HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Մի «դասալքության» պատմություն․ հետախուզում՝ 20 տարվա պանդխտության դիմաց

Հայկ Խաչատրյանը ծնողների հետ Հայաստանից հեռացել է, երբ ընդամենը 11 տարեկան էր` 1998 թվականին։ Հայաստանի մասին աղոտ հուշեր ունի։ Պապական տունն աղոտ է հիշում։ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հենց հաջորդ տարում այդ տունը, որ նրանց միակ ունեցվածքն էր հայրենիքում, վաճառել են։

Հայկը 31 տարեկան է, 20 տարի է` բնակվում է ՌԴ-ում, բայց Հայաստանում համարվում է զինապարտ, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված, նա Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ է գտնվում։  

Ռուսաստանի Դաշնությունում բժշկական կրթություն ստացած եւ Պսկովի մարզի կլինիկաներից մեկի փոխտնօրեն, մասնագիտությամբ վիրաբույժ Հայկ Խաչատրյանը «Հետքին» պատմել է իր ընտանիքի եւ զինապարտության ողջ պատմությունը։

«Հայաստանից ոչինչ չենք վերցրել, միայն հուշեր»

Հայկի ծնողները 90-ական թվականներին փոքր առեւտրով են զբաղվել Իջեւան քաղաքում։ Բնակվել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում։ Չկարողանալով առեւտուրը զարգացնել` կորցրել են բոլոր դրամական միջոցներն ու սոցիալական կարիքից դրդված՝ 1998 թվականի ամռանը մեկնել Ռուսաստանի Կալինինգրադի մարզ, բարեկամների մոտ։

Կարճ ժամանակ անց Կալինինգրադից տեղափոխվել են Վելիկիյ Նովգորոդի մարզ, Վշելի գյուղ, որտեղ էլ Հայկն ավարտել է միջնակարգ դպրոցը։ Այդ ամբողջ ընթացքում նրա ընտանիքը սպասել է ՌԴ քաղաքացիություն ստանալու՝ տեղի իշխանություններին ուղղված դիմումի պատասխանին։ Հայկ Խաչատրյանը դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Վելիկիյ Նովգորոդի Յարոսլավ Մուդրիի անվան բժշկական համալսարան։

2002 թվականին Խաչատրյանը 16 տարեկանը լրանալու կապակցությամբ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր եւ էլի վերադարձել Ռուսաստան, ծնողների մոտ։ 20 տարվա պանդխտության ողջ խճանկարում սա միակ դրվագն է, որ առնչվում է Հայաստանին։ 2003 թվականին նրան տրվել է ՌԴ-ում ժամանակավոր կացության փաստաղթուղթ, իսկ արդեն 17 տարեկանում` 2004 թվականին, Հայկը ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն եւ անձնագիր։

2005 թվականին, բարեկամներից տեղեկանալով, որ Հայաստանում հետախուզման մեջ է գտնվում, Հայկ Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին դիմում է գրել իրեն ՀՀ քաղաքացիությունից զրկելու համար։

«2004 թվականի օգոստոսին ՌԴ քաղաքացիություն եմ ստացել։ Իմ ծնողները՝ Բաղդասար Խաչատրյանը եւ Սուսաննա Աղբալյանը, քույրս՝ Սիրարփի Խաչատրյանը, նույնպես ՌԴ քաղաքացիություն են ստացել»,-2005 թվականի սեպտեմբերի 27-ին նոտարի հաստատած դիմումում գրել է Հայկը։ Նրա այս դիմումին Հայաստանի իշխանությունները չեն պատասխանել, քաղաքացիությունից չեն զրկել։ Քրեական հետապնդումը շարունակվում է առ այսօր։

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու՝ Ռ․ Քոչարյանին ուղղված դիմումի պատճենը (դիմումը հաստատված է նոտարի կողմից)

Ուշագրավ է, որ Հայկ Խաչատրյանն այս պահին այլեւս Հայաստանի քաղաքացի չէ։ Նրա անձնագիրն ուժը կորցրած է, նրա անունն ընտրողների ռեգիստրում չկա։ Նա որեւէ տեղ գրանցված չէ, բացի Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից որպես պետական աշխատողի ժամանակավորապես հատկացրած բնակարանում։ Խաչատրյանը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից 2013 թվականին ստացել է զինվորական գրքույկ՝ իր կրթության եւ բժշկի մասնագիտությամբ աշխատելու հիմքով։ Հայկն ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Ռոբերտ Քոչարյանին ուղղված դիմումից հետո այլեւս չի փորձել հարաբերություններ պարզել Հայաստանի իշխանությունների հետ։

16 տարեկանում ստացած կացության ժամանակավոր փաստաթղթի պատճենը

«Պատկերացրեք, ես Հայաստանից մշտական բնակության մեկնել եմ ընդամենը 11 տարեկանում։ Դպրոցական եւ բուհական կրթություն ստացել եմ Ռուսաստանում, երկար տարիներ աշխատում եմ իմ մասնագիտությամբ։ Այդ ողջ ընթացքում չեմ թաքնվել, ապրել եմ սովորական մարդու առօրյայով, իմ բոլոր փաստաթղթերն օրինական են։ Հայաստանի իրավապահները կարող են հարցում ուղարկել իրենց ռուս գործընկերներին։

Չի եղել որեւէ զորակոչ, որից խուսափեմ։ Ես ընդհանրապես որեւէ ծանուցագիր չեմ ստացել։ Հենց թեկուզ հյուպատոսության կամ դեսպանատան կողմից։ Չկա այն տունը, որտեղ բնակվել եմ։

Իմ եւ իմ ընտանիքի պատմությունը չի եղել փախուստ ծառայությունից։ Ծնողներս մեզ կերակրելու համար օտար երկրում են հայտնվել։ Վերջին 20 տարում ես նույնիսկ մեկ շաբաթ չեմ բնակվել Հայաստանում։ Միակ խնդիրը Հայաստանի քաղաքացու անձնագիրն է։ Ե՞վ։ Հետո՞։ 

Այս տարիներին, եթե ես քրեական հետապնդման մեջ չգտնվեի եւ կարողանայի այցելել Հայաստան, իմ դուստրն իր աչքերով կտեսներ հոր հայրենիքը։ Ամեն տարի արձակուրդն անցկացնում ենք որեւէ եվրոպական երկրում։ Ես կարող էի այդ գումարները Հայաստանում ծախսել։ Լինել իմ հայրենիքում, ազգությամբ ռուս կնոջս ծանոթացնել իմ արմատներին։

Թող կառավարությունը վերանայի իմ գործը։ Խոստանում եմ իմ փորձով օգտակար լինել ծննդավայր Իջեւանիս կլինիկային»,-պատմեց Հայկ Խաչատրյանը։

Օրենքների փոխարեն՝ քաղաքական հայտարարություններ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է տարբեր պատճառներով օտար երկրներում հայտնված զինապարտների տասնյակ պատմություններ։ Դրանց մի մասի դեպքում՝ մարդիկ Հայաստանից մեկնել են զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, մյուս դեպքերում էլ՝ ուղղակի մեկնել են ընտանիքներով, ելնելով սոցիալական պայմաններից։

Կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Հետքի»  հետ զրույցում ասաց, որ տարիների հեռավորությունից նրանց հայրենիք վերադառնալու հնարավորություն չտալը նման է սեփական քաղաքացիներին պատանդի կարգավիճակում պահելուն։ Այն, որ զինապարտները կարող են յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքով սահմանված կարգով որոշակի գումար վճարել պետբյուջե եւ ազատվել քրեական հետապնդումից, իրավապաշտպանը արդյունավետ միջոց չի համարում։

«Ես կողմ չեմ այդ օրենքին։ Շատ ընտանիքներ գիտեմ, որոնց զավակները դրսում են, բայց միջոցներ չունեն, Հայաստան չեն այցելում։ Ես գիտեմ ընտանիքի, որը չուներ ֆինանսական միջոցներ, բայց այդ բեռից ազատվելու համար միջոցներ հայթայթեց եւ վճարեց։ Հիմա կառավարական մակարդակով հրավիրում են Հայաստան։ Բայց օրենքները խոչընդոտ են։

Այո, ոմանք խուսափել են բանակից, որովհետեւ բանակում գործել է դեդովշչինա, եղել են վատ բարքեր, անտանելի պայմաններ։ Կրթված տղաները չէին կարող էդ պայմաններում ծառայել եւ նախընտրում էին Հայաստանից մեկնել։

Իսկ Հայկի դեպքն այլ է։ 90-ականների վերջին արտագաղթը սրվեց, եւ մարդիկ սկսեցին ընտանիքներով մեկնել։ Ես խորհուրդ կտայի, որ իրենք նամակ գրեին վարչապետին։ Հո գերի չեն մնալու դրսում։ Գոնե այցելեն իրենց երկիր»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը։

ՌԴ զինգրքույկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա հունիսի կառավարության նիստում կոչով դիմել էր արտերկրում գտնվող զորակոչիկներին, որպեսզի նրանք վերադառան Հայաստան եւ մեկնեն ժամկետային ծառայության` խոստանալով դադարեցնել քրեական հետապնդումը։ Այս քաղաքական հայտարարությունից հետո, սակայն, օրենսդրական փոփոխություններ չեն իրականացվել։ Ինչպես նաեւ` պարզ չէ երկրի առաջին դեմքի վերաբերմունքը այն զինապարտների նկատմամբ, ում տարիքը 27-ից բարձր է։

«Հայկ Խաչատրյանի դեպքում, քանի որ նա Հայաստանում չի ապրել, ես նրա կողմնակիցն եմ։ Պետք է պահանջել, որ օրենքները փոխվեն։ Հենց նման պատմությունները լավ նախադեպ են, որպեսզի թեման գա քննարկման եւ փոխվեն խաղի կանոնները»,-ասում է Ժաննա Ալեքսանյանը։

Հայկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց կառավարությանը նամակով դիմելու իր մտադրության մասին։ Հայկական թավշյա հեղափոխությունից հետո նա հույս ունի, որ նոր կառավարությունը կվերանայի իր եւ նման ճակատագիր ունեցած զինապարտների գործերը, ովքեր պարզապես կյանքի բերումով են հայտնվել այլ երկրներում։

Խաչատրյանը պատրաստվում է նամակներով դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի պաշտպանության եւ արդարադատության նախարարություններ, ինչպես նաեւ Գլխավոր դատախազություն։

Մեկնաբանություններ (9)

Արտակ Չալգուշյան
Ինչ թուլամորթություն եթե համեմատես այն երիտասարդների հետ որոնք ոչ միայն մեր բանակն են համալրում այլև պայմանների բերումով մասնակից են լիմում կամ եղել իսկակսն ռազմական գործողությունների։. Այս լույսի ներքո այս երիտասարդը տղամարդ լինելու խնդիր ունի։. Արնվազն պիտի չլացեր իր դրության պատճառով այն էլ այսպես հրապարակայնորեն։ Եթե որևէ մեկը համաձայն չի խնդրեմ բացատրեք թե ինչու։
Սարգիս
Արտակ ջան, էս մարդը, ոնց հասկացա, պարզապես Հայաստանում չի էլ մեծացել։ Հիմա մեր երկրի պահանջը նրանից ո՞րն է։ Լավ, ասենք մինչեւ 37 տարեկան չեկավ Հայաստան։ Ի՞նչ ա շահելու երկիրը։ Թող մարդկանց վրայից հանեն հետախուզումը, մեր ժողովուրդն են, վերադառնան։
Yerevan2800
լրացում նախորդ մեկնաբանողին, կարելի է համաձայնվել այն փաստի հետ, որ փաստորեն այս անձը հակված չէ ծառայելու ՀՀ բանակում, թե չէ ինչ է նշանակում դիմում գրել քաղաքացիությունը դադարեցնելու համար և օգտվել իր նամակին չպատասխանողների անգործությունից, կարող էր անգամ բժշկական կրթությամբ գալ և որպես բժիշկ օգտակար լիներ, համոզված եմ անգամ այդ դեպքում քր. հետապնդումը կդադարեցնեին, իրավիճակի փոփոխությունը դրա հետ կապ չունի,
Արտակ Չալգուշյան
Հարգելի բարեկամներ, շնորհակալություն արձագանքելու համար: Մենք հիմա միասին այս մտա-մարմնային օպերացիան կբերենք իր ավարտին: Տղան տատանվում է երկու բևեռների արանքւոմ՝ ուզում է և չկտրվել հայ լինելուց և շարնակել իր ռուսականացման երթը: Սրանք իրար հակասող երևույթներ լինելով բերում են տատանմանը: Բայց եթե արդեն հրաժարվել ես ծննդավայր հայրենիքի քաղաքացիությունից, ստացել ռուսաստանի քաղաքացիություն հիմա քո ուզածն ինչ է: Եթե այդքան մեծ ցանկություն ունես ապա բարի եղիր հնազանդորեն ենթարկվել Հայաստանի Հանրապետության օրենքներին և կատարել օրենքի պարտադրանքը ինչ էլ որ այն լինի: Կամ էլ շարունակել այն երթը որ արդեն իսկ սկսել էս:
Դավիթ Սուրենյան
Տվյալ անձը դեռևս համարվում է հհ քաղաքացի:Այն հանգամանքը,որ նա անձնագիր չունի դեռևս չի պայմանավորում նրա քաղաքացիության բացակայությունը:Եթե անձը մեծ ցանկություն ունի իրեն տեսնել հայրենիքում,կարծում եմ 1800000 դրամ գումարը մեր երկրի պետբյուջե վճարելը մեծ գումար չէ,ավելին ասեմ փոքր գումար է նրա կատարած հակահայկական քայլի համար:Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր արական սեռի քաղաքացի ՊԱՐՏԱՎՈՐ է ծառայել երկրի զինված ուժերում:Տղան արդարանում է,իբր իրեն ծանուցագիր չեն ուղարկել,համոզված եմ ,որ ոչ միայն ծանուցագիր,այլև զանազան քննչական գործողություններ են կատարվել նրան հայտնաբերելու համար,և չգտնելով տղային քրեական գործը կասեցրել են ու տղայի փոխարեն կշտապեի կապ հաստատել իրավապահ մարմինների հետ և վճարել գումարը,այլապես եթե իրավապահ մարմինը գտնի գործընթացը շատ ավելի բարդ կլինի:
Արեն
Արտակ Չալգուշյան կեցցես եղբայր, միանգամայն ճիշտ ես
Արթուր Սիմոնյան
Դավիթ Սուրենյան, որ էդպես մեծ-մեծ խոսում եք, մտածում եք?: Էս մարդու հակահայկական քայլը որն ա?/: Այսինքն՝ ով մեկնել է Հայաստանից հակահայ է? Ապուշ բաներ եք ասում:
Արտակ Չալգուշյան
Շնորհակալ եմ Արսեն։ Արթուր, Կարծում եմ հակահայկական քայլ որակումը Արթուրը շնորհում է ՀՀ քաղաքացիություից հրաժարվելու դիմում ներկայացնելը։ Ըստ երևույթին սա պետք է որ եղած լինի ընտանիքի ազդեցուցյան ներքո, բայց սա արդեն այլ հարց է։ Հարգելի օպերացիոն թիմ՝ կարծում եմ օպերացիան ավարտված է և այլևս պետք չկա ավելին անելու։ Հիմա հուսով պիտի լինենք որ մեր հիվանդը բարեհաջող, գուցե հաղթական ապաքինում կունենա։ Ամեն ինչ կախված է նրա իմունային համակարգից և իհարկե կամքից։ Նորից շնորհակալությու ձեզ հարգելի թիմ։ Հետքին շնորհակալություն մտամարմինը կառուցելու և մեր տրամադրության տակ դնելու համար։ Իսկ Հայկ Խաչատրյանին շտապ և որ ամենակաևորն է հաղթական ապաքինում։
Գեւորգ Երկանյան
Yerevan2800, երբ մարդը ստանում է ուրիշ երկրի քաղաքացիություն, Հայաստանի քաղաքացիությունից պետք է դուրս գա։ 90-ականներից էս կողմ, ոչ մի նախագահ ոչ մի ՌԴ քաղաքացիություն ստացած անձի՝ Հայաստանի քաղաքացիությունից հանելու հրամանագիր չի ստորագրել։ Էդ նաեւ ընտրությունները կեղծելու համար, թիվ նկարելու համար։ Եթե էս մարդը այլ երկրի քաղաքացիություն ա ստանում, ինչու՞ պիտի մնա Հայաստանի քաղաքացի։ Զուտ որ գնա ծառայի՞՞։ Եթե 10-11 տարեկանից ուրիշ երկրում ա ապրում, կրթություն ստանում, ինչու՞ պիտի Հայաստանում ծառայի։ Թե՞ էն փողով չծառայածներն արդար են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter