ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ուշ վակցինացման պատճառով ֆերմերի անասունները սատկել են



Այս տարվա ապրիլի առաջին օրերից Աքորի գյուղում Մովսես Սիմոնյանի ոչխարները սկսել են սատկել:

Մոտ երկամսյա հիվանդությունից և անասունների մեծաքանակ անկումից հետո՝ մայիսի 25-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կառույցի ղեկավար Կամո Սողոյանի հանձնարարությամբ՝ սատկած մեկ ոչխարի ներքին օրգաններ ուղարկվել է հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն՝ լաբորատոր փորձարկման:

Կամո Սողոյանը օգոստոսի 25-ին հեռախոսով բացատրեց, որ Աքորիում ոչխարների հիվանդության մասին տեղեկացել է մայիսի 22-ին։ Մինչ այդ իր տնտեսությունը ծանր վիճակից հանելու համար Մովսես Սիմոնյանը երկու անգամ խնդրել է Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի աջակցությունը: Մովսեսի ասելով` Ս. Խեչումյանը անտարբերությամբ է ընդունել իր խնդրանքը:

Լաբորատորիայից անասնաբուժական փորձարկման N 327 արձանագրությամբ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Ի. Կարապետյանին մայիսի 29-ին հայտնել է, որ ոչխարի մանրէաբանական հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են անաերոբային ինֆեկցիայի հարուցիչներ (CI. Septicum)` բրադզոտ հիվանդություն: Մակաբուծաբանական հետազոտությամբ նմուշներում հայտնաբերվել են նաև «թեյլերիոզ» հիվանդության հարուցիչներ: Ոչխարները «բրադզոտ» հիվանդության դեմ չեն պատվաստվել 2017թ.-ին:  

Մովսես Սիմոնյանի ասելով՝ Աքորիի «Դարք» հանդամասի իր արոտավայրում ոչխարների անկում է ունեցել նաև 2017թ.-ի գարնանը: Իսկ 2018թ.-ին «բրադզոտ»-ի վակցինաները ֆերմերին տրվել են հունիսի 7-ին՝ նրա 63 ոչխարների և գառների սատկելուց հետո: Քանի որ եղանակային վատ պայմաններում վակցինացիան անթույլատրելի է, Մովսեսը ոչխարների վակցինացիան կատարել է 20 օր հետո՝ հունիսի 27-ին: Մինչ այդ լաբորատորիայի աշխատակից Արտակ Քոչարյանի տված դեղորայքով կատարել է ոչխարների բուժում: «Հետք» -ը ժամանակին գրել էր Մովսես Սիմոնյանի  հաջողությունների մասին: Այդ ժամանակ ֆերմերը պատմել էր, որ ուներ 150 գլուխ ոչխար և 105 գառ: «2016 թ.-ից էս կողմ, իմ տնտեսությունը փոխանակ տարեկան գոնե 30 տոկոս աճ տա, 60 տոսկոս հետ է գնացել: Այսօր ես առնվազը պետք է ունենայի 250 գլուխ ոչխար: Հիմա ունեմ 120 ոչխար, 84 գառ: Ես հիվանդության ամիսներին 63 ոչխար ու գառ եմ կորցրել, ոչխարս չեմ կթել, նաև օրը 150 լիտր կաթ եմ կորցրել»,- ասում է Մովսեսը:

 

Կամո Սողոյանի ասելով՝ վիճակագրական վարչությունում գրանցված է Մովսես Սիմոնյանի 91 ոչխարը, և նրա ոչխարների անկումը պետք է հաշվարկել այդ գրանցված  թվով: Մովսեսը պատրաստվում է դատարան դիմել իր ոչխարների թիվը կեղծողների դեմ։

«Ես Մովսեսի տան հարևանությամբ եմ ապրում՝ ճանապարհի տակ: Ամեն իրիկուն Մովսեսը առողջ ոչխարը գոմն աներ, առավոտը տեսնեինք 3-4 ոչխար սատկած է: Մինչև սարը գնալը էստեղ մի 50-60 գլուխ ոչխար սատկած կլիներ, բայց իմ իմանալով՝ սարումն էլ է սատկել»,- պատմեց Մովսեսի  հարևանուհի Անահիտ Թաթոյանը:  

Աքորիում սատկող անասուններին հունիսի 5-ին անդրադարձել է հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագիրը: Լրագրող Հրաչյա Պապինյանի ասելով՝ իր պատրաստած տեսանյութում Մովսեսի սատկած 6 ոչխարները նկարահանել է մայիսի 26-ին: Աքորիի անասնաբույժ Վաչե Կիրակոսյանը պնդում  է, որ անձամբ տեսել է Մովսեսի սատկած 9 ոչխարները։ Վաչեն, իր ասելով, Մովսեսի ոչխարների մասին տեղեկացրել է Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության  պետական տեսչության կենդանիների հիվանդությունների հսկողության և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ Գևորգ Թովմասյանին:

«Ասել եմ էս մարդու անասունները սատկում են: Հա, Թովմասյանը տեղյակ է եղել: Ասեց մի գրեք, որ անասուն է սատկել»,- պատմեց անասնաբույժը:  

Անասնաբույժ Վաչե Կիրակոսյանը

Մովսեսի պատմելով՝ անասնաբույժը իր սատկած անասունները 1-ին անգամ տեսել է ապրիլի կեսին, ապա՝ մայիսի վերջերին: «Այդ ընթացքում նրան տեղյակ ենք պահել ոչխարներիս նոր անկման մասին, Վաչեն հրաժարվում էր գալ վիճակը տեսնելու: Հիմա նաև հրաժարվում է ինձ տեղեկանք տալ՝ թեկուզ իր տեսած սատկած 9 ոչխարներիս համար»,- հայտնեց Մովսեսը:

«Տեղեկանք ինչու չեմ տա որ, իմ գեղացի մարդ է: Բայց Գ. Թովմասյանն ասել է մի գրեք, որ անասուն է սատկել»,- բացատրում է անասնաբույժը: Մեզ չհաջողվեց հեռախոսով խոսել Գևորգ Թովմասյանի հետ: Նրա բջջային հեռախոսը անջատված էր: Գյուղնախարարության լրատվական ծառայության ղեկավար Գայանե Մանուկյանի տված հեռախոսահամարից մեզ պատասխանեց «Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորիկ Բարսեղյանը:

«Վակցինան ուշ են բերել, Աքորիի ֆերմերի անասունները արդեն սատկած են եղել, դրա համար էլ վակցինացումը ուշ է կատարվել: Ինչ վերաբերում է սատկած անասունների համար տեղեկանք չտալուն, ապա պետք է հայտնեմ, որ ճիշտ է, Վաչեն անասնաբույժ է, բայց նա մեզ հետ քաղիրավական պայմանագիր է կնքել՝ որպես պատվաստող: Տեղեկանք պետք է տա Սննդի անվտանգության պետական տեսչության տեսուչը»,- բացատրեց Նորիկ Բարսեղյանը:

Աքորի գյուղը

«Ինչ վերաբերում է տեղեկանքին, ապա անասնաբույժը ոչ թե 9, այլ 4 կենդանիների մասով է ասել ֆերմերի սատկած անասունների թիվը»,- ասաց Գյուղնախարարության գյուղատնտեսության վարչության պետ Լ. Տեր-Իսահակյանը:

Հիվանդության 2 ամիսներին սատկած կենդանիների դիակների հավաքում, ոչնչացում, ախտահանում և վերաախտահանում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կառույցի կողմից չի կատարվել:

«Օր եղել է՝ իմ անասունը չի սատկել, օր էլ եղել է՝ 5-6 հատ է սատկել: Սատկած անասունը իմ շների առաջն եմ թափել, արծիվներն են եկել կերել: Չեմ իմացել էդ հիվանդության վտանգների մասին»,- բացատրում է Մովսեսը: Վերջինիս ասելով՝ թեև Գևորգ Թովմասյանն իր սատկած անասունների հարցով եկել է Աքորի, սակայն իրեն չի զգուշացրել հիվանդության վտանգների մասին։

«Գոնե ինձ չզգուշացրեց, թե ախպեր ջան, սատկած անասունդ հողավորի՝ անվտանգությունն ապահովելու համար: Իմ գառը հետը, ճիշտ եմ ասում, ժողովուրդ, 63 հատ ոչխար է սատկել»,- ասում է ֆերմերը:

Մովսես Սիմոնյանը

Մովսեսը մայիսի 26-ին իր անասունների հետ սար է բարձրացել Աքորու վարչական  ներկայացուցիչ Հրահատ Սիմոնյանի և անասնաբույժ Վաչեի հորդորից հետո: «20 օր սարում մենակ ենք եղել էս ամայի դաշտում, գայլերի հետ միասին։ Մեզ ասում են «Ղազարի բինատեղ» սարում մնացեք, ոչխարը  մի տեղափոխեք Դարք»,- պատմեց Մովսես Սիմոնյանի  կինը՝ Արմենուհին:

Վարչական ներկայացուցիչ Հրահատ Սիմոնյանը ոչխարը փրկելու համար Մովսեսին խորհուրդ է տվել այն «Դարքի» արոտավայրից տեղափոխել Աքորու «Գոլեր» կամ «Բգավոր» հանդամասի արոտավայրեր:  

«Մեր պապերը միշտ դժգոհել են գարնանը «Դարք»-ի արոտավայրերում իրենց անասունների  անկումից»,- մեր ներկայությամբ Մովսեսին բացատրում էր Հ. Սիմոնյանը:

«Ոնց տանեմ, վարկ եմ վերցրել «Դարք»-ում մեծ գոմ եմ սարքել, տնտեսություն եմ ստեղծել: «Գոլերում» ու «Բգավորում» էլ ուրիշի 200 ոչխարն է արածում: Դարքի արոտավայրերը լավն են, ուղղակի էնտեղ ախտահանել է պետք»,- ընդդիմացավ Մովսեսը:

«Հմի էլ ուզում ես քո արոտավայրը բուժեն, էտա քո պայքարը»,- զայրացավ Հ. Սիմոնյանը:

Կամո Սողոյանը հեռախոսով մեզ հայտնեց, թե Մովսեսի ոչխարների գոմի և արոտավայրի ախտահանում չեն կարող կատարել: «Մի 15 օր հետո Լալվարի փեշը ձնելու է, էլ էստեղ ոնց կարանք մնանք»,- ասաց Մովսեսը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Արմեն09:52 - 30 օգոստոսի, 2018
Անասնաբուժությունը պետական քաղաքականությամբ ոչնչացվել և շարունակվում է այս կառավարության օրոք ևս։ Ամեն տարի մեկը իրա կաբինետում նստած որոշում ա անասնաբուժներին տալ համայնքին,մյուս տարի մարզպետին ու այդպես շարունակ։Գյուղատնտեսություն են զարգացնում առանց անասնաբուժների,առանց աշխատավարձ տալու, դրա համար էլ եկող սերընդում չկան մասնագետներ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ