HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մարդու իրավունքների նահա՞նջ, թե՞ իրավունքի գերակայության հաստատում. իրավաբանները մեկնաբանում են անցումային արդարադատությունը

Կառավարության 100-րդ օրը Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցումային արդարադատության համակարգի անհրաժեշտության մասին: Հայաստանի համար, սա, թերևս, նոր երևույթ է և բուռն քննարկումների առիթ է դարձել: 

Անցումային արդարադատությունը գրականության մեջ ներկայացվում է որպես համակարգ, որը կիրառվում է ռազմական   կոնֆլիկտային իրավիճակից կամ ռեպրեսիվ ռեժիմից ազատված հասարակություններում: 

Այսպիսի արդարադատություն կիրառելու նախաձեռնությունը և նույնիսկ հենց «անցումային արդարադատություն» եզրույթը Հայաստանի հասարակության և իրավական համակարգին առնչող անձանց կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում. մի կողմից կարծիքներ են հնչում, որ ժամանակավոր կամ անցումային արդարադատությունը ծայրահեղ միջոց է, որն անխուսափելիորեն նահանջ է մարդու իրավունքների ոլորտում, մյուս կողմից էլ պնդում են, թե անցումային արդարադատության նպատակը իրավունքի գերակայության հաստատումն է: 

Փաստաբան, վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անցումային արդարադատության անհրաժեշտությունն առաջանում է այն պետություններում, որոնցում ավտորիտար քաղաքական համակարգը փոխարինվում է դեմոկրատական (ժողովրդական) քաղաքական համակարգով։ 

«Նման արդարադատության անցումն այդպիսի պետություններում զուգորդվել են լուրջ խնդիրներով, քանի որ քաղաքական էլիտայի փոփոխության պայմաններում որոշ համակարգերի աշխատողները դեռևս մնում են նախորդ իշխանության ազդեցության տակ՝ դատավորները, դատախազները, ոստիկանները, տեղական կառավարման մարմինների ղեկավարները և այլն»,- ասաց Բաղդասարյանը։ 

Միջազգային փորձն ուսումնասիրելիս, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, կարելի է նկատել, որ անցումային արդարադատության համակարգի ներդնումն այն պետություններում, որոնցում Հայաստանի քաղաքական իրավիճակի նման իրավիճակ է եղել, պսակվել է հաջողությամբ, հաջողված փորձ ունեցող երկրներից են Գերմանիան, Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Ռումինիան, Ալբանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան և Վրաստանը: 

Բաղդասարյանը հիշեցնում է. անցումային արդարադատության իրավական հիմքը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն է, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և մի շարք այլ իրավական փաստաթղթեր և համոզմունք հայտնում, որ նման դեպքում այն չի կարող չլինել ի շահ մարդու իրավունքների գերակայության: 

«Անցումային արդարադատությունը որոշակի գործիքակազմի համակարգ է, որի նպատակը իրավունքի գերակայության հաստատումն է, այդ թվում՝ մարդկանց խախտված իրավունքներն արձանագրելու, դրանք ճանաչելու, զոհերին փոխհատուցում տալու, այդ խախտման փաստերը ամրապնդելու՝ բացառելով դրանց հետագա կրկնություն»,- ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ անցումային արդարադատության գործիքներից են, օրինակ՝ լյուստրացիայի օրենքի ընդունումը, փաստերի հաստատումը և այլն: 

Անցումային արդարադատության համակարգ ներդնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո կարծիքներ հնչեցին, որ նման արդարադատության համակարգ կիրառելը կարող է հակասահմանադրական լինել:

Ըստ վարչապետի խորհրդականի` քննարկումների արդյունքում, որին մասնակից կլինի նաև հասարակությունը, կորոշվի, թե անցումային արդարադատության ինչպիսի մոդել կընտրվի, այսինքն՝ ինչպիսի գործիքակազմ կունենա անցումային արդարադատությունը Հայաստանում, որից հետո միայն կարելի է եզրահանգումներ անել՝ որքանով են  կիրառվելիք այդ ինստիտուտները համապատասխանում միջազգային նորմերին և ՀՀ Սահմանադրությանը: 

Փաստաբանը նշեց, որ Եվրոպական դատարանը բազմաթիվ նախադեպային որոշումներ ունի այս հարցի վերաբերյալ, և եթե անցումային արդարադատության մոդելն ընտրելիս և կիրառելիս դատարանի որոշումները ևս հանդիսանան ուղենիշ, ապա որևէ խնդիր չի առաջանա  ոչ՛ միջազգային պայմանագրերի, ոչ՛ ներպետական օրենսդրության հետ։ 

«Անցումային արդարադատությունն արտակարգ դատարանների ստեղծումը չէ»,- ասաց Բաղդասարյանն ու նշեց անցումային արդարադատության բաղադրիչներից մի քանիսը: 

Ըստ վարչապետի խորհրդականի՝ այդ բաղադրիչներից է, հիշողության քաղաքականության վարումը կամ հուշարձանացումը. խոսքը խախտումների արձանագրման և դրանք հասարակությանը ներկայացնելու մասին է: 

«Հուշարձանացումը անհրաժեշտ է, որպեսզի ամրագրվեն և փաստաթղթավորվեն խախտումները, դրանք թանգարաններում ներկայացվեն մեր հասարակությանը, որպեսզի բացառենք ապագայում նման իրավիճակները և որպեսզի ապագա սերունդները իրազեկված լինեն, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում»,- ասաց Բաղդասարյանը: 

Անցումային արդարադատության կարևոր բաղադրիչներից է նաև տուժողների վնասների վերականգնումը, այդ թվում՝ ռեաբիլիտացիան։ Այս գործիքակազմը հնարավորություն է տալիս վերականգնել մարդու իրավունքները, ով անօրինական դատապարտվել էր իր քաղաքական հայացքների համար: 

«Մարդ չի կարող իրեն բավարարված զգալ, եթե արձանագրում ես իր խախտումը, սակայն որևէ վնասի վերականգնում չես նախատեսում»,- համոզված է Բաղդասարյանը: 

Փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ կառավարությունը դեռևս չի հայտարարել, թե Հայաստանի համար անցումային արդարադատության ինչ մոդել է ընտրվել և որն է դրա նպատակը: 

«Անցումային արդարադատության ընդհանուր մոդել չկա: Ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար անցումային արդարադատություն ներդնող պետություններն այն չեն կիրառել որպես նույնական միջոց: Յուրաքանչյուր պետությունում այն այլ կերպ է կյանքի կոչվել»,- ասաց  Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանը նշեց, որ անցումային արդարադատության նպատակը հասարակական համերաշխության հասնելն է այնպիսի  իրավիճակներում, երբ, օրինակ, հասարակությունն ինչ- որ հարուցում բևեռացված է, մի խմբին մյուսի հետ հաշտեցնելու խնդիր կա:

Ըստ փաստաբանի՝ անցումային արդարադատություն կարող է իրականացվել կոնկրետ մեկ խնդրի, մի խումբ անձանց, տարբեր խմբերի վերաբերյալ քրեական գործերով, այն ծանրահեղ միջոց է, և եթե պետութունն ընդունում է, որ անցումային արդարադատությունը միակ միջոցն է հասարարակական համերաշխության հասնելու, գնում են այդ քայլին, իսկ եթե առկա իրավիճակում որոշակի բարեփոխումների արդյունքում հնարավոր է հասնել հասարակական համերաշխությանը, ապա այդ քայլին չարժե գնալ:

Ըստ Վարոսյանի՝ ժամանակավոր կամ անցումային արդարադատությունն, այնուամենայնիվ, չի կարող նահանջ չպարունակել մարդու իրավունքների տեսակետից: Ըստ փաստաբանի՝ գոյություն ունեն, օրինակ, օրենքով ստեղծված քննություն իրականացնող մարմիններ, որոնց տրված են արդարադատություն իրականացնելու հստակ լիազորություններ, և, ըստ էության, ստացվում է, որ հանձին անցումային արդարադատության մենք ստեղծում ենք օղակ, որն այս ամենից զատ իրականացնելու է նույն գործառույթները:

«Կան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր: Մենք ստեղծելու ենք մի օղակ, որն, այդ ակտերը շրջանցելով, կատարելու է ինչ-որ գործողություննե՞ր»,- հարց է բարձրացնում Երվանդ Վարոսյանն ու հիշեցնում, որ դատական վեճը մշտապես ունի  նաև «այլ կողմ»:

«Եթե խոսքը վերաբերում է դատական ակտն ինչ- որ հանձնաժողովի կողմից կայացված որոշմամբ դե ֆակտո բեկանելուն, ապա այս պարագայում ինչպե՞ս վարվել մյուս կողմի հետ: Անցումային արդարադատությունը միջանկյալ լուծում է, իսկ միջանկյալ լուծումը ոչ մի պարագայում չի կարող իրավունքների պաշտպանության տեսակետից նահանջ չլինել»,- կարծում է Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանը հարցադրում է կատարում թե ինչո՞ւ, ըստ կառավարության, բարեփոխվելու արդյունքում Հայաստանի առկա իրավական համակարգը չի կարող կատարել այն ֆունկցիան, որը պետք է դրվի անցումային արդարադատության վրա:

«Եթե դատական համակարգը չի կարող իրականացնել այդ գործառույթը, ապա պետք է սկսել ստեղծել դատական համակարգ»,- ասում է Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանի խոսքով`Հայաստանի դատական ատյաններում կայացված վճիռները, որոնցով ենթադրաբար խախտվել են մարդկանց իրավունքները, կարող են արդարադատության շահից ելնելով`բեկանվել. Հայաստանում գործող օրենքներն այդպիսի հնարավորություն տալիս են, ուստի, ըստ Վարոսյանի, պետք է նախ առկա իրավական համակարգում փորձել վերանայել այն գործերը, որոնք պետք է քննության առարկա դառնան անցումային արդարադատություն իրականացնելու նպատակով ձևավորված մարմնի կողմից:

«Դա իրավական համակարգին կստիպի հասկանալ, որ ինչ- որ բան է փոխվել: Ավելին, եթե դատական ակտերի բեկանման ընթացքում պազվի, որ մեղավորություն ունեն նաև կոնկրետ դատավորներ, ապա պիտի նաև պատասխանատվության հարց բարձրացվի»,- ասաց Վարոսյանը:

Վերջինս ևս մեկ անգամ հիշեցրեց, որ դեռևս կառավարությունը չի մատնանշել անցումային արդարադատության այն մոդելը, որը ցանկանում է կիրառել, չբացառեց նաև, որ կառավարությունը համոզվի, որ ընտրված մոդելը լավագույն լուծումն է ներկա փուլում:

«Բայց հանկարծ այնպես չստացվի, որ ստեղծենք ժամանակավոր արդարադատություն ու մոռանանք մեր մշտական արդարադատության մասին»,- մտավախություն հայտնեց Վարոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter