Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Տեսչական մարմինը բեկանել է «Արմօյլ» ընկերության դեմ կայացված վարչական ակտը



Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը որոշում է կայացրել բեկանել «Արմօյլ» ընկերության դեմ կայացված վարչական ակտը: Այս մասին «Հետք»-ին հայտնեց տեսչական մարմնի մամուլի խոսնակ Վրույր Պեպանյանը:

«Արմօյլ»-ը հուլիսի 23-ին բողոքարկել էր տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի հուլիսի 16-ի որոշումը, համաձայն որի՝ կասեցվել էր Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը։

Վրույր Պեպանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ստուգումները նավթամթերքի վերամշակման գործարանում շարունակվելու են:

Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղի 129 հասցեում կառուցված գործարանի 50% մասնաբաժինը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Մյուս 50%-ը պատկանում է «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերությանը, որի հիմնադիր-սեփականատերն է իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանը:

Հարկ է նշել, որ այս տարվա փետրվարին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը բնապահպանության նախարարությանը «Նիվա» մակնիշի 10 ավտոմեքենա էր նվիրել, որոնք տրվել էին այդ ժամանակ բնապահպանության նախարարության կազմում գտնվող բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Նախարարությունից առանձնանալուց հետո այդ մեքենաները շարունակում են մնալ տեսչական մարմնի տրամադրության տակ: Այսինքն՝ ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանում ստուգումներ կատարելու համար տեսչական մարմնի աշխատակիցները կարող են երթևեկել նաև Ծառուկյանի նվիրաբերած ավտոմեքենաներով:

Արթուր Գրիգորյանի օգոստոսի 23-ի որոշմամբ՝ «Արմօյլ» ընկերության ներկայացրած վարչական բողոքը բավարարվել է: Որոշման հիմնավորման մեջ նշվում է հետևյալը.

«Ընկերության կողմից փաստարկներ են ներկայացվում, որ որոշումն ուղղված է նավթավերամշակման գործարանի շինարարության կասեցմանը, այնինչ ընկերությունը պնդում է, որ իր կողմից նախատեսվող գործունեություն ոչ թե նավթի վերամշակման արտադրություն է, այլ նավթամթերքի (նավթի վերամշակման արդյունքում արդեն իսկ ստացված հումքի) վերամշակում, որն անվանվում է բիտում և քսայուղ, հետևաբար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման  և փորձաքնության ենթակա չէ: Հանգամանքը տեսչական մարմնի աշխատակիցների կողմից չի հերքվել, այսինքն՝ բողոքարկման վարույթով քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ ընկերության ներկայացրած տվյալները, տեղեկությունները օրենքի ուժով համարվում են հավաստի»:

Որոշման հիմնավորման մեջ հղում է արվում նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին, համաձայն որի՝ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին «Արմօյլ»-ի բողոքարկման շրջանակներում տեսչական մարմնի վարչական շենքում կայացած քննարկման ժամանակ տեսչական մարմնի հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետ Արայիկ Միրզոյանը շեշտեց, որ միայն շինարարության կառուցապատման մակերեսի (26 586 քառ. մետր) հանգամանքով պայմանավորված՝ գործարանը ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Սիմոն09:53 - 29 օգոստոսի, 2018
Կներեք, լավ չհասկացանք: Այստեղ գրված է, որ տեսչական մարմինը բեկանել է իր իսկ ղեկավարի որոշումը (այսինքը «մարմինը» բեկանել է «գլխի» որոշումը!) Ըսենց բան ոնց որ քիչ ա լինում: Հասկացվում է որ Գագոն գործը դզել է՝ կամ ասել է «ավտոներդ կառնեմ տակներիցդ», կամ, «ավելի լավերը կտամ», կամ էլ մի այլ բան: Տխուր մտքեր են առաջանում ....
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ