Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Ապագա գյուղում սպասում են «Սասունցիներ»-ի վերածննդին․ սկսվել է հանգանակություն


«Էն բեղերովը կտենա՞ս: Էն Սարգիս Մուրադյանն է: Ընգածը Գեորգ Չաուշն է: Էն Անդրանիկն է, էս էլ Սոսեն է: Էս նկարի մեջ չորս հատ գործողուչուն կա: Համարյա իրեք ամիս տեւեց էս նկարի վրա աշխատանքը: Լավ, հիասքանչ նկարիչ էր Սարգիս Մուրադյանը: Առավոտ ստեղ էր, իրիգուն ութին ավարտում էր: Դե ինքը քաղաք էր կապրեր: Իրա ներկերը որ կբացեր, ոչ մեկ չգիտեր՝ ոնց էր կբացեր: Շատ վախտ պիվա էր կխառներ ներկի հետ: Մի օր հարցրեցի՝ ընկեր Մուրադյան, էս ինչի՞ կխառնեք, ասաց՝ որովհետեւ էսի նկարը թարմ կպայե: Հիմա նկարը թարմացնելու կարիք ունի»,-Ապագա գյուղի բնակիչ Աղվան Մարտիրոսյանն այնպես վստահ է վերլուծում «Սասունցիներ» որմնանկարը, ինչպես իր գործը լավ իմացող արվեստագետը կաներ:

Որմնանկարի գույները խամրել են: Վրան ճաքեր կան: Տեղ-տեղ գաջի հետքեր են: Այն վերանորոգման խիստ կարիք ունի:

Մեծադիր որմնանկարի կենտրոնում պատկերված է ազգային տարազով, մանկանն իր գիրկն առած, հրացանը կողքը տիրամայրը, որին սասունցիներն ասում են՝ Սոսե մայրիկն է։ Նկարի առաջին պլանում է նաեւ «Սասնա ծռեր» էպոսի մագաղաթյա մատյանը։ Նկարի ձախ մասում պատկերված է հրաձգություն՝ հայ եւ թուրք զինվորների միջեւ։ Այստեղ է Զորավար Անդրանիկը։ Նկարի աջ մասում Գեւորգ Չաուշի թաղման սգերթի տեսարանն է, որտեղ նկարիչը նաեւ իրեն է պատկերել։  

Ապագա գյուղում սասունցիները բնակեցվել են 1919 թվականին։ Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարը 44 տարի առաջ՝ 1974 թվականին, դարձավ ապագացիների խորհրդանիշը եւ էրգրի կարոտն ու ուժը փոխանցող մի ստեղծագործութուն:

 

1974 թվականին Էջմիածնի Ապագա գյուղի նորակառույց մշակույթի տունը նկարազարդելու առաջարկ են անում Սարգիս Մուրադյանին: Այդ տարիներին ազատագրական շարժումների մասին խոսելն արգելված էր, հերոսների անունները տալը՝ նույնպես: Աղվան Մարտիրոսյանը, որ այն ժամանակ, ինչպես հիմա, եղել է մշակույթի տան պահակը, պատմում է. «Մեր սովխոզի նկարը Բերին էր Խոստեխյան: Մի քանի նկար բերեցին, էսի հավնավ: Էն ժամանակ արգելում էին, չէին թողեր սենց նկարներ»:

Ապագայի յուրաքանչյուր բնակիչ՝ մեծ, թե պստիկ, սիրում են խոսել «Սասունցիներ» որմնանկարից: Անգամ երիտասարդներն այնպես են պատմում նկարի ստեղծման պատմությունը, թե ինչպես էր խորհրդային ԿԳԲ-ն արգելել դրա գոյությունը, ասես ներկա է եղել այդ ամենին:

Մշակույթի տան շահագործումը ձգձգվել է ճեմասրահի պատին նկարված «Սասունցիներ» որմնանկարի պատճառով: Հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը փորձել է որմնանկարն արգելել: Խորհրդային իշխանությունները մերժել են Անդրանիկի եւ Գեւորգ Չաուշի պատկերներով որմնանկարը: Գյուղի տղամարդիկ ընդդիմացել են: Իսկ սովխոզի նախագահ Խոստեղյանն ասել է՝ պաշտոնիցս կհրաժարվեմ, բայց նկարը պիտի մնա: Հանձնաժողովը ստիպած է եղել հատուկ նյութով փակել Գեւորգ Չաուշի բեղերը: Մեկ շաբաթ անց գյուղացիները կպչուն ժապավենները պոկել են:

Գյուղացիները պատմում են, որ որմնանկարի լուրը հասել է անգամ Խորհրդային Ադրբեջան, որտեղ բողոք են բարձրացրել, թե՝ «եղբայրական Հայաստանում» այդ ի՞նչ նկար են ստեղծել:

 

Ապագայում այնքան կապված են ավանդույթներին, որ խոսում են Սասնո բարբառով, իսկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում փակցված է Սասուն գավառի քարտեզը, որի վրա փակցված են յոթ ամրակներ: Դրանցով նշված են այն յոթ գյուղերը, որտեղից էլ գաղթել եւ Արարատյան դաշտում վերաբնակեցվել են Ապագա գյուղի հիմնադիրները: «Սասունցիներ»-ն այստեղ ամեն-ամենա արժեքներից մեկն է:

 

Համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանը եւ Սարգիս Մուրադյանի դուստրը՝ Զարուհի Մուրադյանը, տարիներ առաջ որմնանկարի ռեստավրացիայի հարցով դիմել են Մշակույթի նախարարություն։ Նախարարության փորձագիտական հանձնաժողովը 2016 թվականին նկարին տվել է հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Սակայն ռեստավրացիայի աշխատանքներն առաջ չեն գնացել։ Նախարարությունը պարզաբանել է, որ անհրաժեշտ գումար չկա, եւ որ գումարի առկայության դեպքում առաջնահերթ կնորոգվեին վտանգված միջնադարյան հուշարձանները։

Սակայն այս տարի նախարարությունն ինքը հայտարարել է հանգանակության մասին, որի միջոցները պետք է ուղղվեն նորահայտ այս հուշարձանի վերանորոգմանը: Նախարարությունը բոլոր մասնավոր ներդրողներին, բարերարներին ու անհատներին կոչ է անում ֆինանսապես աջակցել  «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման, ամրակայման եւ նորոգման աշխատանքների իրականացման գործընթացին:

Իտալացի մասնագետներ Արա Զարյանը եւ Քրիստին Լամուղէն Սարգիս Մուրադյանի դստեր՝ Զարուհի Մուրադյանի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել անվարձահատույց վերականգնել որմնանկարը: Անհրաժեշտ են միջոցներ բացառապես նրանց ճանապարհածախսի, գիշերակացի եւ նյութերի համար: Մասնագիտական աշխատանքը նկարիչները կատարելու են անվճար: Ըստ վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի, այդ ամբողջ ծախսը կկազմի 6160 եվրոյին համարժեք դրամ:

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահը մեզ է տրամադրել հանգանակության համար բացված հաշվեհամարները:

ԱՐԴՇԻՆԲԱՆԿ՝

2475907059160000- AMD
2475907059160010- EURO
2475907059160020 - RUR
2475907059160030 - USD

Մշակույթի նախարարությունը, Հանրային ռադիոն, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը եւ «Կադանս» անսամբլը համատեղ նախաձեռնել են բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը կուղղվի որմնանկարի վերականգնման գործին: Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Լուսանկարները՝ հեղինակի 


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (2)
1. Նորայր Խոստեխյան16:44 - 25 օգոստոսի, 2018
Պապիկիս նախաձեռնություննա եղել. Իրա նման հայրենասերներ մեր օրերում շատ քիչեն.
2. Մինաս18:49 - 25 օգոստոսի, 2018
Դրանցով նշված են այն յոթ գյուղերը, որտեղից էլ գաղթել եւ Արարատյան դաշտում վերաբնակեցվել են Ապագա գյուղի հիմնադիրները: «Սասունցիներ»-ն այստեղ ամեն-ամենա արժեքներից մեկն է:.....ամեն-ամենա․․․․․․այս հայերեն չէ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։