HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետին 20 մլն գրավով ազատ արձակել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր որոշել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ  Բաբայանի նկատմամբ գրավ կիրառել:

Այս մասին «Հետք»-ին ասաց Բաբայանի փաստաբան Արմեն  Մելքոնյանը` նշելով, որ դատարանը գրավի չափ է սահմանել 20 մլն դրամը:

Հիշեցնենք, որ Էդուարդ Բաբայանը մեղադրվում է քաղաքացի Վյաչեսլավ Հարությունյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա տղամարդ:

«Նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր»,- հայտնել էր քննչական կոմիտեն:

Ոստիկանությունը նույնպես հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ նշելով, որ ըստ տուժողի հաղորդման, նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է»։

Շուտով, սակայն, տուժող Հարությունյանը հայտարարել է, թե իրեն չեն հարվածել, այլ սայթաքել ու վայր է ընկել:

Լուսանկարում` դատավոր Մնացական Մարտիրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter