HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եղեգնուտի համայնքապետը «մոգոնած» է որակում մարզպետարանի ստուգման արդյունքները

Արմավիրի մարզի Եղեգնուտի ավագանին չի քննարկել համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմումը: Համայնքապետն ասում է, որ շարունակելու է պաշտոնավարել և հիմա նահանջելու տեղ չունի: Արդեն տեղեկացրել էինք, որ Եղեգնուտ համայնքում մարզպետարանն իրականացրել է իրավական և մասնագիտական հսկողություն՝ ուսումնասիրելով համայնքապետարանի 2015-2018թթ. իրավական ակտերը: Բացահայտվել են մի շարք թերություններ, օրենքի խախտումներ:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Հետք»-ին տեղեկացրել էր, որ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ոչ միայն գլխավոր դատախազություն, այլև մյուս իրավապահ մարմիններին, Պետական վերահսկողական ծառայություն և Հաշվեքննիչ պալատ:

Իշխանափոխությունից հետո բողոքի ակցիաներ էին կազմակերպվում նաև Եղեգնուտ համայնքում: Համայնքապետ Ռազմիկ Մարգարյանն ասում է, որ «մի 30-40 հոգի» են եղել ցուցարարները: Նրա խոսքերով՝ կազմակերպիչները չեն պատճառաբանել, թե ինչու են նման պահանջ ներկայացնում: Սակայն, որոշել էր տեղի տալ և լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում ներկայացնել: Ռազմիկ Մարգարյանն ասում է, որ Արմավիրի մարզպետարանի հանձնաժողովը ստուգումներ է իրականացրել համայնքում և արձանագրությունը կազմել է իր դեմ բողոքի ցույցեր կազմակերպողների բողոքների հիման վրա, սակայն այն թերի է:

Թեև մարզպետարանի հանձնաժողովի կազմած արձանագրությունը համայնքապետ Մարգարյանը ստորագրել էր, սակայն դրա հետ համաձայն չէ: Ասում է, որ փաստերը «մոգոնված են»: Անդրադառնալով արձանագրությանը, որ համայնքում շատ տարածքներ են պատկանում իր եղբայրներին և նրանց հարազատներին, օրինակ՝ գյուղի տարածքում գործող բենզալցակայանը, գազալցակայանը, առևտրի սրահը՝ «Բիստրո»-ն, երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների տարածքը, գյուղի արտադրական տարածքի զգալի մասը, նախկին ֆուտբոլի դաշտի տարածքը, «Խոտ-ալյուր» կոչվող գործարանը, հողատարածքներ և այլն, համայնքապետը փաստերի խեղաթյուրում որակեց:

Ռազմիկ Մարգարյանի խոսքերով՝ ներկայիս գազալցակայանը նախկինում եղել է բենզալցակայան: 2004թ. իր եղբոր որդին գնել է այլ անձից և դարձրել գազալցակայան: Տարածքի համար վճարել են 17,000 դոլար, և համայնքապետարանն այդ տարածքի հետ որևէ կապ չունի: Ինչ վերաբերում է եղբորը՝ Վարդան Մարգարյանին պատկանող բենզալցակայանին, ապա ըստ Ռազմիկ Մարգարյանի՝ այն կառուցել է 1997թ-ին մարզպետարանի հողհատկացման որոշումով: Նա ներկայացրեց այդ որոշումը, որի ուսումնասիրությունից, սակայն, պարզ դարձավ, որ հողհատկացումը եղել է ոչ թե մարզպետարանի կողմից, այլ՝ համայնքապետի: Հենց այդ տարածքն է եղել ֆուտբոլի նախկին դաշտը, որի մասին արձանագրել է ստուգող հանձնաժողովը:

«Նկատի ունենալով, որ Եղեգնուտի գյուղապետի 17.06.97թ. թիվ 2 որոշմամբ Վարդան Մարգարյանին գյուղի արտադրական գոտուց հատկացվել է 0,13 հա անօգտագործելի հողամաս և ելնելով շինանյութերի արտադրության և վաճառքի նպատակային կազմակերպման անհրաժեշտությունից, որոշում եմ՝ թույլատրել Վարդան Մարգարյանին իրեն հատկացված տարածքի /0,13հա/ վրա կառուցելու շինանյութերի արտադրության և վաճառքի արտադրամաս, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի հետ համաձայնեցված նախագծով», - գրված է Արմավիրի մարզպետի 1997թ. հուլիսի 15-ի թիվ 257 որոշման մեջ:

Ռազմիկ Մարգարյանն ասում է, որ իր գյուղի վրա ապրող մարդու, այս դեպքում՝ եղբոր համար շատ չէ մի երկու օբյեկտ ունենալը, իսկ Վարդան Մարգարյանը հենց երկու օբյեկտ ունի: Ըստ համայնքապետի՝ դրանցից մեկն էլ «Խոտ-ալյուր» կոչվող արտադրամասն է, որը 1987թ-ից չի աշխատում: «Արտադրամաս գրված է, բայց  արտադրամաս չի:  Սովխոզի լուծարային հանձնաժողովն է վաճառել, գյուղապետը դրա հետ կապ չունի: Ես այդ հանձնաժողովում սովորական անդամ եմ եղել»,- նշում է Եղեգնուտի համայնքապետը:

Հաջորդը վերաբերում է 1,2 հա հողատարածքին: Ռազմիկ Մարգարյանն ասում է, որ այն իրականում համայնքային սեփականություն է: Համայնքապետը ներկայացրեց սեփականության իրավունքի վկայականը: Համայնքապետը նշում է, որ հանձնաժողովի արձանագրություն գրողը շատ վատ է հասկանում իր բուն մասնագիտությունից, այդ իսկ պատճառով իրականությունից հեռու տվյալներ են գրել:

«Ես շփվեցի իր հետ, հասկացա: Հողաշինարար Սողոմոն Սարգսյանը շատ վատ է հասկանում, ինչի համար ցավում եմ: Մի մարդ, որ չիմանա` ինչ բան է աճուրդ և աճուրդավար, նրանից էլ ինչ ես ուզում: Եվ եկել ստուգում է անում»,- նշում է Ռ. Մարգարյանը: Եղեգնուտի համայնքապետն ասում է, որ նշված 1,2 հա տարածքը այս պահին որևէ մեկը չի օգտագործում, քանի որ «չոլի մեջ գտնվող» տարածք է և որևէ մեկին պետք չէ:

Ռազմիկ Մարգարյանը բարկանում է, որ որևէ մեկը ժամանակին չի հետաքրքրվել, երբ այդ 1,2 հա հողատարածքի հարևանությամբ գտնվող «Բետարտշին» ՍՊԸ-ի գործող բետոնի գործարանը 1-2 տարի առաջ ոստիկանության Արշակ անունով անձի մասնակցությամբ ավիրվել է, եղածը քանդվել, տարել են: Գործարանն արտադրել է բետոնե կոնստրուկցիաներ ջրամբարների, ոռոգման համակարգերի համար: Ռազմիկ Մարգարյանն ասում է, որ գործարանի 30% բաժնեմասը պատկանել է եղբորը՝ Վարդան Մարգարյանին: Երբ ոստիկանության օժանդակությամբ այն քանդվել, որպես մետաղալոմ վաճառվել է, տարածքը դարձել է «անապատ»:

«Ասում են այդ Արշակը ոստիկանապետեր է նշանակել-ազատել»,- հավելում է համայնքապետը և ավելացնում, որ ակնհայտ է եղել ոստիկանության շահագրգռվածությունը: Ռազմիկ Մարգարյանն ասում է, որ գործարանի հարցով չեն դիմել իրավապահ մարմիններին, քանի որ անիմաստ էր՝ ոստիկանությունն է խառնված եղել: Ինչ վերաբերում է երկաթ-բետոնե գործարանի 4,2 հա տարածքին, որը վերագրվում է եղբորը, Ռազմիկ Մարգարյանն ասաց, որ այն պատկանում է այլ անձանց, և եղբայրը դրա հետ կապ չունի:

Մարզպետարանի հանձնաժողովը նաև արձանագրել էր, որ տարիներ շարունակ համայնքի բյուջեից գումարներ են ծախսվել համայնքի գրադարանավարի հաստիքը պահելու համար, սակայն փաստացի գրադարանը չի գործել: Գրադարանավարի ամսական աշխատավարձի չափը կազմել է 77,910 դրամ: Միայն 2015-2018թթ. համար գրադարանավարին աշխատավարձ է վճարվել 3 մլն 350 հազար դրամի չափով: Մարզպետարանի աշխատակիցները զրուցել են գրադարանավարի հետ: Պարզվել է, որ գրադարանում երբեք չի եղել գրադարանի վարման մատյան: Գրադարանից ընթերցողին վերջին անգամ գիրք տրվել է 2008թ-ին: Իսկ գրադարանի տարածքից պարզ է դարձել, որ աշխատանքային պայմաններն իսպառ բացակայում են: Գրադարանի տարածքում ֆիզիկապես հնարավոր չէ նույնիսկ մեկ աշխատանքային սեղան կամ աթոռ տեղադրել:

Ռազմիկ Մարգարյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի հաստիքացուցակը հաստատում է ավագանին: Ասում է, որ գրադարանը նախկինում աշխատել է, սակայն 2008թ-ից մի քանի տարի աշխատող չի պահել, քանի որ վերանորոգման գործընթաց էր սկսվել: Նկատեցինք, որ բուն գրադարանի տարածքը շատ փոքր էր, չվերանորոգված, նույնիսկ դժվար էր տեղաշարժվելը: Սակայն, համայնքապետն ասում է, որ հարևանությամբ գտնվող բարեկարգ տարածքը ընթերցասրահ է ծառայել, և այդ կերպ լուծել են փոքր գրադարանի հարցը:

«Գրադարանը հարմարեցված տարածքում է, ես մեղավոր չեմ, դա եմ ժառանգություն ստացել»,- նշեց Ռ. Մարգարյանը: Որպես գրադարանավար ընդունել են ծրագրավորող մի տղայի: Վերջինս, համայնքապետի խոսքերով, նաև օգնել է համայնքապետարանին, սպասարկել է համակարգիչները: Ընթերցասրահի վերանորոգումից հետո աշխատել է ընդամենը 30 ամիս: Եղեգնուտի համայնքապետն ասում է, որ նույնիսկ ամենակոպիտ հաշվարկներով 30 ամսվա աշխատավարձի չափը չէր կարող 3 մլն 350 հազար դրամ լինել:

«Նրանք ուրիշ բան էին կասկածում: Կասկածում էին, որ ես այդ տղային ընդունել եմ ձևական, աշխատավարձը ստանում եմ ու դնում եմ իմ գրպանը: Այդ աշխատավարձը, որ գրված է՝ 77,900 դրամ, կեղտոտ գումար է, մաքուրը 56,000 դրամ է գալիս»,- ավելացնում է համայնքապետը:

Ռազմիկ Մարգարյանը նշեց, որ դժվար գտնեն մի համայնք, որտեղ 165 մլն դրամ ունենա պահուստային ֆոնդում, ինչը ծախսվելու է կապիտալ ներդրումների վրա: «Թողեք կատարենք գործերը: Չեն ուզու՞մ, որ ես անեմ, ուզու՞մ են ուրիշ մարդիկ անեն, չէ, ես եմ անելու: Կգնամ բերդ կնստեմ, բայց դա կանեմ», - ասում է Եղեգնուտի համայնքապետը և հավելում, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում և դեռ քրեական գործ չի հարուցվել:

Մարզպետարանի հանձնաժողովը նաև արձանագրել էր, որ համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի կողմից ցուցաբերած անհետևողական աշխատանքի հետևանքով հողի հարկի և գույքահարկի մասով կուտակվել է մոտ 54 մլն դրամ ապառք: Համայնքի հողամասերից մոտ 400 հա տրվել է վարձակալության, սակայն վարձակալների կողմից վճարումներ չեն կատարվում, պատճառաբանելով, թե հողերը չեն մշակվում՝ աղակալման և ոռոգման ջուր չլինելու պատճառով: Վճարումներ չեն կատարվել արդեն 10-15 տարի:

Ռազմիկ Մարգարյանն ասում է, որ այդ տարածքները չեն ոռոգվում, այդ իսկ պատճառով մարդիկ հարկերը չեն վճարում: Նա զայրացած էր, որ ոռոգման ջրի հարցը թողած նման հարցեր են բարձրացնում: Մինչդեռ առաջնահերթ պետք է ապահովեին ոռոգման ջրով նոր միայն պահանջեին հարկերի հավաքագրում: Ռազմիկ Մարգարյանն ասում է, որ առկա են կիսախողովակները, սակայն այդ տարածքներ ջուր ընդհանրապես չի հասնում:

Եղեգնուտի համայնքապետն ասում է, որ նախկինում ևս համայնքապետարանում ստուգումներ եղել են և որևէ պետական մարմին լուրջ խախտումներ չի հայտնաբերել, իսկ հիմա խախտումներ են գտել:

Ռազմիկ Մարգարյանը հերթով թվարկեց, որ իր պաշտոնավարման տարիներին է կառուցվել համայնքապետարանի շենքը, բուժամբուլատորիան, գործող մանկապարտեզը, պարի և սպորտի դպրոցները: Ցանկապատել է գերեզմանոցը, 11 կմ միայն ոռոգման ջրագիծ է անցկացրել, 13 պոմպակայան է կառուցել և այլն:

«Այս պահին ոչ Արաքսից, ոչ էլ Սևջրից ջուր չի գալիս ջրանցքը, գնացեք տեսեք, թե ոնց են ջրում ժողովուրդը: 850 հա հիմա ցանվում է, միայն պոմպերով է ոռոգվում», - նշում է համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը: Նա պատմեց, որ իր պաշտոնավարման տարիներին է գյուղը գազիֆիկացվել: Ասում է, որ «Գազպրոմ» ընկերությունում Եղեգնուտ համայնքը բաժնետեր է, քանի որ գազատարները համայնքային սեփականություն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter