Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Տեսչական մարմինը Ամուլսարի հանքի հարցով վարչական վարույթներ է հարուցել և դիմել նախարարությանն ու դատախազությանը



Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկություն է հրապարակել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով տրամադրված հանձնարարությունների, առաջարկությունների և այլ գործողությունների վերաբերյալ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:

Առաջարկվել է նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը:

Տեսչական մարմնի ղեկավարը դիմել է գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու և սահմանված կարգով ընթացք տալու համար:

«Եղեգնաձոր ՋՕ» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Կեչուտ-Զառիթափ ոռոգման ջրագծից «Լիդին Արմենիա» ՓԲԸ-ին արտադրական նպատակներով ջրամատակարարման իրավաչափությունը պարզելու համար:

Խոշորացված Ջերմուկ քաղաքի համայնքապետարանի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Գնդեվազի գյուղապետի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը Գնդեվազ համայնքի «Յոթ աղբյուր-Գնդեվազ» ջրատարից ջրի օգտագործման համար, ինչպես նաև շինարարության փուլում ոչ ստատիկ ջարդիչ կայանների տեղադրման համար թույլտվություն տրամադրելու իրավաչափությունը պարզելու նպատակով:

Վարչապետին ներկայացվել է զեկուցագիր՝ որպես կապալառու ընկերություններ Ամուլսարում շինարարական աշխատանքներ կատարած ընկերություններում տեսչական ստուգումներ իրականացնելու վերաբերյալ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ