Կիրակի, 23 սեպտեմբերի

Նկարիչների միության նախագահի նկատմամբ քրեական գործ է հարուցվել



Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի համար հիմք է հանդիսացել նկարիչ Խաչիկ Հարությունյանի դիմումը։

Նկարիչը նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ տեղեկացնելով, որ Կարեն Աղամյանը, առանց համագումարի հաստատման, միությանը պատկանող, Աբովյան 16 հասցեում գտնվող 1165 քմ մակերեսով ցուցասրահների մասնաշենքը նվիրատվության պայմանագրով հանձնել է Էդուարդ Թախունցին։

Հարությունյանի ձեռքի տակ է նաև նվիրատվության նոտարական վավերացման պատճենը, որը նրա փոխանցմամբ՝ կնքվել է Չարենցավան քաղաքում։

Խաչիկ Հարությունյանը «Հետք»-ին պատմեց, որ նախկինում ևս բարձրաձայնել է այս շենքի նվիրատվության մասին, սակայն այն որևէ արձագանք չի ունեցել, իսկ միության նախագահ Կարեն Աղամյանը որևէ կերպ չի պարզաբանել նվիրատվության գործարքը։ Հարությունյանն ասում է՝ մինչ ոստիկանություն դիմելը հանդիպել է Կարեն Աղամյանին և պահանջել նրա հրաժարականը՝ խոստանալով, հակառակ պարագայում իրավապահներին դիմել․

«Ասեց՝ ինչ ուզում ես, արա»,- նշեց Խաչիկ Հարությունյանը։


Խաչիկ Հարությունյանը

Նկարիչը մոտ երկու ամիս առաջ դիմել է ոստիկանություն և վարչապետին՝ կցելով նաև տասնյակ նկարիչների ստորագրություններ, ովքեր միացել են այդ դիմում-բողոքին։ Այդ դիմումը ստանալուց հետո ոստիկանությունը ընթացք է տվել գործին, նյութեր նախապատրաստել, իսկ հուլիսի 9-ին քրեական գործ հարուցելու որոշում է կայացվել։

Կարեն Աղամյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու հատկանիշով։

Խաչիկ Հարությունյանը պնդում է, որ տարածքի նվիրատվությունը եղել է առանց նկարիչների կարծիքը հաշվի առնելու, համագումար հրավիրելու։

«Մեր ամբողջ կռիվը դրանում է, որ նկարիչներից ոչ մեկը, ոչնչից տեղյակ չէր»,- ասում է նա։

Խաչիկ Հարությունյանը գոհ չէ Նկարիչների միության նախագահի աշխատանքից, ասում է՝ 20 տարվա պաշտոնավարման ընթացքում որևէ օգուտ չի տվել ո՛չ նկարիչներին, ո՛չ միությանը։

«Ապակայունացրել է ամեն ինչ, ի օգուտ իրեն է ամեն ինչ անում։ Նկարչին, արվեստագետին հարիր չի նման տիպի պահվածքը»,- նշեց Հարությունյանը։

Կարեն Աղամյանը պարզաբանում է նվիրատվության գործարքի մանրամասները

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն դեռևս չեն կանչել ոստիկանություն` հարցաքննության, և հարուցված քրեական գործի մասին էլ պատահաբար տեղեկացել է «Ֆեյսբուք»-ում հրապարակված որոշման լուսանկարից։

Կարեն Աղամյանի փոխանցմամբ՝ ինքը որևէ մեկին չի նվիրել միությանը պատկանող տարածքը, այլ «Ռենգեմա» ընկերությանը նվիրատվության կարգով փոխանցվել են Նկարիչների միության ցուցասրահային շենքի այն վերնահարկերը, որոնք ընկերությունն է կառուցել, իսկ Էդուարդ Թախունցը եղել է այդ ընկերության ներդրողներից մեկը։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Ռենգեմա»-ն հիմնադրվել է 2002 թվականի սեպտեմբերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի կողմից։ Նշենք, որ Տոնոյանը 2014 թվականի հունիսին հանկարծամահ է եղել։ Նրա մահից հետո՝ 2015 թվականից, ընկերությունում սնանկության գործընթաց է սկսվել։

«Մենք ընկերության հետ օդը փոխանակել ենք գործի դիմաց»,- ասում է միության նախագահ Կարեն Աղամյանը։


Կարեն Աղամյանը

Միության նախագահը պատմում է, որ 2005 թվականին «Ռենգեմա» ընկերությունից միության ցուցասրահային հատվածի վերնամասում հավելյալ 2,5 հարկ կառուցելու առաջարկ են ստացել, որի դիմաց ընկերությունը խոստացել է վերանորոգել  երկու ցուցասրահ և միության ադմինիստրատիվ շենքը։

Կարեն Աղամյանի հաղորդմամբ՝ ցուցասրահային այդ շենքը վթարային և անմխիթար վիճակում է եղել, իսկ ցուցասրահները՝ Խորհրդային միության տարիներին կառուցված գոմի նման։

«Ես իհարկե այս առաջարկը դրեցի վարչության քննարկմանը, և բուռն քննարկումեր եղան, վախեր կար, բայց համենայն դեպս համաձայնություն եղավ»,- ասում է միության նախագահը։

Սակայն Աղամյանի փոխանցմամբ՝ պարզվել է, որ այդ շենքը վթարային վիճակում է, և արգելվում է դրա վրա հավելյալ հարկեր կառուցել։

Այս առաջարկից ամիսներ անց «Ռենգեմա»-ն Նկարիչների միությանը այլ նախագիծ է ներկայացրել։ Առաջարկել է ամբողջապես քանդել ցուցասրահային շենքը, միության ցանկությամբ կառուցել նույն մակերեսով նոր շենք՝ երկու ցուցասրահներով և վերանորոգել ադմինիստրատիվ շենքն ամբողջապես։ Միությունն ընկերությանը թույլատրելու էր ցուցասրահային շենքի վերևի հատվածում հավելյալ 2,5 հարկ կառուցել՝ հետագայում այն փոխանցելով ընկերությանը։

«Ես պայման դրեցի, որ այդ կառույցը չպետք է երևա Աբովյան փողոցից, որպեսզի չխաթարի մեր շենքի տեսքը»,- ասում է Կարեն Աղամյանը։

Աղամյանն ասում է, որ առաջարկը կրկին քննարկել է վարչության հետ և հաստատել նախագիծը։ Ընկերության հետ 2005 թվականի սեպտեմբերին պայմանագիր է կնքվել։

Այդ պայմանագրով ընկերությունը դեմոնտաժել է միության ցուցասրահային շենքը, միության պահանջած ձևով կառուցել նոր շենք, վերանորոգել ադմինիստրատիվ շենքը։

«Արդյունքում եղավ մի հոյակապ բան։ Ես շատ էի վախենում, որ հանկարծ.... Այն պահից, երբ նրանք քանդեցին այդ շենքը, անկեղծ ասած՝ ես գիշերները չեմ քնել, որովհետև մեծ ռիսկ էր․ միության հիմնական ունեցվածքի դահլիճները քանդել էին, կատլավանը փորել, ու հանկարծ իրենք չանեին»,- ասում է Կարեն Աղամյանը։


Վերանորոգվել է այս ցուցասրահը

2008 թվականին ցուցասրահային մասնաշենքը արդեն կառուցվել է հավելյալ երկուսուկես նոր հարկով, որտեղ այժմ գրասենյակային տարածքներ և բնակարաններ են։ Հավելյալ հարկերի կառուցումից, ադմինիստրատիվ շենքի վերանորոգումից հետո, միությունը հավելյալ 2,5 հարկը նվիրատվության կարգով փոխանցել է ընկերությանը։

«Մեր օգուտը եղավ հետևյալը․ մենք ունեցանք երկու ժամանակակից դահլիճ, ամեն մեկը ժամանակին 325 քմ էր, հիմա միայն առաջին հարկը 560 քմ է, երկրորդ հարկը 240 քմ է։ Այսինքն՝ ունեցանք մոտ 800 քմ։ Մենք ոչ միայն դահլիճների որակներ լավացրեցինք, այլև մակերեսները մեծացրինք»,- ասում է միության նախագահը։

Աղամյանն ասում է, որ իրականությանը չի համապաստախանում այն տեղեկությունը, թե ցուցասրահային շենքի կառուցումը, տարածքի նվիրատվությունը և այլ գործարքներ եղել են առանց Նկարիչների միության համագումարի։

Նշենք, որ այժմ Նկարիչների միությունն իր շենքում տեղակայված մոտ տասը սենյակը` որպես գրասենյակային տարածք, վարձակալությամբ տրամադրել է անհատների, կազմակերպությունների, ամսական ստանում է 1 միլիոն 900 հազար դրամ, և միության նախագահի փոխանցմամբ՝ այդ գումարով հոգում են իրենց կարիքները։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Անահիտ09:31 - 23 օգոստոսի, 2018
Վերջապես երբ պիտի քրեական գործ հարուցվի նաև նույն ինքը` լեգենդար անձեռնմխելի խարդապ Է.Թախունցի հանդեպ, որը բազմաթիվ սեփականատերերի հետ կնքել է նույնատիպ պայմանագրեր, տարհանել, դատական համակարգի հետ համագործակցությամբ խլել բնակարաններ, այդ թվում քանդել Արծրուն Բերբերյանի արվեստանոց-տուն-թանգարանը: Այդ մասին ես ելույթ եմ ունեցել Նկարիչների միության համագումարում, երբ Կ.Աղամյանը երրորդ անգամ էր ընտրվում: Հ1-ի լրագրողները մանրամասն հարցազրույց վերցրին, եկան տեսանյութ պատրաստեցին, հետո հայտնեցին, որ նախկին իշխանությունները (Քոչարյանի օրոք) եթեր թույլ չտվեցին, քանի որ Թախունցը իրենց մարդն է...: Հետքը 3 ընտանիքների դիմումով 2 անգամ անդրադարձել է այդ պատմությանը: Բայց Թախունցը միշտ դուրս էր պրծնում իրավապահների ձեռքից, այն ժամանակ մեզ հայտարարելով, որ."օրենքն իր գրպանում է", իսկ դատախազներին, 2-րդ նախագահի նման հակադարձելով. "թե կարող եք` ապացուցեք" !
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ