HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոռոգման ջուրը երկու «զոնայի» է բաժանել Տավուշ գյուղը. լավագույն լուծումը նոր ջրամբարն է

Տավուշ գյուղի բնակիչներն ասում են, որ ոռոգման ջուրը գյուղը երկու «զոնայի» է բաժանել՝ ներքին եւ վերին: Գյուղը գտնվում է սարալանջի վրա, ու եթե ցածրադիր տարածքները ինքնահոս ոռոգվում են, ապա բարձրադիր գոտիները զրկված են ջրից:

Խոշորացված Բերդ համայնքի մաս կազմող Տավուշի (Թովուզի) գյուղապետարանի օպերատոր Սիրուշ Պողոսյանը նշում է, որ խորհրդային տարիներին այստեղ ջրի խնդիր չկար. մեծ պոմպակայան ունեին, որից օգտվում էին նաեւ հարեւան գյուղերը, ջուրը վերցնում էին Տավուշ գետից, սակայն անկախությունից հետո պոմպակայանը քանդվել է:

Ըստ Տավուշի մարզպետարանի կայքի՝ գյուղն ունի 437 հա արոտ, 601 հա վարելահող, 24 հա այգի, 510 հա անտառ: Սիրուշ Պողոսյանի տեղեկացմամբ՝ ջրի պակասի պատճառով վարելահողերի փոքր մասն է մշակվում. հիմնականում հացահատիկ են ցանում, այդ թվում՝ գարի, եգիպտացորեն: Բայց ջուր չլինելու պատճառով վարելահողերը մասամբ խոտհարքներ են դարձել, այնինչ եթե ոռոգման ջուր լինի, դրանք կմշակվեն նախկինի պես:

Ինքնահոս ոռոգվող ցածրադիր տարածքներում են գտնվում Տավուշի խաղողի այգիները: Գյուղացիները խաղողը հանձնում են Բերդի կոնյակի գործարան: Այս տարի բերքի 1 կիլոգրամը 140 դրամով են հանձնել, ինչն, ըստ Ս. Պողոսյանի, նախորդ տարվանից ավելի էժան է:

Տավուշ գյուղին, ի թիվս մարզի 40 բնակավայրի, ոռոգման ջրով ապահովում է «Տավուշ» ՋՕԸ-ն, որի գործադիր տնօրեն Յուրի Որսկանյանն ասում է, թե այս գյուղում ոռոգումը լավ են կազմակերպում: Ըստ ՋՕԸ-ի ղեկավարի՝ Տավուշը ոռոգման ջուր ստանում է 3 ջրաղբյուրից, որոնք սնվում են Տավուշ գետից: Այսինքն՝ գյուղի ոռոգման ջրի խնդիրը պայմանավորված է գետով:  

Տավուշ գետի վրա գտնվող համանուն ջրամբարն (ընդհանուր ծավալը՝ 5 մլն խմ) օգտագործվում է Բերդի մի քանի գյուղերի ոռոգման համար 

Որսկանյանի տեղեկացմամբ՝ նշված 3 ջրաղբյուրներից երկուսը լիարժեք ջուր են մատակարարում, մասնավորապես, գյուղի խաղողի այգիներին: Բացի սրանցից՝ կա նաեւ չորրորդ աղբյուրը՝ պոմպակայանը, որը գտնվում է Բերդի եւ Տավուշի միջեւ՝ Տավուշ գետի ափին: Այն կառուցվել է 4 տարի առաջ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի միջոցով, նախատեսված է օգտագործել սակավաջրության պարագայում: Ըստ Յու. Որսկանյանի՝ այս տարի պոմպակայանն անգամ չի շահագործվել, քանի որ ոռոգման ջրի խնդիր չի եղել, բայց, օրինակ, նախորդ տարի սակավաջրություն էր, գյուղում ջրի պակաս կար:

Սակայն Տավուշ գյուղի վարչական ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ այս տարի ոռոգման ջրի խնդիր չունենալը պայմանավորված էր անձրեւային եղանակներով, ինչը չի ենթադրում, թե ոռոգման հարցը լուծվել է Տավուշում: «Ինքնահոսը, որը սպասարկում է նաեւ Վերին Կարմիրաղբյուրին ու Բերդին, գալիս է գյուղի ներքեւով եւ ջրում է միայն խաղողի այգիները, իսկ տնամերձերը խմելու ջրով ենք ջրում: Օգոստոսից ջուրը բարակում է, դրա համար խնդիր է առաջանում: Բայց էս տարի անձրեւային էր, եւ ոռոգման ջրի խնդիր չկար»,- նշում է Ա. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ինքնահոս համակարգի մի հատվածը (1 կմ) պիտի փոխվի, ինչը մեծ գումար է պահանջում: «Կոմունիստների ժամանակներից եկած խողովակ է՝ 500-անոց ասբեստի տրուբա: Այդ խողովակով ջրի կորուստները մեծ են, դա պիտի փոխարինեն երկաթով»,- ասում է մեր զրուցակիցը:

Վարչական ներկայացուցիչը պոմպակայանի մասին էլ նշում է, որ դրանով մղվող ջուրը նույնպես անբավարար է: Անցած տարի դիմել են գործարար Միքայել Վարդանյանին՝ նոր պոմպակայան կառուցելու խնդրանքով: Վարդանյանը 4 միլիոն դրամ է հատկացրել, խողովակներն արդեն տեղադրվել են: Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ գործարարը պիտի նորից գումար հատկացնի մնացած աշխատանքների համար, եւ հույս ունեն, որ այս տարվա ընթացքում դրանք ավարտին կհասցնեն:

Ըստ Յուրի Որսկանյանի՝ կառուցվող երկրորդ պոմպակայանով հնարավոր կլինի ջուր ապահովել Տավուշի վերեւի հատվածի այգիների համար: ՋՕԸ-ի ղեկավարը հավելում է, որ եթե Տավուշ գետի վերին հոսանքում ջրամբար կառուցվի, ջուրն ամբարվի, ապա անկախ սեզոնից ու սակավաջրությունից՝ Տավուշում, Բերդում եւ Վերին Կարմիրաղբյուրում ոռոգման ջրի հարց չի լինի:

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանն էլ նշում է, որ մարզում «տեղեր կան, որ ոռոգման ջրի խնդիր կա, տեղեր կան՝ չկա», ինչը մեծամասամբ պայմանավորված է եղանակային պայմաններով: Քանի որ այս տարի անձրեւային էր, բողոքներ չեն ստացել ջրի ոչ լիարժեք մատակարարման համար:

Սուքոյանի փոխանցմամբ՝ մարզպետարանը կառավարությանն է ներկայացրել ամբողջական ծրագիր, որտեղ ներառված են մեծ ու փոքր խնդիրները՝ ջրամբարների կառուցում, ներքին ցանցերի վերանորոգում. յուրաքանչյուր գյուղի խնդիրների մասին առանձին տեղեկություն կա: Տավուշ գյուղի հարցը եւս ընդգրկված է ծրագրում: Վ. Սուքոյանը նկատում է, որ ֆինանսական միջոցների սղության պատճառով այս ծրագիրը ժամանակին իրականացվել է մասամբ: Այս տարի լրամշակելուց եւ գործադիրին կրկին ներկայացնելուց հետո հույս ունեն, որ այն ամբողջությամբ դրական լուծում կստանա:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter