Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ովքե՞ր սպանեցին 3 ռուս ժուռնալիստներին Աֆրիկայում



Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ)  3 ռուս ժուռնալիստներ Օրհան Ջեմալի,Կիրիլ Ռադչենկոյի և Ալեքսանդր Ռաստորգուևի  (журналист Орхан Джемаль, оператор Кирилл Радченко и режиссер Александр Расторгуев) սպանությունը բազմաթիվ հարցեր է բարձրացնում Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության քաղաքացիական պատերազմում և մյուս միջազգային կոնֆլիկտներում Մոսկվայի դերակատարության վերաբերյալ:

Վերոհիշյալ 3 ժուռնալիստները (ովքեր երկար տարիների ռազմական ժուռնալիստիկայի փորձ ունեին) սպանվել են սույն թվի հուլիսի 31-ին՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Սիբուտ (Sibut) քաղաքից մոտ 20 կմ հեռու,երբ իրենց մեքենան, ստուգելու նպատակով, կանգնեցրին  մոտ 10 դիմակավոր անձինք: Ըստ ԿԱՀ  իշխանությունների վարկածի՝ նպատակը կողոպուտն էր: Հատկանշական  է,որ մեքենայի վարորդը ողջ մնաց (ում ցուցմունքներն  էլ հետագայում հիմք հանդիսացան պաշտոնական վարկածի համար): Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ռուս ժուռնալիստներն այդ երեկոյան գնացել էին հանդիպելու ֆիլմի նկարահանմանն օգնող անձին:

Օրհան Ջեմալը 2011-ին Տրիպոլիում ծանր վիրավորվել էր ոտքից՝ Լիբիայի ներքաղաքական իրադարձությունները մեկնաբանելիս, իսկ 2016-ին Սիրիայում գերեվարվել էր «Ալ-Նուսրա» ռադիկալ-իսլամական խմբի (Al-Nusra Front) կողմից ու հետագայում ազատ արձակվել: Որպես ժուռնալիստ՝ Օրհան Ջեմալն աշխատել է նաև Արևելյան Ուկրաինայում և Դաղստանում, ու լուսաբանել ռուս-վրացական պատերազմը:  Ալեքսանդր Ռաստորգուևը տարբեր փաստագրական ֆիլմերի հեղինակ է, այդ թվում ընդդիմադիր Նավալնիի հետևորդների և Բորիս Նեմցովի մասին նկարահանված: 2011 թ. դեկտեմբերին Ռաստորգուևը Դոնի Ռոստովում կալանավորվել էր՝  նույն թվի  ռուսական պառլամենտական ընտրությունների ժամանակ եղած  ընտրախախտումների դեմ բողոքելու ժամանակ:

Փաստագրական ֆիլմը, որ ռուս ժուռնալիստները ցանկանում էին նկարահանել, համատեղ նախաձեռնություն էր՝ Միխայիլ Խոդորկովսկու կողմից ֆինանսավորվող «Հետաքննությունների կառավարման կենտրոնի» հետ միասին (совместный фильм с Центром управления расследованиями Михаила Ходорковского):

«Հետաքննությունների կառավարման կենտրոնի» (անգ.՝ Investigations Management Center) փոխտնօրեն Անաստասիա Գորշկովան «Կոմերսանտին» ասել էր,որ ժուռնալիստների նախնական պլանը Սիրիա գնալն էր՝ երկրի իրավիճակի ու այնտեղ գործող ռուսական «Վագներ Խմբի» (Wagner Group) սկանդալների մասին ֆիլմ նկարահանելու նպատակով: Բայց Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը դա թույլ չի տվել և թիմը որոշել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն գնալ: Մոսկվայից (Կասաբլանկայով) թիմը ԿԱՀ է հասել հուլիսի 28-ին: Ըստ կոլեգաների՝ ժուռնալիստներն իրենց այցի իրական նպատակը գաղտնի են պահել:

Ռուսական «Վագներ Խումբը» (Частная Военная Компания «Вагнер») գործել է  Սիրիայում՝ օժանդակելով կառավարական զորքերին, ու Դոնբասում՝ ի պաշտպանություն ռուս անջատողականների: Ըստ անգլիական BBC-ի՝ նաև Սուդանում: «Վագներ Խմբի» պաշտոնական հիմնադիրն ու ղեկավարը Դմիտրի Ուտկինն է (Дмитрий Валерьевич Уткин՝ Ուկրաինայում ծնված, Պուտինի հետ Կրեմլում նկարված ու վերջինիս կողմից «Քաջության» մեդալով պարգևատրված  նախկին  մի ռուս փոխգնդապետ):

«Վագներ Խումբը», ըստ հավաստի աղբյուրների,  ֆինանսավորվում է պետության և Պուտինի մտերիմ, օլիգարխ Յեվգենի Պրիգոժինի կողմից (հայտնի է «Putin’s Chef» անունով. ռուս.՝ Евгений Викторович Пригожин, известен как “Повар Путина”): Յեվգենի Պրիգոժինը Սանկտ-Պետերբուրգում տարբեր ռեստորանների սեփականատեր է և  ֆինանսավորում է նույն քաղաքում գործող  «Internet Research Agency»-ն՝ սոցիալական մեդիայի «ֆեյքերի ֆաբրիկան»  (troll factory), որը հատկապես  ԱՄՆ 2016 թ. ընտրությունների ժամանակ բազմաթիվ կեղծ լուրեր (fake news) տարածեց:

«Վագներ Խումբը» de jure  մասնավոր ռազմական կազմակերպություն է և   պաշտոնապես որևէ կապ չունի Ռուսաստանի կառավարության հետ, սակայն de facto  այն համարվում է ռուսական ռազմական ուժերի մի մասնիկը («գաղտնի բանակի» պես մի բան) և պաշտոնական Մոսկվայի կողմից օգտագործվում է այն  կոնֆլիկտներում,որտեղ Մոսկվան պաշտոնական ռուսական զորքեր չի  կարողանում կամ ցանկանում օգտագործել (միջազգային իրավունքը չշրջանցելու կամ ռուսական բանակի  պաշտոնական զոհված  զինվորների  թիվը ցածր պահելու նպատակով): «Վագներում» ծառայող ռուս զինյալ վարձկանները (contractors) բարձր աշխատավարձ են ստանում՝ ռուսական պաշտոնական զինված ուժերի հետ կապի մասին լռություն պահպանելու պայմանով:

2018 թ. փետրվարին «Վագները» Սիրիայում  հսկայական մարդկային կորուստներ ունեցավ (մինչև մի քանի հարյուր),երբ ԱՄՆ օդուժը ռմբակոծեց «Վագների» զինյալների  դիրքերը,որպեսզի թույլ չտա,որ նավթային ենթակառուցվածքներն անցնեն վերջինիս (ուստի նաև ռուսական) վերահսկողության տակ:

2018 թ. ապրիլին ռուս հետաքննող ժուռնալիստ Մաքսիմ Բորոդինը Յեկատերինբուրգում ընկավ 5-րդ հարկից ու մի քանի օր հետո վնասվածքներից մահացավ:Նա փետրվար-մարտ ամիսներին հետաքննում էր  «Վագների» վերոհիշյալ փետրվարյան կորուստների հանգամանքներն ու հարցազրույցներ վերցնում մահացածների  հարազատներից, որը մամուլում սկսել էր ուշադրություն գրավել:

Ըստ տարբեր աղբյուրների՝ «Վագները» մինչև 6000 զինյալ (mercenaries)  ունի: «Վագներ Խմբի» պաշտոնական  ղեկավար Դմիտրի Ուտկինը՝ պաշտոնաթողվելուց հետո, 2013-ից սկսեց աշխատել ռուս վետերանների կողմից հիմնադրված «Moran Security Group»-ում: Վերջինիս ղեկավարները նույն թվին հիմնադրեցին «Славянский Корпус» մասնավոր ռազմական կազմակերպությունը (որին միացավ նաև Ուտկինը)՝ Սիրիայում նավթային ենթակառույցները պաշտպանելու նպատակով: 2014-ից արդեն «Վագներ Խումբն» է առաջին անգամ հայտնվում՝ Արևելյան Ուկրաինայում:

Դմիտրի Ուտկինն ու իր ղեկավարած «Վագներ Խումբը» 2017 թ. հունիսից  հայտնվեցին ԱՄՆ  պատժամիջոցների ցուցակում:

Ռուսական մասնավոր ռազմական կազմակերպությունների անդամներն արտերկրում պատերազմական գործողությունների մասնակցելու իրավունք  չունեն: Եթե դա անեն,ապա կդառնան վարձկան զինյալներ (անգ.՝ mercenaries), որը հենց Ռուսաստանում  4-15 տարվա ազատազրկման ենթակա հանցանք է:

Հատկանշական է,որ Ռուսաստանը սատարում է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության  մուսուլման  նախագահ Տուադերային (F.A.Touadera), ով, 2013 թ. հեղաշրջման միջոցով,դուրս մղեց երկրի քրիստոնյա նախագահ Բոզիզեին (François Bozizé): 2013 թվից  սկսած՝  երկիրում փաստորեն քաղաքացիական պատերազմ է: Ըստ աղբյուրների՝ «Վագներ Խումբը»  Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մարզում է երկրի զինված ուժերին: 2017 թ. Ռուսաստանը ՄԱԿ-ից թույլտվություն ստացավ այս նպատակի  համար  170 հոգանոց քաղաքացիական  և 5 հոգանոց ռազմական  անձնակազմ ուղարկել ԿԱՀ:

Չնայած ԿԱՀ զենքի վաճառքի էմբարգոյին՝ Ռուսաստանը 2018 թ. սկզբին երկիր առաքեց ռուսական զենքի առաջին խմբաքանակը: Ռուսաստանը սատարում է երկրի մուսուլման նախագահին,որովհետև վերջինս ռուսներին խոստացել է թույլ տալ շահագործել երկրի հարուստ ընդերքը, չնայած երկրի մուսուլման նախագահ Տուադերան այս պահին միայն երկրի  մայրաքաղաք Բանգիի (Bangui) շրջագայքն է  վերահսկում (երկրի բնակչության մոտ 10% -ն է մուսուլման):

Ըստ տեղական «CNC» լրատվական գործակալության՝ ԿԱՀ մայրաքաղաքից 75 կմ հեռու գտնվող Դամարա (Damara) քաղաքում ռուս զինյալները սպանել են տեղացի մի բնակչի,որից հետո զայրացած տեղաբնակները սպանել են մի ռուս զինվորի ու մասսայական ցույցեր արել՝ պահանջելով ռուսների հեռանալը:

Նաև Նյու Յորքում հաստատված «Ժուռնալիստների պաշտպանության կոմիտեն» (The Committee to Protect Journalists) դիմել  է ՄԱԿ-ին, Ռուսաստանին և ԿԱՀ-ին՝ 3 ռուս ժուռնալիստների սպանությունը լրջորեն հետաքննելու և մեղավորներին պատժելու պահանջով:

Ովքե՞ր իրականում սպանեցին  3 ռուս ժուռնալիստներին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում: Արդյո՞ք սա երբևիցե կբացահայտվի:

ՀԳ. Սույն հոդվածի համար հիմք եմ ընդունել իսպանական հեղինակավոր «El pais» թերթում 2018 թ.օգոստոսի 2-ին հրատարակված «Las sombras alrededor del asesinato de tres periodistas rusos en África» հոդվածը (թարգ.՝ Աֆրիկայում 3 ռուս ժուռնալիստների սպանության շուրջ ստվերները):

Վարազ Սյունի

20.08.2018, Նիդեռլանդներ


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ