ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Արզնի Կաթ»-ը կարագի փոխարեն բուսայուղով ապրանք է վաճառում. լաբորատոր փորձաքննության արդյունքները


Վերջերս պարզվեց, որ բանակին կարագի փոխարեն մարգարին և սպրեդ է մատակարարվել: Դեպքի առիթով հարուցվեց քրեական գործ: ԱԱԾ  տնօրեն Արթուր Վանեցյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ «բոլոր մեղավորները պատժվելու են», և «գործը դատական հանգուցալուծում է ստանալու»։

Կարագի կեղծման դեպքեր, սակայն, լինում են ոչ միայն բանակում․ երբեմն տնտեսվարողները բուսասերուցքային սպրեդը ներկայացնում են որպես կարագ, երբեմն էլ իրացման ցանցերն են կարագի անվան տակ բուսայուղային ապրանք վաճառում: 

Այդ պատճառով այս անգամ որոշեցինք պարզել, թե ինչ կարագ է վաճառվում սովորական խանութներում:

Մենք փորձաքննության ենք ներկայացրել 11 տեսակի, լայն տարածում ունեցող տեղական և ներկրված սերուցքային կարագ՝ պարզելու՝ դրանք կեղծված են, թե ոչ։

 

Կարագն առօրյայում լայն սպառում ունեցող ապրանքատեսակներից է։ Այն հանդիսանում է ՄՄ ՏԿ 033/2013՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի կարգավորման առարկա:

Կաթնային արտադրանքներում հանդիպող հիմնական խախտումներից մեկը ոչ կաթնային՝ բուսական ծագման յուղերի օգտագործումն է․ սերուցքային կարագը չպետք է պարունակի բուսական յուղ:

Բուսական յուղ պարունակող ապրանքը կարագ չէ, և ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, համարվում է կեղծված ապրանք. բաղադրությունը փոփոխվել է՝ առանց մակնշման համապատասխան փոփոխության: 

 «Ռոսկոնտրոլ»-ի անկախ փորձագետները հաշվարկել են, որ եթե արտադրողները կաթնային յուղն ամբողջությամբ փոխարինեն բուսական յուղով, ապա կտնտեսեն մոտ 4-5 ԱՄՆ դոլար (2000-2400 դրամ)՝ պատրաստի ապրանքի դեպքում։

«Հետք»-ը փորձաքննության է ներկայացել 11 տեսակի՝ հայկական, դանիական, նորզելանդական, ուկրաինական, ֆինլանդական, ֆրանսիական կարագներ։

Բոլոր նմուշները եղել են ժամկետի մեջ։

Արդյունքներն ամփոփելիս պետք է հաշվի առնել, որ կարագի հիմնական բաղադրիչը կաթն է, իսկ ամառային սեզոնին կաթի արտադրությունը շատ է։

Փորձաքննված 11 նմուշներից կեղծված է եղել միայն չորրորդ համարի տակ ներկայացված հայկական «Արզնու տոհմային ԹՏԽ»  ընկերության «Արզնի կաթ» 72,5 % յուղայնությամբ տուփով կարագը. այն պարունակում է բուսական յուղ։

Ապրանքի պիտանելիության ժամկետը` 1,5 ամիս (21.07.18-29.08.18)։

«Սեփական անարատ կաթից»,- նշված է ապրանքի փաթեթի վրա։ Ըստ բաղադրության՝ քաղցրասերուցքային անալի կարագ է՝ պաստերացված կաթի սերից։

«Արզնի կաթ»-ը պարունակում է բուսական յուղ, ինչն անթույլատրելի է կարագի պատրաստման մեջ։ Այն կարագ չէ և չի համապատասխանում ՄՄ ՏԿ 033/2013 սահմանված նորմերին։

Ավելին, փաթեթի վրա ներկայացված 72,5 % յուղայնության փոխարեն, ապրանքի փաստացի յուղայնությունը 83,19 % է։

Բացի այդ, ապրանքն ունի ՀՍՏ՝ հայկական ստանդարտի նշան, սակայն չունի Եվրասիական տնտեսական միության տարածքում պարտադիր EAC՝ համապատախանության նշան և չի համապատասխանում «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» (ՄՄ ՏԿ 022/2011) տեխնիկական կանոնակարգի ներկայացրած պահանջներին:

Ընկերության տնօրեն Ա․ Ջանվելյանը զբաղված էր պարզաբանում տալու համար։ Վերջինիս մեկնաբանությունը մեզ փոխանցեց «Արզնի Կաթ»-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Շուշանիկ Կարապետյանը․

«Մեր տնօրենն ասում է՝ բացառվում է՝ կարագը մարգարին լինի, որովհետև կարագ է: Ասաց (տնօրենը, հեղ․), որ մենք լաբորատորիա անալիզի կտանք, փորձաքննություն կանենք»,- նշեց Շ․ Կարապետյանը:

Այն նկատառմանը, որ եթե բուսական յուղ է պարունակում, արդեն չի կարող կարագ համարվել, Շուշանիկ Կարապետյանը պատասխանեց, որ տնօրենը չի համաձայնել և ասել է, որ «ինքը պատասխանի, որ դա կարագ է»:

«Արզնի Կաթ» ապրանքի՝ բուսական յուղի քրոմատոգրաման կարող եք տեսնել՝ այստեղ:

Հիշեցնենք, որ «Արզնի կաթ» ընկերության թթվասերային մթերքը ևս փորձաքննվել էր և չէր համապատասխանել սահմանված նորմերին․ դրա մեջ հայտնաբերել էինք աղիքային ցուպիկ։

 

Մակնշման խախտումներ

Ներկայացված նմուշներից 3-ում կային նաև մակնշման անհամապատասխանություններ, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է։

Մասնավորապես՝  Նմուշ N1-ում՝ նորզելանդական «Anchor» փաթեթավորված կարագներում (200գ) հայերեն մակնշումը կամ դժվարընթեռնելի էր, կամ՝ կիսով չափ ջնջված, երբեմն էլ՝ փակցված օրիգինալ մակնշման վրա։ Բացակայում էր տեղեկություն՝ ներկրողի վերաբերյալ։

Նմուշ N6-ում՝ ֆինլանդական «Valio» 200 գրամանոց կարագում օրիգինալ և հայերեն մակնշումները միմյանց չէին համապատասխանում։ Օրիգինալ մակնշման մեջ արտադրողը որպես բաղադրություն ներկայացրել է՝ «պաստերացված սերուցք, կաթնաթթվային միկոօրգանիզմներ։ Կաթնաթթվային», կալորիականությունը՝ 740 կկալ։ Հայերեն մակնշման մեջ բաղադրությունը փոփոխված է՝ «սերուցք կաթնային հիմք, առանց կոնսերվանտների, բնական անալի», կալորիականությունը՝ 710 կկալ։ Ապրանքը Հայաստան է ներկրում «Մառնիկ» ՍՊԸ-ն։

Ներկայացված բոլոր նմուշները, բացի «Արզնի Կաթ»-ից, ունեին ԵԱՏՄ առևտրային գոտում իրացվելու համար անհրաժեշտ EAC նշանը։

Սուպերմարկետները բուսայուղային ապրանքը ներկայացրել են որպես կարագ․ ՏՄՊՊՀ

2015-2018թթ․ ժամանակահատվածում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն կարագի շուկայում կեղծման դեպքերի ուսումնասիրություն չի իրականացրել․ կատարել է միայն գնագոյացման ուսումնասիրություններ։

Սակայն «Հետք»-ին հայտնել է, որ այս պահին հետազոտում են կարագի շուկան և առաջիկայում դրանց արդյունքները կհրապարակեն։

Մինչև 2015թ. կարագի շուկայում իրականացված փորձաքննությունների արդյունքում բացահայտվել են կարագի կեղծման մի շարք դեպքեր։ Մասնավորապես՝ 2011-2012թթ արձանագրվել են մի շարք խախտումներ․ կարագի անվան տակ սպրեդ է ներկրվել կամ վաճառվել։

Օրինակ, տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սպրեդ, սակայն, այն առևտրի կետերը մատակարարել են որպես կարագ։ Այդ ներկրողներն են` «Բիո-Ֆուդ», «Կարթել-Աննա», «Ֆելիքս-Սարգ» և «Արդիս» ընկերությունները:

Մեկ այլ դեպքում անբարեխիղճ մրցակցություն են դրսևորել հենց սուպերմարկետները՝ բուսական ծագման սպրեդն իրացնելով որպես կարագ։ Այդ սուպերմարկետներն են՝ «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ Գրուպ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ», «Նոր Զովք»։

Վերջիններիս հանդեպ կիրառվել է տուգանք՝ 3 մլն ՀՀ դրամի չափով։

Նույն ժամանակահատվածում պետական գնումների շրջանակներում ՏՄՊՊՀ-ն խախտումներ է արձանագրել նաև մանկապարտեզներին մատակարարվող կարագներում․ 570-ից ավելի մանկապարտեզների ուսումնասիրությունից պարզվել է, որ որոշ մանկապարտեզներում կարագի փոխարեն սպրեդ է մատակարարվել։ Խախտողները տուգանվել են։

Թեմային առավել մանրամասն «Հետք»-ն առաջիկայում կանդրադառնա։

 

Կարագի խոշոր ներկրողն «Ալեքս Հոլդինգ»-ն է, արտահանողը՝ «Դուստր Մարիաննան»

Հայաստանը կարագ գրեթե չի արտահանում, հիմնականում ներկրում է։ Մասնավորապես՝ 2015-2018թթ ներկրել է մոտ 14 800 տոննա կարագ, արտահանել՝ ընդամենը 49 տոննա, հիմնականում՝ Ռուսաստան և Վրաստան։

Կարագի մեծ մասը ներկրվում է Նոր Զելանդիայից, Ուկրաինայից և Ֆինլանդիայից։ 

Ներկրողներից ամենախոշորն «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն է, արտահանողներից ամենախոշորը՝ «Դուստր Մարիաննա» ընկերությունը։

Լաբորատոր փորձաքննության արձանագրությունը տես՝ այստեղ


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (2)
1. hasmik09:15 - 29 օգոստոսի, 2018
հարգելի Հետք խնդրում եմ ստուգել valio կարագի 5 կգ տուփը որի վրա մակնանշում չկա նախնական տվյալներով մարգարին է վաճառվում է որպես կարագ 1 կգը արժե 5150 դրամ
2. Anna13:54 - 29 օգոստոսի, 2018
Հարգելի Հետք, հոդվածը այնքան խառն էր հիմա չհասկացա՝ միայն Արզնիի արտադրանքը կարագ չէ՞ ր, թե մյուսների մեջ էլ կան կեղծիքներ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։