Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Հովհաննիսյանների «Չրի տունը» Բյուրականում


Պողոս Հովհաննիսյանը Բյուրականում հիմնել է չրանոց, եւ արդեն երեք տարի է՝ հոր, մոր, քրոջ հետ մրգերից չրեր են պատրաստում: Գյուղի ծայրամասում գտնվող արտադրամասն անվանել են «Չրի տուն»:

Արտադրամասի մուտքի մոտ՝ փայտե դարպասից ներս, մրգատու ծառեր են, հիմնականում խնձորենիներ ու սալորենիներ:

Պողոսը այգու միջով մեզ ուղեկցում է փայտից սարքած տաղավարը, ասում՝ իրենց նպատակը ոչ միայն չրերի արտադրությունն է, այլև այնպիսի պայմաններ ստեղծելը, որպեսզի չրերի արտադրությունն ու գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնան այլընտրանքային տուրիզմի ճյուղ: Գյուղ այցելած զբոսաշրջիկը կարող է այցելել «Չրի տուն», մասնակցել կատարվող աշխատանքներին՝ բերքահավաքին, մրգերի կորիզահանմանը, կտրատմանը, մրգային սուջուխների պատրաստմանը:

Չրանոցը ընտանեկան բիզնեսի մոդել է, որտեղ ամեն մեկն իր գործն ունի, մրգերը մթերում են հիմնականում հարևաններից: Տարածքը նախկինում աղբանոց է եղել, աղբը մաքրելով՝ ընտանիքն այգին է հիմնել:

Չորս ամիսների ընթացքում պատրաստում են սալորի, դեղձի, ծիրանի, բալի ու կեռասի չրեր: Այս տարվա ընթացքում 500 կգ չիր արդեն պատրաստել են, սպառումը Հայաստանում է իրականացվում։ Չրատուն այցելած զբոսաշրջիկները նույնպես գնում են չրեր եւ իրենց հետ տանում են արտասահման:

Արևի ճառագայթներից բացի, մրգերի չորացումը կատարվում է օբսիդիան քարերի միջոցով, որոնք հնարավորություն են տալիս տաքությունը հնարավորինս երկար պահպանել:

Մեր այցելության պահին արտադրամասի աշխատակիցները սալորի չիր էին պատրաստում, կորիզները հեռացնում: Կողքի սեղանին չրի փաթեթավորման աշխատանքներ էին ընթանում: Փայտյա տուփերը ևս իրենց արտադրանքն է․ հարևաններն են պատրաստում:

«Կարևոր է, որ ոչ միայն մենք ենք կարողանում եկամուտ ստանալ, այլև օգնում ենք համագյուղացիներին», - ասում է Պողոս Հովհաննիսյանը:

Պողոսի մայրը՝ տիկին Ծովիկը, հսկում է արտադրական գործընթացը, հետևում, որ մրգերը լավ լվացվեն, չորանոցում երկար չմնան, հետո սառնարանից բերում է կտրատած մրգերով փաթեթը, սկսում պատրաստել բրենդային մրգային սուջուխը։ «Այն չրերը, որոնք փոքր են, մշակման գործընթացքում գույնը մգվում է, չենք դնում տուփերի մեջ, կտրտում ենք, շարում և մրգային եփուկով թաթախելուց հետո պատրաստում մրգային սուջուխները», - պատմում է տիկին Ծովիկը։

Արտադրական թափոններ գրեթե չեն մնում. չրարտադրության համար ոչ պիտանի մրգերն էլ վերածվում են օղու:

«Գյուղում մրգերի իրացման խնդիր կար, ամեն մեկն իր սեփական այգին ունի, փոքր է, իսկ փոքր քանակի բերք ունեցող ֆերմերի համար բերք իրացնելը հեշտ չէ: Հիմա մարդիկ 10-15 կգ բերք են բերում, հա՛մ մեզ է հարմար, հա՛մ ՝ իրենց», - ասում է տիկին Ծովիկը:

Օրգանիկ ելակն ու ելակի չրերը

Հովհաննիսյանները չրերի արտադրամասի հարևանությամբ ելակի ջերմոց ունեն: Կառուցել են 2017-ի աշնանը, 350 քառակուսի մետր մակերես ունեցող ջերմոցում կաթիլային ոռոգման համակարգ է գործում: Արևային էներգիայի միջոցով տարվա 4 եղանակների ընթացքում համապատասխան ջերմաստիճան են ապահովում և աճեցնում օրգանական ելակ:

Տարվա 12 ամիս ելակ են ունենում, որից չիր են պատրաստում: Հողը պարարտացնելու համար օրգանական պարարտանյութեր են օգտագործում, շուտով կստանան նաև օրգանական արտադրանքի մասին վկայող սերտիֆիկատը:

լուսանկարները և տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (2)
1. Վարդան Մովսիսյան11:20 - 29 օգոստոսի, 2018
Մի քանի տարի առաջ այցելեցի տուրիստների հետ միասին իրենց տուն`դա առաջին այցն էր և ծանոթությունը իրենց հետ,բավական տպավորիչ էր,շատ լավ թոնրի խորոված պատրաստեցին,պարզ ,անմիջական մարդիկ են և շատ բարի,աշխատասեր:Չրանոցը այդ տարի դեռ նոր էին կառուցել և շատ խոստումնալից ծրագիռ էր,իսկ օրեր առաջ նորից տուրիստների հետ այցելեցի և ահագին աշխատանք էին արել`ջերմոց.օրգանական,հացատուն հյուրերի համար,մի խոսքով ամեն դեպքում անպայման արժի այցելել
2. emma11:44 - 3 սեպտեմբերի, 2018
մեկը ձեռնոռնոցովա աշխատում մյուսը առանց բա մաքռությունը ուրա
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։