ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Կարճ բարդիների հարցը. մաս 4-րդ

Գևորգ Տեր-Գաբրիելյան

Առաջին մասը տե՛ս այստեղ , Երկրորդ մասը տե՛ս այստեղ։ Երրորդ մասը տե՛ս այստեղ

Հեղինակի կողմից

Սա գրվել է մոտավորապես 2014 թվականի հունիսին և չի հրապարակվել, անվստահությունից (ստացվել է, թե ոչ) թե՝ վախից, որ սովետական ցենզուրա ապրած ես-ըս վերականգնեց այդ թվերին... Հանկարծ ու բան չպատահի մոտիկներիս՝ նշվածներին... Առնվազն՝ հանկարծ ու չծաղրեն... «Царь горы», ասում են ռուսերեն իմ պես անձանց... Այժմ «գզրոցից» հանեցի...

Սա մի երևակայական պատմություն է այն մասին, թե ինչպես ես ժամանակավորապես եկա իշխանության: Չէ որ ամեն հայ երազում է լինել թագավոր, թագուհի կամ պրեզիդենտ: Գործող անձինք երբեմն հորինովի են, երբեմն՝ կյանքից վերցված, սակայն բոլոր դեպքերում նրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրում այն արարքների համար, որոնք կատարում են այս տեքստում, կամ այն զրույցների համար, որ իրենց անունից ծավալվում են այստեղ:

Այժմ, հեղափոխությունից հետո, սա կարող է թվալ հնացած, և ավելի լավ. կարելի է տեսնել, թե որքան սահմանափակ էր իմ երևակայությունը համեմատած նրան, թե ինչպես այդ ամենն իրականում տեղի ունեցավ չորս տարի հետո: Այն օրերը գրած տեքստում ես ոչ մի նշանակալի բան չեմ փոփոխել, աշխատել եմ ազնիվ լինել այն օրերի ինձ դեմ հանդիման:

Օգոստոս 2018

********

Մյուս ժողովին ով ասես չկար: Բաժնի վարիչներ, տեսուչներ, տեղակալներ ցեպիտ էին տվել: Ինչ-որ տարօրինակ սպիտակ չալմաներով մի երկու մարդ կար: Է՞ս ովքեր են: Բեդվինները, ասաց Վահագնը: Զարմացա: Որ պարսիկ ասեր՝ չէի զարմանա, բայց ով գիտի, երևի դելեգացիա էր: Մի ղարաբաղցի մոտեցավ:

― Ազգը լինի, գոյատևի, հարմարվի, ― ասում էի ես այդ պահին:

― Դու հայրենասեր ես, դրա համար չեմ ատում, ― ասաց: ― Թե չէ ես դաշնակից էլ բեթար եմ, բայց՝ սյուս իմ կինում, տեհամ հը՛նչ իս ինիլու:

― Ինչի Սակունցը դաշնակից էլ բեթար չէ՞, ― հակաճառեցի: ― Ես էլ եմ ղարաբաղցի, ― ասացի: ― Դա հարմար է. Իրանից Ուրմիան եմ ուզելու, որ վերականգնեն: Ինձ ինքնացեղասպանությունն է հետաքրքրում: Առողջ պնդություն ու էներգիա է մեզ պետք: Ինտրավերտն էլ վատ բան չի, բայց էքստրավերտն ա հիմա պետք, իսկ ամենալավ էքստրավերտներն ինտրավերտներն են:

― Վանոյի պես, հա՞: «Տորթը բերեք, տորթը կերեք, նոր տարի է, ուրախացեք»:

― Վանոյի պես՝ դու հիմա բանաստեղծություն կասեիր:

― Հիմար, ինքը բանաստեղծ չի, արձակագիր ա: Թե էդ բանաստեղծ լինելն ով ա հնարել, իրա ու Վազգենի մասին: Ինչ անգրագետներ:

― Բանաստեղծություն ես ուզում՝ ահա.

Ղարաբաղի մենք խաթեր
Կյանք հո չենք տա չէ մի չէ
Դուք գնացեք ու կռվեք
Իսկ մենք էստեղ թագավեր
Թախտին նստենք ընկնենք վեր
Գերքդ լինենք թագավեր
Սատանա տամ պռավիտ, բան...

Չգիտես որտեղից լույս ընկած բանաստեղծն արտասանում էր, իսկ ես մտածում. «Ջրհորի մեջ եմ: Ի՞նչ անեմ: Առայժմ միայն տնային աշխատանքներ ունեմ նախապատրաստած... Շուխուռը շատ ա, նորությունը քիչ, հա՞: Ախր պետք ա նաև տեղերով շուռ տալ... ես ոչ թե հրաման տվող՝ այլ կատարող... Ոչ թե ես եմ խոսում Պուտինի հետ, այլ՝ ինքն ինձ հետ, որպես մեծ եղբայր, կոշիկիս արձակված շնուռոկը կապում, էն ամերիկյան կինոյի պես... Բա ինչ ասեմ, հո չեմ խաբելու: Պիտի ասեմ-խոսեմ ձիպլոմածիկ՝ մինչև միջիցս դուրս չգա իմ ներքինը՝ իմաստունի կախարդական փայտիկով՝ մուզիկայի պես՝ պահի տակ՝ ճիշտ ձևակերպված: Գորգի տակ երբ մեր հողը ելավ, Դունսինան անտառ: Մենեջերն իմպրովիզի վարպետ է: Նա չգիտի, անհնարինն ինչ է: Գաղափարը շուռ տուր: Չափազանցրու: Սխալացրու: Տես ինչ կստացվի:

Մեկը փսփսաց ականջիս.

― Բռչոն ձեր մասին իմացե ու կախվել է:

― Այո, ― ասացի, ― ձեզ էլ եմ խորհուրդ տալիս:

Աբառոտկեն մոտս վատ չի ստացվում, մանավանդ ուժի դիրքից:

Հանկարծ Սուրենը, որ շփոթվել էր, որ չկարողացավ նախորդ անգամ խոսել՝ հանկարծ վրա տվեց.

Բայց էդ ամենը հին պառադիգմի մեջ ա մտնում... Նոր բան պետք ա մտածել հերիք չի՝ նաև վերջնական արդյունքի հասնել... որ անհերքելի, աներկբայելի, ակնառու՝ երևա ու համոզի: Քչություն-շատությունը մարդկանց քանակի հետ է կապված: Մեր միսսիան. Պուտինն ասում է ռուսական աշխարհ՝ դա շատ փոքր է, ես ասում եմ աշխարհը հայկական է. այսինքն պիտ նայենք ոչ թե ով է հայ ծնունդով՝ այլ ցանկացած հայի գործողություն աշխարհում մկրտենք, արժևորենք որպես հայոց գործողություն...

Էդ նույն բանն ես ասում:

Ո՞նց:

Տենց: Պուտինի հակառակը կլիներ՝ թե ասեիր ցանկացած լավ, կամ էսինչ-էնինչ գործողություն աշխարհում որ հավանում ես՝ մկրտենք հայկական:

Լավ: Լավ ասցիր: Չեխական կոշիկ, աղջիկ՝ հայկական գործողություն: Եթե ասեի հայկական աշխարհ՝ շատ փոքր կստացվեր, սփյուռք, բան, որտև ուրեմն ով էթնիկ հայ է, ով չէ՝ դա է գլխավորը դառնում: Ազգի մարմինը: Իսկ ինձ համար ազգն աշխարհը վերափոխողն է: Ափսոս՝ աշխարհում դա բավական կա, իսկ Հայաստանում՝ համեմատաբար քիչ: Սրանից էլ ձեր գործը՝ հայի գործն արժևորել, որտև քանի լեզու չունի՝ համարիր որ չկա: Քանի հայտնի չէ՝ չկա: Տեքստը չկա՝ ինքը չկա:

Էլի սխալվում ես:

Ինչու՞:

Ոչ թե հայի գործը՝ այլ ցանկացած գործ՝ հայկականի պես արժևորել՝ եթե արժանի է, լավ գործ է մարդկության համար:

Գլուխը թափահարեց. շարունակեց: Ահա և ես ձեռք բերեցի խոսքի օգնական. անձնական Գեբբելս. բայց լավ է խոսում սրիկան, թող խոսի. լսում են:

Մեր վեճը բոլորի աչքի առջև... տակտիկորեն սխա՞լ էր որ... Չգիտեմ: Թող տեսնեն, որ բաց ենք քննարկում դժվար հարցերը:

Սուրենը շարունակեց:

Մասնագետն ինքն էլ չգիտի՝ ինքը ինչ գիտի, ինչն է պետք. դիլետանտը գալիս է՝ ու հարցեր տալով՝ մասնագետից կորզում: Մասնագետը ռամկայի մեջ է: Կոռումպացված մասնագետների ձեռն էինք ընկել, ասենք՝ սովետական թեկնածու տնտեսագետների, -որի պատճառով էլ էս վիճակի մեջ ընկանք ու դարձանք կովկասյան սատկած վագր: Ռամկեք ճղողներ են մեզ պետք: Հարցեր տալով՝ մի ռամկից մյուսը ճղելով՝ դիլետանտն ի վերջո, տարիների ընթացքում, դառնում է մետամասնագետ:

Քաղաքականությունը բարին է, ասում է Հռոմի պապը, որտև ուրիշների համար է: Այն նաև իշխանության մասին է, որովհետև աշխարհի ամենակարևոր բանն է: Աշխարհի ամենաբարդ բանն է՝ իշխանությունն առանց քաղաքականության: Պամեշչիկն իր ճորտերով: Սխալվելով՝ վերից վար են շուռ տվել՝ և կարծում են թե քաղաքականության մեջ ամենագլխավորն իշխանությունն է: Ոչ, դա միայն միջոց է: Գլխավորը ծառայելն է: Ծրագիր անելը: Կարծում են թե՝ իշխանությունը: Հասկանում են, որ դրանով լյուբոյը կարող է զբաղվել, ունի օնթոլոգիական իրավունք՝ քաղաքականությամբ զբաղվելու, և ուրեմն համարում են որ դա նրանից է՝ որ այն իշխանության մասին է: Մինչդեռ՝ ոչ. դրանով ամենքն իրավունք ունի զբաղվելու՝ որտև դա ամենքի մասին է ու ամեն մեկի արածի տեսանկյուն: Իշխանությունն ուղղակի դրան տված պատվավոր միջոց է՝ նպատակ իրագործելը հնարավոր դարձնելու համար:

Ես էդ բառը կվերացնեի, միշտ շեղում է: Փոխարենն իշխան ձուկը կվերականգնեի:

Դրանով ամեն ոք իրավունք ունի զբաղվելու, և եթե որոշեց՝ ոչ մի օրենք իրա համար գրված չէ, նա հավասար է իշխանավորին, և եթե իշխանավորն ուզուրպացրել է քաղաքականությամբ զբաղվելը՝ այդ ամեն ոքն իրավունք ունի նրա դեմ ելնել և նրան վռնդել, պատվանդանից շպրտել, եթե նա ողջ հասարակության, պետության անունից խոսելու իրավունքն ուզուրպացրել է՝ արժանի է արտաքսվելու: Եթե նա քեզ մանր, փոքր պրոյեկտի մասշտաբ է միայն տրամադրում՝ ասելով դու պատերազմում մեռիր, զինվոր, դու չարքաշ գյուղացի եղիր՝ իսկ ես կգնամ Նյու Յորք՝ ՄԱԿում կոֆե-կապուչինո ըմպելու ― ուրեմն նրան կարելի է քսի: Մենք փոքր ժողովուրդ ե՞նք ― ոչ, հիմա բոլոր ինքնագիտակից ժողովուրդներն են «փոքր», ու աշխարհն էլ: Եթե նա չի թողնում որ ամեն քաղաքացի աշխարհի մասշտաբով գործի՝ եթե ամենքի համեստ գործն այդ մասշտաբի չի մեկնաբանում՝ պիտի գնա: Ապակյա տանիք մենք այդ հարցում թույլ չենք տա:

Որոտաձայն ծափահարություններ:

― Պահ... Մալադե՛ց, Սուրեն, ա՛յ ասել ասացիր...

Սուրենը շառագունեց, աչքերը փայլում էին:

― Ամեն ինչն է քաղաքականություն... Գիտությունը, մասնագիտությունը, ծննդաբերությունը, ծիծ ու կուրծք տալը...

― Բա թուրքե՞րը, թուրքե՞րը:

― Իսկ թուրքերը մնացին փշալարերի վրա: Չէ, էս կատակ՝ բայց մի մոռացեք. ամեն թուրքի մեջ կա բռնաբարված հայի արյուն:

― Ամեն ինչը քննություն է, աշխատանք է, հանդիսավոր է, արդյունքի հասնելու համար է...

― Ես պրոցեսի մասնագետ եմ, ― վերջում կրկնեցի:

― Սուտ ես ասում: Դու արդյունք ես երազում ու արդյունքին ես աղոթում:

― Դե հա: Բայց դրա համար ճիշտ պրոցես պիտի դնեմ՝ ու ինչ արդյունք էլ ստացվի՝ լավը կըլնի:

― Դե դու գիտես: Թե չէ՝ քցելը հեշտ է: Էսօր կաս՝ վաղը բայբայ:

― Ինձ քցելը հեշտ է, դու ասա ձե՛զ քցեք, թե ճիշտը դա լինի: Ես՝ ի՞նչ. էսօր կամ՝ վաղը չկամ:

― Ինչի՞դ են պետք ՀԿ-ները, ― հարցրին:

― Լավ ՀԿ-ն մի նախարարության չափ գործ է անում, ու էն էլ՝ կարևոր, նորարար, ոչ թե շինծու-հնարովի: Նրանք գիտեն կառավարման ուղնուծուծը:

― Չէ մի չէ:

Ես նայում էի նրանց աչքերի մեջ, փորձում հայացքների մեջ խորանալ: Դժվար էր, փախչում էին, փախցնում, ես էի փախչում: Համարենք, որ նորից ենք ամեն ինչ սկսում: Ես շատ էի տեսել, որ, թվում է, արդեն փեդացած մարդիկ, հանկարծ նոր շունչ առած, նոր առաջադրանք ստացած՝ փոխվում են: Նորից ենք սկսում:

Ծեծված բառեր, էֆեկտիվ մենեջմենթ...

Իսկ չէ որ ես ամեն ինչը գիտեի, ամեն ինչը գիտեի՝ ինչպես անել, բայց չէի կարող ամբողջականորեն ու արագ բացատրել... Ամեն տվյալ հարցի մասին՝ պատասխանը ես գիտեի, սովորածիցս, փորձիցս, բնազդիցս ու ինտուիցիայիցս, այդ բոլորի որոշակի թրմածքից: Ամեն տվյալ հարց լուծելու լավագույն տարբերակն իմ մեջ կար: Իսկ բացատրել, ասել, թե ինչպես, ու նաև դրանց բոլորի մասին ասել, թե ինչպես՝ չէր ստացվում. մասնավորը բացատրելը երկար էր տևելու, թեև պետք էր ու կարելի էր անել: Իսկ ամբողջականը՝ էսպես ընտրական ծրագրի պես դուրս գալն ու ասելը՝ անհնար էր. ամեն բառ պիտի իր իմաստը փոխեր դրա համար: Բառերը հոգնած, հիվանդ էին: Մենակովս դա չէի կարողանալու: Թիմով՝ այո, և գործով, ոչ այդքան խոսքով: Այն էլ՝ թե շատ հուպ տայի: Թիմն էլ թե չհասցներ քայքայվել: Ես ինձ զգում էի այն «երեսուն տարի է ինչ երեք տարեկան է»՝ Բենջամինի՝ Ֆոլկների հերոսի վիճակում, և հակառակը Տարկովսկու «Հայելու» սկզբի՝ երբ կակազ տղան ասում է «ես կարող եմ խոսել». ես չէի կարող խոսել, ձևակերպել ճիշտ ձևով: Դա ինձ դարձնում էր շատախոս, շատակեր, դա թաղում էր իմ առաքելությունը ծեծված, մեռյալ բառերի մեջ ու ոչնչացնում իրականը, գաղափարը, ներսիս մղումը:

Հետևիցս ընկան այդ չարաբաստիկ պրոֆեսիոնալները:

Պրոֆեսիոնալները.

Ջիդիփի պեռ կապիտա ադ աստռա:

Ռազմավարական տեսլականի չափորոշիչների պարտավորությունների բյուջեն:

Շշպռեցի.

Այդ դու չէի՞ր որ ասացիր «կովկասյան վագր»:

Կապ չունի դեմոկրատիայի հետ:

Դե էդպես դու ճիշտ ես, բայց թվերը...

Լոյեռ.

Լավ օրենք:

Որ ու՞մ օգնի: Լոգիկա՞:

Ո՞րն է քո ծրագիրը:

Բառեր չասել, կարծրացած, սուտ, իբր «պրոֆեսիոնալ»: Տեռմիններն արգելել, հանրային վայրում տռռոցի պես: Չբառաչել, որտև քյոռփա վախտ խոսել չեմ սովորել. մենակ զխկե՞լ:

Ազգ-շուկա, իննովացիա, մեր հողեր...

Տասը քոթա՛կ:

Նրանց տարան կառափնարան:

Թեթևացած շունչ քաշեցի:

Մի տասնհինգ րոպե ասացի աչքս կպցնեմ, արդեն ոտքի վրա կանգնել չէի կարողանում: Ինչ-որ դատարկ սենյակի դուռ բացեցի. Լենինի կիսանդրին էր ու կողքը երեք փոշոտ աթոռ էր դրված. իրար բերեցի ու պառկեցի, Վահագնին հրահանգեցի արթնացնել 15 րոպեից:

Երազումս համակիրներս ինձ շրջապատեցին ու՝ ասա, ասա այլ տարբերակը: Ես փախչում եմ, նրանք՝ հետապնդում... Մի նեղ նրբանցքում բռնում են ու ստիպում ասել...

Ուզում եք բացեիբաց ասե՞մ. ահա մի քանի ինքնըստինքյան միտք:

Ինչ-որ կերպ ժողովուրդը դադարում է լինել կաշառք վերցնող ու տվող, իսկ նոմենկլատուրան կամավոր ու լռելյայն խարակիրի է անում: Գալիս են ժողովրդի ընտրյալները կամ բարի ու խելոք խունտա (լավ իմաստով), որոնք ունեն հատուկ առաքելություն ու կոդեքս, հիմնված շատ գեղեցիկ արժեքների վրա, ու իրանք ուժեղ են: Հեղափոխվում է կրթական համակարգը և շուտափույթ, արագ, արտակարգ միջոցներով օգտագործվում են կրթական հատուկ միջոցներ՝ որ ժողովրդի սնապաշտությունը, սնոտիապաշտությունը, անգրագիտությունը, խորքային, մեթոդական անհասկացողությունները շտկեն, կարկտեն, ճշտեն գոնե ժամանակավորապես, քանի դեռ չի արմատացել արդեն լավ, ուրիշ, նոր, աշխարհում էդպիսինը չեղած կրթական համակարգը:

Եկեղեցին ղրաղ է քաշվում ու փաստորեն, եթե էնտեղ չմտնես, դադարում որևէ դեր կատարել, բացի անձին օգնելուց, թե վերջինս ուզեց:

Պետական ապարատը խիստ կրճատվում է, դուրս մնացածները տրենինգ են ստանում ու վարկ՝ որ փոքր ու միջին բիզնես սկսեն, իսկ քննությամբ պետության մեջ ետ եկածները՝ բարձր աշխատավարձ ու շատ ծանր, դրակոնյան հաշվետվության համակարգ՝ հատուկ տրենինգ արած հակակոռուպցիոն ոստիկանների, ՀԿ-ների և այլ «բակապան շների» հսկողության տակ: Մի քանի խարիզմատիկ անձնավորություն՝ Կիմ Քարդաշյանը, Շառլ Ազնավուրը, Ատոմ Էգոյանը և այլն, գալիս են Հայաստան ապրելու ու կոչ անում ողջ աշխարհին՝ վերադառնալ առանց վերապահումների ու սպասումների: Հենրիկ Մխիթարյանը նույնպես, իր կարիերան կտրուկ կտրելով, վերադառնում է նույն նպատակով:

Այդ ողջ ընթացքում բանակը հատուկ բարձր տագնապի վիճակում է, զուգահեռաբար ներսից բարեփոխվում է, անցում է կատարվում կամավոր-վճարովի համակարգի:

Մի քանի օլիգարխների ունեցվածքը բռնագրավում են: Մնացածները կամովի են ետ հանձնում: Բուխլիսի Խռջոն գնում է աշխատելու գազանանոցում որպես պահակ, քանի որ փոքրուց սիրում էր կենդանիներին: Իր նախկին ընկերները՝ մի քանի պրեզիդենտ, նվիրաբերություններ են անում գազանանոցին, և այն բարեփոխվում է, դառնալով աշխարհի լավագույն, ընդարձակ գազանանոցներից մեկը՝ անտառի մեջ, որում սիրում են ապրել աշխարհի բոլոր կենդանիները, իրենք հատուկ գալիս դուռը թակում են՝ թե «մեզ ընդունեք»:

Կա հատուկ ոստիկանական ջոկատ՝ կոռուպցիայի դեմ պայքարող, որ մուլտիմիլիոնատեր կասկածյալին սկզբում բռնում է, հետո սկսում քննել, օրինական է ունեցվածքը թե ոչ: Բայց իրենք անձամբ կոռումպացված չեն ու արդար են, կասկածյալներին չեն ծեծում:

Ադրբեջանի ղեկավարը պարզապես չի հասցնում ուշքի գալ, մինչև հարձակվի՝ արդեն Հայաստանն այնքան է փոխված, որ տատամսում է:

Ստեղծվում են գիտության և մշակույթի աջակցման հասարակական մի քանի հանձնաժողովներ, որոնք, հենվելով որոշակի կոդեքսների վրա, արագորեն սկսում են գումարներ հատկացնել գիտության, մշակույթի և գրականության այս կամ այն ասպարեզում դրսևորված հուսաբեր ուղղություններին. նրանց անդամներն անկաշառ են, նրանք գտնվում են հասարակական հատուկ հսկողության տակ: Առաջին հարցերից մեկը, որ նրանք լուծում են՝ աղբի վերամշակման մի շարք նորարարությունների ներդրումն է: Երկրորդը՝ դիակիզարանը: Երրորդը՝ լեզվի տեսչության հարցը: Մարատը դառնում է թվայնացման նախարար՝ էլեկտրոնային կառավարման գծով փոխվարչապետի տեղակալ:

Այդ հանձնաժողովները սերտորեն աշխատում են կրթության հեղափոխման հանձնաժողովների հետ, որոնք նույնպես մի քանիսն են: Նրանց միջև գոյություն ունի առողջ մրցակցություն, և բյուջեից նրանց ու նրանց առաջարկների ֆինանսավորումը վերահսկվում է հասարակական հարգարժան անձերի արեոպագի կողմից:

Պետբյուջեի ձևավորումն ու ծախսերի մոնիտորինգը նույնպես իրագործվում է հստակ սահմանված հասարակական մասնակցությամբ ու վերահսկողությամբ:

Միջազգային ասպարեզում աշխատողները՝ Հայաստանի քաղաքացի թե պարզապես հայ կամ համակիր, հատուկ տրենինգ են անցնում, թե ինչպես բացատրեն ԼՂ-ի ծանր հարցը, ինչպես չթշնամանան ադրբեջանցիների ու թուրքերի հետ, ինչպես նրանց դարձի բերեն, բացատրելով, որ սխալ է թշնամանալը: Նրանք ստեղծում են հատուկ վիրտուալ ակումբներ՝ քննարկելու համար իրենց անելիքները տարբեր ատյաններում, գործելու համար ըստ խորքային ռազմավարությունների, նպատակ ունենալով, որպեսզի ոչ թե իրենք ջատագովեն այս կամ այն ելքը, այլ այնպիսի պայմաններ ստեղծեն, որպեսզի հակառակորդն ինքն առաջարկի այն, ինչ իրենց և բոլորին պետք է. և դա արվում է, հաշվի առնելով նաև հակառակորդի շահը, մաքուր արդար կերպով, համատեղ շահերի խաչմերուկի վրա, բայց՝ ձևակերպված այնպիսի լեզվով, որ հակառակորդին ոչ միայն ընդունելի է, այլև նա համաձայն է, որ դա իր լեզուն էլ է: Դա շատ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանք է, դրա համար իրենք հատուկ ընտրյալներ են ու բարձր են վարձատրվում, ու դպրոց ունեն, որտեղ իրենց ձևավորում են որպես առանձնահատուկ կիրթ ու զարգացած անձնավորություններ:

Նրանց սովորեցնում են, ինչպես կապիտալիզացնել ազատ ու ճիշտ ընտրության լուսանցքային տասը տոկոսը, որը մնում է նույնիսկ որոշումներ ընդունելու ամենանեղ կարիքի դեպքում: Այդ տասը տոկոսները, որ մեր միջազգային աշխատակիցները դժվարությամբ կորզում են ու կուտակում, որակական թռիչք են ապահովում մոտ ապագայում հակամարտության հարցում: Նրանց նշանաբաններից են. «Ոչ թե ռեակտիվ, այլ պրոակտիվ». «Ոչ թե պայքարել, այլ համագործակցել». «Միայն այնպիսի առաջարկներ, որոնցից անհնարին է հրաժարվել». «Մաքուր հոգի, ստեղծագործ ու իմաստուն». «Ճանաչիր դիմացինիդ և մի մոռացիր, որ ճանաչել ու սիրել ես, քանզի ճանաչել առանց սիրո անհնարին է»: Եվ այլն: Նրանց անունը դնում են «Միսթր տասը տոկոսներ»:

Ռուսաստանաբնակները հատուկ համակարգ են ստեղծում համագործակցելու համար ռուսաստանյան նոմենկլատուրայի հետ. նրանք դադարում են ա) լինել անգրագետ ու հայերեն ու ռուսերեն չիմացող ու բ) քծնող Պուտինին. նրանք խորքային ու խելոք կերպով ստեղծում են ռուս-հայկական իրական ռազմավարական երկխոսություն: Կիսելյովը Հայաստանում հայտարարվում է պերսոնա նոն գրատա:

Ընդերքի շահագործումն արգելվում է, փոխարենը նոր իշխանությունը հատուկ միջոցներ է հատկացնում տեղացիներին, որ նույնիսկ եթե համեստ, սակայն ապրեն այս մի քանի տարին, մինչև տնտեսությունը վերակենդանանա:

Էկոլոգիան վերականգնվում է հատուկ ծրագրերով, ծառ կտրելն ու պատմական շենքերի  քանդումը դատապարտվում է մահվան սպառնալիքի տակ: Քանդածները վերականգնվում են:

Բացի քրեական պատիժներից, առայժմս բավական հաճախ բռնվող կոռուպցիոներները ենթարկվում են նաև հասարակական պարսավանքի և հասարակական միջոցառումների մասնակցության ժամանակավոր արգելքի:

Հասարակական մշակույթում ներդրվում է արժանապատվության ու հարգանքի կոդեքսը. ով որ իրեն արժանապատիվ չի պահում և կամ ուրիշի արժանապատվությունն է ոտնահարում, խոսքով թե գործով, ենթարկվում է քրեական և հասարակական պատասխանատվության:

Մի շարք համապետական ծրագրեր են սկսվում, ինչպես օրինակ՝ էկոլոգիայի (անտառների) վերականգնում, լճերի ազատագրում, հյուսիս-հարավ ճանապարհի վերջնական կառուցում՝ մեկ տարում, ժողովրդի ուժերով ու բարձրագույն որակի, առանց էկոլոգիային մեծ վնաս տալու, իսկ եթե վնաս տրվեց՝ փոխհատուցելով (ասենք, հավելյալ ծառ տնկելով մեկ այլ տեղ): Սկսվում է Հայաստանի չօգտագործվող (խոպան) հողերի մշակման ու ճարտարապետական լանդշաֆտապատման աշխատանքը: Ժողովրդական բրիգադների կողմից մաքրվում են կիսաքանդ ու փլատակ գործարանների մնացուկները ողջ Հայաստանից: Հատուկ ծրագիր է իրագործվում ոչ-մայրա-քաղաքների զարգացման համար, ու Վանաձորը, Գորիսը, Իջևանը և այլն հատուկ արտոնություններ են ստանում: Գյումրիում մեկ տարվա ընթացքում վերանում է անտունների հարցը մեկընդմիշտ, և աշխատանքային համեստ պայմաններ են ստեղծվում այնպես, որ ոչ ոք սոված չմնա:

Տեղի է ունենում հանրային տարածքների հարմարավետացման ծրագիր, այնպես որ բոլոր պետական շենքերը Հայաստանի ու Արցախի ցանկացած մասում վերանորոգվում են ու ձմռանը տաք են, շնորհիվ գազով ջեռուցման: Դա այնքան լավ է ազդում մարդկանց հոգեբանության վրա, որ նրանք սկսում են հանկարծ խելոքանալ ու դադարել լինել կաշառք տվող ու վերցնող:

Երիտասարդ ընտանիքները, ովքեր ապրում են համեմատաբար համեստ պայմաններում, հաճույքով են այցելում տեղական գրադարան իրենց երեխաների հետ, քանի որ այնտեղ տաք է, կան հաճելի նոր գրքեր, համակարգիչներ, երեխաների համար հատուկ խաղասենյակներ և հմուտ դաստիարակներ, որոնք երիտասարդ ծնողներին ժամանակավորապես ազատում են երեխաների հոգսից:

Հայաստանն ու Արցախը միասին առաջին տեղն են գրավում ՄԱԿ-ի՝ «Ծերության հանդեպ հատուկ վերաբերմունք» համաշխարհային ծրագրում, որպես այդ հարցում իննովացիայի ու ավանդության փոխհյուսման լավագույն միջազգային օրինակ:

Բարեփոխումները կամաց-կամաց սկսում են միմյանց ոչ թե պարզապես գումարվել, այլ ռեզոնանս տալով՝ ավելի ազդեցություն ունենալ, քան նրանց բուն թիրախին հասնելն էր, բերելով որակական փոփոխության նաև այլ, հարակից ասպարեզներում: Նրանց կումուլյատիվ ազդեցությունն ահագնանում է:

Եթե Ադրբեջանը մինչև հիմա էլ չի հարձակվել, ապա պայմաններ են ստեղծվում նոր մակարդակով բանակցությունների համար: Պետք է հաշվի առնել, որ այդ ընթացքում, տեսնելով Հայաստանի առաջընթացը, Ադրբեջանի ղեկավարությունը նույնպես ուզած-չուզած որոշակի փոփոխությունների է գնում: Նույնիսկ Ռուսաստանն է ազդվում Հայաստանի օրինակից: Իրանը ողջունում է այդ օրինակը և հայտարարում կանանց քարկոծման առհավետ մորատորիում:

Իսկ եթե Ադրբեջանը հարձակվում է, կրկին պաշտպանություն է իրագործվում, հարձակումը կասեցվում է վճարովի և կամավոր զինուժի ու գերժամանակակից զենքի միջոցով, և այս ծրագիրը շարունակվում է իրագործվել:

Ձևավորվում են ու փորձ ձեռք բերում մի շարք անձինք, որոնք կարող են բանակցել բարձր մակարդակով և տարբերակներ առաջարկել: Մադրիդյան սկզբունքները զարգանում են, կոնկրետանում՝ առանց վտանգելու վտանգությունը: Մի շարք օֆիցիալ հանդիպումներ են տեղի ունենում, որոնց հայկական կողմից մասնակցում է 7-8 հոգի հանրային վստահված անձ, քանի որ հայկական կողմը հրաժարվել է միանձնյա կառավարումից և փակ բանակցություններից: Դրան զուգակցված, հազարավոր մարդիկ հանդիպում են ժողովրդական դիվանագիտության գծով, սկզբում Թբիլիսիում, իսկ հետո Ադրբեջանի ղեկավարությունը վերջապես համաձայնում է, և հանդիպումները սկսում են տեղի ունենալ Հայաստանի, Ադրբեջանի ինչպես նաև Արցախի տարածքում: Տեղի են ունենում բազում դեպքեր, երբ ժողովրդական բանագնացներին թույլ է տրվում կտրել Շփման Գիծը: Անցակետեր են ստեղծվում: Տավուշն ու Ղազախը հատուկ առանձին պայմանագիր են կնքում ու վերսկսում փոխշահավետ հարաբերությունները: Վերականգնողական աշխատանքներ են տեղի ունենում: Արցախի կառավարությունը Սարսանգի ջրամբարից մեծահոգաբար ջրային օգնություն է ցույց տալիս Ադրբեջանի ծարավ գյուղերին: Մի քանի ծագումով փախստական ընտանիք երկու կողմից փորձնականորեն, հստակ երաշխիքներ ձեռք բերելով, հրավիրվում են բնակվելու իրենց նախկին բնակավայրերում:

Թուրքիայի ղեկավարությունը, տպավորված, հակառակ Ադրբեջանի ղեկավարության տատամսանքին՝ դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Հայաստանի հետ: Սկսում են քննարկել Կարսի անցակետի բացման հարցը:

Համաձայնագիրը ստորագրվում է... Փարիզու՞մ:

Նրա գլխավոր խնդիրն է՝ որ ռուսական խաղաղապահ զորք Արևմուտքը չի ուզում ներս թողնել տարածաշրջան, իսկ ինքն էլ պատրաստ չէ զորք հատկացնել ու ծախսի տակ մտնել: Ստիպված կողմերը որոշակի կոմպրոմիսի են հանգում, որ առանց խաղաղապահների, պարզապես կրճատելով զինուժը, ստորագրեն պայմանագիրը, ըստ որի՝ պիլոտային կարգով տեղանք առ տեղանք վերադարձվում են որոշ բուֆերային տարածքներ վերաբնակեցման նպատակով, ի պատասխան համապատասխան քայլերի՝ Ադրբեջանի կողմից:

Պայմանագրի իրագործումը տեղի է ունենում բարձր վստահության ու կոնսենսուսի պայմաններում, ինչի շնորհիվ էլ վերջնական ստատուսի վերաբերյալ հանրաքվեի անցկացման սկզբունքներն ավելի արագ ու փոխադարձաբար ընդունելի ձևակերպումներով են համաձայնեցվում:

Մի երկու անգամ Ադրբեջանի ղեկավարը, իհարկե, փորձում է խախտել համաձայնությունը, բայց իսկույն համոզվում է, որ ավելի լավ է չարժի: Մեծահոգաբար՝ հայկական կողմը վերահաստատում է համաձայնությունը, և խաղաղության հաստատման գործընթացը շարունակվում է, ոլորապտույտ, սակայն անկանգ:

Հե՛շտ:

... Իսկ հետո Ալիևը կրկին հայտարարում է, որ Իրևանն իրենց հնադարյան հողն է, որ պիտի ետ բերվի ամեն գնով, իսկ ես՝ հղփացած ու հուսակոտոր, հափշտակում եմ գանձարանն ու պու՜կ՝ Թուրքմենստան...

Թու՜, փչացրեց: Վահագնը մղձավանջս կտրեց: Պետք է գործ անել:

Գոնե մի քիչ թարմացա: Եթե կարելի է այդպես ասել:

«Գնացինք հրապարակ», ասացի Վահագնին ու կողքս նոր նշանակված բայց արդեն փաստորեն փորձությունն անցած ու համեմատական վստահություն վաստակած թիկնապահ Արթուրին՝ Գայլախեղդյանի տված: Սիրում եմ տենց ազգանուններ:

Հրապարակում կեր ու խում էր. Զառան ջութակ էր նվագում, Միշոն փոխանակ գործ անի՝ եկել նստել էր ու կիթառ էր նվագում երեխեքի հետ, «դեմեմ»-ի ժողովուրդը իրենց վրանի մոտ կրյուշոն թե գլինտվեյն էին խմում ու դեպրեսիա խաղում, երեխեքը լույս առկայծող ռոլիկներ էին քշում էդ շուխուռի մեջ... Ժամանակ առ ժամանակ Զառան, մյուս Զառան, Ծովոն, Օլյան, Լուսինեն, Գայանեն կալյասկայով, գալիս միկրաֆոնի մոտ ինչ-որ մի լավ բան էին ասում ու գնում: Մի քիչ հեռու երիտասարդական ինչ-որ հիմնադրամ զորավարժության պես մի բան էր անում, վանկարկելով «մե-նեջ-մե՛նթ», «մե-նեջ-մե՛նթ»:

Մի հատ տղա մոտեցավ էն եվրոպական ծրագրի Տիգրանի հետ, թե՝ պարեկը ես եմ: Յա, բա դու Ամերիկայում չե՞ս, ուրախացա: Չէ, հետ եմ եկել, կարճ ժամանակով էի գնացել: Ինչքան մարդ կա ստեղ, ասացի պարեկին: Ասաց՝ երեք հարյուր իննսուն որ գիշերում են: Երեխեքն էլ հետները: Լավ, ասացի, իսկ քանի ավտո-ավտոբուս կա որ կարող է մարդ տանել-բերել քաղաքից ռայոններ: Ասաց որ տասը հատ անընդհատ կա, Տիգրանն էլ ավելացրեց թե ավել է՞ պետք: Կողքից Արենը ծլեց թե՝ ուզում եք հարյուր հատ ավտոբուս բերենք, մարդ է՞ պետք: Չէ, ասացի, գլխավորը հանգստությունն է, կայունությունը: Դուք էստեղ մնացեք, շնորհակալություն որ մնում եք, գլխավորը որ ոստիկանությունն իրեն նորմալ պահի ճամփեքի վրա:

Զանգեցի Վազգենին: Վազգեն ջան, ասում եմ, ճամփեքը բաց ե՞ն: Ոստիկանությունը վերահսկում է՞: Այո, ասում է, ես ոչ մի վատ տեղեկություն չունեմ: Մի հատ ստուգիր, էլի, խնդրեցի: Կմկմում է: Ի՞նչ կա, ասում եմ: Դե, ասում է, մի փոքրիկ դժվարություն էր առաջացել Գորիս-Ջերմուկ հատվածում, տղերքը լուծեցին: Եղեգնաձորից մեր ընկերներին ուղարկեցին, Մեղրուց էլ եկան... Ի՞նչ դժվարություն: Դե մի երկու հարյուր հոգի, որոնց մեջ երևի մի տասը հոգի կալաշնիկովով զինված, մի քսան հոգի էլ ատրճանակներով, ճանապարհը փակել ու ավտոմեքենաները կոնֆիսկատ էին անում... Հետո՞: Դե ինչպես ասացի, տղաները գնացին, համոզեցին... Զոհեր կա՞ն: Ոչ, որքան գիտեմ գրեթե չկան, մի քսան հոգու սակայն ստիպված կալանավորել ենք մինչև առավոտ, տեսնենք ցերեկն ինչ ենք անելու... Տեր Մաթոսիկը շատ օգնեց... Դա ո՞վ է: Դա կանաչների շարժման առաջնորդներից է, Մարիամախուտի ընկերներից...

Վազգեն ջան բա ինչու ձեն չես հանում, ես էդպիսի բաները պիտի արագ իմանամ... Դե կարծեցի դուք շատ զբաղված եք, հետո հարցը կարծես թե ինքը լուծվեց... Սաղաթելն էլ տեղյակ էր՝ ասաց կարիք չկա ասելու, իր գեներալներից մեկն էնտեղի վետերոկով բարիկադ էր սարքել, վետերոկ ունի էնտեղ, կոչվում է «Ջեյրաններ»... Ապրես, շատ մերսի, Վազգեն ջան, բայց համենայն դեպս ինձ դեռևս այդ ամենի մասին սրանից հետո միանգամից կասես, լա՞վ: Լավ, ինչպես կասեք... Սուսանին կապվի Գորիսից, Մարտունուց էլ Անահիտը կարող է գալ, եթե պետք է՝ կօգնեն:

Նույնը՝ տղերքին ասացի: Էդպիսին է էդ Վազգենը: Հարցը կլուծի ու ձայն չի հանի: Հետո զանգեցի իմացա թե արդյոք աերոպորտը նորմալ աշխատում է: Մշոյին ասացի՝ տես ինչ լավ քեֆ ա անում ժողովուրդը: Հա, ասեց Մշոն, կիթառից կտրվելով: Էս դեռ առաջին օրն ա, ասացի, տես վաղն ինչ ա լինելու: Ի՞նչ: Հեչ, ասցի, էս դեռ էյֆորիայի մեջ են, վաղը ղզղնելու են ու միլիոններով հասնեն հրապարակ... Արենին կասենք՝ կկարգավորի: Գլխավորը՝ պրովոկացիաներից խուսափելն է, Միշ ջան, ուշադիր եղեք, էստեղ երեխեք կան... Միշ ջան իսկ հիմա դու մի հատ լավ բան ասա միկրոֆոնի մեջ՝ հետո էլ ես կասեմ: Որ իմանան դուք եք խոսելու՝ շուխուռը կընկնի: Չէ, չի ընկնի, ես կարճ կխոսեմ:

Միշոն միկրոֆոնի մեջ մի երկու լավ խոսք ասեց, հետո ես վերցրի ու շատ կարճ ասցի. Ժողովուրդ ջան դուք ապրեք, քեֆ արեք էստեղ, դուք էստեղ պետք եք, մերսի որ մնում եք, էստեղ պիտի դեռևս հերթապահություն մնա, որտև աստված գիտի ապակայունացումը որտեղից կարող է գալ, բայց խնդրում եմ, ձեր ընտանիքներին հայտնեք որ ամեն ինչ խաղաղ է ու կայուն տվյալ պահին, ու հուսով եմ որ մի տաս օրից արդեն այստեղ գիշերելու կարիք չի լինի: Մեր պետությունը նորմալ աշխատում է կարծես թե: Կրկին շնորհակալություն բոլորիս՝ որ սիրում ենք մեր պետությունը: Եթե ստեղծել ենք՝ ուրեմն պիտի սիրենք: Ինչ-որ կարիքներ եթե ունեք՝ գիտեք ում իմաց տաք, այսինքն դուք դրա կարիքը չունեք, դուք էն մարդիկ եք որ ձեր կարիքներն ինքներդ եք հոգում: Բարի գիշեր մի խոսքով, հիմա լռություն ու խաղաղություն, ձեզ հետ երեխեք կան վրաններում, թող լավ քնեն հանգստանան մինչև վաղը:

Ճառս ավարտեմ՝ տեսնեմ Բելկան էլի կողքս բսնեց: Վաղը գնալու եք Պուտինին տեսնեք, ասաց: Օֆ, հա, ասում եմ, տեսնես ինչ իմաստ ունի: Իրա խասյաթի համաձայն, մի  տհաճ բան պտի ասի ու հետ դառնանք էլի: Բա ինչի եք գնում: Բա ճարս ինչ: Ընգել ենք՝ պտի դիմանանք: Մի բան էլ քեզ ասեմ, Բել, բայց չնեղանաս: Լևոնը վաղն առավոտյան վայ թե հետներս չգա: Չի կարող պատահել: Բելան լեզուն կծեց: Այ խոսքս կհիշես, Բել, աստված տա սխալվեմ, բայց ես փորձ ունեմ չէ: Վաղն առավոտյան կասի չեմ կարող, վատ եմ զգում կամ մի տենց բան: Իսկ գուցե իրոք վատ է զգում, մեծ մարդ է: Գուցե իրոք: Եվ գուցե ինքը ճիշտ կորոշի, թե էդպես որոշի: Բայց...

Լավ, պարզ է: Հասկանալի: Դե վաղը կտեսնենք: Բայց մենք ախր մեկ ա կարճ բարդիների հարցը տենց էլ չքննարկեցինք: Իսկ դա կարևոր հարց ա: Ասա, լսում եմ, Բել ջան, ասցի, մենակ թե արի մի տեղ նստենք, հոգնած եմ: Նստեցինք օպերայի աստիճաններին: Մի րոպե էլ՝ քանի չեմ մոռացել: Զանգեցի Վահագնին: Վահագն ջան, ուրեմն Խորենի հետ կապվիր Մոսկվայում, ասա թող վաղը գա աերոպորտ ինձ դիմավորի, էլի: Չէ դե ես պաշտոնական անձ չեմ... Թող ավելի լավ է ինքը գա... Հա, Լևոնը թե եկավ՝ իրեն հաստատ կդիմավորեն, բայց համենայն դեպս... Թող Խորենն էլ գա... Մեկ էլ մի խնդրանք էլ... Յուլիա Լատինինային գիտե՞ս... Ալլայի աղջկան... Լսած կլինես... Աշխատիր նրա հետ հանդիպում կազմակերպել... Մանանային խնդրիր Ասլամազյան, երևի կճանաչի... Ուղղակի հաճույքի համար, ուզում եմ հետը մի քիչ խոսեմ... Մերսի Վահագն ջան... էսքան բան... Ժամանակ գտիր էս գիշեր հանգստացիր...

Հետո զանգեցի Դավթին. Դավ, ձեր Օշականի վիճակը ոնց է՞ր: Նորմա՞լ: Մի հատ ընդունելություն եմ ուզում կազմակերպել քաղաքից դուրս, կարա՞մ ձեր մոտ: Բոլոր դեսպաններին, հա, ու մեր թմին էլ հավաքել... բայց քաղաքից դուրս, որ ազատ, անբռնազբոս... ի՞նչ. չէ, անբռնազբոս... հա... չէ, ոչ մի բոզ... Ուղղակի ազատ իրար հետ շփվենք, էլի... Անտառակույս... Պետք է ա էլի, ոչ ֆորմալ կապերը զարգացնել... Արթուր ջան, մի հատ մոտ արի: Ուրեմն Վահագնին վաղը կհաղորդես՝ թող մի հատ ընդունելություն կազմակերպի դեսպանների հետ՝ Դավիթենց տանն Օշականում: Զույգերի հետ: Թող կապվի Դավթի հետ՝ ու բոլոր հարցերը լուծեն, օրը որոշեն և այլն: Մերսի:

Վերև նայեցի: Նորմալ մայրամուտ էր՝ սև մայիսյան գիշերվա երկինք խոստացող: Աստղ դեռ չկար: Աստղագուշակներից բան չես իմանա: Թե ցերեկն արևի վրա մագնիսային փոթորկի ժայթքում է եղել ու դրա համար այս օրն այսպես լավ անցավ՝ անհայտ է: Ոչ ոք գրեթե չգոռաց մի ամբողջ օր, խամություն չարեց, կոպիտ լկտիություն չարեց մոտակայքումս գրեթե: Զարմանալի է: Ուրեմն օրը հաջող անցավ: Ընդհակառակը, մարդիկ օգնում էին հիմնականում՝ բեռը կրել: Անհունություն, անիմանալի, հավատ թե սնոտիապաշտություն՝ չգիտեմ: Մի թե չի լինելու զնդան, էս ժողովուրդը չի տուժելու, որ հետս մոտիկ էր ու իրա անունները սենց մեկ առ մեկ շարում էի ու իրանց մոտս կանչում զրուցելու, միթե ստացվելու է մեր էս ծրագիրը՝ լավ, նորմալ, փայլուն Հայք-աշխարհ:

Հետո բարբաջանքիս լեզուն հանկարծ փոխվեց մի պահ. Несмотря на, казалось бы, усталость, беспробудную трату энергии за день, в каждой клеточке моего тела пробуждалась, закипала житуха, кипучая житень, жизель, кипень, кисель, на глазах, как шипучка из бутылки шампанского, прыгая вверх. В каждой клеточке моего тела зиждилась радость. Откуда она была, откуда исходила, я сам не знал. Я мог бы объяснить её уходящим, меркнущим багрянцем солнца и неба, послевкусьем уставшего от бесконечного кофея нёба, ожиданьем низко висящих тугих гирлянд звёзд в иссиня-чёрном, чернильном небе над Оперой, затемнённом испарениями газохаркающего тысячами племенных экипажей города. Булькающая энергия закипала в каждой молекуле, в каждой генетической спирали, в каждой моей ДНК, гормоне, нейроне, эндокринологии. И одновременно—трагизм. Я поднимал свои волоокие глаза навстречу заходящему солнцу—и пред моим мысленным взором проносились не событья, не карусель прошедшего дня, не решенья принятые иль предстоящие, не Ново-Огарёво иль Ильхам, а бренность всего сущего бытия, бессмысленность прожитого, отчаянья, ожиданья, ран, танцев ног, пыток, снайперских атак—и, конечно, тот простой и железный, тот неоспоримый факт, что моей бывшей, старой, оскомину набившей, исчезнувшей, распылившейся, умершей, давно уже и навсегда переставшей существовать тайной любви как бы и не было, что она исчезла из моего жизнемира—не из приветствий, не из обменов любезностями, а именно из жизнемира—как если бы её не было, или даже полнее, ибо если бы она не была—то и исчезать было бы нечему, не правда ли, ха-ха. Чёрная, наглая дыра. Можно ли в таком состоянии страной руководить? А самим собой? Вот в чём проблема европейской цивилизации... А возможно ли—без любви? Даже если энергия бурлит и фонтанирует, как кровь из тысячи ран, когда на теле поверженного, исколотого толстого врага, победно изрыгая проклятья, прыгает варвар истукан? Проекту мне, проекту...

Չնայած հեղափոխությանը կամ դրանից անտեղյակ՝ երեխեքը էն գյուղական քչաքանակ դիսկոտեկերից մեկում՝ Հրազդանի խաչմերուկին, լավ էլ պարում էին, նայթ քլաբ էր, որ մինչ այդ կազինո էր եղել, բայց այսօր քանի որ պարսիկ վարորդ չկար՝ դիսկոտեկ էր. այստեղից չէր երևում, բայց կար: Փոխարենն այստեղից լավ էլ լսվում էր Հյուսիսային պողոտայի սկզբում գտնվող դիսկոտեկի աղմուկը, որ միտինգ թե չէ, հեղափոխություն թե չէ՝ ամառ թե ձմեռ անկանգ աղջիկ-տղա էր պարացնում:

Մի երկու աշխատավոր ընտանիքավոր իրենց քրջերի մեջ քաշվել, վերմակների տակ թաղվել՝ իրենց տանիքների տակ՝ մտմտում էին իրենց վաղվա բանը. թե ոնց են կիսաքանդ ժիգուլով ապրանք բերելու քաղաք, ճամփին իրենց սմատրյաշչիին մի թեթև կաշառք տալուց հետո: Մորաքույրը մտածում էր իր ավագ տղու մասին՝ որ Ուկրանյա էր գնացել ու խրվել էդ վիճակների մեջ, Խարկըվ Ռուսաստաններ մոտը բան չէր ստացվել, Ուկրանյայից էլ արդեն քանի օր է սկայպը լուռ էր: Ղրիմ-մրիմ խրված չլնի ապիկարը:

Երևանյան ցոփ ու շվայտ ջահելության մի խոշոր հատված ֆեյսբուքի մեջ էր խրված: Նրանցից որոշների պապաները բլոտ էին խաղում, մյուսներինը՝ պոկեռ կամ ռուլետկա, երրորդներինն էլ մաֆիա կամ շտոգձյեկագդա, էն մի երկու վիպ քլաբերում, կոնյակ խմելով, կամ իրականում, իրար վրա կրակելով բաջանաղների ավտոների ետևներից: Կողքները չիննի նստած էին մի քանի պարսիկ թե ձև թափող պարսկահայ: Սիպտակ դեսպաններն էսօր նորից գնացել էին «Դոլմամա» մի երկու օլիգարխի հետ խորհրդակցելու: Դիրքերի մեջ խրված նրանց աշխատակիցների որդիները, հենց նոր կրակը հանգցրած՝ որ ծուխը մթան մեջ չերևա՝ կուշտ կերել էին Ջաբրայիլի վերջին կրիայից խորովածը, ոսկրե զրահից մոխրաման սարքել ու մի թեթև ձեռ էին առնում Կիրովականի Նմուշիկ գյուղից եկած միամիտ Վախոյին, որը մեկ ամսից ինքնասպան էր լինելու, իրենց ասելով՝ ձեռ առնոցին չդիմանալով, իսկ իրականում՝ որտև Բոռոչ Խոռոշին իրա մաբիլնիկը նվեր հրաժարվելու էր տալ:

Լեյտենանտ Շմիտի թոռնային հորեղբորորդին՝ սերժանտ Բերդյաև-Ֆերդյուկովը, Անիի շրջակայքի գյուղերից մեկում Տերեզա անունով մի բոզ էր գտել ու, իր «զրովեցի» մեջ դրած՝ սլանում էր դեպ Փարաքարի հյուրանոցները՝ ուվալնիծելնի լինելով այս գիշեր: Շուտով նա, հայտնաբերելով որ Տերեզան իրականում տղամարդ է, շատ դժվար ճակատագրով, պատկերացնում եք, սաղ գեղին ինադու՝ տղամարդ սեգրեգացիոն դիսկրիմինացիոն տրասնվեստիտ էլջիբիթի, ուրեմն հենց որ Տերեզան մի քիչ խմեց ու իր ճակատագիրը պատմեց՝ լեյտենանտի թոռնային հորեղբորորդին իրեն էլ Տերեզային էլ սպանելու էր՝ Դավթաշեն տանող խաչմերուկում ամբողջ թափով շվարած մտնելով չգիտես թե ոնց էդտեղ ծվարած թուրքական մի ֆուռի քամակ, ուղիղ Անթալյա Բաշիքյարթմալըք տառերի մեջտեղը, գիշերային մի ռեժիսոր ուսադրավոր ժուռնալիստի ֆոտոկինոմոբիլային, աստծո պես անքուն ու մշտադիտարկուն խցիկի ուղիղ աչքի առաջ: Դժվար է, երբ ապագան գիտես:

Լիքը լավ հագնված սիրուն ջահել ու ահել հայ, տեղացի կամ եկվոր, իրենց սեփական կամ վարձովի բնակարաններում սպասում էին գիշերն անցնի՝ որ ցերեկով էլի դուրս գան ճեմելու Հյուսիսային պողոտայի շրջակայքի բառերը, ու հարցնելով հասնեին Կասկադ, լինեին նրանք աշխարհի որևէ երկրից, Լոսից, երրորդ մասից, տասնյոթ կվարտալից թե Արամի փողոցի ետևը նոր կառուցած շենքերից, որտեղ բնակարան էին առել որտև իրենց պապերը կամ պապեղբայրները Երրորդ մասի, ասենք, տրանսֆորմատորների քանդած ու Պարսկաստան ծախած զավոդի ետևի բնակարաններից ունեին վախտին: Էդ շենքերի հեղինակը՝ ով էլ լիներ, «Լիլիթ Սպաս» ֆիրման թե ով, գոհ ձեռ էր շփում՝ մտածելով, որ աղջկան Տայլանդում համալսարան ուղարկելու հարցը լուծված է: Մնում էր միայն ևս մի երկու սիրուն հին երևանյան շենք քանդել՝ եթե մնացել էր, բայց դե մի ձևի կճարեին էլի, իրանց երեխաների համար հո մենակ տենց բա՞ն չէին քանդի, պետք ըլնի՝ կյանք էլ կտային, բայց էս Նարեկին որ էդ ապուշ Գևորգն իրոք հանեց՝ իրանց գործը կխափանվի:

Մի քանի հայրենասեր էլեկտրական լույսի տակ թաքուն Տիեզերական Հայքի քարտեզ էին գծում էլի, մտածելով ոնց Պուտինին համոզեն որ Ղարսի վրա քշի, իսկ մի քանի ուրիշը դավն էին նյութում իմ դեմ՝ որ վաղը գան գյուլլեն ու էս պատուհասից պրծնեն: Կենտ մի հոգի՝ բուսաբան, մտմտում էր թե վաղը ոնց է մի երկու սերմ իրար խառնելու որ գիգանտային օգուրեց ստանա կարճ բարդու տեղակ: Նրան իրենց փեշակով մոտիկ կանգնած մնացածները հիմնականում զբաղված էին տարբեր նյութերից արաղ քաշելու ծրագրերի իրականացման էրգոնոմիական ծրագրերով՝ իբիարդիից վարկ ակնկալելով ըստ մ.թ.ա. վեց հազար հինգ հարյուր երեսունմեկ տարեկան մի մագաղաթի վրա նկարած գինե մի կոշիկի վրա երևացող մի լեոնարդոյան նախագծի:

Դեղագործ Բուբոն վաղվա համար տեքստ էր գրում՝ որ բժիշկների կոնֆերանսին բաժանի՝ որ հանկարծ ցիտրամոն էլ չծախեն՝ թե չէ կեղտոտն օգնում է իրոք ու շատ վնաս է, իսկ փոխարենը ծախեն միայն և միայն սկոֆենասկ, որը ոչ օգնում է, ոչ էլ վնաս է, ու շատ օգտակար է, քանի որ մի քանի անգամ էլ թանկ է ու, գլխավորը, մեր տեգրոջ ընկերությունն է ներկրողը աշխարհիս կես:

Աղջիկների մեջ մայրությունն էր խլրտում, ինչպես Հրանտը կասեր, մեկ-մեկ էլ խլրտալս որն ա՝ լավ էլ քոր էր գալիս էդ մայրությունը, էլ չասած բոլոր նրանց՝ ովքեր արդեն մայրացել էին ու հիմա չգիտեին մայրությամբ զբաղվեն թե պեդիկյուրով, բայց մեջներն իհարկե և նվիրվածներ կային, և պոետեսաներ, և նույնիսկ պոետներ, չնայած գրեթե բոլորն անխտիր՝ թուրք ու գյոթ ատող իհարկե, մենակ ոմանք մի քիչ, իրանց ներսը՝ թաքուն բարի, ու բոլորն անխտիր՝ բանակի համար բարեգործ, իսկ ոմանք նույնիսկ կհամաձայնեին լռակյաց հարս լինել, սկեսրարի հետ չխոսել, թե իրենց ամուսնուն այդքան բավական շատ սիրեին ու դա պահանջվեր դրա համար:

Վերջին նապաստակը Գնդեվանքի վերևի հանդերից նայեց ներքև՝ էն շները քնած էին, աղվեսն էլ երեկ լավ կերել էր ու չէր երևում, մի քանի գողեգող քայլ արեց ներքև, դեպ Արփա, բայց պատկերացրեց օլիգարխ որսորդով սուտ գյուղացի հրացանին ու ձուլվեց մթության մեջ՝ մտածելով՝ որ ինքն ավելի արժեքավոր է՝ քան մնացած ամենը, քանի որ ինքը վերջինն է, ուրեմն ավելի լավ է սատկի սովից, քան թե որսորդի գնդակից, ինչպես այն վերջին մուֆլոնը, որ իր աչքի առջև կուլ գնաց պալկովնիկի «Կարամիսլ» կոչված խորովածանոցում՝ էնտեղ, որտեղ էքսպորտի հանրահայտ ռակն ու պռուդի իշխանն իրար խառն են լողում էն տղմուտ շատրվանով ավազանում, կիսասատկ կրիաների ու կոկորդիլոսների հարևանությամբ, ու մեկ-մեկ իրենք էլ չգիտեն՝ ձկան պոչ են թե ռակի մատկի շեյկա, ասես ավարայրյան փղի ոլորապտույտ ժանիք:

Ապրում են էլի ապրում են՝ իրանց զսպված եռանդը հազիվ սանձելով ու երբեմն պոռթկալով՝ խժռելով շուրջբոլորն իրավամբ ու աշխարհը հնձելով շուռ տալով՝ որ իրանց հարցերը լուծած լինեն վերջապես: Ապրում են, ուղղակի չգիտեն ոնց:

Ես այդ ամենը գիտեի, կատվի մարաղն Ամիրյանի ետևի պուճախներում, շների ոհմակի՝ հպարտ պոչ թափ տալով՝ գիշերային ճեմի դուրս գալը, սկյուռը դեռ մնացած Ստեփանավանի վերևները հազիվ դեռ պահպանված անտառներում, հաբռգած պապայի տղայի՝ ռազբիրատի հակվելը վախվխելով, էն մյուսի՝ հիմա-հիմա էս աղջկան համբուրելը, Կզաքիսի մթագնած ուղեղում՝ խուճապի եռը էն յոթաստղանի հյուրանոցում, Շարժա թե ուր, ոստիկանի՝ ում որ հրամայեն ծեծելու թե հրամանին կասկածելու պատրաստակամությունը, բժշկի՝ սրանից էլ կաշառք վերցնել թե ոչ ու թե որքան երկտմանքը, բյուրոկրատ էն աղջկա՝ թքած ունենալը թե սրան էսինչ գործը չանես կմեռնի, որտև տասը հազար դրամ չունի որ վճարի, էդ աղջկա պապայի՝ Ռուսաստաններում երեք ընտանիք փահլևանաբար պահելը, մամայի՝ դպրոցի ընտրությունների վերակացու լինելը գոնե, որ օգնում էր ընտանիք պահել քիչ թե շատ, որտև դե ինչքան կարաս փող պլոկել էդ անշնուռոկ ծնողներից, անտաղանդ պոետի՝ ևս մի մակուլատուրա գիրք սեփական հաշվին տպելու կամքի դանդաղ ձևավորումն ու մեջը՝ էս ամեն ինչն ի խորոց սրտի քրֆելու մուսան, տղայիկի՝ պապայից վախենալը որ հիմա էլի մամային կծեծի ու երազելը էնպիսի այփադ, ինչպիսին իրենց դասարանի Սաքոյինն էր, ես իրանց մասին ամեն ինչ գիտեի, հարցն այն էր, որ իրենք իրենց մասին ոչինչ չգիտեին, ու չգիտեին ոչինչ իրենց անցյալի ու ապագայի մասին, բացի լիքը ավելորդ գիտելիքից, ասենք՝ թե էսինչ խանութում ինչ արժե էսինչ կարմիր պամադան, իսկ եթե գիտեին, իսկ ով որ գիտեր՝ ես հիմա փորձում էի իրենց ի մի բերել ու կողքս բերել ու որ բոլորս միասին ամեն ինչ իմանանք:

Լավ երկիր է, մտածեցի մթագնած, արդեն լրիվ մթնած երկնքին նայելով. վայ թե ստացվի կարգավորել.―գիտեին թե ինձնից թաքուն՝ Սաղաթելն ու էն դավաճան տղեն զգույշ իջան անձայն Թումանյան փողոց ժամանած զրահամեքենայից, Սաղաթելը հաղորդիչի մեջ շշնջաց.―«Շրջապատել, զգույշ, անաղմուկ, էնպես որ մու՛կը դուրս չփախնի». ասես Համլետի հոր ուրվականներ՝ պատահական շողքի պես անաղմուկ սղղալով այս ու այն կողմ վազեցին մթանը մեջ գրեթե չնշմարվող կերպարանքները՝ ծանր զրահը մարմիններին դժվարությամբ բայց թռփոշ քարշ տալով, երեսները սև կալգոտկա քաշած, ասես հանել էին դրանք Լևոնի հերվա երկրպագուհիների տոտիկներից―բայց Բելկան, որ հենց էն ասածս գիտունիկներից էր, կենտրոնանալ չէր թողնում, բզում էր կողքս.

Էդ կարճ բարդիների պատճառով էս ամեն ինչը եղավ... Ախր ինչ կարճ բարդի: Բարդիները լինում են փարթամ ու նաիրյան դալուկ, ինչպես նաև երկար ու կարճ, այսպես ասած՝ գաճաճ, համբերատար ասաց Բելան: Եվ մի փոքրիկ տուփիկ հանեց պայուսակից ու բացեց: Մեջն իրոք երեք հատ միկրոսկոպիկ բարդի էր՝ հողի մեջ տնկած: Ահա, ասաց: Վա՞յ, ասացի, սուտի զարմացածի տեղ դնելով ինձ, էս հետդ ես ման ածու՞մ: Ես սովոր եմ չզարմանալ աշխարհի բաներին: Բայց շատ ազիզ էին, իրոք:

Սրանք բերվում են Կանադայից, ասաց, դրանց գաղտնիքն անհայտ է, կոկա կոլայի պես, բայց արի ու տես որ մեզանում մի բուսաբան ինքնագլուխ վերցրել ու ինքնուրույն գաճաճ բարդու սորտ է աճեցրել, որ ապրում է յոթը հարյուր տարի՝ ագռավից էլ ավելի: Եվ ի՞նչ, Բել ջան: Եվ այն, որ Բռչոն էլ, Պուտինն էլ դրանց ցողունային վանդակների հետևից են ընկած... Իսկ այդ բուսաբանն ինքնասպան է եղել և իր ռեցեպտը թաղել է մի շան ստամոքսային ռեցեպտորների մեջ, իսկ շունը, ասում են, բաց է թողել Գյումրիում, ծպտելով որպես անտուն... Դրա համար Սեռի Մըռժոն բոլոր անտուն շներին ասպատակելու հրահանգ արձակեց երեք օր առաջ... Եվ քանի որ այդ վանդակները չգտնվեցին՝ Բռչոն էլ փախավ, որովհետև իր արտաքին տեսքից սարսափեցին իր իսկ պալատականները... Դուք որ հիմա վաղը գնաք Նովո Օգարյովո՝ նա երկու բան է ասելու. որ կարճ բարդիները վերադարձվեն իրենց կայազորին ու որ Բռչոյին գոնե առնվազն մի հատ կարճ բարդի հասցվի՝ ինքը որտեղ էլ լինի:

Սպասիր, ասացի, ախր Բռչոն ինչ կապ ունի կայազորի պետի հետ: Ոնց թե, ասաց, իրանք բոլորը նույն մաֆիան են, իսկ դուք կասկածում էի՞ք: Ու Նովո Օգարյովոն էդ ամեն ինչի մասին գիտի՞, ասում եմ: Իհարկե գիտի: Բայց ես ձեր գործը կհեշտացնեմ: Ես գիտեմ որտեղ կարելի է երեք հատ կարճ բարդի վերցնել: Ես դրանց մասին կուրսային եմ գրել Լոնդոնում: Մամաս էլ մի տասը տարի սրանով զբաղվել ա, իրան հարցրեք, պապաս էլ՝ երեք տարի Իսպանիայի նաիրիտում իրանցից ժավել էր արտադրում: Իսկ Զանգվի Կիրճն ինչ կմտածի, եթե ես Նովո Օգարյովոյի հետ հանդիպմանն իրենից բացի շալակեմ ու մի քանի կարճ բարդի տանեմ: Էդ չգիտեմ ասաց Բելան մտազբաղ: էս տուփիկն ուզում եք ձեզ տամ: Չես կարո՞ղ իմանալ: Չէ էդ արդեն իմ իրավասությունից դուրս է: Գլխավորը գիշերով Հորադիզի շուրջ նորմալ լինի: Սաղաթելը ձեն չի հանում: Չգիտեմ ուրախ լինեմ թե անհանգստանամ: Իլհամը տենց էլ չզանգեց: Ոչ էլ Էրդողանը: Սպասում են տեսնեն ինչ ա լինելու: Ափսոս իրենց կարճ բարդի պետք չի: Իրենց երկար ա պետք: Տո չէ հա: Դա էլ պետք չի: Իրենց ոչինչ էլ պետք չի: Մեկ էլ գիտության հարցերը չհասցրի էսօր: Էնքան բան կա... Տեսնես մյուս հինգ օրվա օրակարգս ինչ ա, չեմ էլ ուզում Վահագնին հարցնեմ: Բայց ինքը լավ ա չէ աշխատում, ասաց Բելան: Հա, քեֆս բերում ա: Կարամ չհարցնեմ էլ՝ գիտեմ ճիշտ ժամանակին իմաց կտա: Դուք բոլորդ էլ քեֆս բերում եք: Կօգնես չէ ասցի: Բա ինչ կանեմ ասեց: Հարց չկա: Կարճ բարդիներին Լևոնն ինչպես է վերաբերում՝ չգիտեմ, մնացած հարցերում հարց չկա: Շատ մերսի: Ես առանց ձեզ ինչ էի անելու, ասցի: Դուք որ չըլնեք վո՛շ մի բան չեմ կարա է՛ անեմ վո՛շ մի բան: Ինչ որ պետք ա պիտի անենք էլի, թե չէ ուրիշ ոնց, ասեց: Ուրիշ վո՛շ մի ձև:

Էդպես զրուցում էինք ես և Բելան, օպերայի աստիճաններին նստած, Միշոն էն կողմում էլի բլյուզ էր թնկթնկացնում, թիկնապահ Արթուրը քիչ հեռվում կանգնած ձև էր թափում իբր ուշք չի դարձնում մեր երկուսի վրա, գիտեր թե ժամո եմ երևի Բելկայի հետ, մինչդեռ կնիկս ունենալով պինդ կամք ու վստահություն՝ չէր զանգում, ոչ էլ Բելկի մարդը, գիտեին որ վերջացրինք՝ տուն կգանք, երևի արդեն քնած էին, հույսները թաթալաբազ մեզնից կտրած, իսկ ամպամած ամպերը կուտակված էին երկրագնդիկի գլխիկին ու ուղղակի չէին երևում, աստղերն էլ հետները, մայիսյան տաք գիշերը պատճառ, ու չգիտեինք, թե մեզ ինչ է սպասում, բայց շատ ուժեղ, հրաշքային, մի տեսակ հրեշավոր բախտաբերություն էր, երևի թե, հաստատ պետք լինելու մեզ բոլորիս, գրողի տարած, էն աստիճան որ քիչ էր մնում պաթետիկ կերպով լացեի թե տրագիկ կերպով աղոթեի:

2014

Երրորդ մասը տե՛ս այստեղ

Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ