HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արդարադատության նախարար. «Անցումային արդարադատության համակարգը չի հակասի Հայաստանի Սահմանադրությանը»

Օգոստոսի 18-ին Կառավարության 100-րդ օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց անցումային արդարադատության համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր պաշտոնավարման կապակցությամբ հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձավ այս հարցին։ Նախարարի պնդմամբ՝ անցումային արդարադատության համակարգը չի հակասի Հայաստանի Սահմանադրությանը, արտակարգ դատարաններ չեն ստեղծվի։

«Սահմանադրության որեւ դրույթ չի կասեցվի, դա լինելու է օրինական եւ աջակցող գործադիր մարմինների կողմից իրականացվող ֆունկցիաներին»,- հայտնեց նախարարը։

Ըստ նախարարի՝ համակարգը հնարավորություն կտա ոլորտում եղած թերացումները շտկել։ Արդար հատուցում կտրամադրվի նրանց, ում իրավունքները խախտվել են, կարող են լինել նաեւ դատավարական ժամկետների վերականգնման օրենսդրական հնարավորություններ։ «Հարցերը լուծելու է Հայաստանում գործող դատական համակարգը, դատարանների դատարաններ չեն ստեղծվելու, Սահմանադրությունը չի խախտվելու, արտակարգ դատարաններ չեն լինելու։ Համակարգը կոչված է լինելու մարդու իրավունքները վերականգնելու համար»,- հայտնեց նախարարը։ 

Զեյնալյանն անդրադարձավ նաեւ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն։ «Այս պահի դրությամբ ես չեմ կարող դատավոր Ազարյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ, վճռաբեկ բողոք ներկայացված է դատարան, արդարադատության նախարարը, գործադիր իշխանությունը չեն կարող միջամտել»,- հայտնեց նախարարը։

Ըստ նրա՝ այդպիսի ֆունկցիա պետք է կատարի Բարձրագույն դատական խորհուրդը, թեեւ այդպիսի լիազորություն տրված է նաեւ Արդարադատության նախարարությանը։

«Արդարադատության նախարարությունը չպետք է վերածվի չորրորդ ատյանի դատարանի, սա կհակասի արդար դատաքննության իրավունքին»,- նշեց նախարարը։

Զեյնալյանի խոսքով` Վերաքննիչ դատարանի ակտերը պետք է բողոքարկվեն Վճռաբեկ դատարանում. «Եթե գործադիր իշխանությունը հնարավորություն ունենա միջամտել, պատկերացնու՞մ եք կոռուպցիոն ռիսկը, սուբյեկտիվության աստիճանը։ Արդար դատաքննության իրավունքը լուրջ իրավունք է։ Գործադիր իշխանությանն այդպիսի լիազորություն տալով` կարող ենք բացել Պանդորայի արկղը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter