Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Կապանի ավագանին առկախել է նախորդ իշխանությունների օրոք ԶՊՄԿ-ի օգտին կայացված որոշման իրականացումը



Երեկ Կապանի ավագանու արտահերթ նիստում հետաձգվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին առնչվող 4 հարցի քննարկումը: Կապանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարգարիտա Մանուկյանը մեզ փոխանցեց, որ ավագանու անդամներից Ժան Մովսիսյանն առաջարկել է քվեարկել ոչ թե այդ 4 օրակարգային հարցերի ընդունման, այլ հետաձգման համար, որպեսզի հնարավորություն ունենան առավել լավ ծանոթանալ դրանց: Արդյունքում ներկա 10 անդամներից 5-ը կողմ է քվերակել, 4-ը՝ դեմ, մեկ հոգի՝ ձեռնպահ:

Հետաձգված հարցերը վերաբերում են ԶՊՄԿ-ի արդյունաբերական գործունեությանը:

Հիշեցնենք, որ 2011 թ. ապրիլի 28-ին Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշեց Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք գյուղական համայնքների 608 հա հողերի (համայնքներին եւ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող) նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ, վերցնել դրանք սեփականատերերից, փոխել նպատակային նշանակությունը (կատեգորիան), դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, ու վարձակալությամբ հանձնել ԶՊՄԿ-ին՝ հանքավայրի շահագործման նպատակով: Այս որոշումը մեծ բողոքի ալիք բարձրացրեց նշված համայնքներում, մասնավորապես՝ Քաջարան գյուղում, որտեղ «գերակա հանրային շահի» տակ էր հայտնվել նույնիսկ գյուղի գերեզմանոցը:  

2011-ի որոշումը հետագայում չի փոփոխվել կամ ուժը կորցրած ճանաչվել, սակայն, կարելի է ասել, նաեւ համայնքների բնակչության հակազդեցության պատճառով կյանքի չի կոչվել, փոխարենը 2015 թ. մայիսի 21-ին Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նմանատիպ մեկ այլ որոշում է կայացրել: Ընդ որում, այն տեղ-տեղ պարզապես արտագրված է 2011-ի որոշումից:

Գործադիրը 2015-ին որոշել է նույն գերակա հանրային շահի անվան տակ վերցնել Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք գյուղերի 492 հա հողերը (պետական, համայնքային եւ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող): Ինչպես նկատելի է այս անգամ կառավարությունը «ձեռք չի տվել» Քաջարան գյուղին, որը 2011-ին ամենահամառ դիմադրությունը ցույց տվեց:

Եթե 2011-ին իբրեւ որոշման հիմքում դրված էին Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն ու բացահանքի ընդլայնման հեռանկարները, ապա 2015-ին կառավարությունը, այս տողերը կրկնելուց զատ, նշել է նաեւ պոչամբարի մասին: Խոսքը Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարի մասին է, որի հարեւանությամբ են գտնվում բոլոր 5 գյուղերը: 2011-ի որոշմամբ այս համայնքների (բացի Քաջարանից) հողերը նույնպես նախատեսված էին պոչամբարի ընդլայնման համար, սակայն դրա անունը որոշման մեջ չկար:

«Ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, այն չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ հանքավայրի շահագործման հետ կապված արտադրական կեղտաջրերի պոչամբարի ընդլայնման տարածքների ընտրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով սահմանված տեխնիկական նորմերը, մակերեւույթի (ռելիեֆ) առանձնահատկությունները, այլընտրանքային տարբերակի բացակայությունը եւ ազդակիր համայնքների կարծիքները»,- կարդում ենք Հ. Աբարահամյանի կառավարության որոշման մեջ:

Սահմանվել է նաեւ, որ գերակա հանրային շահի տակ հայտնված հողամասերի ձեռքբերողները հենց նշված գյուղական համայնքներն են՝ ԶՊՄԿ-ի միջոցների հաշվին: Կառավարությունը 5 համայնքների ղեկավարներին առաջարկել է 492 հա հողերը ձեռք բերելուց հետո փոխել դրանց նպատակային նշանակությունը՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր: Իսկ ավելի կոնկրետ՝ գործառնական նշանակությամբ դրանք դառնալու են արդյունաբերական օբյեկտների հողեր: Այսքանից հետո, ըստ որոշման, համայնքների ղեկավարներին թույլատրվում է հողերն առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել ԶՊՄԿ-ին:  

Քանի որ 2017-ին Կապանի տարածաշրջանի գյուղերը խոշորացվել ու միացվել են քաղաքին՝ դառնալով մեկ՝ Կապան համայնք, հիմա հենց վերջինիս համայնքապետարանն է կառավարության 2015 թ. որոշման կատարման պատասխանատուն: Բայց ստացվում է, որ ավագանին չի շտապում ընդառաջել նախորդ իշխանությունների ընդունած որոշման մեջ արված առաջարկին՝ փոխել հողերի կատեգորիան:

Ավագանու երեկվա արտահերթ նիստի օրակարգում դրվել էր վերոնշյալ 5 գյուղերից 3-ի՝  Արծվանիկի, Սեւաքարի եւ Չափնիի հողամասերի կատեգորիան փոխելու նպատակով այդ գյուղերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու հարցը: Սա ավագանու անդամների քվեարկության արդյունքում հետաձգված 4 հարցերից մեկն էր, մյուս 3-ը վերաբերում էին Արծվանիկի Նոր ջուր թաղամասում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների 51 հա հողերին (բաժանված 3 հասցեի մեջ), որոնք առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրվելու էին ԶՊՄԿ-ին:

«Կառավարությունը պետք է չեղյալ համարի 3 տարի առաջվա որոշումը»

Ավագանու երեկվա արտահերթ նիստին ներկա են եղել ԶՊՄԿ-ի, Չափնի եւ Սեւաքար համայնքների վարչական ներկայացուցիչները, բնակիչներ, բնապահպաններ:

«Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը, ով եւս ներկա էր նիստին, մեզ հետ զրույցում նշել է, որ հարցն իր մասշտաբով մեծ է, Կապանի ավագանու անդամները պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրեն այն եւ նախքան դիրքորոշում հայտնելը պետք է հաշվի առնեն նաեւ տվյալ բնակավայրերի բնակիչների դիրքորոշումը:

«Նախորդ իշխանության տարիներին բազմաթիվ դեպքեր են եղել, երբ կառավարությունը գերակա շահ է ճանաչել տարածքներ՝ հօգուտ որեւէ տնտեսվարողի, որն իրականում հանրային շահին հակասում էր, նույնիսկ մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր են եղել: Մեզ բոլորիս հայտնի է նախորդ իշխանությունների աշխատաոճը՝ շանտաժ, տարբեր լծակներով տարատեսակ ճնշումներ եւ այլ գործիքակազմ: Ավելին ասեմ՝ Չափնի բնակավայրի վարչական ղեկավարը հայտարարեց, որ այս հարցում իր վրա ժամանակին ճնշումներ է գործադրել նախկին մարզպետ Վահե Հակոբյանը»,- ասում է Արմեն Փարսադանյանը:

Նրա կարծիքով՝ հանքարդյունաբերության ոլորտը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթակա, եւ նման մասշտաբային որոշումները պետք է կա՛մ հետաձգել, կա՛մ չեղարկել: «ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ բնապահպանական, հանրային առողջության ռիսկեր պարունակող գործունեություն նախաձեռնելիս որոշիչ պետք է լինի տվյալ բնակավայրի բնակչության դիրքորոշումը: Գաղտնիք չէ, որ Սյունիքը բնապահպանական տեսանկյունից գերբեռնված տարածաշրջան է, եւ կառավարության 2015 թ. որոշումը, մեղմ ասած, չի բխում պետության, հանրության շահերից»,- նշում է բնապահպանը:

Նիստին մասնակցած Դավիթ Հակոբյանը, ով «Երկիր ծիրանի» կուսակցության Սյունիքի մարզային կառույցի համակարգողներից է ու «Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի անդամ, եւս ռիսկային է համարում նոր հողատարածքների տրամադրումը ԶՊՄԿ-ին: Ըստ նրա՝ Արծվանիկի պոչամբարը՝ որպես ծանր մետաղներով թունավոր հսկա զանգված,  անմիջական վտանգ է ներկայացնում ոչ միայն հարակից բնակավայրերին, այլեւ նույնիսկ Հարավային Կովկասի համար կարող է առաջացնել էկոլոգիական վտանգ: Հակոբյանի փոխանցմամբ՝ իրենք փորձելու են հասնել հանրային այնպիսի ճնշման, որ ավագանին դրական որոշում չկայացնի ԶՊՄԿ-ին հողեր հատկացնելու վերաբերյալ:

Մեր զրուցակիցը նաեւ հայտնել է, որ ԶՊՄԿ-ի երկու ներկայացուցիչները նիստի ժամանակ երկար չեն խոսել: Նրանցից մեկը, ով շինարարության գծով պատասխանատուն է եղել, խոսել է մասնագիտական կետերից, իսկ մյուսն ասել, որ այդ հողերը կառավարության որոշմամբ հանձնվել են ԶՊՄԿ-ին, ուրեմն էլ որն է խնդիրը:

«Կառավարության որոշումը գերակա հանրային շահ ճանաչելու մասին, իմ համոզմամբ, ապօրինի որոշում է, ինչպես այն ժամանակվա բազմաթիվ նման որոշումներ: Դրանք ապօրինի են, չեն կարող գերակա հանրային շահ ճանաչել՝ առանց հանրության կարծիք հարցնելու: Այդ որոշումը կառավարության կողմից պետք է չեղյալ համարվի»,- ասում է Դավիթ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ, ի տարբերություն Կապանի ավագանու, նույնպես խոշորացված Քաջարան  համայնքի ավագանին հունիսի 25-ին հավանություն է տվել, որ իր կազմի մեջ մտնող Քաջարան քաղաքի եւ Լեռնաձոր գյուղի 339 հեկտար հողերի կատեգորիաների փոփոխություններ նախատեսվեն: Սա նշանակում է, որ ավագանին կողմ է հողերի կատեգորիաները փոխելու գործընթացին: Վերջնարդյունքում երկու բնակավայրերի տարածքներում գտնվող պետական եւ համայնքային հողակտորները՝ արդեն որպես արդյունաբերական օբյեկտների հողեր, օգտագործման նպատակով պետք է հանձնվեն ԶՊՄԿ-ին:

Առաջին լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը նույնանուն գյուղից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վարազ Սյունի 02:14 - 21 օգոստոսի, 2018
Նախ՝ ազգայնացնե՛լ ԶՊՄԿ-ն. սա Հայաստա՛նի շահերից բխող միակ ճիշտ որոշումն է: Երկրորդ՝ բացահայտել ԶՊՄԿ-ի իրակա՛ն տերերին: Երրորդ՝ Սյունիքում ստեղծել ժամանակավոր «Հեղափոխական կոմիտեներ» և,առաջին հերթին, դադարեցնե՛լ Քաջարանի հհկ-ական քաղաքապետի ու ավագանու լիազորությունները. վերջիններս բացահայտ կերպով ԶՊՄԿ-ի գրպանում են: Հայ ժողովրդի ՄԵԾԱԳՈՒՅՆ մասը ՄԵՐԺԵԼ է հհկ-ին: Քաջարանի հհկ-ական քաղաքապետն ու ավագանին այդ քա՞նի գլխանի են,որ հեղափոխուլթյունից հետո հանդգնում են 339 հա հող հանձնել ԶՊՄԿ-ին:
2. Վարազ Սյունի 02:17 - 21 օգոստոսի, 2018
Սյունիքում այլևս Ո՛Չ ՄԻ ԹԻԶ հող հանքերին ու պոչամբարներին: Հերի՛ք եղավ: Թող իրենց արտադրության ծավալները նվազեցնեն,եթե թափոնների համար տեղ չունեն:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ