HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազաշենցի ընտանիքն ապրում է հակառակորդի նշանառության տակ՝ վթարային շենքում

«Ուրեմն, մի օր լիմոնադները տընում եմ մառազիլկի մեջը ու մոռացել էի էդ մասին, մեկ էլ ուժեղ տրաքեց, էրեխանցն ասի՝ գնացեք պառկեք, գիդեցա, թե կրակում են, մեկ էլ պառկեցինք, տեսանք երկրորդն ա տրաքում, նոր հիշեցի, որ լիմոնանդներն են»,- բացօթյա պատշգամբում կանգնած՝ ծիծաղելով պատմում է 37-ամյա Արմենուհի Հակոբյանը, հետո հանկարծ հայացքը մթնում է, ասում է՝ էստեղ նշանառության տակ ենք, եկեք ներս գնանք:

Ամեն օր Արմենուհին այս պատշգամբում է լվանում ափսեները: Դրա մի անկյունում նոր լվացած ափսեներն են: Պատերին կրակոցներից գոյացած մեծ ու փոքր անցքեր են: Արմենուհին մատը հերթով տանում-բերում է խոռոչների վրայով՝ ցույց է տալիս նորն ու հինը, հետո խոսում ենք, թե ինչ տրամաչափի զենքով են կրակել: Ու թվում է, թե պատերազմը հենց այստեղ է՝ այս պատշգամբում, այս մարդկանց կյանքում: Արմենուհին այս ու այն կողմ է նայում, զգում եմ նրա անհանգստությունը, հետո խնդրում է ներս մտնել, ասում է՝ արդեն վտանգավոր է:

37-ամյա կինն ընտանիքով բնակվում է Տավուշի մարզի Վազաշեն գյուղում, ծննդով այստեղից է, այստեղ էլ ամուսնացել է, երկու որդիները դպրոցական են, դուստրը՝ 3 տարեկան: Մեր գնալու ժամանակ երեխաները դրսում խաղում էին՝ գյուղացիներից մեկի ավանակն էին վերցրել ու վերուվար էին անում գյուղի քարուքանդ, փոշոտ փողոցներում: Որդիներն օգնում են Արմենուհուն՝ ցախ են բերում, տունը գազիֆիկացված չէ:

«Ա՜յ էն ա իրանց սահմանը,- ցույց տալով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ ասում է Արմենուհին,- շատ մոտիկ ա, ինչքան կրակոց ա լինում, վազընք տալիս, մտնում խոզի պունը»: Հետո ցույց է տալիս կտորը, որով փակել է պատշգամբի պատուհանը, որ ներսի լույսը չերևա:

Ննջասենյակի պատուհաններից մեկն էլ քարով են փակել: Կրակոցներից պատուհանները զնգզնգում են: «Էրկու տարի առաջ էր: Գյուլեն էկավ ստեղ՝ գարդիրոբի կողքով քիրալավ, խոխեն օրորոցի մոտ վեր ընկավ: Պատուհանի մի աչքը փակել ենք, նեղացրել ենք»,- նշում է վազաշենցի կինը:

Մի քանի ամիս է՝ Արմենուհու ամուսինը Ռուսաստանում է, աշխատում է, որ կարողանան պարտքերը փակել: Մինչև գնալը բանվորություն էր անում 3 հազար դրամով, բայց դրանով, ինչպես կինն է ասում, պարտքերը չէին կարող փակել: Գյուղում աշխատանք չկա: Հողատարածքների 90 տոկոսը կրակոցների տակ է: Բացի դրանից՝ անկախությունից ի վեր Վազաշենում ոռոգման ջուր չկա:

15 տարի Արմենուհու ընտանիքն ապրում է գյուղի սկզբնամասում գտնվող վթարային շենքի երկրորդ հարկի երկու սենյակում: Նրանցից բացի՝ շենքում ևս մի ընտանիք է ապրում: «Ինչքան անձրև ա կյալիս, լրիվ տանը մեջին ա, էն մի սենյակում էլ չեմ հաշվում, թե ինչքան լագան եմ մեկնել»,- նշում է Արմենուհին:

Վատ վիճակում են նաև շենքի հետնամասից երկրորդ հարկ բարձրացող աստիճանները, չնայած մեր զրուցակիցն ասում է, որ մի քանի տարի առաջ ընդհանրապես վտանգավոր էր դրանցով բարձրանալը, ընթացքում քիչ թե շատ ամրացրել են:

Երկար ժամանակ այստեղ ապրելով՝ սեփականության իրավունք չունեն. շենքը, ըստ Արմենուհու, համայնքապետարանին է պատկանում: «Շատ ենք դիմել (նկատի ունի գյուղապետարանին – հեղ.), ասում են՝ պիտի փող տաս, բա էս էրկու փուլ եկածի համար որ փող տամ, հենա տուն կառնեմ, եթե փող ունենամ»,- նկատում է ընտանիքի մայրը:

Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասում է, սակայն, որ շենքը համայնքապետարանին չի պատկանում: Գյուղում 7-8 տուն կա, որոնք, գյուղապետի խոսքով, տիրազուրկ են, այսինքն՝ տեր չունեն: Դրա համար պիտի դիմեն դատարան, որպեսզի կարողանան դարձնել համայնքային սեփականություն:

«Ժամանակին մեր համայնքապետը կառավարությանը չի ներկայացրել էն, ինչ ունենք, 51 ձև կար, էդ ձևի մեջ պիտի ընդգրկած լինեին էդ ամենը, որ մեզ համար հեշտ լիներ: Իսկ հիմա կանգնում ենք խնդրի առաջ, պիտի դատարան դիմենք: Ամեն դեպքում, սկսել ենք այդ գործընթացը, դատարանը պիտի որոշի, որ տիրազուրկ է, դառնա համայնքի սեփականություն, նոր մենք նվիրատվություն անենք: Հիմա այդ 7-8 շենքերը օդից կախված վիճակում են»,- բացատրում է Վազաշենի գյուղապետը:

Սակայն նույնիսկ եթե գործընթացը հաջողությամբ ավարտվի, ու գյուղապետարանը տունը նվիրատվություն ձևակերպի Արմենուհու ընտանիքին, վթարային շենքում ապրելն իրականում վտանգավոր է: Մի կողմից՝ տունն օրեցօր փլուզվում է, մյուս կողմից՝ հակառակորդի նշանառության տակ է: Արմենուհին չգիտի, թե իրավիճակից ելքը որն է. նոր տուն գնել պարզապես չեն կարող, ասում է՝ 2500-3000 դոլար է անհրաժեշտ Վազաշենում կամ հարևան գյուղերում տուն ձեռք բերելու համար, մյուս կողմից՝ մտածում է ամուսնու առաջիկա վերադարձից հետո ֆինանսական նոր խնդիրների մասին:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter