Շաբաթ, 22 սեպտեմբերի

Պաշտոնյաներին տրված դիվանագիտական անձնագրերը 747-ն են



Այս տարվա հունիսի 1-ի դրությամբ պաշտոնյաներին տրված վավեր դիվանագիտական անձնագրերի թիվը 747 է: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են արտաքին գործերի նախարարությունից:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեն հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը և նրանց ընտանիքների անդամները, պաշտոնաթող նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Սահմանադրական դատարանի դատավորները, կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, Անվտանգության խորհրդի անդամները, սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ղեկավարները, անդամները, կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահները, Վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, Կենտրոնական բանկի նախագահը, մարզպետները, Երևանի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳՆ-ից փորձել էինք ճշտել, թե արդյոք նախկին պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնել են ԱԳՆ, ինչին ի պատասխան՝ արտաքին քաղաքական գերատեսչության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ քայլեր են ձեռնարկել պաշտոնավարման ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձանց և վերջիններիս ընտանիքների անդամների դիվանագիտական անձնագրերն ԱԳՆ հյուպատոսական վարչություն հանձնելու նպատակով:

«Արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը նախարարությունը հայտարարում է անվավեր»,- ասված էր հարցման պատասխանում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ