Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

ՊՆ-ն առանց աճուրդի՝ ուղղակի վաճառքով օտարել է պետական հողը


2015 թ. պաշտպանության նախարարությունն ուղղակի վաճառքի եղանակով քաղաքացի Սայադ Սահակյանին է օտարել մոտ կես հեկտար հողամաս, որը նախկինում եղել է զորամասի տարածք: Հողային օրենսգիրքը սահմանում է, թե պետական սեփականություն հանդիսացող հողամասը ում կարելի է վաճառել ուղղակի ձեւով, սակայն նշված գործարքը չի համապատասխանում օրենսգրքի որեւէ կետի: 

Նախապատմություն

2005 թ. ՊՆ-ն դիմել է Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ խնդրելով Նոր Նորքի Մոլդովական փողոցում ՊՆ զորամասի զբաղեցրած երկու հողատարածքի եւ Թեւոսյան փողոցում ենթասպայական դպրոցի զբաղեցրած հողամասի հանդեպ ձեւակերպել հողօգտագործման իր իրավունքները: 2005-ի հուլիսին, քաղաքապետի որոշմամբ, այս տարածքներն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել են ՊՆ-ին:

Մոլդովականի վրա գտնվող հողամասերից (տես քարտեզում) մեկը եղել է զորամաս (6766 քմ), մյուսը՝ դրա ավտոպարկը (4666 քմ):

2014-ի մայիսին քաղաքապետ Տարոն Մարգարյանը զորամասի ավտոպարկին հասցե է տրամադրել՝ Մոլդովական 47/7: Օրեր անց՝ հունիսին, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը լիազորագիր է տվել նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության զորքերի բնակավորման բաժնի գլխավոր մասնագետ Վրեժ Մելքոնյանին, որպեսզի վերջինս զբաղվի նշված հասցեի անշարժ գույքը պետական գրանցման ենթարկելու գործով: Ավելի կոնկրետ՝ ՊՆ-ն ցանկացել է դրա հանդեպ գրանցել իր սեփականության իրավունքը:  

ՊՆ-ի շտապողականությունը

Վ. Մելքոնյանը դրա համար ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեին դիմում է ներկայացրել 3 անգամ: Մեկից ավելի անգամ դիմելու պատճառը եղել են փաստաթղթերում առկա բացթողումները: Առաջին անգամ ներկայացված փաթեթում Մոլդովական 47/7-ի հողամասի հատակագիծը թերի է կազմված եղել՝ նշված չեն եղել դրա նպատակային եւ գործառնական նշանակությունները: Երկրորդ անգամ կադաստրում կրկին թերություն են գտել. ավտոպարկի հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) նշված է եղել իբրեւ բնակավայրերի հող, գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատման:

Ըստ էության, ՊՆ-ում այնքան են շտապել, որ չեն նկատել այս վրիպակը, որովհետեւ իրականում ավտոպարկն ունեցել է հատուկ նշանակության հողերի կատեգորիա: Ինչպես կտեսնենք քիչ անց, նախարարությունն իրականում մտադրություն է ունեցել փոխել այս կատեգորիան, դարձնել բնակավայրերի հող (խառը կառուցապատման) եւ հետագայում օտարել:

Միայն երրորդ անգամից է ՊՆ աշխատակից Վ. Մելքոնյանը ամբողջական փաթեթ ներկայացրել կադաստրին, որն էլ 2014-ի հունիսի 27-ին գրանցել է ՊՆ սեփականության իրավունքը Մոլդովական 47/7 հասցեի հողամասի հանդեպ: 

Զորամասի տարածքը դարձել է խառը կառուցապատման հող եւ օտարվել

2015-ին ՊՆ-ն դիմել է Երեւան քաղաքապետարան՝ խնդրելով փոխել Մոլդովական 47/7 հասցեի մոտ 0,5 հա հողամասի նպատակային եւ գործառնական նշանակությունը, ինչպես նաեւ Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող, նախկին զորամասի զբաղեցրած շուրջ 23 հա հողամասի սահմանները ճշտել, հատակագիծ թողարկել, հողամասի նպատակային եւ գործառնական նշանակությունը փոխել: Սեպտեմբերի 8-ին Երեւանի ավագանին որոշել է այս հողամասերը դարձնել բնակավայրերի հողեր, իսկ նույն ամսվա 18-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դրանց գործառնական նշանակությունը սահմանել է խառը կառուցապատման:

Ահա այսքանից հաշված օրեր անց՝ 2015-ի հոկտեմբերի 6-ին, ՊՆ-ն եւ երեւանցի Սայադ Վազգենի Սահակյանը կնքել են առքուվաճառքի պայմանագիր: Նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը նույն Վրեժ Մելքոնյանին է լիազորել հանդես գալ իրենց անունից: Տպավորություն է ստեղծվում, որ 2014-ի մայիս-հունիսից, երբ հասցե ստանալու, ապա եւ սեփականության իրավունք գրանցելու գործընթաց է նախաձեռնել, ՊՆ-ն նպատակ է ունեցել վաճառել Մոլդովական փողոցի զորամասի ավտոպարկի տարածքը, ինչն ի վերջո արել է մեկուկես տարի անց:

Այդուհանդերձ, Մոլդովական 47/7-ի կադաստրային գործում չկա որեւէ փաստաթուղթ (նախարարի հրաման, կառավարության որոշում կամ այլ իրավական ակտ), որը հիմք է հանդիսացել պետական սեփականության հողամասը վաճառելու համար: Մեր հարցմանն ի պատասխան՝ Գ. Հայրապետյանն ընդամենը ասել է, որ 0,5 հա հողամասը ՊՆ-ն օտարել է «դրա հետագա օգտագործման անհրաժեշտության բացակության պատճառով»: Սա, իհարկե, առնվազն զարմանալի է:

Հայրապետյանը նաեւ նշել է, որ օտարումն իրականացվել է ուղղակի վաճառքի ձեւով, սակայն ոչ թե կադաստրային գնով, այլ շուկայական գնահատման արժեքով: Նախկին ավտոպարկի կադաստրային արժեքը 2014-2016 թթ. գնահատվել է 1,6 մլն դրամ. ՊՆ-ն 2015-ին այն օտարել է 38 մլն դրամով կամ մոտ 80 հազար դոլարով:

Անշուշտ, կադաստրային նշված արժեքը կես հեկտար հողի համար չնչին գին է, բայց ի՞նչ ասել ՊՆ-ի պահանջած գնի մասին. ստացվում է, որ խառը կառուցապատման նշանակություն ունեցող հողի 1 քմ-ն նախարարությունը վաճառել է ընդամենը 8144 դրամով: Այնինչ, մեր տեղեկություններով, Երեւանի նշված հատվածում 1 քմ հողի շուկայական գինը 50-70 դոլար է (24.000-34.000 դրամ). այդ դեպքում օտարված հողամասի ընդհանուր գինը կազմում է 112-157 մլն դրամ:     

Սակայն նույնիսկ եթե մի կողմ թողնենք քմ-ի իրական շուկայական արժեքը (ավելորդ չէ ասել, որ Մոլդովական փողոցի այս հատվածում վերջին տարիներին լայն թափով առանձնատներ են կառուցվում), ապա միեւնույնն է անհասկանալի է, թե ինչու է հողն ուղղակի վաճառքով օտարվել: Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածը սահմանում է, որ պետական սեփականության հողամասերն օտարվում են սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով, ուղղակի վաճառքով, աճուրդով, փոխանակությամբ: Օրենսգրքի 66-րդ հոդվածը ներկայացնում է, թե ում կարելի է ուղղակի վաճառքով պետական կամ համայնքային հող օտարել: Բայց հոդվածի դրույթների ուսումնասիրությունից գալիս ենք եզրակացության, որ ՊՆ-ն, օրենսդրական պահանջներին չնայելով, պետական հողը պարզապես օտարել է իր նախընտրած անձին:  

Ո՞վ է Սայադ Սահակյանը

Սայադ Սահակյանը «ԷսԴիԷմ» ՍՊԸ-ի սեփականատերն ու տնօրենն է: Ընկերությունը հիմնադրվել է 2014-ի հոկտեմբերին Սահակյանի կողմից: Մինչեւ 2017-ի հունվար ՍՊԸ-ի տնօրենը եղել է նրա կինը՝ Աննա Թորոսյանը, որին փոխարինել է հենց ինքը: Նույն ընթացքում փոխվել է նաեւ ընկերության հասցեն՝ Երեւանի Վարդանանց փողոցից, որտեղ գրանցված է Ա. Թորոսյանը, տեղափոխվելով Մոլդովական 47/7:

Այս ընկերությունը շվեդական «SCA» եւ ուկրաինական «Բիոսֆերա» ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Զբաղվում է տարբեր տեսակի հիգիենիկ եւ տնտեսական ապրանքների ներմուծմամբ եւ մեծածախ վաճառքով (օրինակ՝ «Libero», «Tena» տակդիրներ, «Zewa» զուգարանի թուղթ, անձեռոցիկ, «Libresse» միջադիրներ, «Freken Bok» տնտեսական պարագաներ, «Novita», «Lady Cotton» հիգիենիկ պարագաներ եւ այլն):

Սայադ Սահակյանի ձեռք բերած Մոլդովական 47/7 հասցեում, որը, ինչպես նշեցինք, նախկինում զորամասի ավտոպարկ է եղել, «Google Earth»-ի միջոցով կարելի է տեսնել, թե ինչ փոփոխություններ են եղել: 2000-ականներին այստեղ եղել է ՊՆ-ի գույքը, 2013-ից այն դատարկ էր, իսկ արդեն 2017-ին տարածքում հայտնվել են «ԷսԴիԷմ»-ի շինությունները:

ՊՆ զորամասի եւ ավտոպարկի տարածքները 2004, 2015, 2018 թթ.

Դրանցից մեկը երկհարկանի վարչական շենք է, մյուսը՝ պահեստ (տես ստորեւ՝ լուսանկարներում):  

Այսինքն՝ օտարված հողը փաստացի ծառայում է ընկերությանը, սակայն այն ձեռք է բերվել դրա սեփականատիրոջ՝ ֆիզիկական անձի կողմից, ինչը տարբերություն է առաջացնում հարկային պարտավորությունների առումով: Մյուս կողմից՝ մեր ձեռքի տակ գտնվող կադաստրային գործում առկա չէ որեւէ փաստաթուղթ (օրինակ՝ շինթույլտվություն) այն մասին, որ հողամասն արդեն իսկ կառուցապատված է, այլ կերպ ասած, համաձայն Մոլդովական 47/7-ի կադաստրային գործի, սա դեռ դատարկ հող է, ինչն աբսուրդ է:

Ինչ վերաբերում է ՊՆ-ի՝ վերը նշված մյուս հողամասերին, ապա նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը մեզ հայտնել է, որ Մոլդովական փողոցի նախկին զորամասի տարածքը (ավտոպարկից զատ հատվածը՝ 6766 քմ մակերեսով, լուսանկարում) նախարարությունը չի օտարել, նույնը վերաբերում է Նուբարաշենի 23 հա-ին, որը Ս. Սահակյանի ձեռք բերածի նման դարձել է խառը կառուցապատման հող:

Այդուհանդերձ, չի բացառվում, որ նախկինում զորամասերին ծառայած այս հողամասերն ապագայում ՊՆ-ն նույնպես վաճառի, այնինչ թե՛ դրանք, թե՛ նույն Մոլդովական 47/7-ը կարող էին օգտագործվել զինծառայողների համար բնակարանաշինության ծրագրի շրջանակներում: 

«ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բնակարանաշինությունն իրականացվում է բնակելի շինարարության պահանջներին համապատասխանող ՊՆ տնօրինության հողատարածքներում»,- մեզ հայտնել է Գառնիկ Հայրապետյանը:  Իրականում Մոլդովական փողոցի նշված հատվածը շատ հարմար վայր է զինծառայողների կարիքների բնակարանաշինության համար, քանի որ, ամեն ինչից զատ, ՊՆ վարչական համալիրից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա է:   


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։