Կիրակի, 23 սեպտեմբերի

Պատերազմից հետո տարածքներ կորցրած սահմանապահ Վազաշենում մարդիկ կառչած են հողից


Քայլում ենք Վազաշենի գյուղամիջյան ճանապարհներից մեկով, որը ժամանակին հասնում էր մինչեւ հարեւան Բալա Ջաֆարլի ադրբեջանական գյուղը, բայց հիմա ճանապարհն ընդհատվում է խրամատներով: Այստեղից մի քանի հարյուր մետրի վրա ադրբեջանական դիրքերն են, նրանց դիմաց՝ հայ սահմանապահները:

Հայկական (կարմիր) եւ ադրբեջանական (կապույտ) խրամատները 

Իրականում այս հատվածում հակառակորդի դիրքերը տեղակայված են հայկական հողերի վրա, ինչի պատճառով դրանց մի մասը դարձել է ականապատ չեզոք գոտի, իսկ ադրբեջանական խրամատների թիկունքում էլ հայկական հողերը հիմա մշակում են ադրբեջանցիները:

Հակառակորդի դիրքերից դիտարկվում է ոչ միայն Բալա Ջաֆարլի տանող ասֆալտապատ ճանապարհը, որը վաղուց չի օգտագործվում, այլեւ Վազաշենի ծայրամասային տների շարժը: Ու զարմանալի է թվում երեխաների անհոգությունը, որոնք հարեւանի էշին ստիպում-համոզում են իրենց ման տալ գյուղի այս հատվածի փողոցներով:

Վազաշենի շուկան էլ հակառակորդի տեսադաշտում է, հեռավորությունը 1500 մ է, բայց ադրբեջանցիները չեն խորշում կրակել խաղաղ բնակիչների վրա: Անցյալ տարի թշնամու գնդակը բախտի բերումով չի դիպել 80-ամյա Քնարիկ Գալստյանին, ում կողքին 18-ամյա աղջիկ է եղել նաեւ:    

«80 տարեկան հասակումս սրտիս խորքից ուզում եմ մի երկու խոսք ասել Իլհամ Ալիեւին,- ասում է Քնարիկ տատն ու հղում իր «ուղերձը»,- անիծում եմ, նա տաքության մեջ զառանցի, նրա ցավը մենակ Նիկոլը իմանա առաջի, հայերն այցելության գնան, ամաչի, անկողինը մի կողքի վրա մաշի»:

Շուկայի կանայք սկսում են ծիծաղել: Հետո նկատում են, որ վերջին շրջանում կրակոցները դադարել են: Վազաշենի շուկան արդեն 7 տարի կա, բայց միայն նախորդ տարի են Հայկ Ղուկասյանի հովանավորությամբ պատեր շարել, ծածկ դրել, որպեսզի պաշտպանված լինեն գնդակոծությունից:  

Կանայք նստած են պատի երկայնքով: Ամեն մեկի առջեւում դրված է իր ապրանքը՝ միրգ կամ բանջարեղեն եւ մի քանի շիշ տնական օղի ու գինի: Անծանոթների մոտենալուն պես նրանք վեր են կենում, ներկայացնում ապրանքը, գին սակարկում: Իսկ երբ սկսում ենք հարցեր տալ գյուղից ու իրենց կյանքից, ավելի են աշխուժանում, առանց իրար հերթ տալու պատմում վերջին իրադարձությունների, Վազաշենի ուղղությամբ հնչող կրակոցների, իրենց անձնական խնդիրների ու մտահոգությունների մասին:

Ասում են, թե շուկայում վաճառվողը Վազաշենի միրգ-բանջարեղենն է, ամեն ինչ «օրիգինալ» է, այսինքն՝ պատվաստումներ չկան, իսկ գնի առումով բոլորի հետ էլ հարմարվում են: Շուկան ազատ տարածք է նրանց համար, ովքեր ցանկանում են իրացնել իրենց ապրանքը, գործում է գարնանից մինչեւ դեկտեմբեր:

Այս տարի, ըստ վազաշենցիների, գյուղում միրգը շատ չի եղել, կարկուտը վնասել է այգիները, այստեղ չկա հակակարկտային կայան: Բայց Վազաշենում, որպես կանոն, մրգի առատ բերք է լինում՝ տանձ, խնձոր, թուզ, խաղող, արքայանարինջ, սալոր, նուռ, մոշ, հոն: Շուկայի տեսականին էլ ըստ պտուղ-բանջարեղենի սեզոնի փոխվում է:

Վազաշենը հին գյուղ է, մինչեւ 1978 թ. կոչվել է Լալիգյուղ: 1960-ականներին ոռոգման ցանցի կառուցմամբ այստեղ զարգացել է այգեգործությունը, հիմնվել է 400 հա խաղողի այգի, ինչից էլ գյուղը ստացել է Վազաշեն անունը: Այստեղի խաղողը մեծ պահանջարկ ուներ հայկական կոնյակագործության մեջ: Սակայն 1990-ականների պատերազմի հետեւանքով սահմանամերձ այգիները մնացել են կրակի տակ ու ոչնչացվել: Ադրբեջանցիների վերահսկողության տակ են մնացել հարյուրավոր հեկտար հողեր:

Պատերազմի հետքերը

Գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասում է, որ տնամերձերից բացի՝ Վազաշենի մնացած հողերի մեծ մասը սահմանին մոտ է ու նշանառության տակ: Վարելահողերը հիմնականում ծառայում են հացահատիկի աճեցմանը, բայց, ըստ համայնքի ղեկավարի, գյուղացիները դրանից էլ են հիասթափվել. ադրբեջանցիները Վազաշենին պատկանող, բայց իրենց վերահսկողության տակ գտնվող հողերում երբ հացահատիկ են ցանում ու հնձում, հայ գյուղացիները ձգտում են իրենց նույն աշխատանքը նրանց զուգահեռ անել, որպեսզի կրակող չլինի, մյուս կողմից՝ երբ ադրբեջանցիները հավաքում են բերքը, հաճախ դրանից հետո այրում են դաշտերը, ու կրակը հասնում է սահմանից այս կողմ:

Վազաշենի վարչական տարածքը, որի մի մասը ադրբեջանական (կապույտ) խրամատների թիկունքում է, մի մասն էլ՝ չեզոք գոտում

Բացի դրանից՝ Վազաշենն այսօր կոմբայն չունի, 10 տարի այն ղեկավարող Լ. Բադիրյանի ասելով՝ նախորդ գյուղապետը վաճառել է իրենց կոմբայնը, այս եւ անցյալ տարի վազաշենցիները կոմբայն են բերել Ներքին Կարմիրաղբյուրից, սակայն երբ գյուղատնտեսական աշխատանքներն ադրբեջանցիների համեմատ հետ են ընկնում, կրակոցների եւ հրդեհի պատճառով կոմբայնավարները ձգտում են Վազաշեն չգալ: Գյուղապետն ասում է, որ իրենց տարեկան բյուջեն 17 մլն դրամ է, գուցե կառավարության հետ համաֆինանսավորմամբ կարողանան Վազաշենի համար կոմբայն ձեռք բերել:

Գյուղն այսօր, ըստ Լորիկ Բադիրյանի, ունի 871 բնակիչ: Վերջին տարիներին այս թիվը նվազել է 15-ով. վազաշենցիները Իջեւան են գնացել: Համայնքի ղեկավարն ասում է, թե սոցիալապես անապահով է գյուղի 70 տոկոսը, իսկ նպաստ է ստանում շուրջ 50 ընտանիք:  

Ծովինար Հակոբյանը ծնունդով Ադրբեջանի Շամխորի շրջանից է, Վազաշեն հարս է եկել 1977-ին: Պատմում է, որ 1988-ի Շարժումից հետո կապը ծննդավայրի հետ կտրվեց: Շատերի պես իրենք էլ նախկինում Վազաշենում խաղողի մարգ ունեին՝ 150 մ, որը մնաց կրակի տակ: Բացի դրանից՝ նաեւ ծխախոտ ու բանջարեղեն էին աճեցնում: Ըստ տիկին Ծովինարի՝ խորհրդային տարիներին գյուղը 5 բրիգադով էր աշխատում, այն ժամանակ Վազաշենը Իջեւանի շրջանի ամենաառաջատար տնտեսություններից մեկն էր: Հիմա Հակոբյանները տնամերձ հողամասում լոբի ու կարտոֆիլ են ցանում, մի քանի տեսակի պտղատու ծառ ունեն:   

Տիկին Ծովինարը 5 երեխա ունի՝ 3 աղջիկ, 2 տղա, 17 թոռ: Չնայած որդիները ուրիշների պես Ռուսաստան արտագնա աշխատանքի են գնում, գյուղից հեռանալու մտադրություն չունեն: Նույն ինքը երբ Տաշիր՝ ծնողների տուն է գնում, իսկ վերադարձին թեկուզ հեռվից տեսնում Վազաշենը, ասում է, թե հանգստանում է, կարծես մի բան գտնում: Ծովինար Հակոբյանն էլ փաստում է, որ հիմա կրակոցները նվազել են, նախկինում շատ էին կրակում, նշում է, թե իր միակ վախը կրակոցներից երեխաների համար է, իսկ մեծերը վաղուց սովորել են:  

Երկրում տեղի ունեցած իշխանափոխության հետ վազաշենցիները հույսեր են կապում: Շուկայում կանգնած կանայք ասում են, թե Տավուշ կատարած այցի ժամանակ ճանապարհով անցնելիս ողջունել են Նիկոլ Փաշինյանին, բայց հանդիպում չի եղել: Ասում են՝ կարեւոր չէ վարչապետի իջեւանցի լինելը, մարդը մարդ պիտի լինի:  

Գյուղապետ Լորիկ Բադիրյանն էլ առանձնացնում է ոռոգման ջրի խնդիրը, որը առաջիկայում, թերեւս, լուծում կստանա: Ըստ նրա՝ վարչապետը խոստացել է ջրամբար կառուցել գյուղից 2 կմ հեռավորության վրա: Խորհրդային տարիներին Վազաշենի հողերը ոռոգվել են Աղստեւ գետի ջրերով, որոնք այստեղ են մղվել պոմպակայանի միջոցով: Պատերազմից հետո կայանը մնացել է ադրբեջանական կողմում, ու գյուղը զրկվել է ջրից: Փոխարենը օրական 6-7 ժամ խմելաջուր ունեն, որով էլ ոռոգում են տնամերձերը:  

«Հույս ունենք, որ կլինի [ոռոգման ջուրը], հատկապես իմ հայրենակցից ո՞նց կարող եմ հույս չունենալ-, ասում է Լորիկ Բադիրյանը,- բա եթե հույսը չլինի, ո՞նց կլինի մեր վիճակը սահմանին»:

Բալա Ջաֆարլի տանող ճանապարհը, հեռվում՝ Աղստաֆաչայի ջրամբարը 

Հետաքրքիր է, որ Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական Ղազախի, Աղստաֆայի ու Թովուզի շրջանների ամենամեծ ջրամբարը գտնվում է հենց Վազաշենի հարեւանությամբ՝ Աղստեւ (Ադրբեջանում՝ Աղստաֆաչայ) գետի վրա: Դրա ընդհանուր տարողությունը 120 մլն խմ է: Այնինչ Տավուշի մարզի ջրամբարները միասին դրա մոտ կեսն են կուտակում՝ 65,6 մլն խմ: Ավելին՝ Տավուշի ամենամեծ՝ 45 մլն խմ ծավալով Ջողազի ջրամբարը, գտնվելով հայ-ադրբեջանական սահմանի վրա, սակայն սնվելով հայկական տարածքից, ծառայում է հակառակորդին, քանի որ դրա ջրերը, չօգտագործվելով հայկական կողմից, հոսում են Ադրբեջան:    

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (3)
1. Leona antonian bonich23:28 - 29 օգոստոսի, 2018
I would like to have a recipe for gata, in English, please?
2. Hagop-ian00:30 - 31 օգոստոսի, 2018
Azeris and Turks are "experts" at shooting at the helpless, elderly, women and children. If Armenia does not implement a program to destroy their positions across the border so that the citizens of Armenia can live on their own terms and in safety, then it is our fault entirely for failing to maintain a proper country. The Armenian government needs to hire former troops and/or volunteers or military experts to get to these border villages and clear out the terrorists from across the border and make sure none of that area remains habitable. It is clear that Armenia cannot co-exist with so-called "Azerbaijan". Might as well make the best of this idea and reply much worse than the aggressor instead of constantly being the victim and sitting down and getting shot at. I think most Armenians are ready to help out in the war effort by either volunteering or giving financial assistance if it ever starts, so that is one thing we should not be worried about. They are holding our lands, we need to liberate more of Armenia. This time all the way to the Russian border.
3. Onnik Kiremitlian20:21 - 31 օգոստոսի, 2018
Clear the Azeri scum from our borders, and inflict a heavy blow on them!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։