Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Արման Վերմիշյան. «Բնապահապանական եւ ընդերքի տեսչությունը Արդենիս լճի հետ կապված պետք է վարույթ սկսի»


Արփի լիճ ազգային պարկի ռեկրեացիոն գոտում գտնվող Արդենիս լիճը հետագա աղտոտումից ձերբազատելու, հարեւանությամբ գործող կաթի գործարանի եւ խոզաբուծարանի թափոնների հոսքը կանխելու ժամանակավոր տարբերակ են առաջարկել «Ոսկե սեր» ՍՊԸ տնօրեն Սամվել Ղարիբյանը եւ Արփի համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը:

Օգոստոսի 22-ին Ղարիբյան եղբայրները համատեղ ներկայացրեցին իրենց գաղափարը տարածք այցելած Շիրակի մարզպետ Կարեն Սարուխայանին՝ շեշտելով, որ նման եղանակով կարող են առնվազն մեկ տարի կասեցնել լիճ թափվող կեղտաջրերի հոսքը:

Հիշեցնենք, որ պրոբլեմի բարձրաձայնումից հետո, Արդենիսի ճակատագրով ակտիվորեն հետաքրքրվող մարզպետը տնտեսվարողին առաջարկել էր հարցը լուծել եւ տարբերակներ առաջարկել:

Սեպտիկ 2 հորի կառուցումն այս պարագայում դիտարկվում է հարցի ռադիկալ լուծում:  Խնդրի նման լուծման կողմնակից է նաեւ ազգային պարկի տնօրինությունը: «Հետք»-ի տեղեկություններով սեպտիկ հորի կառուցման նախագիծ եւ նախահաշիվ Սպիտակում գործող կազմակերպություններից մեկին տնտեսվարողն արդեն իսկ պատվիրել է եւ սպասում է պատասխանի, որպեսզի ըստ առաջարկվող գումարի չափի որոշում կայացնի արդյո՞ք սեփական միջոցների հաշվին է կառուցելու, թե՞ աջակցության համար դիմելու է կառավարությանը:

Մերգել Ղարիբյանը հանդիպման ժամանակ պնդում էր, որ հողե պատնեշով թափոնների կասեցումը տարածքում խնդրահարույց չի լինելու, քանի որ ջուրը ներծծվելու է հողի մեջ, իսկ թե ինչ է արվելու առաջացած պինդ մասսայի հետ, սեփականատիրոջ եղբայրն այդ հարցին չանդրադարձավ: Հանդիպման ժամանակ բավական տարօրինակ հայտարարություն արեց Արփի համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը՝ չլինելով մասնագետ:

Վերջինիս համոզմամբ, եթե դադարեցվի խոզբուծարանից կեղտաջրերի հոսքը լիճ, ապա 3 տարի անց այն կճահճանա: Ի տարբերություն համայնքապետի ու նրա սեփականատեր եղբոր, բնապահպանները վստահ են, որ լիճն ունի ինքնամաքրման հնարավորություն, քանի որ Արդենիսն ունի իր մեջ թափվող ջրերի մուտք ու ելք, գոյություն ունեն նաեւ ստորգետնյա աղբյուրներ, որոնք էլ կապահովեն տարիների ընթացքում լճի վերականգնումը:

Արդենիս լճի խնդրով մտահոգ, այդ մասին բազմիցս բարձրաձայնած Շաքրո Ղազարյանի հետ զրույցում ճշտեցինք, որ տարածքն ապառաժ քարերով է պատված՝ փափուկ, հողային եւ միատարր չէ: Ջրային մասսայի ներծծումը դժվար թե լիարժեք իրականացվի եւ վաղ թե ուշ կեղտաջրերի հոսքը դեպի լիճ վերականգնվելու է:

Ստորեւ ներկայացված փոքրիկ տեսանյութով հնարավոր է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում խոզաբուծարանի եւ լճի միջեւ ընկած միջանկյալ տարածքում եւ որտեղ են ժամանակավորապես ցանկանում իրականացնել թափոնների կուտակումը տնտեսվարողները:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի փոխանցմամբ` անձամբ ինքը հետամուտ է լինելու, որ խոստացված սեպտիկ հորերն անպայման կառուցվեն: Արդյո՞ք առաջարկված ժամանակավոր տարբերակը սեփականատիրոջ կողմից միտում չէ սեպտիկ հորերի կառուցումը եւս մեկ տարով երկարացնելու՝ հուսալով, որ գուցե այդ ընթացքում երկրում կրկին իրավիճակ կփոխվի կամ պարզապես խնդիրը կմոռացվի, ինչպես որ լինում է շատ դեպքերում:

Կարեն Սարուխանյան

«Մենք հետեւողական ենք լինելու,-վստահեցնում է Կարեն Սարուխանյանը,-հիմա շատ կարեւոր էր, որ այդ հոսքը լիճ դադարեր, ինչը որ արվել է, սեփականատերը սպասում է պատվիրված նախագծի պատասխանին, դրանից հետո տեսնենք, թե ինչ դիրքորոշում կունենան Ղարիբյանները, ըստ այդմ էլ մարզային իշխանություններն իրենց դիրքորոշումը կհայտնեն»:

Կովկասյան բնության հիմնադրամի (CNF) Հայաստանի համակարգող Արման Վերմիշյանի կարծիքով ՀՀ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը պետք է վարույթ սկսի՝ կապված Արդենիս լճի տարիներ շարունակվող աղտոտման հետ: «Ես հիմնադրամում աշխատանքի անցել եմ 2012թ-ին եւ այդ ժամանակ արդեն լճի հետ կապված ահազանգեր կային: Տարիներ առաջ վիճակն էսքան վատ չէր, բայց որ ամեն առիթով այդ մասին խոսվել է, ասվել է՝ միանշանակ է: Այլ հարց է, որ արձագանքողներն են մնացել անհաղորդ: Ես մի քանի ամիս առաջ եղա տեղում, նայեցի եւ անգամ անզեն աչքով էր տեսանելի, որ էդտեղ էկոհամակարգը խիստ վնասված է,- ասում է Արման Վերմիշյանը,- ես ինքս նեղ մասնագիտացում չունեմ, բայց որպես բնապահպան-փորձագետ այդ տարածքին նայելով կարող եմ որոշակի եզրակացության գալ, պարզապես վերջնական գնահատականը պետք է տան նեղ մասնագետները՝ կապված եւ ջրի որակական, եւ ֆաունայի փոփոխության, որովհետեւ առկա ձկնատեսակը ոչնչացել է լիովին, եւ ֆլորայի»:

Արման Վերմիշյան

CNF-ի ներկայացուցչն ենթադրում է, որ տարիներով անտեսված հարցի թիկունքում առկա է եղել հովանավորչություն, որն էլ լիակատար ազատություն է ապահովել տնտեսվարողին՝ պահպանվող տարածքում անպատիժ գործունեություն ծավալելու համար: «Հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել, մարդիկ ավելի ազատ են խոսում, խնդիրն էլ վերջապես հայտնվեց մամուլում, հարկ է, որ հետեւողական վերաբերմունքի արժանանա եւ վերջանական լուծում ստանա: Կարծում եմ, որ պետք է փորձաքննություն իրականացվի: Հնարավոր է պարզվի, որ շրջակա միջավայրին հասցրած վնասն ավելին է, քան ենթադրենք բիզնեսով զբաղվող անձի պետությանը տված օգուտը: Դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները եւ հնարավոր է պարզվի, որ ոչ միայն վարչական, այլեւ այլ պատասխանատվության պետք է ենթարկվեն մեղավորները: Մեր նպատակը չէ վնասել սեփականատիրոջը, բայց չպետք է նաեւ թողտվության մթնոլորտ ձեւավորվի»,-նկատում է Արման Վերմիշյանը: Վերջինիս համոզմամբ, ժամանակավոր լուծումները չեն կարող լճի փրկության երաշխավոր լինել:

Հիշեցնենք, որ Արփի համայնքի բյուջե 9,2 հա տարածքում գործող կաթի գործարանի եւ խոզաբուծարանի գործունեությունից մուտք է արվել ընդամենը 68 հազար դրամ, որից 46 հազար դրամը հողի հարկն է, իսկ 22 հազար դրամը՝ գույքահարկը:

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։