HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարճ բարդիների հարցը. մաս 3-րդ

Գևորգ Տեր-Գաբրիելյան

Առաջին մասը տե՛ս այստեղ , Երկրորդ մասը տե՛ս այստեղ։

Հեղինակի կողմից

Սա գրվել է մոտավորապես 2014 թվականի հունիսին և չի հրապարակվել, անվստահությունից (ստացվել է, թե ոչ) թե՝ վախից, որ սովետական ցենզուրա ապրած ես-ըս վերականգնեց այդ թվերին... Հանկարծ ու բան չպատահի մոտիկներիս՝ նշվածներին... Առնվազն՝ հանկարծ ու չծաղրեն... «Царь горы», ասում են ռուսերեն իմ պես անձանց... Այժմ «գզրոցից» հանեցի...

Սա մի երևակայական պատմություն է այն մասին, թե ինչպես ես ժամանակավորապես եկա իշխանության: Չէ որ ամեն հայ երազում է լինել թագավոր, թագուհի կամ պրեզիդենտ: Գործող անձինք երբեմն հորինովի են, երբեմն՝ կյանքից վերցված, սակայն բոլոր դեպքերում նրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրում այն արարքների համար, որոնք կատարում են այս տեքստում, կամ այն զրույցների համար, որ իրենց անունից ծավալվում են այստեղ:

Այժմ, հեղափոխությունից հետո, սա կարող է թվալ հնացած, և ավելի լավ. կարելի է տեսնել, թե որքան սահմանափակ էր իմ երևակայությունը համեմատած նրան, թե ինչպես այդ ամենն իրականում տեղի ունեցավ չորս տարի հետո: Այն օրերը գրած տեքստում ես ոչ մի նշանակալի բան չեմ փոփոխել, աշխատել եմ ազնիվ լինել այն օրերի ինձ դեմ հանդիման:

Օգոստոս 2018

*******

Վերջինը, ում տեսա ժուռնալիստներին ընդառաջ գնալիս՝ մի նիհարիկ տղա էր: Բարև ձեզ, ասաց նա ամաչկոտ: Ես դավաճան եմ:

Շատ հաճելի է, ասացի: Ինչ կա:

Ինձ օգտագործեք: Ես պիտի ձեր մանկության ընկերը լինեմ և հետո ձեզ շռնդալից կերպով դավաճանեմ:

Շատ լավ, ասացի: Համարիր որ գործի մեջ ես: Արթուր, տար սրան Պիկասոյի մոտ:

Ավաղ, Պիկասոն այլևս կլիենտ չի ընդունում, ծանրակշիռ կերպով ասաց Արթուրը: Հավատացեք, շեֆ, դուք պիտի սրան հարմարվեք: Հոյակապ կրթություն ունի:

Ի՞նչ ես ավարտել:

Հարվարդ:

Էդ գծո՞վ:

Չէ, ռոբոտների դիզայնի: Ուղղակի ես միշտ հայրենասեր եմ եղել, դրա համար հետ եկա:

Խոր հոգոց հանելով՝ ես վերջապես բացեցի զլմ-ների դահլիճի դուռը: Դավաճանն իմ ետևից սողոսկեց ներս, հաջողացնելով նույնիսկ բծախնդիր ու աչալուրջ Արթուրից առաջ անցնել: Եվային ճամփա զիջել նրա մտքովն իհարկե չանցավ:

Ժուռնալիստներն ինձ սպասում էին չի կարելի ասել որ համբերատար, բայց, շնորհիվ Նունեի բացատրական աշխատանքի՝ հանգիստ: Ինչ լավ է, որ այս երկիրը նրանց դարձրել է սարսռազդու... սարսափազդու... Այսինքն հակառակը. այս երկիրը նրանց դարձրել է սարսափահամեստ... Փափկասարսափ... Մի խոսքով. նրանք բարի են. և դա շատ լավ է:

Հեռուստակայանները ներկա էին, և իհարկե ոչ միայն ու ոչ թե պարզապես ջահել աղջիկներ էին եկել, այլ՝ Պետրոսը, Գեղամը, Էդիկը, Մեսրոպը, Նվերը, Գնելը, Սալպին, Սաթիկը, Արտյոմը, Աննան, Աննան, Աննան և այլն: Իրենք ինձ լավ էին ճանաչում, ու դա լավ էր: Իրենցից դժվար հարցեր չէի սպասում: Գուցե հետաքրքիր հարցեր էի սպասում: Մի քանի անծանոթ, բութ կամ տհաճ ժուռնալիստ կար, դրանցից ինչ ասես որ չէի սպասում: Բայց իհարկե վախ մեջս ոչ մի կաթիլ չկար: Իմաստուն ու հեռատես Նունեն մի քանի կտոր տորթ էր դրել պրեզիդիումի սեղանին, հենց որ տեսա՝ ձեռս տարա չանթեցի ու բերանս խցկեցի մի մեծ կտոր, ջրով խմեցի կուլ տվի: Սոված էի արդեն նորից:

Հարցեր տվեցին հետևյալ կարգի. դուք ո՞վ եք, հարցրեց էդ անծանոթ տհաճներից մեկը: Պատասխանեցի. ես մարդ եմ դու կով ես: Նեղացավ ու տեղը վեր ընկավ: Ես էլ իհարկե ինձնից դժգոհ էի, չէի ասի թե բավարարված էի իմ պատասխանով, բայց համբերությունս արդեն հատնում էր, հոգնել էի օրվա ընթացքում: Որոշեցի ինձ մի քիչ ավելի զուսպ պահել:

Ինչ է լինելու սրանից հետո, հարցրեց Պետրոսը: Պատասխանեցի, որ ապրելու ենք արդար երկրում, կառուցելու ենք այն, ու որ ակնկալում եմ նրա, բոլոր հավաքվածների ու ողջ ժողովրդի աջակցությունը դրա համար:

Հիմա դու ե՞ս լինելու երկրի ղեկավար, հարցրեց Գեղամը: Դիկտատո՞ր: Նախագա՞հ: Ի՞նչ:

Ասացի, որ ժամանակավորապես ես եմ պետական արտակարգ խորհրդի նախագահը, ուրիշի չլինելու պատճառով: Ստիպված վայրէջքի, էսպես ասած, կարգով: Ասացի, որ խորհրդի հաջորդ նիստին՝ վաղը կամ մյուս օրը՝ կհրավիրենք զլմ-ներին: Ասացի, որ մոտակա ժամանակներում կներկայացնենք դեպի ընտրովի կառավարություն ընթացքի ճանապարհային քարտեզը: Էդ որ ասացի՝ շատերը խելոք-խելոք սկսեցին գլխները տմբտմբացնել. սիրում են էդ արտահայտությունը՝ «ճանապարհային քարտեզ»: Սովոր են լսել: Իրենց հանգստացնում է, հենց որ հնչում է: Եթե հնչում է՝ ուրեմն ամեն ինչ լավ է լինելու, նախկինի պես, առանց մեծ ցնցումների: Հարգեցին: Մնում է ասեի «չափորոշիչ»:

Հարցրեցին՝ որոնք են լինելու ձեր հետագա քայլերը: Կողքս մեր ընկերներից Սուրենն էր կանգնած՝ հավատարիմ, խելոք, աչքաբաց: Ասացի՝ ամեն ինչ ես չասեմ, թող մեր խումբն ասի: Սուրեն, կասե՞ս:

Կըմ կըմ:

Տեսնեմ լողում է, չգիտի ինչ ասի:

Կըմ կըմ:

Մտածեցի որ էլի էդպես շարունակի՝ աուդիտորիան կկորցնեմ: Խոսքը կտրեցի ասացի. լավ, ես կասեմ: Հետո շուրջս էի նայում որ էլի խոսք տամ մեկին՝ բայց ոչ Գայանեն էր երևում, ոչ Բելան, ոչ էլ մեկ ուրիշը ում հանգիստ սրտով կարելի էր խոսք տալ: Զբաղված էին երևի:

Բացատրեցի, որ այս պահին գլխավորը կայունությունը պահպանելն է, ու դրա համար խնդրում եմ բոլորի աջակցությունը: Ասացի, որ սա բախտի բան է, ու եթե սայթաքենք՝ ողջ պետականությունն է սայթաքելու, ուրեմն պիտի բոլորս չափազանց զգույշ լինենք:

Ասացին՝ էդ ոնց է որ ուրիշ հավակնորդ չի եղել: Ասացի՝ ժամանակ չկար փնտրելու, թե չէ գուցեև կլիներ, բայց ասացի՝ սա ժամանակավոր է, մինչև աչքները թարթեն՝ արդեն կլինի լեգիտիմ վիճակ:

Աննան (ոչ թե էն Աննան, այլ էն մյուս) հարցրեց պետական խորհրդի ու իմ անձամբ աշխարհայացքային մոտեցումների վերաբերյալ: Աննա, Աննա, Աննա, Աննա, Աննա: Պատասխանեցի, որ այնքանով, որքանով դրանք վերաբերում են իմ վարած քաղաքականությանը՝ ես հայրենասեր եմ: Դա է կարևորը: Ես աշխատելու եմ Հայաստան պետության ինքնիշխանության, սուվերենության համար: Որ ես տոլեռանդ եմ, բայց մոլեռանտ չեմ: Տոտալիտար-մոտալիտար գրեթե չեմ: Որ մերիտոկրատ-սերիտոկրատ եմ: Որ կոլեկտիվ որոշում ընդունելու ու իրագործելու կողմնակից եմ: Որ մեր թիմը շատ ուժեղ է ու ժամ առ ժամ ուժեղանում է, ու թող իրենք միանան մեր թըմին: Որ թիմն աշխատում է իշխանավորման սկզբունքով, սղղացող գեներալի սկզբունքով:

Հարց տվեցին Օբամայի ու Պուտինի հետ խոսակցությունների մասին: Բացատրեցի: Հարցրեցին, ինչու եմ Լևոնին վաղը ուզում հետս տանել: Պարզաբանեցի: Հարցրեցին, թե նախկիններն ուր կորան: Ասացի որ չգիտեմ: Ինչու փախան: Ասացի, որ դա իրենց արած ամենախոհեմ, ամենաիմաստուն քայլերից մեկն է: Ուր կարող են փախած լինել: Չգիտեմ: Ինչու զորքն անցավ մեր կողմ: Ասացի որ Սաղաթելին պետք է հարցնել, չնայած պարզ է, որ եթե նախկինները չփախնեին՝ զորքն էլ չէր անցնի մեր կողմ, այսինքն այլևս հակամարտության կարիք չկար, քանի որ նախկինները փախել էին: Հարցրին, արդյոք նախկինների փախուստը նման է Յանուկովիչի փախուստին: Ասացի որ նման է, տարբերությունն այն է, որ զոհեր չկային Ազատության հրապարակում մայդանի նման, փառք աստծո: Ասացին նախկինները հետ գալու են արդյոք: Ասացի չգիտեմ: Ասացին կարող է՞ հանկարծ միավորվեն Վանոյի հետ ու մի օր միասին հետ գան: Ասացի միգուցե, վտարանդի գեներալ Վանոն գուցե նորից պատմվածք գրի դրա մասին, եթե սաղ է: Հարցրին, արդյոք ադրբեջանական հարձակումից չեմ վախենում: Ասացի որ չէ քանի որ զորքը պինդ է, կարգին վիճակում է, բացթողումներ կան բայց կուղղենք, ու որ սպասում եմ խոսակցության՝ պարոն Իլհամի հետ: Ասացին հո չեք դավաճանելու: Ասացի միթե խաղաղության առաջարկը դավաճանություն է: Ղարաբաղցի մի հեռուստալրագրուհի ասաց՝ այո, եթե Արցախը հանձնելու գնով է: Ասացի՝ Արցախը ես չեմ վերցրել, որ հանձնեմ, ու նաև՝ ամոթ ձեզ, որ կարծում եք, որ այն հանձնվելի է, դուք եք էնտեղից էստեղ եկել, ոչ թե ես:

Խոսում եմ ու ինքս ինձ մտածում. էս ինչ դժգույն բառեր եմ ընտրում... Հաշվենկատ... Տեսնես ուրիշ ասելիք չունե՞մ: Ինչի՞: Գլխառադ ե՞մ ուզում անել, դիվանագիտությունից ելնելո՞վ, թե՞ ուղղակի ինքս էլ հստակ ասելիք չունեմ: Բայց կամաց-կամաց հասկացա, որ, վայրիվերումներին չնայած՝ խոսակցությունը ստացվում է: Իրենց ուրեմն այսպիսի բաներն ասելը բավարարում էր: Դե ես էլ անկեղծ էի փորձում լինել ֆսյո ժե, որոշակի սահմաններում, որքան կարելի էր: Փաստորեն գրեթե ոչ մի կեղտոտ հարց չտվին: Զգացվում էր որ հարգում են:

Մի քանի հարց էլ արտասահմանյան լրատվամիջոցները տվեցին: Էմիլներին ասացի՝ Էմիլներ ջան, շատ ուշադիր եղեք, իմաց տվեք եթե մի բան նկատեք: Նույնը՝ Թաթուլին:

Մի հատ աղջիկ հարցրեց.

Ձեր տոհմն արդեն մի անգամ եղել է իշխանության ղեկին: Ինչ կարող եք դրա մասին ասել:

Դա ստիպված էր, ասացի, սրա պես մի բան, ու հետո բոլորը զոհ գնացին:

Դուք էլ եք պատրաստ զոհ գնալու՞:

Դե որ ես այստեղ եմ՝ ուրեմն այո էլի, ասացի տխուր ժպտալով: Էդ պահին նենց էի զգում, որ գուցեև հենց էդ պահին վրես կրակեն: Բայց դեռ ոչ:

Չնայած հիմա ապրում ենք էնպիսի ժամանակներ՝ որ կարելի է զոհ գնալ ցանկացած դիրքից, ասացի: Կամ՝ չգնալ: Ես ավելի շուտ պիտի աշխատեմ որ մեր երկիրն ու ազգն ու տարածաշրջանն ու երկրագնդիկը զոհ քիչ տա էս անգամ: Համենայն դեպս՝ ոչ մեր պատճառով լինեն զոհեր թե լինելու են:

Ժողովուրդը մի քիչ շիվարած լռեց:

Մի հատ աղջնակ, ջահել անծանոթներից, հարցրեց.

Իսկ դուք ինչու եք այդքան կուլտուրական խոսում:

Ես էդպիսին եմ, ասացի, ես կուլտուրական եմ: Ու սրանից հետո դա բոլորից եմ պահանջելու: Չլսեմ չիմանամ մեկնումեկը կուլտուրական չխոսեց: Շանսատակ կանեմ:

Ու մեր քրֆեցի: Հայերեն: Հետո էլ ռուսերեն, անգլերեն, ճապոներեն... Որ իմանան: Ասում են թե դա կարևոր է: Որ գնա նաև ռուսական մեդիա, արձանագրվի: Մաչիծ ֆ սառծիռախ, խրյոտ լյավի կած:

Իսկ դուք ինչ եք մեզնից, ժուռնալիստներից սպասում, մի քիչ շառագունելուց հետո շարունակեց աղջնակը:

Առաջինը՝ որ լավ լսեք պատասխանը, երբ հարց եք տալիս: Երկրորդը՝ որ սովորեք ինքնուրույն նորմալ ինտերվյու վերցնել: Խորքային: Լավ գրել: Մարդու ոճի ու մտածողության մեջ մտնելով: Որ ես ստիպված չլինեմ ձեր փոխարեն ձեր ինտերվյուները գրեմ: Երրորդը՝ երբ ձեր տված հարցին պատասխանում են՝ մի անջատվեք, լրջով լսեք էյդ հարցի պատասխանը: Չորրորդը՝ սովորեք գրական և այլ արվեստի գործերը գրավոր վերլուծել: Հավանում եք թե ոչ, դառնում եք արդյոք գրաքննադատ թե ոչ՝ վերլուծել սովորեք: Հինգերորդը՝ մի օգտագործեք շտամպեր, կարծրատիպեր, ձեր բառերով գրեք ու հասկացեք, քանդեք շտամպերը, շտապեք ամպերը, շպարեք անտերը: Մեկ էլ՝ մեզ լավ քննադատեք ու տեղին, ու բացահայտեք, ամեն թաքուն գաղտնիք բացահայտեք, արանք մի թողեք, հետաքննեք ամեն ծախս ու վաբշե ամեն ինչ: Առայժմս էդքան բան:

Իսկ կարելի է ձեզ հետ խորքային ինտերվյու անել:

Վահագն ջան, ասացի, մի երկու օրից նշանակիր: Իսկ դուք մինչ այդ պատրաստվեք՝ որ լավ անեք, թե չհավանեցի՝ կջղայնանամ:

Իսկ ինչից եք դուք ամենաշատը վախենում:

Գիտեք, սովետի վախտ մի հատ դասընկեր ունեի՝ լենինականի կողքի գյուղերից: Անունը՝ Ֆոյերբախ: Ուրեմն էս Ֆոյերբախը մի անգամ ամառը գնում ա Սիբիր՝ շինջոկատ: Փեդ էին կտրում անտառում: Երկու ամսից եկավ՝ տեսնեմ էս առաջի ձախ ատամը չկա: Ասցի այ Ֆոյերբախ ինչ ա եղել: Բա թե «երեք ընկեր էինք՝ ես, ռուսը ու վրացին, տուն էինք քանդում, մեջը յեքա ժանգոտ մեխերով փեդի կտորներ կային, մի օր էս վրացին էս ռսին ասում ա. «մի շիշ արաղի դիմաց գրազ եմ գալի՝ որ Ֆոյերբախն ատամներով էս մեխն էս փեդից կհանի»»: Ես մենակ դրանից եմ վախենում. որ էնքան հիմար չգտնվենք որ ուրիշի գրազի վրա անատամ մնանք:

Մարտի մեկի զոհերի հարցով ինչ եք պատրաստվում անել:

Որ մարտի մեկի: Երկու հազար ութի՞, թե երկու հազար քսանիննի: Կատակ եմ անում: Անպայման կզբաղվենք: Սկզբում դատական ռեֆորմ պիտի անենք, Եղիշն ու Դավիթ Աբգարյանը, Վահեն, մեր լոյերները, լիքը մարդ կօգնի, պիտի դատավորները հեղինակություն ու անկախություն ունենան, բայց էշ և կամ կաշառակեր կեղտոտ չլինեն:

Էդքան երնեկ մեկտեղ չի լինում:

Ոչինչ, դուք գնացեք հիմա Լևոնից ինտերվյու վերցրեք, հետո գնացեք գործի, գործ արեք, կամաց-կամաց ամեն ինչ կդզվի: Մենակ թե գործ արեք նորմալ:

Իսկ ցեղասպանությանն ինչպես եք վերաբերում, ասաց աղջնակը:

Ես ճիշտն ասած սպասում էի այդ հարցին, ասացի: Որ ասեմ դրական, կհավատա՞ք: Բայց գիտեք, ես համարում եմ, որ եթե մենք ինչ-որ իրավունք ենք պաշտպանում աշխարհով մեկ՝ դա պիտի լինի ոչ թե մեր իրավունքը, այլ ուրիշի: Չգիտեմ կարողացա բացատրել թե ոչ: Ասենք, դատավորն ինքն իր հարցերը չպիտի քննի, եթե իրեն անարդարություն է պատահել: Ինքը պիտի ուրիշի հարցերը քննի, ուրիշն էլ՝ իրենը: Մյուս կողմից՝ մենք պիտի մեր տանը, էստեղ, ներսում մեր հարցերը լուծենք, մինչև ընկնելն աշխարհով մեկ՝ թե որտեղ ում իրավունքներն են ոտնահարվում. երբ ու եթե այստեղ արդար ենք լուծում՝ էդ ժամանակ աշխարհով մեկ մեր կարծիքն էլ ծանրակշիռ կհնչի, ուրիշ հարցերի վերաբերյալ էլ: Ոչ թե էգոիստական լինենք՝ այլ ալտրուիստական ամեն հնարավոր հարցում, այսինքն երբ դա տակտիկա է, երբ մեր կոնկրետ կյանքն արդեն ապահովված է:

Ես պիտի փորձեմ ձեզ բացատրել, դա ժամանակ կպահանջի, թե իմ ու իմ թմի՝ մեր նախասիրությունները որոնք են: Մենք ապագային ենք ուղղված ու ապագա ենք կերտում: Պետությունը մեզ համար գործիք է՝ մարդկանց կյանքը լավ դասավորելու, հաջող կազմակերպելու համար: Դրա համար մենք գտնվում ենք պրոյեկտային պարադիգմում, պրոյեկտներ ենք իրագործում: Մենք մենեջմենթի մասնագետ ենք: Ես կասեի՝ մեր լոզունգը կարող էր լինել «մենեջմենթ, ոչ թե ցեղասպանություն ու լաց ու կոծ»: Մենեջմենթը նշանակում է լիդերություն, էռուձիցիա, վստահություն նախօրոք: Նույնիսկ եթե չարդարացավ՝ վստահելն ավելի ճիշտ է, ստատիստիկորեն, շահեկան, քան չվստահելը հենց սկզբից: Բոլոր մարդկանց իշխանավորում. օրինակ ծառայել գործով. խրախուսել ինչը որ լավ է ստացվում. ճիշտ հարաբերություն գտնել և պահպանել և զարգացնել բացահայտի և թաքունի միջև. կոմունիկացիա, կոմունիկացիա, կոմունիկացիա, կասեր Լենինը. լավ վճարել՝ լավ աշխատել. հենվել գիտության վրա... Շատ բաներ կան դրանում:

Ես մտքումս անընդհատ վերախաղարկում եմ էն բոլոր բաները, որոնցով զբաղվում ենք, որ տեսնեմ էլ ինչ է հնարավոր, ինչ նոր կապեր կարելի է հաստատել ում և ինչերի միջև, էլ ով կամ ինչը կա բաց թողնված, էլ որտեղ նայել, ում կամ ինչը բերել ո՛ր կոնտեքստ: Քարկտիկի պես՝ մտքումս քցում-բռնում եմ անընդհատ, էլ ում ինչի հետ կապեմ, էլ ինչ կարծրատիպ է մեջս կամ մարդկանց մեջ մնացել՝ որ քանդեմ ու օգուտ կլինի:

Թվում է թե այդպես սևեռված չլինելը սեփական պրոյեկտի նպատակի վրա սխալ է, բայց ես նկատել եմ, որ շրջանակն այդպես բաց պահելն ու պարբերաբար թարմացնելն օգնում է ինձ ու մարդկանց, թիմին՝ տեսլական ունենալ, տեսնել թե էլ ուր կարող ենք գնալ, ինչն ենք բաց թողել, ուրիշ ինչ հնարավորություն կա չօգտագործած... Իմ համար ամենասուրբ բանն արված ու ավարտված գործն է: Գաղափարներ ես չեմ գնահատում շատ, գաղափարներն էժան են, կուչկա ռուբլյ, ամենասուրբ գործը՝ գործն ավարտին հասցնելն է, լուրջ, լավ, կատարյալին մոտ ավարտին, հենված՝ ճիշտ գաղափարի վրա, միլիոններից մեկի, ու որ դա ստացվում է՝ հազարավոր գաղափարներ էդ, թվում է թե, մի գործով նույնպես իրագործվում են:

Էս ամեն ինչը տեխնիկական է, ինչպես տեսնում եք, ես որպես մենեջեր ու մտագործունեության մասնագետ՝ բովանդակության մեջ հաճախ չեմ ընկղմվում ու երբ ընկղմվում եմ էլ՝ դա անում եմ հիշելով, որ բովանդակությունն իմ գործը չէ, այն այդքան կարևոր էլ չէ, եթե ձևը, համակարգը, մեթոդը ճիշտ է դրված՝ բովանդակությունն էլ ճիշտը կաշխատի:

Այսինքն ձեզ համար միևնու՞յն է, ինչ կկատարվի:

Ոչ թե միևնույն է, այլ աշխարհում այնքան հնարավորություն կա... Աշխարհը բաց է, քայլիր այս կողմ, այն կողմ, արա ինչ կուզես՝ եթե մյուսներին չես խանգարում, զարգացիր... Բոլոր ձվերը մի զամբյուղ մի դիր... Եթե ձևը ճիշտ է ընտրված՝ բովանդակությունն էլ ճիշտ կլինի ու միակ՝ որն այդ ձևում հնարավոր է... բայց՝ լիքը, չէ որ ձևերը տարողունակ բաներ են... Գտնվում ես այս պահին՝ այստեղ ու հիմա, այս քրոնոտոպի մեջ. ունես տեսլական: Պրոցեսը ճշգրտիր: Եթե ճիշտ ու արդար պրոցեսով ես շարժվում դեպ իրատեսական տեսլական՝ մաքսիմացնելով հնարավորությունները, օգտագործելով դեմդ եկող դեպքը, - ապա վաղ թե ուշ օգուտը մեծ կլինի: Ճիշտ մարդկանց գտիր որ աշխատասեր են, պրոցեսին ճիշտ կլինեն հավատարիմ, ու տեսլականդ կիսում ու զարգացնում են: Մի պերիոդ հետո հաջողությունների տարափ է սկսվելու:

Էդ համակարգն էդքան բաց ես թողնու՞մ:

Հա, հենց տենց էդքան բաց ու մեծ: Սև երախի պես: Դատարկ:

Քեզ չեն հասկանա:

Վստահություն է պետք: Թող սկզբից չհասկանան: Մի քիչ հետո իրավիճակը կդզվի: Էդ բովանդակության հարցով էլ՝ չկարծեք թե լրիվ անմասն եմ: Այ հենց որ էն հանձնաժողովները կազմվեցին՝ հետազոտելու ենք լյուստրացիայի կարիքը, այսինքն՝ քսաներորդ դարի կնճիռները, ժողովրդին ենք հրամցնելու, ստալինյան տեռոր և այլն, մեր նոր պետականության պատմությունը, ով ու ինչպես էր մեր օրենքները ստեղծում, պետությունը գծագրում, նաև իհարկե քսաներորդ դարասկիզբը՝ ցեղասպանությունն ու առաջին հանրապետության առաջացումը... Էս էդպիսի լիքը թեմա ունեմ: Սփյուռքի ու տեղացիների միջև երկխոսություն է լինելու մասշտաբային, մշակութային և այլն հարցերով... Եվ մի բան էլ հաշվի առեք. թվում է թե մեր ազգը փոքր է, բայց իրականում այդպես չէ, ամեն տեսակ ուժից էլ կա, ամեն մասնագետ, ամեն կարողություն: Էդ հաշվի առեք: Ազգիս մարդկային շուկան շատ մեծ է ու բազմազան: Մենք՝ մենեջերներս, էկլեկտիկ ենք ու պրագմածիկ. որտեղից կարանք՝ օգտվում ենք, ումից կարանք՝ դաս ու խորհուրդ քաղում, թեկուզ սատանից: Մեր միակ տոռմուզը մեր բարոյականությունն ա: Իրա հիմնական թեզն ա՝ խելքը բարի է, և հակառակը. բարին է խելոք: Եվ ուժեղ: Որտև խելքն ուժ է: Բարին ուժ է: Պետրոսը թուշը շուռ էր տալիս ոչ թե թուլությունից՝ այլ որտև հսկա էր ինքը, մտածում էր՝ էս երեխեքն ուզում են մի հատ էլ սիլլեն՝ ոչինչ, մեղք են, կդիմանամ: Ս մենյա նյե ուբուձիտ:

Պետրոսն իրար խառնվեց:

― Ե՞ս:

― Չէ, ասացի, դու չէ, էն մյուս Պետրոսը: Բայց դու էլ ոչինչ:

Դուք ըստ ձեր մասնագիտություններից մեկի կոնֆլիկտաբան եք: Դա ինչպե՞ս է օգնում ձեր գործունեությանը:

Այո, ես կոնֆլիկտաբան եմ, քաղաքագետ եմ, և այլն և այլն: Ինչպես և մեր ժողովրդի ստվար հատվածը: Ճակատագրի բերումով: Դա նշանակում է, որ ես պիտի ուշադիր լինեմ բոլոր գոյություն ունեցող տեսությունների ու գիտությունների նկատմամբ, որ հասկանամ, թե ինչ է կատարվում. իշխանության, ուժի, հասարակագիտության բոլոր ուղղությունների մեջ կամ գոնե ինչքան որ կարող եմ՝ կարողանամ կողմնորոշվել, զարգացումներին հետևել: Աշխարհն էսօր ռակետի պես է խոյանում: Անցյալում ինչ իմաստություն կար-չկար՝ բոլորն էստեղ է, քո տրամադրության տակ: Հոբբս ու Լոկկ, ռեալպոլիտիկ և իդեալպոլիտիկ, Հաբերմաս և Վեբեր, գեոպոլիտիկա և դավադրությունների տեսություն, խաղերի տեսություն, որոշումների ընդունման տեսություն, պրոցեսների ֆասիլիտացիա, մարդկային տեխնոլոգիաներ և այլն: Այդ ամենն օգնում է ճիշտ որոշում կայացնելուն, բայց գլխավորը մնում են մարդու բնազդը ինչպես նաև՝ իշխանակարող մարդկանց հատուկ որոշակի բնութագրումներ:

Օրինա՞կ:

Օրինակ՝ այդպիսի ասույթ կա, որ իշխանակարողը պիտի ունակ լինի մարդ սպանել:

Իսկ դուք կարո՞ղ եք:

Ես՝ ոչ, բայց ես իշխանության չեմ ձգտում, ես զուտ կազմակերպիչ եմ: Իհարկե, նա կարող է կարողանալ և երբեք դա չանել: Իհարկե, այստեղ էլ նյուանսներ կան՝ ռազմի դաշտում թե ոչ, թշնամու թե ոչ, մարդուն ուղարկել մահվան հանուն հայրենիքի թե ոչ և այլն: Իսկ ես՝ ընդհակառակը, կարելի է ասել՝ պացիֆիստին մոտիկ բան եմ, ես նույնիսկ համարում եմ, որ հաղթանակ ու մրցույթ հասկացությունները պետք չէ չարաշահել:

Ի՞նչ իմաստով:

Այն իմաստով, որ հաղթանակը եթե համամարդկային է՝ ապա ճիշտ հաղթանակ է, իսկ եթե մասնավոր է՝ ապա հարցական, ու չարժի այն շատ ընդգծել: Պետք է համեստ լինել: Նույն կերպ՝ մրցույթը. ելնում է այն դրույթից՝ որ աշխարհում պակաս կա ռեսուրսի, բոլորին հավասարապես չի հերիքի: Իսկ ես այդ իմաստով կոմունիզմին եմ հավատում. որ աշխարհում կա ու ստեղծվում է բավարար ռեսուրս, միայն թե բաշխվում է անարդար կերպով, ինչը պետք է փոխել:

Դուք ազատ շուկային դե՞մ եք: Ոչ այնքանով, որքանով այն տալիս է շանս՝ դրսևորել մարդու ստեղծագործ ունակություններն ու զարգացում ապահովել: Ապրանքի, մարդու, գաղափարի, գիտելիքի, տվյալի ազատ տեղաշարժ անհրաժեշտ է: Սակայն լիքը բան կա, որ ազատ կամ անազատ շուկան չի ծածկում, դա պիտի ծածկեն ուրիշները՝ պետական օրգանները, հարուստ ինտելեկտուալները, մտածող մարդիկ...

Իսկ չեք վախենու՞մ, որ ձեզ պես պացիֆիստն այս պետությունը՝ թշնամիներով շրջապատված՝ տանուլ տա:

Ես միանձնյա չեմ որոշում կայացնում: Ամենակարևորն է՝ ապահովել, որ ամեն ինչ լինի քիչ թե շատ արդար:

Դրա գաղտնիքն է՞լ գիտեք: Ինչպե՞ս դա անել:

Դե գուցե ոչ լրիվ ու այս պահին չկարողանամ բացատրել, բայց իհարկե գիտեմ մի քիչ: Մարդիկ հետ են սովորել արդարությունից՝ որովհետև ոմանք, եկեք անուններ չտանք, մորեխի պարսի պես իրենց կլանով-բանով եկել-թառել են այս ժողովրդի բկանը՝ ու խժռում են անկանգ ամեն ինչ, մոռացած խիղճ ու հասկացողություն: Դա կասեցվելու է: Վերջացավ: Մենք այդպիսի մրցակցություն չենք ուզում՝ բոլորի պատերազմ բոլորի դեմ. մենք ուզում ենք շնորհքների, տաղանդների մրցակցություն ու ավելի շատ՝ համագործակցություն:

Մի տատիկ վեր կացավ. Դու այդքան բան ասում եք ու ի վերջո մի կոնկրետ բան չեք ասում. դուք ի վերջո մեր հայ ազգին լավ ե՞ս նայելու այ ջանիկ ջան:

Քիչ էր մնում իմ խասյաթի համաձայն ինադով ասեի չէ հա, ճիշտ հակառակը՝ վատ, ու իմիջս դեռ մի կարգին չսկսած մեկընդմիշտ փլվեր: Նունեն տատիկին լռեցրեց ու տեղը նստեցրեց: Վաստակավոր ժուռնալիստուհի էր՝ «Գոլոս Արմենիից»: Քթի տակ մրթմրթում էր.

― Ափսոս չէր Սերժը, գոնե իրա վախտով մեր համար ձևը գտել ապրում էինք, հասկանում էինք, ուզածն ինչ էր:

Էդպես բաց ծակերով գաղափարախոսությու՞ն կլինի, ասաց Սաթիկը:

Չգիտեմ: Ես պրոցեսի մարդ եմ: Մտածմունքի՝ բայց նախ և առաջ ինստինկտի: Երբ պետք է, երբ հարցը սուր է դրված՝ հստակ գիտեմ թե ի՛նչ պետք է անել ո՛ր պահին: Իսկ ընդհանուր զարգացման դեպքում՝ ճամփաները բաց եմ թողնում ու շոշափելով առաջ գնում քայլ առ քայլ, օգուտը կուտակելով, ու կուտակելով էն օգուտը՝ որը ստացվում է, բայց՝ արդարության վրա հիմնված: Չեմ կարող խոստանալ, բայց համոզված եմ՝ ստացվելու է: Էդ գրավոր ստրատեգիաներին ես շատ չեմ հավատում:

Հետո Լևոնի մասին էլի զրույց սկսվեց, բայց արագ հանգավ: Վիոլետն էլ նույնիսկ չհասցրեց բան ասի:

Մեսրոպը՝ ընդհակառակը, ծափ էր տալիս:

Վերջում Նունեն ասաց.

Գևորգ ջան, կարելի է մի հարց էլ ես տամ, չես վախենու՞մ էդ գործին լծվելուց էս երկրում, որն էսքան ծանր վիճակի մեջ է, ու ամեն մեկը սիրում է իրեն պրեզիդենտ երևակայել, ու դու ոչ մի առանձնահատուկ լծակ էլ չունես:

Նուն ջան դուք կաք իմ շուրջ... սկսեմ վերջից... առանց ձեր օգնության բան չի ստացվի... հետո ես պրեզիդենտ լինել չեմ պատրաստվում, երբևէ մտքովս չի անցել... ժամանակավորապես ինձ հրավիրեցին՝ կարգի գցեմ համակարգն ու ղրաղ քաշվեմ... Միակ բանը որ վախենում եմ՝ առողջականս է, կդիմանա թե ոչ, բայց կաշխատեմ արագ փասափուսես էստեղից հավաքել, այսինքն շատ չպիտի դիմանաք ինձ ժողովուրդ...

Հա, կներես, ես ուղղակի ուզում էի մի քիչ պարզաբանեինք, իսկ դու ինչ կուզեիր մեզ ասել:

Ժողովուրդ, ասացի, դժվար է լինելու: Ձեզնից շատ բան է կախված: Դիտեք: Հետաքննեք: Իմացեք, որ շատ փող չի լինելու առաջին շրջանում: Էս երկրում սով չկա, չի եղել ու չի լինելու: Սովը մարդու ուղեղում է, ցեղասպանությունների, Կամչատկայի տրամվայի, տրավմայի հետևանք: Ժուռնալիստիկան դառնալու է այս կառավարման աջ ձեռքը: Առանց ձեզ, առանց ձեզնից եկող ինֆորմացիայի անհնարին է լինելու: Մի քիչ զուսպ եղեք: Հետևությունները պատասխանատու արեք: Մեզ բոլորիս օգնեք: Եթե դուք չլինեիք՝ սա չէր ստացվելու: Ձեզնից շատ-շատերի հետ ինչով ասես չենք անցել: Հիմա մնում է էս նեղ մաջալին՝ միասին նոր, նորից, նորովի պետություն կառուցենք: Շատ ու շատ փոփոխություններ են սպասվում, շատ ու շատ խորը, բայց՝ դեպի լավը, ոչ վախենալի, վախենալու բան չկա: Ուղղակի պտի սովորենք՝ ռիսկի մեջ ապրենք, առանց էն էլ քանի տարի ա տենց ա, ուղղակի դա պիտի գիտակցության բաց դաշտ հանենք, ու որ գիտես որ տենց ես ապրում՝ ռիսկերն էլ տանելի ու հաշվարկելի են դառնում կամաց-կամաց: Ոչ թե տրամվայի՝ ռիսկի մեջ:

Ես ուզում եմ ձեզ բացատրեմ Հայաստանի միսսիան: Արևմուտքը ճգնաժամ է ապրում: Նրանք կորցրել են իրենց կյանքի իմաստը: Շեղվում են ճիշտ ուղղությունից: Բայց մեկ է իրենք շատ զարգացած են, արդար, գեղեցիկ, հարմարավետ, համեմատաբար: Իրենք կարող են իրենց թույլ տալ ճգնաժամում լինել, բայց աշխարհը դրանից տուժում է: Արևելքը երբեք էլ այդ ուղղությանը չի հավատացել: Որտև խաբված է, ինքն իրեն հոշոտել է սովոր: Մենք ժամանակին արևմուտքին իր ապագա ուղղությունն ենք ցույց տվել՝ մեր ճարտարապետությամբ, մեր կրոնով, մեր նարեկով: Հիմա պիտի նորից էդ անենք. սաղ աշխարհին բացատրենք, որ ճիշտը դա է. որ մարդ ապրում է ստեղծագործելու ու երջանկության համար, որ գիտությունն է օգնում դրան հասնել, որ միշտ կա ճշմարտություն, որ բարին ու լավն ավելի շատ են աշխարհում, քան չարն ու սխալն ու իրար հոշոտելը, այլապես մենք ու ոչ ոք գոյություն չէր ունենա: Որ ռելյատիվիզմը, պոստմոդեռնիզմը լավ բան են՝ բայց իրականում դա միայն միջոց է՝ դոգմատիզմի թակարդը չընկնելու, այլ ոչ թե ճշմարտության բացակայության ապացույց: Ու որ մենք պիտի դրա վրա հենվենք ու ուրիշներին էլ ուղեցույց հանդիսանանք՝ որ կյանքի իմաստ շատ լավ էլ կա, որ այն ապագային է ուղղված և ոչ թե անցյալին, և որ այն այն է՝ ինչ մենք իրագործում ենք: Մարդկության մասշտաբով: Էդքան բան: Մենք պիտի Արևմուտք երևակայենք՝ առանց իրա թերությունների, ու ողջ աշխարհին ներկայացնենք էդ հեռանկարը, Արևմուտքին էլ հետը: Մենք՝ հայերս, ու բոլոր մեր համակիրներն ու մեզ հասկացողները՝ ներառյալ մեր հակառակորդներն ու չհամակիրները. ով որ համաձայն է էս խնդիրներին՝ հայ է:

Ո՞վ է քեզ հասկանալու:

Ոչինչ, կհասկանան, Հեգելին էլ հասկացողներ են եղել:

Վերջացրինք: Նուն ջան, շատ մերսի, ասացի: Ինչ ես ասում Գևորգ ջան, քեզ մերսի, ասաց: Առանց քեզ բան չէր ստացվի, ասացի: Բայց դու ամեն ինչ բացատրեցիր, ասաց: Մեկ-մեկ ինձ գիտես չէ ինչ եմ զգում, ասացի: Ինչ, ասաց: Անիրավ ուզուրպատոր, ասացի, դերասան, որն արթնացել է ոչ իր դերում: Հիմա-հիմա, թվում է, հետ կարթնացնեն ու վզակոթիցս բռնած՝ որպես իրավախախտ ու տեռորիստ կտանեն զնդան-գիլյոծին: Նախ՝ շատ էլ իսկը քո դերն ա աչքիս, ասաց, երկրորդ՝ էդ հլը շուտ ա, մի քիչ որ անցնի՝ նոր տենց քեզ զգա: Դու կասե՞ս, թե տենց բան նկատես որ մոտս սկսվել ա: Գլխապտույտ: Չէ, ես բա տենց բաներ ասող ե՞մ: Բայց ախր Նուն ջան դու որ չասես էլ ո՞վ կասի: Լիքը ասող կգտնվի: Դե լավ, դե որ շատ ես ուզում՝ կասեմ: Չասես վախեցա: Բայց վախենամ էդ որ արդեն ասելու բան լինի՝ խոսքս չընդունես ու ինձ բռնել տաս: Վայ, էդ ինչեր ես խոսում: Ծիպուն ծիբե նա յազիկ: Ինչի քեզ համար դա նորություն է՞, որ այդպես է լինում: Ղզիկ ըլնեմ թե տենց անեմ, ասցի: Լավ, տեսնենք, ասեց ժպտալով՝ ինձ նայելով խոր քույրական հայացքով:

Վերջ երրորդ մասի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter