Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մի շարք համայնքներում և Կապանում համայնքապետի արտահերթ ընտրություն կլինի



Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է: Հուլիսի 6-ին Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Այդ ընտրության անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանությանը կհատկացվի 3,6 միլիոն դրամ: Նման որոշում կառավարությունը ընդունեց այսօրվա նիստին։

Կառավարության որոշմամբ՝ նույն օրը Արմավիրի մարզի Դալարիկ, Գեղարքունիքի մարզի Երանոս, Սարուխան, Կոտայքի մարզի Արզնի, Գեղաշեն, Մրգաշեն համայնքներում կանցկացվեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:

Ինչպես ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, Դալարիկի համայնքապետ Պարգև Սաղաթելյանը հուլիսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2015 թվականի դեկտեմբերի 6-ին։

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի ղեկավար Ապետնակ Մովսեսյանը 2017 թվականի սեպտեմբերի 25-ին ևս հրաժարական է ներկայացրել։ Նա համայնքապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին։

Սարուխան համայնքում ևս արտահերթ ընտրություն կկազմակերպվի․ համայնքապետ Հովհաննես Չիչոյանը 2017 թվականի օգոստոսի 29-ին մահացել է։

Որոշման նախագծի համաձայն՝ Երանոս և Սարուխան համայնքները նախատեսվում էր ընդգրկել համայնքների խոշորացման ծրագրի հաջորդ փուլում և միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախատեսվում էր անցկացնել այս տարվա առաջին կիսամյակում։ Կառավարության նախորդ աշխատակազմին տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը 2017 թվականի նոյեմբերին առաջարկել էր Երանոս և Սարուխան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ չանցկացնել, իսկ մինչև հաջորդ ընտրություններն ընկած ժամանակահատվածում համայնքների ընդհանուր կառավարումն իրականացնել համայնքների ղեկավարների պաշտոնակատարների միջոցով: Այդ առաջարկությունը կառավարության աշխատակազմի կողմից ընդունվել էր:

Սակայն տարածքային կառավարման և զարգացման նախարարության փոխանցմամբ՝ հաշվի առնելով ներկայիս քաղաքական զարգացումները և այն, որ համայնքների խոշորացման գործընթացը կառավարության կողմից ժամանակավորապես առկախված է՝ Գեղարքունիքի մարզպետը առաջարկել է կրկին շրջանառության մեջ դնել Երանոս և Սարուխան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Արզնիում ևս համայնքապետի արտահերթ ընտրություն կանցկացվի․ համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը հուլիսի 16-ին հրաժարական է ներկայացրել։

Գեղաշենի համայնքի ղեկավար Արսեն Հովհաննիսյանը ևս հուլիսի 9-ին հրաժարական է ներկայացրել, դրանից մեկ շաբաթ անց հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Մրգաշենի համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին համայնքապետի արտահերթ ընտրություններ կանցկացվեն նաև Էջմիածնում, Արմավիրում, Լուսաշողում, Հրազդանում, Կարմրաշենում,Հովտաշենում։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ