Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

ՔԿ. Հովիկ և Ջոնիկ Աբրահամյաններն ու Ալիկ Սարգսյանը առևերույթ չարաշահումներ են կատարել



Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատու անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ և որոշում կայացվել՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։ 

Ըստ Քննչական կոմիտեի՝ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ։ Ներգրավելով վարկային միջոցներ՝ կատարել է շուրջ 80 000 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով ավազի լվացման և մաղման հոսքագծեր, սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի։ Ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջվել է ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։

Բացի այդ, պարզվել է նաև, որ Նորամարգ համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հողատարածքի վարձակալության վերաբերյալ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի հետ ավելի վաղ ստորագրված պայմանագիրը լուծարելու վերաբերյալ։ Նշված հողատարածքում ընկերությունն զբաղվում էր ավազի հանույթով։ Դատարանը բավարարել է հայցադիմումը, որից հետո նոր պայմանագիր է ստորագրվել տվյալ հողատարածքի վարձակալության վերաբերյալ այլ սեփականատերերի հետ։

ՍՊ ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները։

Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ՝ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար ներկայացուցիչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև՝ նրանց կողմից խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ՝ որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ ուղարկելու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ