HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու կավատները չեն պատժվում-3

Սիրանույշ Մուսայելյան-հավաքագրող, էջմիածնի շրջանի Լուսագյուղ գյուղից, նախկինում երկու անգամ դատապարտված: 

«2004թ. սեպտեմբերի 29-ին ինձ զանգահարեց Մարիետա Մուսայելյանը եւ ասաց, որ մի քանի ժամից կլինի Հայաստանում: Ես չհասցրեցի ոչինչ պատասխանել, քանի որ հեռախոսն անմիջապես անջատեց, եւ ես զարմացա նրա համարձակության վրա, քանի որ գտնվում էր հետախուզման մեջ, որի մասին տեղյակ էր: Երեք օր հետո Մարիետան կրկին զանգահարեց իմ բջջային հեռախոսի վրա, եւ այդպես սկսվեցին մեր հանդիպումները եւ շփումները: Չնայած նա գտնվում էր հետախուզման մեջ, մենք բացահայտ հանդիպում էինք իրար հետ, Մարիետան նույնիսկ բազմաքանակ հյուրերով մատաղ արեց: Այդ օրերին բազմաթիվ անգամ հրավիրվեցի հարցաքննության, բայց Մարետի պահանջով Ձեզ չհայտնեցի, որ նա գտնվում է Հայաստանում, չնայած նախաքննությանը օգնելու համար պատրաստ էի այդ անել»: 

Հատված Սիրանույշ Մուսայելյանի 2004թ. նոյեմբերի 11-ի ցուցմունքից 

Քննիչ Ա. Խաչատրյանի հարցին` ի՞նչ նպատակներ ուներ Դուբայից վերադարձած Մարիետան, Սիրանույշ Մուսայելյանը պատասխանել է. 

«Ըստ Մարիետայի ասելու` նրա Դուբայի մարմնավաճառները փախել էին իր մոտից, նրան` որպես կավատի, գումարներ չէին տալիս, որի պատճառով եկել էր Հայաստան: Միաժամանակ երեխաներին էր ցանկանում տեսնել եւ մի քիչ էլ հանգստանալ: Մարիետան կոնկրետ օր չէր ասում, բայց մտադրված էր առանց իրավապահ մարմիններին հայտնելու Հայաստանից մոտ ժամանակաշրջանում Թուրքիայով մեկնել Օմանի Հանրապետություն ... » : 

«Նրանք մինչեւ սեպտեմբերի 23-ը, այսինքն` Դուբայից իմ մեկնելը, գտնվում էին այնտեղ եւ շարունակում էին զբաղվել մարմնավաճառությամբ: Իմ մոտ մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով եկած, ավելի ճիշտ ուղարկված բոլոր աղջիկները Դուբայ են եկել Մոսկվայով, այսինքն` Երեւանից մեկնել են Մոսկվա, որտեղ նրանց իմ կողմից Արայիկ Աղաջանյանին տված տվյալներով (անուն, ազգանուն, հայրանուն, հագուստի գույներ եւ արտաքին տեսքի նկարագրություն, որոնք ինձ հեռախոսով հայտնել են կոնկրետ անձին հավաքագրողները) կոնկրետ ինքը կամ նրա մարդկանցից Սեւոն, Ավոն եւ մյուսները դիմավորել են օդանավակայանում, տարել են իրենց վարձակալած բնակարան, որից հետո ես Արայիկի անունով յուրաքանչյուր աղջկա համար ուղարկել եմ 2000 դոլար: Նրանք աղջիկների համար պատրաստել են ռուսական տեսակի կեղծ անձնագրեր, որով էլ ճանապարհել են Դուբայ: Ավելացնում եմ, որ Արայիկը նախօրոք ինձ տալիս էր կեղծ անձնագրում նշված աղջիկների տվյալները, որի հիման վրա բացում էի ԱՄԷ քաղաքացի Օմարի միջոցով այդ երկրի մուտքի հրավեր, որը ֆաքսի միջոցով ուղարկում էի Արայիկին, եւ դրա հիման վրա նրանք գնում էին Մոսկվա-Դուբայ ինքնաթիռի տոմսը: 

Ցանկանում եմ նշել, որ 2002թ. ցանկանում էի մեկնել Դուբայ, բայց նույն թվականի սկզբին Մարիետա Մուրադյան անուն-ազգանունով վտարվել էի Դուբայից եւ, հետեւաբար, այդ երկրի օրենքներով չէի կարող նույն տվյալներով վերադառնալ Դուբայ: Այդ պատճառով 2002թ. ապրիլին ձեւականորեն ամուսնացա, այսինքն` զագսում գրանցվեցի Սիրուշի եղբոր` Ալբերտ Մուսայելյանի հետ, որից հետո ստացա այդ ազգանունով անձնագիր եւ անարգել գնացի Դուբայ: Ալբերտի հետ ամուսնական կապի մեջ չեմ մտել, եւ մեր ամուսնությունը կրել է ձեւական բնույթ: Ցանկանում եմ ավելացնել, որ ձեւական ամուսնական ակտը գրանցվել է Էջմիածնի Զագսի գրասենյակում: 

Հարց- Ե՞րբ, ո՞ր ճանապարհով եւ հանգամանքներով եք մուտք գործել ՀՀ տարածք: 

Պատ.-2004թ. սեպտեմբերի 24-ին, երբ դուք դեռեւս գտնվում էիք Դուբայում, չնայած իմ խոստումներին, որ ինքնակամ կվերադառնամ Հայաստան եւ կհանձնվեմ իրավապահ մարմիններին, չներկայացա, ավելին` նույն օրը ինքնաթիռով մեկնեցի Ստամբուլ, որտեղից ավտոբուսով Բագրատաշենի մաքսատնով մուտք գործեցի Հայաստան: Ի զարմանս ինձ, լինելով հետախուզվող` ՀՀ սահմանի վրա իմ վրա ուշադրություն չդարձրեցին, եւ անարգելք մուտք գործեցի Հայաստան՝ չնայած աշխատակիցները անձնագիրս եւ տվյալները ստուգել են: Եթե չեմ սխալվում, Հայաստան եմ եկել հոկտեմբերի 29-ին»: 

Հատված Մարիետա Մուսայելյանի 2004թ. նոյեմբերի 8-ի հարցաքննությունից 

Երկու տարի հետախուզման մեջ գտնվող Մարիետա Մուսայելյանը փաստորեն ազատ ելումուտ է անում Հայաստան: Դա նշանակում է, որ մեր սահմանապահները հենց այնպես կանգնած են իրենց սահմանային կետերում, եւ ցանկացած հանցագործ ցանկացած պահի կարող է մուտք գործել Հայաստան: 

2002-2004թթ.-ին, ըստ քրեական գործի նյութերի, Մարիետա Մուսայելյանի մոտ Հայաստանից նրա համար աշխատող հավաքագրողները ուղարկել են 16 հայ կանանց: Ահա հատվածներ Դուբայում Մարիետա Մուսայելյանի հսկողությամբ աշխատող կանանց h արցաքննություններից ( 18 սեպտեմբերի, 2004թ., Դուբայ ): 

Ա. Գ. (մականունը «Դասատու», ք. Վեդի) 

«Սովորել եմ Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Մաթեմատիկա եւ ինֆորմատիկա» ֆակուլտետում, որն ավարտել եմ 1993-ին: Ավարտելուց հետո որպես մաթեմատիկայի ուսուցչուհի աշխատել եմ միջնակարգ դպրոցում ... : 1991-ին ամուսնացել եմ ... ունեցել ենք մեկ աղջիկ: 2000թ.-ին ինձ աշխատանքից ազատեցին հաստիքների կրճատման պատճառով, եւ ես որեւէ տեղ չեմ աշխատել: Ընտանիքիս ապրուստը հոգալու նպատակով որոշեցի մեկնել Դուբայ եւ մարմնավաճառությամբ գումար վաստակել: 

... Ես Մարիետայի մոտ իմ հոժար կամքով զբաղվում եմ մարմնավաճառությամբ: Հայաստան մեկնելու ցանկություն դեռեւս չունեմ եւ կարող եմ մեկնել այն ժամանակ, երբ որոշեմ, քանի որ Մարիետան ինձ համար որեւէ պրոբլեմ երբեք չի ստեղծել ... 

Իմ վաստակած գումարները ամեն օր տալիս եմ Մարիետային, իսկ ամսվա վերջում հաշվարկ ենք կատարում: Ամեն ամիս ես կամ Մարիետան մորս գումար ենք ուղարկում 200-300-ի սահմաններում ... » 

Կ.Թ.-Տավուշի մարզ, գյուղ Հաղարծին, ունի ութամյա կրթություն 

«Բնակվել եմ Դիլիջանում: Ամուսնացել եմ 1991-ին: Ունեցել ենք երեք երեխա, որոնք ներկայումս բնակվում են մորս մոտ: Քանի որ ո՛չ ամուսինս, ո՛չ ես աշխատանք չունեինք, ուստի որոշեցի մեկնել Դուբայ եւ այնտեղ մարմնավաճառությամբ գումար վաստակել: 

Իմ վաստակած գումարները ամեն օր ես հանձնում եմ Մարիետային, որից նա ամսեկան 100-200 դոլար ուղարկում է Դիլիջանում բնակվող մորս: Բացի այդ, պայմանի համաձայն, իմ վաստակած գումարներից հանվում է բնակարանի վարձի, սննդի, հագուստի եւ այլ պարագաների գումարը, իսկ մնացածը մնում է իմ եւ Մարիետայի միջեւ ... Ես մարմնավաճառությամբ եմ զբաղվում իմ ցանկությամբ, ինձ ոչ ոք չի հարկադրում դրանով զբաղվել, Մարիետան ո՛չ ինձ, ո՛չ աղջիկներին վատ չի վերաբերվում, եւ ես այդ գործով զբաղվում եմ, քանի որ ապրուստի միջոց չունեմ ... »: 

Ա. Ս.-Երեւան

«Մորս, հորս, քրոջս եւ եղբորս հետ բնակվել եմ վերը նշված հասցեում, ոչ մեկս չենք աշխատել … 

Նշեմ, որ իմ ծնողները չգիտեն, որ ես Դուբայում մարմնավաճառությամբ եմ զբաղվում, ես նրանց ասել եմ, որ Մոսկվայում աշխատում եմ մատուցողուհի եւ խնդրում եմ ծնողներիս չհայտնել նշածս հանգամանքի մասին»: 

Կ. Խ.-փախստական, ծնված 1972թ. 

«Մանուկ հասակից ծնողներս լքել են ինձ եւ քրոջս` Ք.-ին, եւ մենք մինչեւ չափահաս դառնալը եղել ենք Գավառի մանկատանը: 2000թ.-ին մանկատնից մեկնեցի Երեւան, ընդունվեցի Երեւանի առեւտրաիրավագիտական քոլեջը, որը երեք տարի անց ավարտելուց հետո աշխատել եմ խանութում եւ «Կոդակ»-ում: Քանի որ Երեւանում վարձով էի բնակվում եւ իմ աշխատավարձով չէի կարող բնակարան գնել, որոշեցի գալ Դուբայ, գումարներ վաստակել եւ Երեւանում մեկ սենյականոց բնակարան գնել»: 

Ա.Կ.-Երեւան 

«Մայրս գիտեր, որ ես մեկնում եմ Դուբայ մարմնավաճառությամբ գումար վաստակելու: Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ինձ դիմավորեց ուզբեկի աչքերով, սեւ մաշկով Սեւո անունով մի տղա ... Նշեմ, որ Դուբայի օդանավակայանում Մարիետան վերցրեց եւ՛ հայկական, եւ՛ ռուսական կեղծ անձնագրերը` պատճառաբանելով, որ հնարավոր է մենք դրանք կորցնենք: Այդ օրվանից մինչեւ օրս ես առանց անձնագրի բնակվում եմ Մարիետայի վարձած բնակարանում եւ ամեն օր զբաղվում եմ մարմնավաճառությամբ եւ դրանով վաստակած գումարները տալիս եմ Մարիետային: Այդ գումարներից այս յոթ ամսվա ընթացքում Մարիետան մորս անունով ուղարկել է ընդամենը յոթ հարյուր դոլար: Ես Մարիետայի հետ աշխատանքի որեւէ պայման չեմ կապել եւ նրանից բողոք չունեմ, բայց ցանկանում եմ մեկ ամիս աշխատել միայն ինձ համար եւ վերադառնալ Հայաստան, որպեսզի կարողանամ բնակարան գնել»: 

Մ. Գ. ( մականունը «Բեյբի»), ծնված 1985թ.: Երբ նա հասել էր Դուբայ, տասնութ տարեկան էր եւ ութ ամսվա հղի (Տե՛ս նաեւ Անապատի գիշերներում) 

«Մարիետան ինձ վերաբերում է մոր պես, ես նրանից շատ գոհ եմ եւ իմ վաստակած գումարներից յուրաքանչյուր ամիս ուղարկում եմ Երեւանում բնակվող քույրիկիս: Ես Երեւան մեկնելու ոչ մի ցանկություն չունեմ, եւ եթե ինձ չվտարեն, ես Երեւան չեմ մեկնելու: Այստեղ ինձ համար շատ լավ է: Մարիետան ինձ տիրություն է անում, օգնում է ցանկացած հարցում, ես գոհ եմ, որ մարմնավաճառությամբ գումարներ եմ վաստակում ու շատ լավ ապրում եմ: Իմ վաստակած գումարները ես տալիս եմ Մարիետային, մենք հաշվում ենք ու դուրս ենք գալիս բնակարանի վարձի, սննդի ու հագուստի գումարները, իսկ մնացածը հավասար բաժանում ենք երկուսիս միջեւ»: 

Այս կանայք խոսել են կավատի ներկայությամբ: Քննիչները որեւէ հարց չեն տվել նրանց, որեւէ բան պարզելու մտադրություն նրանք, կարծես թե, չեն ունեցել: Իսկ ստրկության մեջ գտնվող կանայք բոլորն էլ գոհ էին իրենց կյանքից, հատկապես իրենց բոսից` Մարիետա Մուսայելյանից:

Վերջինիցս գոհ էր նաեւ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը: Դրա համար էլ միջնորդել է դատարանին, որպեսզի իր դաժանությամբ Դուբայում հայտնի կավատ Մարիետա Մուսայելյանը վաղաժամկետ ազատ արձակվի (նա բանտում անցկացրել է ընդամենը յոթ ամիս) կավատի իր գործը շարունակելու համար: 

Մեկնաբանություններ (2)

Andranik
Dubai kyanken lrev sute. Serele khapvac hay aghjekner, chvakhenak yrbek. yes orenken shat lav getem havatacek ents yev harcrek voryve eravabanec. Ovker vor erok khapvacen sut khostumnerov yev sut ashkhatankov karoghen eranc pashpanel yev voj me orenk che datapartelu erenc, ays orenken bolor yrkernerumel nuynne. Ayd mamarozanere surje mej kam hyute mej knelu degh acek, yrb nrank knecen duk tser passporten yev gumaren vercrek yev pakhchek depe Hayastan, sa amenec lav tarberakne azatvelu hamar ayd anasunere tserkec, mek vakhena kaj yghek yev heshek Astcun, yes vstaem vor duk kazatvek ayd tagardec. Uresh tarberak chunek yte uzumek Hayrenek veradarnak tser yrekhanere yev untaneke mot. Khndrumem kaj yghek chvakhenak, Astvac tsez pahapan.
Andranik
Dubai kyanken lrev sute. Serele khapvac hay aghjekner, chvakhenak yrbek. yes orenken shat lav getem havatacek ents yev harcrek voryve eravabanec. Ovker vor erok khapvacen sut khostumnerov yev sut ashkhatankov karoghen eranc pashpanel yev voj me orenk che datapartelu erenc, ays orenken bolor yrkernerumel nuynne. Ayd mamarozanere surje mej kam hyute mej knelu degh acek, yrb nrank knecen duk tser passporten yev gumaren vercrek yev pakhchek depe Hayastan, sa amenec lav tarberakne azatvelu hamar ayd anasunere tserkec, mek vakhena kaj yghek yev heshek Astcun, yes vstaem vor duk kazatvek ayd tagardec. Uresh tarberak chunek yte uzumek Hayrenek veradarnak tser yrekhanere yev untaneke mot. Khndrumem kaj yghek chvakhenak, Astvac tsez pahapan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter