Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Տեսչական մարմնի հարուցած վարչական վարույթի հիմքերն ու «Արմօյլ»-ի հակադարձումները



Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթամթերքի վերամշակման գործարան կառուցող «Արմօյլ» ընկերությունը բողոքարկել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կայացրած որոշումը: Այսօր տեսչական մարմնի վարչական շենքում տեղի ունեցավ ներկայացված բողոքի քննարկումը:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արմեն Հակոբյանը նշեց, որ Նատի թաղամասի մի խումբ բնակիչներ ահազանգել են, որ շինարարության ընթացքում տեղի է ունենում փոշու մեծ արտանետում: Ըստ Արմեն Հակոբյանի՝ ահազանգը տեղեկություն է պարունակել այն մասին, որ կառուցվելիք գործարանը կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին, ուստի տեսչական մարմինը որոշել էր կասեցնել գործարանի շինարարական աշխատանքները՝ մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը։

Նավթավերամշակում, թե նավթամթերքի վերամշակում

Անդրադառնալով փոշու արտանետումներին՝ «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին նշեց, որ փոշին կապված չէ գործարանում ընթացքող շինարարության հետ, քանի որ Նատի թաղամասի տարածքը չորային է և ցանկացած քամու դեպքում այնտեղ փոշի է բարձրանում: Քննարկման ընթացքում մի քանի անգամ անդրադարձ եղավ «նավթավերամշակում» և «նավթամթերքի վերամշակում» տերմիններին: Ալֆրեդ Աբեդին ընդգծեց, որ իրենց ընկերությունը նավթավերամշակմամբ չի զբաղվելու, ինչպես նշված է եղել տեսչական մարմնի հարուցած վարչական վարույթում, այլ նավթամթերք է վերամշակելու, մասնավորապես լինելու է քսայուղերի և բիտումի արտադրություն: Այստեղ վիճահարույց է այն հանգամանքը, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով՝ «նավթավերամշակման արտադրությունը» ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության, իսկ «նավթամթերքի վերամշակում» կամ «քսայուղերի և բիտումի արտադրություն» տերմիններով օրենքը ոչինչ չի սահմանում, հետևաբար, ըստ «Արմօյլ»-ի տնօրենի, գործարանը չպետք է ենթարկվի ՇՄԱԳ փորձաքննության:

Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ արդյոք արտադրության ընթացքում ջուր օգտագործվելու՞ է, հորատանցք բացվելու՞ է, թե ոչ: Ալֆրեդ Աբեդին բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ գործարանի տարածքում կառուցվել է բետոնե չորս լողավազան, որոնցից երկուսը օգտագործվելու է արտադրական թափոնների, իսկ մյուս երկուսը անձրևաջրերի հավաքման համար.

«Այսինքն՝ դուք պնդու՞մ եք, որ այդ գործունեության ընթացքում չկա մի բաղադրիչ, որը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»,- ճշգրտող հարց հնչեցրեց Արթուր Գրիգորյանը, իսկ Ալֆրեդ Աբեդին դրական պատասխան տվեց:

Այնուհետև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի դրույթներից խոսեց «Արմօյլ» ըներության շահերը ներկայացնող իրավաբան Համիկ Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ օրենքը «սպառիչ» ցանկ է սահմանել փորձաքննության ենթակա արտադրությունների վերաբերյալ:

«Ցանկացած ապրանքների անվանացանկ սահմանող ակտերում հստակ տարանջատված է նավթը, նավթի հումքը, բենզինը, դիզելը, քսայուղը, բիտումը, կաուչուկը և այլն: Եթե «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում առանձին նշված է նավթավերամշակման արտադրություն, այնուհետև կաուչուկների, մազութի, այստեղ հստակ ակնհայտ է դառնում, որ օրենքը նկատի ունի հենց նավթավերամշակման արտադրությունից անկախ այն գործունեությունները, որոնք պետք է փորձաքննություն անցնեն: Հետևաբար մենք չենք կարող յուղի և բիտումի արտադրությունը մտցնել նավթավերամշակման տակ»,- նշեց Համիկ Մարտիրոսյանը:

Կառուցապատման տարածքի մակերեսը

Տեսչական մարմնի հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետ Արայիկ Միրզոյանը շեշտեց՝ միայն այն հանգամանքը, որ շինարարությունը տեղի է ունեցել փորձաքննության ենթակա 1500 քառակուսի մետրը գերազանցող տարածքի վրա, արդեն իսկ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել, չնայած որ տեսչական մարմնի կողմից նախորդ տարի հարուցված վարչական վարույթը կասեցվել էր այն պատճառաբանությամբ, որ տեսչական մարմնին «Արմօյլ» ՓԲԸ-ի տրամադրած փաստաթղթերի համաձայն՝ շինարարական աշխատանքները իրականացվել են 1361 քառակուսի մետր մակերեսի վրա, որը, որպես քաղաքաշինական կառույց, չի գերազանցել փորձաքննության ենթակա 1500 քառակուսի մետր կառուցապատման մակերեսը:

«Ստուգումը սկսելուց առաջ խիստ կասկածներ եմ ունեցել, որ շինարարության տարածքի մակերեսը գերազանցել է 1500 քառ. մետրը: Ես երբ եկել եմ գործարան ուսումնասիրության, տեսել եմ, որ շինարարությունը ընթանում է ամբողջ 26 586 քառակուսի մետրի վրա: Եվ եթե նույնիսկ «նավթավերամշակման արտադրության» կետը չներառեի վարչական ակտում, իրենք միևնույն է, շինարարության մասով ենթակա են փորձաքննության»,- ասաց Արայիկ Միրզոյանը:

Նավթամթերքի վերամշակման գործարանը վերևից

Ի պատասխան Միրզոյանի պնդումներին՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի փոխտնօրեն Արայիկ Կեսոյանը նշեց, որ գործարանի տարածքը կազմված է 6 հողակտորներից՝ սեփականության 6 վկայականներով, և դրանցից յուրաքանչյուրում կառուցապատման մակերեսը չի գերազանցել 1500 քառակուսի մետրը: Արայիկ Միրզոյանն էլ հակադարձեց, որ բոլոր 6 հողամասերը իրար հարակից են և այնտեղ իրականացվում է մեկ ամբողջական շինարարություն, հետևաբար չէր կարելի դրանք միմյանցից առանձին դիտարկել:

Ալֆրեդ Աբեդին դժգոհեց, որ պարբերաբար ոստիկաններ են գործարան գալիս և պահանջում դադարեցնել գործարանի աշխատանքները, քանի որ տեսչական մարմինը դիմել էր ոստիկանությանը՝ խնդրելով ապահովել նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու վերաբերյալ տեսչական մարմնի որոշման կատարումը այն բանից հետո, երբ բնակիչներից ահազանգեր էին ստացել, որ չնայած վարչական ակտին՝ գործարանում շինարարական աշխատանքները շարունակվել են: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արմեն Հակոբյանը հայտնեց՝ քանի որ վարչական ակտի դեմ վարչական բողոք է ներկայացվել, դրանով պայմանավորված՝ վարչական ակտի կատարումը կասեցվել է: «Արմօյլ»-ի ներկայացուցիչներն էլ հորդորեցին այդ մասին տեղեկացնել նաև ոստիկանությանը, որպեսզի իրենց աշխատանքները չխոչընդոտվեն:

Ըստ իրավաբանի՝ խախտվել է «Արմօյլ»-ի լսված լինելու իրավունքը

«Արմօյլ»-ի իրավաբան Համիկ Մարիտիրոսյանը նշեց, որ վարչական վարույթի շրջանակներում խախտվել է ընկերության լսված լինելու իրավունքը: Ըստ իրավաբանի՝ տեսչական մարմինը «Արմօյլ»-ին հնարավորություն չի տվել արտահայտվել վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

«Մենք շատ ուրախ ենք, որ տեսչական մարմինը մեր հարցը արդեն իսկ լսում է, սակայն խնդիրն այն է, որ եթե մինչև որոշման կայացումը մեզ լսեիք, միգուցե այլ որոշում կայացնեիք»,- դիմելով Արթուր Գրիգորյանին՝ ասաց Համիկ Մարիտիրոսյանը:

Արմեն Հակոբյանը արձագանքեց, որ լսումներ մի քանի անգամ եղել են, և տեսչական մարմինը հորդորել է «Արմօյլ»-ին դիմել ՇՄԱԳ փորձաքննության: Հակոբյանը միևնույն ժամանակ ընդունեց, որ վարչական ակտի մեջ պետք է կիրառվեր, ոչ թե նավթավերամշակում, այլ նավթամթերքի վերամշակում տերմինը, սակայն Արթուր Գրիգորյանը հավելեց, որ ակտի վերջնական արդյունքի տեսանկյունից դա ոչինչ չի փոխում:

Հիշեցնենք, որ Եղվարդի Նատի թաղամասում կառուցված գործարանի բաժնետոմսերի կեսը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, իսկ մյուս կեսը «Արմօյլ» ընկերությանը, որի հիմնադիր-սեփականատերն է իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ