HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ըստ Յուրի Խաչատուրովի՝ Ստեփան Գրիգորյանն արատավորել է իր բարի համբավը. դատական հայց ընդդեմ քաղաքագետի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քաղաքացիական հայց է ներկայացրել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի դեմ: Այս մասին «Հետքին» ասաց Խաչատուրովի փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը: Ըստ հայցվոր կողմի` Ա1+ հեռուստաընկերությանը տված իր հարցազրուցներից մեկում Ստեփան Գրիգորյանը Յուրի Խաչատուրովի վերաբերյալ սուտ տեղեկություններ է հայտնել, վերջինիս պետական դավաճանության մեջ մեղադրել և այդ կերպ վիրավորել ու փորձել արատավորել նրա պատիվն ու արժանապատվությունը:

Մասնավորապես՝  հարցազրույցում, ըստ հայցվոր կողմի, Ստեփան Գրիգորյանը խոսել է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև մեղադրանքներ էր հնչեցրել առ այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմից օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի  կողմից:

Հայցադիմումը դատարան է ներկայացվել օգոստոսի 10-ին, սակայն դրանում որոշակի անճշտություններ են եղել, և դատավոր Տաթևիկ Ստեփանյանն օգոստոսի 16-ին այն վերադարձնելու մասին որոշում է կայացրել:

«Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը»,- ասված է դատավորի կողմից կայացված որոշման մեջ, որը զետեղված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում գործի վերաբերյալ առկա տեղեկատվության մեջ:

Փաստաբան Բեքմեզյանը մեզ հետ զրուցում նշեց, որ հայցադիմումով պահանջել են, որ իրենց հայցի բավարարման դեպքում դատարանը Ստեփան Գրիգորյանին պարտավորեցնի մեկ ամսվա ընթացքում Ա1+ հեռուստաընկերությանը հարցազրույց տալ, որում կհերքի Յուրի Խաչատուրովի վերաբերյալ նախկինում իր կողմից հնչեցրած, հայցվոր կողմի ձևակերպմամբ, սուտ տեղեկությունները:

Նշենք, որ մինչ հայցադիմում ներայացնելը հայցվոր կողմը չի փորձել որևէ կերպ կապ հաստատել Ստեփան Գրիգորյանի հետ:

Խաչատուրովը պահանջվել է նաև պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին վճարել 2 մլն դրամ գումար` որպես Խաչատուրովի բարի համբավին հասցված բարոյական ոչ նյութական վնասի փոխհատուցում: Փաստաբանի խոսքով` այդ  գումարը դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ամբողջությամբ փոխանցվելու է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter