՝,,․․․․․«Թեղուտ» ՓԲԸ-ի հետագա աշխատանքը կախված է երկու գործոնից: Առաջինը տեխնիկական վերլուծության արդյունքն է, որն ընկերությունը կստանա 2-3 ամսվա ընթացքում: «Դա ստանալուց հետո «Թեղուտ» ՓԲԸ-ն պետք է գնա հին պոչամբարի պատվարի վերակառուցման և նոր պոչամբարի կառուցման»․․․․․․դեռ որոշակի չէ «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկման ժամկետը։ «Բայց, ամեն դեպքում, նվազագույնը մեկ տարվա գործ է, տեսականորեն կարող է տևել 1,5 տարի: ․․․․․» - պատվարի կառուցումն իրականում այդքան բարդ գործ չէ և տարիների աշխատանք չի պահանջվում այն իրականացնելու համար, պատասխանում իհարկե խուսափում է ասել պատվարի անօրինակ շինարարության մասին։ Կան չհաստատված տվյալներ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ցանկացել են վաճառել չինացիներին, չի ստացվել, խոսք է գնում նաև Քրոնոմետին վաճառելու մասին։ Ինչ է կատարվե՞լ - ապաշնորհությունը իր արդյունքն է տվել, ամեն ինչ կանխատեսելի էր։ Զարմանալին այն է, որ ներկա պահին էլ Ալավերդի քաղաքում ավելացել է գազոտվածությունը, իսկ լրատվամիջոցները այդ թեման շրջանցում են։
Yerevan2800
Արամյանի բնույթն է իրա արևին մարդկանց կռուտիտ անելը, գիտի ԱԺ-ն է կամ էլ դե իր համեմատ միմիտ մարդիկ են, ինչպես սովոր են, իր նմանները այ Կարեն, թքած ունեն մարդկանց վրա այսքան տարի, ում հետ ես բանակցում, դու քո պրոբլեմն էս ասում, նա իրա գլոբալ հարցերի մասին է փիլիսոփայում, դրա համար էլ 2008-ից իր իրական գործատուին չի փոխել, դուք ձեր անելիքներն արեք, դրա նմանները թքած ունեն ձեր պես հասարակ մարդկանց վրա, իսկ որ պոչամբարը կառուցվել է նախագծային նորմերին ոչ համապատասխան,այսնքն խախտումներով, դա նոր չէ, եթե մի քիչ կառավարությունը լավ մտածի այդ ընկերությունը դրանց ձեռքից կվերցնի ու կպետականացնի, չասեմ իմ հիմքերը դրա համար որոնք են, երկար թեմա է,
aram
Banks are businesses to make money for their investors but not to suck the blood of their clients

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter