HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բագրատաշենի անցակետում քաղաքացիների ու ԱԱԾ սահմանապահների միջև վիճաբանության գործով նախաքննությունն ավարտվել է

Բագրատաշենի սահմանային անցակետում սահմանապահների և քաղաքացիներ Կարեն Շիրվանյանի և Արթուր Կիրակոսյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան` ասաց Շիրվանյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը: Գործը շուտով դատարան կուղարկվի:

Հարությունյանը նշեց, որ իր պաշտպանյալը շուրջ 7 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո նախաքննության ընթացքում 12 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել: Նշենք, որ ավելի վաղ կալանքից ազատվել էր նաև գործով մյուս մեղադրյալ Արթուր Կիրակոսյանը. դատախազությունը վերացրել էր նրա խափանման միջոց կալանքը:

Հարությունյանի խոսքով՝ Արթուր Կիրակոսյանի ու Կարեն Շիրվանյանի մեղադրանքը վերաորակվել է: Մասնավորապես, եթե նախկինում Կիրակոսյանն ու Շիրվանյանը մեղադրվում էին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ (քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով), ապա այժմ մեղադրանքը խուլիգանության՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով է:

Նշենք, որ սահմանապահները, որոնց հետ Կարեն Շիրվանյանն ու Արթուր Կիրակոսյանը վիճաբանել են, գործով մեղադրյալի կարգավիճակ չունեն:

Հիշեցենք, որ 2017 թվականի նոյեմբերի 19-ին Բագրատաշենի սահմանային անցակետում միջադեպ էր տեղի ունեցել վերը նշված անձանց ու սահմանապահների միջև: Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ստուգման նպատակով կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը վիճաբանել է սահմանապահ զորքերի ծառայողների հետ. խոսքը Արթուր Կիրակոսյանի մասին է: Տարածված հաղորդագրության համաձայն՝ վիճաբանությանը միացել է մեկ այլ քաղաքացի և իր մոտ գտնվող դանակով հարվածել ծառայողական պարտականությունները կատարող սահմանապահ զորքերի ծառայողին (խոսքը Կարեն Շիրվանյանի մասին է):

Մինչդեռ դեպքի ականատեսները, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի՝ Կարեն Շիրվանյանի փաստաբան Գուրգեն Հարությունյանը, ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել են, որ բռնության են ենթարկվել ոչ թե սահմանապահները, այլ իրենք՝ քաղաքացիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter