HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բոլոր ծնողները չէ, որ հեշտությամբ են բաժանվում ֆիզիկական արատներ ունեցող երեխաներից

Մարի Իզմիրլյան մանկատան բժիշկ-թերապեւտ Վարուժան Մազմանյանի հետ շրջում ենք սենյակներով` երեխաների առօրյային ծանոթանալու համար: Ես նրանց մեջ աչքերով որոնում եմ մանկատան ամենափոքրիկ բնակչին, որը 3 տարեկան է: Չհաջողվեց գտնել, որովհետեւ շատերի ֆիզիոլոգիական վիճակը թույլ չի տալիս ճիշտ կանխատեսել տարիքը: Անկողնուն գամվածները, հատկապես, նույն հասակն ունեն, անտեղյակները կարող են միանգամից գլխի չընկնել, որ ողջ են: Ես սթափվում եմ` տեսնելով, թե բժիշկ Մազմանյանն ինչ հոգատարությամբ ու զգուշորեն է ուղղում նրանցից մեկի բարձից կախ ընկած գլուխը, դայակին զգուշացնում է ավելի ուշադիր լինել եւ շարունակում է ներկայացնել մանկատան առանձնահատկությունները: Միայն դրանից հետո եմ ընկալում նախապես ինձ ուղղված հարցը՝ գիտե՞ք ուր եք եկել:

Մարի Իզմիրլյան մանկատան բնակիչները շարժողական ֆունկցիայի խանգարումներ ունեցող երեխաներն են: Ուղեղային կաթված ախտորոշումը հաստատվելուց հետո ծնողները նրանց այս մանկատունն են հանձնում՝ առանց ծնողական իրավունքներից հրաժարվելու կամ հրաժարվելով: Մի մասն էլ տեղափոխվում են այլ մանկատներից:

2013 թ.-ից հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար մասնագիտացված մանկատունը ներկայումս 108 բնակիչ ունի՝ 44 աղջիկ, 63 տղա:  Այն ծնողները, որոնք չեն հրաժարվել իրենց երեխայից, 18 տարին լրանալուց հետո վերադարձնում են ընտանիք,  եթե հրաժարվել են՝ նրանց տեղափոխում են այլ հիմնարկներ: Իզմիրլյան մանկատանը 18 տարին լրացածներ կան, նրանցից ավագն արդեն 24 տարեկան է, բայց շարունակում է բնակվել այնտեղ: Մանկատան տնօրենն ասում է, որ պետք է տեղ ազատվի այլ հիմնարկում, որպեսզի նրանց տեղափոխեն:  

«Մեր նպատակն ընտանիքի վերամիավորումն է: Ունենք ծնողներ, որոնք հրաժարվել են, բայց այցելում են իրենց երեխաներին: Կան ծնողներ, որոնց հետ աշխատում ենք, որ վերցնեն երեխային»,- ասում է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հակոբյանը:

Անհամեմատ հեշտ է դասավորվում այն երեխաների ճակատագիրը, որոնք հենաշարժողական բարդ խնդիրներ չունեն, եւ ծնողներն էլ հրաժարվել են նրանցից: Նման երեխաներին խնամակալի են հանձնում կամ որդեգրվում են: «Տնօրեն նշանակվելուցս հետո 2 երեխայի որդեգրել են, մեկին խնամակալ ընտանիքն է տարել: Եվս երկու 2 երեխայի որդեգրումն ընթացքի մեջ է»,- ասում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Որդեգրողները բացառապես արտասահմանցիներ են լինում, որը բացատրվում է տվյալ երկրի սոցիալական փաթեթի առկայությամբ՝ ողջ ընտանիքն է օգտվում որդեգրվողին տրված արտոնություններից: Հայաստանում սոցիալական աջակցությունն այնքան շոշափելի չէ, որ ընտանիքին շահագրգռի սեփական երեխայի խնամքը ստանձնել, այդ պատճառով էլ հեշտ չի լինում նրանց ընտանիք վերադարձնելը:

Մանկատան բժիշկ-վերականգնողներ Արման Եղիկյանն ու Ռաֆայել Գրիգորյանը մեծ ձեռքբերում են համարում, որ մանկատան սաներից մեկն իրենց բուժումների արդյունքում կարողացել է քայլել, որից հետո մի ամերիկացի ընտանիք որդեգրել է նրան:

Բժիշկներն ասում են, որ երեխաները մանկատուն են բերվում սոցիալական, բժշկական եւ մարդկային գործոնով պայմանավորված: Բժշկական խնդիրն այն է, որ վերականգնողական թանկ բուժումը քչերին է հասու, իսկ այստեղ բոլոր պայմանները ստեղծվել են անվճար բուժում ստանալու համար: Անհրաժեշտության դեպքում օրթոպեդը վիրահատում է, այսինքն՝ ում մոտ վերականգնվելու հնարավորություն է տեսնում, այնուհետեւ իրենք հետեւում են բուժման ընթացքին: Մանկատանը նրանց հետ աշխատում են նաեւ մանկաբույժ, հոգեբույժ, լոգոպեդ եւ այլ նեղ մասնագետներ, որի արդյունքում երեխաների մտային եւ ֆիզիոլոգիական վիճակը էականորեն բարելավվում է:

Իզմիրլյան մանկատան հիմնական բարերարներից SOAR կազմակերպությունը (Հայ որբերի հիմնադրամ եւ Հայ երեխաների օգնություն միություն) լողավազան է կառուցել, աղի սենյակ՝ շնչառական, մաշկային, ալերգիկ հիվանդությունները բուժելու համար եւ այլն: Ողջ օրը երկու վերականգնող բժիշկները երեխաների հետ զբաղված են մարզումներով:

«Արդյունք ստանալու համար մեր ուժերը կենտրոնացնում ենք երեք ուղղությամբ՝  վերականգնել շարժողական ֆունկցիան, եղածը պահպանել, թույլ չտալ արագանա անշարժության պրոցեսը»,- ասում է բժիշկ Արման Եղիկյանը:

Բժիշկների ասելով՝ բոլոր ծնողները չեն, որ հեշտությամբ են բաժանվում ֆիզիկական արատներ ունեցող երեխաներից կամ անտարբեր են դառնում այստեղ բերելուց հետո: Պատմում են մի դեպք, երբ մայրը մինչեւ 12 տարեկանը պահել էր երեխային եւ չէր ցանկանում մանկատուն բերել: Ընտանիքը բերեց, որովհետեւ ուզում էին նորից երեխա ունենալ, իսկ մայրն ամբողջովին նվիրված էր երեխայի խնամքին եւ չէր ցանկանում մտածել երեխա ունենալու մասին:

Երեխաներից մեկի հայրը, որը պաշտոնյա է, ամեն առավոտ, աշխատանքի գնալուց առաջ այցելում է եւ անձամբ մասնակցում որդու հիգիենային ու խնամքին:

Մանկատան երեխաներից 72-ը դպրոց են հաճախում, իսկ տարբեր տարիքի 27 երեխաներ հաճախում են օժանդակ, խուլուհամրերի, տեսողական խանգարումներ ունեցողների դպրոցներ: Նրանց երկուշաբթի առավոտյան տանում են, այնտեղ  սովորում են, սնվում, գիշերում եւ վերադարձնում են ուրբաթ օրը: Մնացած՝ հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների, սայլակներով տեղաշարժվողների ուսուցումը կազմակերպվում է մանկատանը: Նրանց հետ պարապում են 2-րդ օժանդակ դպրոցի մանկավարժներն ու լոգոպեդները:

Երեխաների անհատական զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցում են նաեւ տարբեր կազմակերպություններ: Մանկատան գրադարանը համակարգչային սենյակի վերածելու մտադրություն կար, որպեսզի ովքեր սովորելու ունակություն ունեն՝ տուն վերադառնալուց հետո կարողանան իրենց աշխատանքով գումար վաստակել:

Մեկնաբանություններ (1)

Գագիկ
Բարև Ձեզ հարգելի խմբագրություն, լավ հոդված եք հրապարակել,միայն թե լոգոպետ բառը գրվում է դ-ով՝ լոգոպեդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter