HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայ հայրենադարձ Ջորջ Բարսեղյանը ցեղասպանության թանգարանին նվիրաբերեց Այնթափի հերոսամարտի ընթացքում օգտագործված ատրճանակ

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ եզակի նվիրատվության միջոցառում: Սիրիահայ հայրենադարձ Ջորջ Բարսեղյանը թանգարանին նվիրաբերեց ընտանեկան մասունք՝ Այնթափի հերոսամարտի ընթացքում օգտագործված ատրճանակ: Այս մասին հաղորդում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը:

Մասնագիտությամբ բժիշկ Ջորջ Բարսեղյանն արդեն վեց տարի է մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Առավել կապվելով հայրենիքին՝ նա հաստատապես որոշել է սերնդեսերունդ փոխանցված ընտանեկան մասունքը' ատրճանակը, ի պահ տալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

«Սա է իր վերջնական և մշտական գտնվելու արժանի վայրը' մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող սրբատեղին, որտեղ այն հնարավորինս մոտ է նահատակների հոգիներին»,- համոզված է պարոն Բարսեղյանը:

Ատրճանակը պատկանել է նրա հոր մեծ հորը' Գիրգոր /Գեվիրկ/ Բարսեղյանին, ով մասնակցել է Այնթափի հերոսամարտերին: Ջորջ Բարսեղյանը զենքը Հայաստան գալուց առաջ ի պահ է տվել Սիրիայում Հայատանի Հանրապետության դեսպանատանը, և միայն վերջերս Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի ջանքերով կարողացել են դուրս բերել Սիրիայից:

«Սա չափազանց կարևոր նվիրատվություն է, թանգարանային միավոր, որն իր մեջ խտացնում է հայ ժողովրդի մարտական ոգին, վերապրելու կամքն ու հաղթանակի նկատմամբ ունեցած վստահությունը»,- գտնում է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը:

Միջոցառման ներկա էին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը, «ՀՑԹԻ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ և այլ հյուրեր:

Այս միջոցառման առիթով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պատրաստել էր նաև ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Այնթափին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter