Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ազգային պարկի քարտեզագրման բացթողումները լուրջ սպառնալիք են էկոհամակարգին



Դիլիջան քաղաքի վարչական տարածքում, Թբիլիսյան խճուղի 17/5 հասցեում, փշատերեւ ծառերի հաշվին կառուցվում է հյուրանոցային համալիր։

Հողամասը սահմանակից է Դիլիջան ազգային պարկին։ Ավելին, տարօրինակ կերպով այն դուրս է Ազգային պարկի տարածքից։ Սա՝ զուտ կադաստրային քարտեզով։ Իսկ իրականում այն Ազգային պարկի էկոհամակարգի մի մասն է, նվազագույնը՝ բուֆերային գոտի։

Դիլիջան համայնքի ղեկավարի աշխատակազմից մեզ հայտնել են, թե հողամասը համայնքային է եւ սեփականության իրավունքով պատկանում է ոմն Արամ Սահակյանի։ Ավագանին, թույլատրել է շինարարություն կատարել անտառային այս տարածքում։

0,2 հեկտար մակերեսով տարածքն ամբողջությամբ ծառածածկ է։ Եվ զարմանալի է, որ այն կցված է ոչ թե Ազգային պարկին, այլ կադաստրային քարտեզով շնորհված է համայնքին։ Տեղական ինքնակառավարման մարմիններն էլ, օգտվելով իրենց լիազորություններից, ծառածածկ տարածքը տրամադրել են կառուցապատման նպատակով։

Նախագծային պահանջների համաձայն՝ հողամասում նախատեսվում է կառուցել 12-15 համարներից բաղկացած, 2-3 հարկանի հյուրանոց։ Գեոդեզիական հանույթի միջոցով պետք է հաշվառվեին փշատերեւ ծառերը։ Ընդ որում` ծառերի պահպանման պայմանները նախագծում համարվել են առաջնային։

Մեր լուսանկարներում պարզ երեւում է՝ շինարարներն, այդուամենայնիվ, կառուցապատման ընթացքում վնասել են փշատերեւ ծառեր։ 

Ազգային պարկը՝ խճճած քարտեզով եւ առանց բուֆերային գոտու

Պարզվում է՝ «Դիլիջան» ազգային պարկի էկոհամակարգի մաս կազմող բավականին մեծ տարածություն կադաստրային քարտեզով տրվել է համայնքին։ Ստացվում է, որ եթե անգամ խոսքն անտառածածկ տարածքի մասին է, ապա համայնքը, ինչպես վերը նշված դեպքում, կարող է այն ծառայեցնել տնտեսական նպատակների։ Սա վաղուցվա խնդիր է։

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) ազգային համակարգող Արման Վերմիշյանն ուսումնասիրել է եւ պարզել, որ համայնքի վարչական տարածքում կան Ազգային պարկի այսպես ասած անկլավներ եւ հակառակը։ Պարկի տարածքն ամբողջությամբ կտրտված է՝ բաժան-բաժան արված։ Ավելին, համայնքի եւ Ազգային պարկի կադաստրային քարտեզներում համընկնումներ կան՝ նույն հողակտորը պատկանում է երկուսին էլ։

«Դատելով «Դիլիջան» ազգային պարկի՝ կադաստրից վերցրած քարտեզով, որոշ տեղերում անտառային հողերը գտնվում են համայնքի տիրապետության տակ։

Դեղին գույնով նշված են համայնքի տարածքում, ազգային պարկին պատկանող տարածքները

Բացի այդ, կադաստրային քարտեզներն իրար չեն համապատասխանում։ Եթե դուք վերցնեք եւ համեմատեք Ազգային պարկի եւ Դիլիջան քաղաքի քարտեզները, չի բացառվում, որ նույն հողը պատկանի երկուսին էլ։ Այս խնդիրը Հայաստանի գրեթե բոլոր հատուկ պահպանվող տարածքներում կա։ Մեկը հող ուներ, որի կոորդինատները, եթե կադաստրով նայենք, համապատասխանում են եկեղեցու կոորդինատներին։ Պատկերացնու՞մ եք, վարելահողը կադաստրի քարտեզով ընկնում է ուղիղ միջնադարյան եկեղեցու վրա։ Ստացվում է՝ միջնադարյան եկեղեցին ինչ-որ մեկի վարելահողն է։

Ինչ մնում է Ազգային պարկի անհամապատասխանություններին, դա մեզ շատ է մտահոգում։ Ինչպե՞ս է ստացվել, որ որոշ հողեր դուրս են մնացել Ազգային պարկի տարածքից։ Երբ հատուկ պահպանվող տարածքը արգելոցից վերածվեց Ազգային պարկի, որոշ հողեր տրվեցին համայքին։ Պատճառները տարբեր են։ Ենթադրում եմ, որ դրանք եղել են համայնքի համար տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հողեր, փոխանցվել են քաղաքին։ Բայց ես կարծում եմ, որ արդեն պետք է վերանայել»,-ասում է CNF-ի ազգային համակարգողը։

Դեղին գույնով նշվածը ազգային պարկի տարածքն է, անտառը՝ համայնքինը

Տիեզերական նկարահանման գործիքներից օգտվելով` տեսնում ենք, որ քաղաքին տրված անտառածածկ տարածքները շատ են։ Վերմիշյանն ասում է, որ դրանք պետք է պահպանվեն, եւ բացառվեն կառուցապատումները։ Այդ հողակտորները, ըստ իմ զրուցակցի, պետք է վերադարձվեն Ազգային պարկին կամ առնվազն քաղաքի գլխավոր հատակագծով ճանաչվեն անձեռնմխելի։

Արման Վերմիշյանը կարծում է, որ եթե Դիլիջան-Իջեւան ավտոմայրուղու եզրը, որտեղ Արման Սահակյանը հյուրանոց է կառուցում, տնտեսական հետաքրքրություն է ներկայացնում համայնքի համար, ապա ինչ-որ նախագծերի ընթացքում կարող է ծառերի կորուստ լինել։ Բայց, ըստ բնապահպանի, դա պետք է լինի տրամաբանված։ «Պետք է բերված օգուտը գերազանցի հասցված վնասին։ Եթե մենք խոսում ենք տնտեսական զարգացման մասին, դա ինքնաբերաբար կարող է ազդել նաեւ ապօրինի ծառահատումների վրա։ Եթե ճանապարհամերձ տարածքը զոհաբերվում է տնտեսական գործունեության համար, բայց բուն անտառի համար օգտակարություն է բերում, կարելի է այդ քայլին գնալ»,-ասում է Վերմիշյանը։

Ազգային պարկի կտրտվածությունը պահպանության ռեժիմի առումով խնդիրներ է ստեղծում։ Բացի դա, հնարավորություն է տալիս, որպեսզի տնտեսական գործոնները կանաչ տարածքներում ուժեղանան։ «Սա միայն պահպանության ռեժիմի խնդիր չէ։ Այս դուրս մնացած անտառային հատվածները Դիլիջանի՝ որպես ամբողջական էկոհամակարգի, անբաժանելի, օրգանական մասերն են։ Եթե մենք սրանք թողնում ենք տնտեսական ակտիվ գործունեության համար, նշանակում է՝ թողնում ենք ծառահատման ենթակա»,-նկատում է Արման Վերմիշյանը` կառավարությանն առաջարկելով քարտեզների համադրությամբ շտկել բացթողումները։

Եթե խնդիրը դիտարկում ենք էկոհամակարգի պահպանության տեսանկյունից, համայնքի զարգացումը պետք է տեղի ունենա բացառապես դրա տրամաբանությանը համահունչ։ Դիլիջանի դեպքում խախտվում է հավասարակշռությունը։ Այս դիտարկմանն ի պատասխան` Արման Վերմիշյանն ասում է, որ դա դեռեւս երազանք է. «Եվրոպայում շատ տարածված է, որ կենսոլորտային համալիրների համայնքները զարգանում են շրջակա բնության հետ բացարձակ ներդաշնակ։ Ավելին, դառնում են որոշակի բրենդ։ Դրան հասնելու համար որոշում կայացնողները պետք է լինեն այդ արժեքները կրող մարդիկ։ Խոսքը միայն այս տարածաշրջանի մասին չէ։ Կադրերի հարց է։ Ես հավատում եմ, որ այս հեղափոխությունը պետք է որակի փոփոխություն բերի։ Դեռ մեծ մասշտաբով չեմ տեսնում, բայց հույս ունեմ, որ աստիճանաբար դրան կգնա։ Նույնիսկ Ազգային պարկի էս կտրտվածությունը ոչ մի դեր չի խաղա, եթե մարդիկ հասկանան իրենց դերն ու նշանակությունը»։

«Դիլիջան» ազգային պարկի 2016-2025 թվականների կառավարման պլանում նույնպես որպես խնդիր նշված է բուֆերային գոտու բացակությունը։

«Ազգային պարկի բուֆերային գոտին այսօր մնում է ամբողջությամբ վիրտուալ, «թղթի» վրա, որեւէ կերպ ԴԱՊ-ի կողմից առանց կառավարման: Ավելին, գոտու ձեւը շատ վատ է մշակված: Այն գծված է միայն բարձր լեռնային հատվածներում եւ միայն պարկի հարավային եւ արեւմտյան հատվածներում, մասնավորապես` Ծովագյուղ, Սեմյոնովկա եւ Ֆիոլետովո գյուղերի շրջակայքում: Այլ բնակատեղերի մոտ, մասնավորապես` Հովք, Աղավնավանք, Անտառամեջ գյուղերի եւ ԴԱՊ-ի արեւելյան ու հյուսիսային հատվածների մոտ, բուֆերային գոտի ընդհանրապես գոյություն չունի: Ավելին, բուֆերային գոտի չկա պարկի կրիտիկական, ներքին հատվածներում․ Դիլիջան քաղաքի կամ Թեղուտ, Հաղարծին, Գոշ եւ Խաչարձան գյուղերի շրջակայքում»,-սա մեջբերում է «Դիլիջան» ազգային պարկի (ԴԱՊ) 2016-2025թթ. կառավարման պլանից:

Ի հավելումն նշենք, որ Թեղուտ եւ Հաղարծին գյուղերի ուղղությամբ, վերին հատվածում, անտառն ամբողջությամբ նոսրացած եւ հոշոտված է։ Սա շատ լավ երեւում է տիեզերական քարտեզով։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ