Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Մենաշնորհի պայքար. գազի սպասարկման աշխատակիցներն անջատել են բնակչի գազը այլ սպասարկողի ընտրելու համար



Ներտնային գազասպասարկում իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի աշխատակիցներն օրերս անջատել են Սևանի բնակիչ, 69 ամյա Անահիտ Սարգսյանի տան գազամատակարարումը:  Բնակչուհին, սակայն, ոչ գազի, ոչ էլ սպասարկման համար գանձվող պարտք չի ունեցել: Ավելին՝ 1250 դրամ կանխավճար է ունեցել: Ընդամենը որոշել է խզել պայմանագիրը «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ և նոր պայմանագիր կնքել «Էկոնոմգազ սերվիս» ՍՊԸ-ի հետ, որը նույնպես գազասպասարկման ծառայություններ է իրականացնում:

«Էկոնոմգազ սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրվել է երկու ամիս առաջ: Ընկերության սեփականատեր և տնօրեն Դանիել Զաքարյանը նախկինում նույնպես այս ոլորտում գործունեություն է ծավալել իր «Աշլիդ» ՍՊԸ-ով, սակայն «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության կողմից հիմնադրված «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի գրանցմամբ, գործարարին տարբեր ճնշումներով դուրս էին մղել շուկայից, որպեսզի մենաշնորհային դիրքում հայտնվեին: Այս պատմությանն արդեն անդրադարձել ենք:

Հիշեցնենք՝ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն փաստացի հիմնադրել է արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը, և մինչ 2009 թվականը եղել է բաժնետերերից մեկը: Այժմ այստեղ ամենամեծ բաժնետերը ԿԱ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանը, ով կնոջ հետ ընկերության 44 % բաժնեմասին է տիրապետում: Արսեն Հարությունյանը, հիշեցնենք, ՀՀԿ անդամ է, 2010-ից «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ 2013-ից գլխավոր տնօրենի: Իսկ 2016-ին նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում, ազատվեց՝ հեղափոխությունից հետո:

Հունիսից «Էկոնոմգազ սերվիս» ՍՊԸ-ն սկսել է իր գործունեությունը և Գեղարքունիքի մարզից ընդարձակվում է դեպի այլ մարզեր: Տուն առ տուն բացատրական աշխատանքներ են տանում: Բացի գազասպասարկման ծառայություններից մատուցում են նաև ներտնային ջրատար խողովակների, էլեկտրական լարերի և սարքավորումների վերանորոգման և սպասարկման աշխատանքներ:

Ողջ պատմությունը սկսվել է օգոստոսի 2-ին, երբ «Էկոնոմգազ սերվիս» ՍՊԸ-ի աշխատակիցն այցելել է Անահիտ Սարգսյանի բնակարան և առաջարկել իրենց՝ «երեքը մեկում» ծառայությունների փաթեթը: Այն հրապուրիչ է թվացել տիկին Անահիտին: Ընտանիքը որոշել է իր պայմանագիր կնքել «Էկոնոմգազ սերվիս» ՍՊԸ-ի հետ:

Օգոստոսի 8-ին ծառայության կարիք է ունեցել և դիմել է «Էկոնոմգազ սերվիս» ՍՊԸ-ի աշխատակիցներին, որոնք էլ անմիջապես արձագանքել և վերացրել են խնդիրը: Օգոստոսի 9-ին առավոտյան «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն այցելել է Անահիտ Սարգսյանին, այդ ժամանակ էլ տիկին Անահիտը զգուշացրել է, որ հրաժարվում է «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի ծառայություններից, քանի որ երեք ծառայություն իրականացնող այլ ընկերության հետ է պայմանագիր կնքել:  Ըստ Անահիտ Սարգսյանի և «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի պայմանագրի՝ խզման դեպքում որևէ տույժ նախատեսված չէ:

«Եվ այդ օրվա ընթացքում մեր տուն 6-7 անգամ տարբեր պաշտոնական աստիճանների տարբեր խմբեր այցելեցին ՝ 2-3 հոգուց կազմված: Այդ խմբերից մեկն ինձ մի ծանուցագիր ներկայացրեց, որտեղ գրված էր, որ իրենք պետք է մեր բնակարանը գազազրկեն: Սակայն պայմանագրի 4-րդ կետն ասում է, որ «բաժանորդը պարտավոր է իրենց կամ այլ կազմակերպության միջոցով թույլ տալ իրականացնել սպասարկման ծառայություն»: Ես ծանուցագիրը չվերցրի, քանի որ որևէ կետ չէի խախտել»,- պատմում է Անահիտ Սարգսյանը:

Օգոստոսի 11-ին, սակայն, փոստային առաքմամբ ստացել է նույն ծանուցագիրը:

Օգոստոսի 15-ին տիկին Անահիտը պաշտոնապես գրություն է ուղարկել «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին՝ հայտնելով պատճառները և ներկայացրել իրողություն: Միաժամանակ տեղեկացրել է, որ իրենք հրաժարվում են «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի ծառայություններից և պայմանագիր են կնքել «Էկոնոմգազ սերվիս» ՍՊԸ-ի հետ՝ ավելի հարմար ծառայություններ ունենալու պատճառով: Տիկին Անահիտը բարեկրթորեն ներողություն է խնդրել ավելի շուտ պատշաճ չտեղեկացնելու համար և խնդրել այդ գրությունը պատշաճ ծանուցում համարել:  

Օգոստոսի 16-ին արդեն 6-7 հոգանոց խումբ է այցելում տիկին Անահիտին, որոնց մի մասը տիկին Անահիտի, մյուս մասը՝ ամուսնու աշակերտներն են եղել ժամանակին: Աշխատակիցները հորդորել են խզել պայմանագիրը «Էկոնոմգազ սերվիս» ՍՊԸ-ի հետ և կրկին իրենց հետ աշխատել, այլապես սպառնացել են գազն անջատել: Տիկին Անահիտն ասել է, որ չի հրաժարվելու պայմանագրից և գազի արկղի մոտ փորձել է թույլ չտալ և դիմադրել աշխատակիցներին:

«Մի քանի անգամ ձեռքս դրել եմ պլոմբի վրա, որ թույլ չտամ: Անվտանգության պետը ձեռքը թափով գցեց լարը հանեց, փականը պտտեց, փակեց գազը: Մյուսը մոտենում էր, որ նոր պլոմբ դներ: Ես ձեռքս պահել եմ, որ թույլ չտամ ու էդ դիրքից թևերս ցավեցին, թուլացան, գլուխս  պտտվեց, վատացա: Ինձ իջեցրին աստիճանավանդակին, իրենք իրենց պլոմբը դրեցին ու արագ փախան: Նրանցից 1-2-ը մնում են, որ իրեն օգնեն, բայց արդեն իրենց գործն արել էին: Հետո շտապօգնություն եկավ»,- պատմում է Անահիտ Սարգսյանը:

Տիկին Անահիտն ապրում է ամուսնու հետ, և երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն:

Կատարվածի մասին տիկին Անահիտը քիչ անց տեղեկացրել է «Էկոնոմգազ սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Դանիել Զաքարյանին, ով խոստացել և առավոտյան 9-ին եկել ու իր ձեռքով հանել է կապարակնքումը, միացրել տիկին Անահիտի տան գազամատակարարումը: 

Օգոստոսի 21-ին «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի աշխատակիցները կրկին եկել են՝ արձանագրություն ներկայացրել, որտեղ գրված է, որ Անահիտ Սարգսյանն ապօրինի կերպով հանել է կապարակնքումը: Արժանանալով տիկին Անահիտի ամուսնու ամոթանքին՝ տեսուչները հեռացել են, սակայն երկրորդ օրը նոր արձանագրությամբ են եկել, որ իբր կապարակնքումն ինքնակամ է պոկվել, և այդ արձանագրությունը տիկին Անահիտը կրկին չի ստորագրել: Այս անգամ էլ են աշխատակիցները համոզում տիկին Անահիտին խզել պայմանագիրը «Էկոնոմգազ սերվիս» ՍՊԸ-ի հետ և կրկին դառնալ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի բաժանորդը: Տեսնելով տիկին Անահիտի դիմադրությունը՝ ավելի ուշ առաջարկում են լինել երկուսի բաժանորդը միաժամանակ:

Օգոստոսի 17-ից նրանք գազ են սպառում՝ առանց կապարակնքման: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից փորձել են աջակցություն ստանալ, սակայն թեժ գծի մասնագետներից մեկն ասել է, որ ներտնային գազասպասարկման գործունեություն իրականացնելու համար ընկերությունը պետք է «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանագիր ունենա, քանի որ կառավարության որոշմամբ սպասարկումը ևս դրվել է «Գազպրոմ Արմենիա»-ի վրա: Բնակչին խորհուրդ են տվել դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:

Իսկ մինչ այդ «Էկոնոմգազ սերվիս» ՍՊԸ-ի սեփականատեր Դանիել Զաքարյանը «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի մենաշնորհային կարգավիճակի վերաբերյալ նամակներ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին,  Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:

Դանիել Զաքարյանը հայտնել է, որ «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ն խոչընդոտում է իրենց աշխատանքներին և իր հետ պայմանագիր կնքել չցանկացող սպառողներին սպառնում է դադարեցնել գազամատակարարումը՝ փաստացի շորթելով գազի սպասարկման վճարներ։ Դա այն դեպքում, երբ «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ն չունի գազի ներտնային սպասարկման համար օրենքով նախատեսված մենաշնորհ և որևէ լիցենզիա։

Նամակում նշվում է, որ համաձայն «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ կայքի՝ իր և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի (ներկայիս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) միջև 02.07.2007 թ-ին կնքվել է «Հանձնարարության պայմանագիր»: Սակայն որևէ տեղ այդ հանձնարարության պայմանագիրը հրապարակված չէ, ինչպես նաև հրապարակված չեն «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի ընտրության վերաբերյալ ընթացակարգի փաստաթղթերը, համապատասխան որոշումը և սպասարկող անձի ընտրության չափորոշիչները: Գազասպասարկման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող առևտրային կազմակերպությունն («Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ) ընտրվել է առանց որևէ հրապարակային մրցույթի, առանց այլ կազմակերպություններին առաջարկներ ներկայացնելու հնարավորության։ Եթե նույնիսկ այս ոլորտը ենթակա է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ինչն իհարկե այդպես չէ), «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի ընտրությունը կատարվել է օրենսդրության խախտմամբ, հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման սկզբունքները և սպառողների շահերը բացարձակ ոտնահարելով:

Այսօր Տնտեսական ՏՄՊՊՀ-ից Դանիել Զաքարյանը նամակ է ստացել, որտեղ հայտնել են, որ նամակի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, և այն դռնբաց նիստում քննվելու է սեպտեմբերի 12-ին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ