HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Էջմիածնեցի նորօրյա «գաղութարարն» ու նրա զոհերը

Գոհար Խաչատրյանի` Լիպովցի հասնելուց 2 ամիս անց Գյումրիից նույն ուղղությամբ մեկնում է նրա ամուսնացած դուստրը` Կարինե Խաչատրյանն ամուսնու հետ: Ու կրկին սեփական բնակարանի, մշտական աշխատանքի, լավագույն պայմանների հույսով: Իսկ խոստումներ հնչեցրել էր նույն գործարարը` ծնունդով էջմիածնեցի, 25 տարի առաջ Լիպովցիում հաստատված Արագած Հարությունյանը:

23-ամյա Կարինեի ամուսինը` Կարապետը մասնագիտությամբ զոդող է: Նրա աշխատանքը շատերն են հավանում: Կարապետը թեեւ մշտական աշխատանք չունի Գյումրիում, սակայն պարբերաբար պատվերներ ստանում է, սեզոնին էլ անպայման մեկնում արտագնա աշխատանքի: Կարինեին հանդիպում եմ սկսերոջ տանը: Թղթից, պլաստմասե շշերից ու աղբանոցից հավաքած ինչ-որ իրերից կազմված վառելիքից ինքնաշեն վառարանը ոչ թե վառում, այլ շնչահեղձ է լինում` այդպես էլ չտաքացնելով սենյակը: Կարինեի 3 եւ 4 տարեկան տղաները փորձում են խաղալ Ամանորից մնացած փուչիկներով` ամեն անգամ աղմուկ-աղաղակով դրանք հեռացնելով ոչ այնքան տաք վառարանից:

«Էդ գործի երեսից ես իմ ունեցածս սաղ ծախեցի: Տնակ ունեի, լավ խոլ ունեի, վերջը ընտանիք էինք, լավից վատից ամեն ինչ ունեինք, սաղ ծախեցինք, օր էրթայինք Լիպովցի: Հետո էլ ետ եկանք, ըսպես մնացինք դուրսը»,-պատմում է Կարինեն:

2010թ.-ի դեկտեմբերին Կարինեի ամուսնուն աշխատանքի առաջարկով զանգահարել է անձամբ Արագածը: Առաջարկել է զոդողի աշխատանք` ամիսը 40-ից 45 հազար ռուբլի աշխատավարձով, իսկ Կարինեին խոստացել է տեղավորել խմորեղենի պատրաստման արտադրամասում:

«Սկզբում ուզում էինք երեխաներին էլ տանել, բայց սկեսուրս չթողեց, ըսավ` դուք հլը գնացեք, եթե լավ էղնի, տեղավորվիք, ես էրեխեքին կառնիմ, գուկամ: Ես նախօրոք դակումենտներն էլ սարքեցի թողեցի, օր սկեսուրս գալու էղներ, պրոբլեմ չունենար հանկարծ»,-պատմում է Կարինեն:

Տնակի եւ իրերի վաճառքից գոյացած գումարը վերածել են ռուսական ռուբլու: Կարինեն ասում է, որ մոտավորապես 20 հազար ռուբլի է եղել իրենց մոտ, երբ հասել են Լիպովցի: Ճիշտ է, Արագածը տան ու գրանցման խոստումներ է հնչեցրած եղել, այնուամենայնիվ, մտածել են, որ սկզբնական շրջանում իրենց հավելյալ գումար պետք կլինի:

«Մենակ 120 հազար դրամ վեշի փող եմ տվել աէրոպորտը, որովհետեւ անկողին, նկատի ունիմ դոշակ, յորղան բարձ, իմ ու ամուսնուս սեզոնային բոլոր հագուստները վերցրել էի,-ասում է Կարինեն,-կմտածեինք գոնե ըդոնց ընդեղ փող չտանք, հլը խաբար չէինք, օր տուն էլ չկար, քուչեքը բդի մնայինք»:

2011թ.-ի փետրվարի 3-ին Կարինեն ու Կարապետն արդեն Լիպովցիում էին: Նրանց հետ մեկնել էր նաեւ գյումրեցի Գեւորգը, ով մասնագիտությամբ հացթուխ էր եւ երկար տարիներ աշխատել էր Ախուրյանի հացի փռերից մեկում: Նախքան գնալը Կարապետը հեռախոսազրույց է ունեցել Արագածի Էջմիածնում ապրող քրոջ ամուսնու հետ, ով զբաղվել է հետագայում գնացողների համար տոմս գնելով: Վերջինս, ինչպես հետո արդեն Լիպովցիում պարզել են Կարապետն ու Կարինեն, նույնպես տուժել է Արագածի հետ ունեցած համագործակցությունից, սակայն այդ մասին ոչ մի բան չի ասել մեկնողներին:

Տեղ հասնելուց հետո պարզել են, որ իրենց համար ոչ միայն գնած, այլեւ վարձակալած բնակարան չկա եւ առաջին մի քանի ամիսները բնակվել են ավելի վաղ մեկնած Կարինեի մոր` Գոհար Խաչատրյանի, եղբայրների եւ մորաքրոջ ընտանիքի հետ 3 սենյականոց տանը:

«Հետո արդեն տեսանք, օր հնարավոր չէ իրար վրա լցված ապրելը, գնացինք Արագածի մոտ, ամուսինս հետը կռվավ, որովհետեւ մենակ տան հարցում չէ, օր խաբել էր: Կարոյին խոստացել էր սվառչիկի գործ, դրա փոխարեն տեղավորեց ֆուռը, որպես «սալդատ» հացի «ուպակովչիկ», ընձի ըսել էր խմորեղենի ցեխում պիտի աշխատիմ, էլի տարավ հացի փուռ: Իսկ ամսվա վերջին դարձավ ամուսնուս, թե 5000 ռուբլի տամ լավ է՞: Ամուսինս էլ թե, ձեռ կառնիս, ես ուր էլ էրթայի սվառչիկ աշխատեի, ես իմ 40 հազարս կառնեի»,-պատմում է Կարինեն:

Քանի որ սկզբնական շրջանում Արագածը հրաժարվել է վճարել, ամուսինները ծախսել են Հայաստանից տարած գումարը: Կարինեի պատմելով, աշխատել են 20-ից 22 ժամ, քնելուն հատկացնելով միայն 2-ից 4 ժամ: Լիպովցին քաղաքատիպ ավան է, սակայն իրենք երբեք այն շրջագայելու հնարավորություն եւ ժամանակ չեն ունեցել: Կարինեն դժվարացավ նաեւ պատասխանել, թե գոյություն ուներ արդյոք այնտեղ հայ համայնք, մեծ կամ փոքր:

«Մենք էդ երկու ժամը կծախսեինք քնելու վրա: Համ էլ գրանցում չունեինք, որ կրնանայինք արխային դուրս գայինք: Արագածին ըսինք` դե գրանցե, քանի որ խոստացել ես, ջղայնացավ, թե ում տան վրա գրանցեմ, հո իմ տան վրա չպիտի գրանցեմ, գնացեք էդպես ապրեք, ձեզի բան ըսող չի էղնի»,- հիշում է Կարինեն:

Մանկամարդ կնոջ պատմելով՝ իրենք աշխատել են գրեթե ստրկական պայմաններում: Արագածը օրական պահանջել է 15-ից 17 «դեժ» հաց հանել` աշխատեցնելով ընդամենը 3-4 հոգու: «Դեժ» կոչվում է խմորի հունցի համար նախատեսված ամանը, որտեղ լցվում է 3 պարկ ալյուր: Կարինեի ու Գոհարի պատմելով` իրենք օրական 500 հատ լավաշ են թխել:

«Էդքան հոգով պիտի օրենքով 3-ից 5 «դեժ» հաց հանեինք, բայց իրա ինչ գործն էր, կըսեր ու կերթար, դե արի ըդքան խմորն էրա, գնդերը բաց, կրակի դեմը կանգնի էփե: Ամեն ինչ ձեռքով էր, ավտոմատացված ոչ մի աշխատանք չկար: Իրիկունը կհանձնարարեին, դուռը կփակեին վրեքս կերթային: Առավոտն իրա ըսած քանակի հացը պիտի էղներ: Չէնել չկար: Արագածն ահավոր ագրեսիվ մարդ էր, կրնա ջղայնանար ու ձեռք բարձրցներ վրեդ, չնայեր դեմինը կին է կանգնած, թե տղամարդ»,-ասում է Կարինեն:

Ծեծելով սպանել են հացթուխին

Մորաքրոջ ամուսնու մահվան հետ կապված հարցից Կարինեն անակնկալի չի գալիս; Գիտեր, որ մայրը որոշ բաներ արդեն պատմել է: Հիշեց, որ դեպքը եղել է 2011 թ-ի մարտի 19-ին: Դա հաստատեց նաեւ Կարինեի սկեսուրը, ով մարտի 20-ին զանգել է հարսի ծննդյան օրը շնորհավորելու եւ իմացել, որ Արմենը մահացել է:

41-ամյա Արմեն Գրիգորյանը երկար տարիներ հացթուխ է աշխատել Ախուրյանում: Լիպովցիում հայտնվել է նույն գայթակղիչ առաջարկի շնորհիվ, ինչ մյուսները: Ճակատագրական օրն իրեն վատ է զգացել, որոշել է խախտել Արագածի հրահանգն ու առանց զգուշացնելու մի 2 ժամով տուն գնալ: Հետ վերադառնալիս ճանապարհին հանդիպել է մեքենայից իջնող Արագածին:

Վերջինս զայրացել է Արմենի վրա աշխատանքի ժամին դրսում լինելու համար, խփել է եւ հայհոյել: Պատասխան հարված չի եղել, սակայն Արմենը չի դիմացել ու նույնպես հայհոյել է: Զայրացած Արագածը զանգահարել է տղաներին` Ալիկին ու Ղազարին, ովքեր այդ ժամանակ ռեստորանում ինչ-որ կերուխումի են մասնակցելիս եղել:

«Հետո մենք Արագածի մոտ աշխատող ռուս բոմժերից իմացանք, որ Արագածի տղեքը գնացել, Արմենին տնից հանել են, տարել ցեխն ու չորս հոգով ծեծել: Արմենն էդ ժամանակ չի մեռել: Արյունլվա տարել թողել են կատելնին, մոտը մնացել են 2 ռուս բոմժ: Լուսուդեմին օր տեսել են շատ է վատացել, նոր շտապօգնություն են կանչել: Ժամը առավոտվա 7-ն էր, օր շուխուռ ընկավ, թե շտապօգնություն է եկել: Արմենը հիվանդանոցի ճամփին է մեռել, ավտոյի մեջ: Արագածի տղա Ղազարը մեր ներկայությամբ է զանգել հարցրել, մենք ըդպես ենք իմացել: Ու հենց էս լուրը հաստատվավ, Ղազարը գնաց հանձնվավ միլիցիային, չնայած 4 հոգով էին ծեծել, մեղքն առավ վրեն, բայց չնստավ: Մի 10 օր հետո Արագածը տղուն արդեն հանել էր ու էդ դեպքից հետո մեզի ընդհանրապես սկսեցին վախեցնել»,-Կարինեի ձայնը հանդարտ էր, դեմքը ոչ մի զգացմունք չէր արտահայտում, անցած ամիսներին ապրած վախն ու տանջանքը կարծես բթացրել էին բոլոր զգացմունքները: 

«Անկոպեկ հասել  են Հայաստան»

Կարինեի պատմելով, Արագածի ագրեսիվ վարքագիծը, աշխատացնել չվճարելու սկզբունքը շատերին է ստիպել հեռանալ նրա մոտից, թեպետ կան մարդիկ, ովքեր ժամանակին գրանցման հարցը լուծելու նպատակով անձնագրերը հանձնել են Արագածին ու դարձել նրա գերին:

Կարինեի ու Կարապետի հետ Լիպովցի հասած գյումրեցի Գեւորգն եւս կրկնել է այդ սխալն ու հիմա ոչ կարողանում է վերադառնալ, ոչ գումար ուղարկել տուն:

Գոհարի եւ Կարինեի պատմություններից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում Արագածը իր ծանոթների կամ բարեկամներին խնդրում է հավաքագրել սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց: Սկզբում տպավորություն է ստեղծում, որ նորմալ վճարում է, ինչպես արել է Միսակի դեպքում: Հետագայում Միսակի ու նրա նմանների միջոցով Լիպովցի է հրավիրում վերջիններս ազգականներին ու ծանոթներին:

Որպեսզի կախման մեջ պահի, Արագածը սովորաբար աշխատանքային գրաֆիկն այնպես է կազմում, որ մարդիկ գրեթե ազատ ժամանակ չունենան: Ձգտում է որքան հնարավոր է առձեռն չվճարել աշխատավարձերը եւ մարդիկ սովահար չլինելու համար, ստիպված ապառիկ գնումներ են կատարում սեփականատիրոջ խանութից: Առաջացած պարտքն ամսվա վերջում Արագածը վերահաշվարկ է անում աշխատավարձի տեղ եւ ստացվում է, որ դեռ մի բան էլ աշխատողն է պարտք մնացել նրան:

Զոդման աշխատանքներ, ինչպես սկզբում էր խոստացել Արագածը, Կարապետն ի վերջո կատարել է` 2,5 ամիս աշխատելուց հետո` ստանալով ընդամենը 15 հազար ռուբլի:

«Օդի մեջ լիֆտավոյ վառոտներ է հավաքել ամուսինս, ով գուկար կտեսներ, կզարմանար, թե էսքան գործն էրելս է ու ըդքան փող ես ստացե՞լ: Օր Արագածի հետ կռվանք, ինքն էլ դառավ թե. «շատ էլ շատ բան էի խոստացել, հմի էս է, գուզես էս է, չես ուզե էս է»: Արմենի մեռնելուց հետո ռուսներից ոչ մեկը գործի չեկավ, վախեցած էին, մնացին մենակ հայությունն էդ ցեխի մեջ: Մենք էլ ստիպված էինք, նոր էինք եկել, գնալու տեղ չկար,-պատմում է Կարինեն,- 4-ամսվա մեջ փակվել ենք տոմսի փողը Արագածի տված աշխատավարձով, իսկ ապրելու համար ծախսել ենք մեր հետ տարած գումարը: 8 ամիս մնացինք, բայց վայ էն մնալուն: Արդեն ամեն օր կռիվ էր, ամեն օր վեճ կար: Օգոստոս ամիսն էր, մե օրմ ազատ վերցրեցինք, չըսեցինք էլ թե ուր կերթանք, խաբեցինք, թե Կարոյի ազգականներից են եկել, բդի իրանց տեսնինք: Վախենալով գնացել էդ վագզալը գտել ենք, պոեզի տոմսի գինն ենք իմացել, բայց հետո իմացանք օր մեզի հետեւել էին»:

Օգոստոսի 13-ին Կարինեն ամուսնու, մոր եւ փոքր եղբոր հետ հասել է Գյումրի: Մոսկվայում գնացքից իջնելիս հայտնվել են էմիգրացիոն ծառայության աշխատակիցների տեսադաշտում:

«Ամեն մեկիս համար 4 հազար ռուբլի փող կուզեին: Ամուսինս խոսաց, բացատրեց որ փող չունինք, վերջը 4 հոգուս համար 5 հազար ռուբլի փող ենք տվել, օր թողել են,-հիշում է Կարինեն,- Մոսկվա աէրոպորտն երկու անգամ են բռնել: Ամեն մեկիս համար 1,500 ռուբլի էլի փող վերցրեցին: Համարյա 15-16 հազար ռուբլի փող ենք տվել չբռնվելու համար, չհաշված մեր տոմսերի փողն ու անկոպեկ հասել Հայաստան: Եկել ենք, հետո ամուսինս 3 ամսով Յակուտիա է գնացել, նոր ինչ-օր տեղ մի քիչ կարգավորվել ենք»:

Ինչ վերաբերում է էջմիածնեցի մերօրյա «գաղութարարին», ապա Լիպովցիում կարերիան սկսել է հացի փռերում բանվորությունից: 25 տարի առաջ Արագածը Էջմիածնից գնացել է կնոջ ու աղջկա հետ, տղաները ծնվել են այնտեղ:

Թե ինչպես է 25 տարում նման կարողության տեր դարձել, որեւէ մեկը հստակ որեւէ բան չի կարողանում ասել: Այն, ինչ փոխանցեց Կարինեն, լսել է Արագածի մոտ երկար տարիներ աշխատած տեղաբնակներից: «Իրա մոտ երկար տարիներ աշխատած տյոտյա Մարինա կար, ինքը կըսեր, օր Արագածը եկած ժամանակ բոմժի նման է ապրել,-ասում է Կարինեն,-հետո կըսեն ինչ-որ չինացիների հետ է գործարքի մեջ մտել ու դրանից հետո է կարողության տեր դարձել»:

Մեկնաբանություններ (3)

HOS
Վիժվացք.........
Mard
Դրան մարդ ասելն ափսոս է:Երանի Սուդանում ապրոշ հայերի նմամ այդտեղի հայերն էլ հավաքվեին և դրան դատեին Մ. Գոշի դատաստանագրքով:
Arsen
Մի բան կարող եմ ասել, թող Աստված դրա երեխաների հետ վերաբերվի այնպեսա ինչպես ինքը ուրիշների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter