Շաբաթ, 22 սեպտեմբերի

Սուրիկ Խաչատրյանին և Աղվան Հովսեփյանի որդուն առնչվող ընկերությունների նկատմամբ վարչական վարույթները կարճվել են



«Հետքի» հրապարակումների հիման վրա հարցուցված վարչական վարույթները «Գեղի Գօլդ» և «Տելիա Մայնինգ» ընկերությունների նկատմամբ կարճվել և վերահասցեագրվել են բնապահպանության ու էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններին: Այս մասին մեզ տեղեկացրել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ստորաբաժանման պետ Լևոն Պետրոսյանը:  

Վերջինիս փոխանցմամբ՝ տեսչական մարմինն ուսումնասիրել է երկու ընկերությունների փաստաթղթերը, կատարել տեղանքի զննում և որևէ խախտում չի գտել: Սյունիքի ստորաբաժանման պետն ասում է, որ գործին ընթացք կարող են տալ նշված երկու նախարարությունները, քանի որ ընկերություններին հենց նրանք են տվել համապատասխան թույլտվությունները: Ըստ Պետրոսյանի՝ եթե «Տելիա Մայնինգն» ու «Գեղի Գօլդը» գործունեություն ծավալեին, այսինքն՝ շահագործում սկսեին և խախտումներ թույլ տային, ապա դա արդեն տեսչական մարմնի գործառույթների մեջ կլիներ:

Երրորդ ընկերությունը, որի նկատմամբ «Հետքի» հրապարակումների հիման վրա տեսչական մարմինը վարչական վարույթ էր հարուցել՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն է: Լևոն Պետրոսյանն ասում է, որ այս ընկերությունում դեռևս չեն ավարտել ուսումնասիրությունները, և պարզաբանումների անհրաժեշտություն կա:

Հիշեցնենք, որ «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ն «Աստղաբերդ» փոքր հէկ է կառուցել Գեղի գետի վրա: Այս փհէկի համար օգտագործվել է 1,7 մ տրամաչափի պողպատե խողովակաշար, որի երկարությունը մոտ 5200 մ է: Դա նշանակում է, որ Գեղի գետի ավելի քան 1/6-ը մտել է ընկերության խողովակաշարի մեջ: Այս կառույցը տարեկան արտադրելու է 24 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:

«Տելիա Մայնինգը» հիմնադրվել է 2012-ին: Մինչև 2015 թ. սեփականատերը նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին էր՝ Միսակ Հովսեփյանը: 2015-2016 թ. ՍՊԸ-ի սեփականատերն է եղել երևանցի Գևորգ Խաչատրյանը, ում փոխարինել է Բալահովիտ գյուղի բնակիչ Հակոբ Թադևոսյանը:

«Գեղի Գօլդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012-ին, որի 100 տոկոսի սեփականատերն ու գլխավոր տնօրենը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: Այս ընկերությունը 2016-ին ընդերքօգտագործման պայմանագիր է կնքել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ՝ ստանալով Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման թույլտվություն 29 տարով:

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն պատկանում է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Ընկերությունը Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս է կառուցում:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Գեւորգ09:05 - 26 օգոստոսի, 2018
Ստացվում է սովետի բարի ժամանակների նման - դու բողոք ես գրում Մոսկվա, որ օրինակ, ԺԵԿ - ի պետ Պողոսը քեզ հալածում է: Նամակը Կրեմլից մակագրվում էր կենտկոմ, այնտեղից էլ քաղկոմ, քաղկոմից ռայկոմ, ռայկոմից տեղկոմ, տեղկոմից էլ ԺԵԿկոմ ... ընկեր Պողոսին, թե էտ ընկերոջ հարցը լուծի!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ