HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եզդիների ընտանիքը սովամահ է լինում

Հերմինե Մխիթարյան

Ձմեռային մի ցուրտ ու մռայլ օր էր, չորս տարի առաջ, երբ երիտասարդ Խատոյան ամուսինները Ստեփանավանի քաղաքային գերեզմանատանը հողին հանձնեցին իրենց 4-րդ երեխային, որի մահվան պատճառն, ինչպես եւ նախորդ երեքինը, սովն էր ...

Ամեն շաբաթ, որպես պարտադիր արարողություն եզդիներն այցելում են իրենց հարազատների շիրիմներին։ Խատոն, դա, որպես կանոն, անում է երկուշաբթի առավոտ կանուխ։ Նրա մահացած բոլոր երեխաներից միայն վերջինի շիրիմն է գտնվում Ստեփանավանում: Եթե երբեւէ այդ հողակտորի վրա տապանաքար դրվի, ապա կգրվի «Խատոյան Անուշ Խատոյի: Ծնվել եւ մահացել է նույն թվականին»:

Խատոյանների ընտանիքն ապրում է քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում։ Երկար տարիներ սրա նրա ավտոտնակում կամ պահակատանը ապաստան խնդրելուց հետո Խատոն երեխաների ու կնոջ հետ հաստատվել է հոր կիսախարխուլ վագոն տնակում, իսկ ծնողները տեղափոխվել են երկրաշարժից հետո կիսաքանդ վիճակում գտնվող մի տուն:

Խատոն ունի 5 երեխա: Նա փորձել է վերանորոգել, ինչ որ չափով փակել վագոն-տնակի անցքերը, բայց անօգուտ: Բ ոլոր կողմերից շարունակվում է փչել քամին, իսկ անձրեւոտ օրերին սենյակը լցվում է ջրով: Բայց օրախնդիրն այս ընտանիքում բնակարանի վերանորոգումը չէ, այլ մնացած 5 երեխաներին սովից ու հիվանդություններից փրկելն է:

Խատոյի եւ նրա կնոջ համար Աստծո ամեն օրը սկսվում է մի կտոր հացի հոգալու խնդրով։

«Ամռանն Աստված ա մեզ պահըմ։ Անտառըմ ապրելու համար շատ միջոցներ կան, մորի, մալինա, փայտ, կաղին, հաճար, սունկ, մասուր։ Էն ամեն ինչը, ինչ-որ մարդկանց պետք ա, բայց դրա համար շատ մարդիկ չեն գա հասնին ըստի»,- պատմում է Խատոն, իսկ կինը՝ Էթերին, ավելացնում է. «Ճանապարհը դժվարա, շատ եմ հոգնում, մանավանդ կնգա համար շատ դժվրա սար բարձրանալը, անտառ գնալը, բայց կարիքն ա ստիպում: Մեր երեխեքը ոչ մի անգամ կուշտ փորով հաց չեն կերել։ Օրը մի հարեւանը տալիս ա, երեխեքը դուրս են գալիս դուռը մեկի ձեռը հաց են տենըմ, վազմ են առաջները, դե դրանք էլ խղճմ են վերեն ունըմ մի կտոր հաց են տալիս կամ կանչմ են մեկը մուրաբա ա տալիս, մեկը կարտոշկա ա տալիս, տենց յոլա են գնում»:

Խատոյի երկու մեծ աղջիկները՝ 13 եւ 12 տարեկան, գրել-կարդալ չգիտեն։ Դպրոց չեն հաճախում, եւ երբեք չեն էլ հաճախել, քանի որ աղքատությունը հենց սկզբից իր անջնջելի կնիքն է դրել նաեւ այս հարցում: 13 ամյա Միլենան պատմում է. «Ես գնացել եմ գիշերօթիկ, ընդեղ կոշիկ չեմ ունեցել, վրես ծիծաղել են, ես էլ եկել եմ տանը լացել եմ, մամային, պապային ասել եմ, որ էլ չեմ գնալու ընդեղ»:

«Էրեխեքս ոչ կոշիկ ունեն, ոչ ուտելիք ունեն, ոնց տեն գնա մի տեղ երեխեքը, կուշաթափվեն, սոված, ծարավ, ոնց տեմ թողնի, ես էլ մայր եմ: Գոնե սոված, իմ կողքին կմնան»,- հուզված պատմում է երեխաների մայրը:

Սովն ու չքավորությունը արդեն երկար տարիներ է ինչ այս ընտանիքի միակ մտերիմներն են։ Մյուսները, որոնց թվում եւ պետությունը, ամբողջովին երես են թեքել։ Այս տնակ չի մտել անգամ պետության սոցիալական քաղաքականությունը։ Խատոյի կինը՝ Էթերին, Վրաստանի քաղաքացի է, իսկ անձնագիրը Հայաստան դառնալու ճանապարհին կորցրել է։ Նպաստառու դառնալու համար էլ անհրաժեշտ է ինչպես երեխաների ծննդյան վկայականներն այնպես էլ ծնողների անձնագրերը, վերջինիս բացակայության պատճառով երեխաներից եւ ոչ մեկն առ այսօր ծննդյան վկայական չունի։

«Ես ոչ ոք չունեմ, բացի իմ հինգ երեխեքը, իմ ամուսինս, ես ոչ մեկ չունեմ։ Էդ պատճառով էլ ես չեմ կարա Վրաստան գնամ էդ թղթերի համար, որ բերեմ։ Էնքան էլ ընդեղ փող են ուզում, ես ըսկի մի հացի փող չունեմ ոնց տեմ գնա»,- տարակուսում է Էթերին։

Թվում է թե այս ընտանիքի դաժան ճակատագիրը պետք է որ քաղքային իշխանության, միջազգային տարաբնույթ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում հայտնվեր, սակայն լրիվ հակառակն է:

Երկու տարի առաջ Հայ Առաքելական եկեղեցին մի քանի ամսվա համար սննդամթերք եւ հագուստ է տրամադրել։ Լոռու մարզպետը հետաքրքրվելով ընտանիքով, այդպես էլ ոչինչ չարեց։

5 երեխաներից մեկը սրտի արատ եւ տեսողություն պրոբլեմ ունի, իսկ ամենափոքր երեխայի մոտ արյան քաղցկեղ է հայտնաբերվել:

Նրանք շատ անգամ են օգնության ձեռք խնդրել տարբեր պաշտոնյաներից ու ղեկավարներից, սկսած տեղական ինքնակառավարման մարմիններից մինչեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։ Բոլոր ջանքերը սակայն իզուր են եղել։ Բացի ծայրաստիճան աղքատությունից ուրիշ ոչնչով աչքի չնկնող այս ընտանիքի հոգսերը գրեթե ոչ մեկին չեն հետաքրքրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter