Կիրակի, 23 սեպտեմբերի

Գազարը ժամանակից շուտ են հողից հանում, որ երեխաներին դպրոցական հագուստ ու պարագաներ գնեն


Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղ չմտած` սպիտակ պարկերն են աչքի ընկնում: Կարտոֆիլի բերքահավաքին դեռ մեկ ամիս կա, բայց Չարչյանների ընտանիքն արդեն սկսել է գազարի բերքահավաքը. գազարը պետք է տանեն վաճառելու, որովհետև երեխաներին դպրոցական հագուստ ու անհրաժեշտ պարագաներ են պետք:

Ջավախքում այս օրերին դեռ նոր է ավարտվում խոտահավաքը: Ճանապարհներին ամենուր բեռնատարներով խոտը բարձած մեքենաներ են հանդիպում: Խոտ հավաքելուց շուրջ մեկ ամիս անց նոր սկսվում է կարտոֆիլի բերքահավաքը, այնուհետև` բազուկի, վերջում` գազարի:

Գազարի բախտն ինչ-որ տեղ չի բերել, որովհետև հաճախ այն ձյան տակ է մնում կամ մի կերպ ձյան տակից «կապտած», «մազապուրծ» տուն հասնում: Այդպես եղել է անցյալ տարի, երբ բեժանոցիների մի մասը չի հասցրել ձյան տակից փրկել  գազարը:

Գազար մշակելու «մենաշնորհը» Ջավախքում Ախալքալաքի շրջանի հենց Բեժանո գյուղինն է: Եթե Զավախքում կարտոֆիլագործությունն առաջին տեղում է գրեթե բոլոր գյուղերում, ապա Բեժանոյում առաջնային մշակաբույսը գազարն է, տեղացիների բարբառով հայտնի «փուրչուլուղը»:

Եղբայրներ Հրաչյա և Ալբերտ Չարչյանները եղանով թուլացնում, հետո ձեռքով հողից հանում են գազարը, կուտակում մի տեղում, իսկ նրանց կանայք նստած մաքրում ու պարկերի մեջ են տեղավորում:

Տիկին Լուսինեն չնայած այլ գյուղից է հարս եկել Բեժանո, բայց արդեն երկար տարիներ գազարի հետ աշխատելու փորձը նաև մեծ արագություն է հաղորդել նրա շարժումներին: Գազարին համահունչ գազարագույն շապիկով նա արագընթաց ձերբազատում է բանջարեղենը կանաչ ցողունից և երկար «քթից», դասավորում պարկերի մեջ: Քանի որ ժամանակից շուտ են հանում հողից, մատղաշ գազարին պետք է էլ ավելի խնամքով վերաբերել առևտրային տեսքը չփչացնելու համար:

Ալբերտ Չարչյանը պատմում է, որ Վրաստանի շուկաներում Բեժանոյի գազարը հարգված է, բայց վերջին շրջանում թուրքական գազար է ներմուծվում, և մրցակցության հետևանքով նաև փոքր-ինչ ընկել է գազարի շուկայական գինը: Ավելին, հիմա արտաքին տեսքն էլ ավելի լավացնելու և մրցակցությանը դիմակայելու համար գյուղացիները ստիպված են լվանալ արտից տուն տեղափոխված գազարը:

Այս օրերին Թբիլիսիում գազարի կիլոգրամը հնարավոր է իրացնել 50-60 թեթրիով (100-120 դրամ), սակայն հաճախ այն ընկնում է մինչև 30 թեթրիի (60 դրամ), որը չի ծածկում մշակության համար կատարված ծախսերը: 

Մարդատար տրանսպորտային միջոցն այսօր Չարչյանների ընտանիքի համար ծառայում է որպես գազարի փոխադրամիջոց: Պարկերով գազարն արտից տուն է հասնելու, վերադասավորվի, որ փոխադրվի Թբիլիսիի շուկա: Այս անգամ Թբիլիսի կգնա հայկական գազարը. Չարչյաններն այս արտի սերմացուն բերել էին Հայաստանից:


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. aram09:35 - 30 օգոստոսի, 2018
Dear Ms Aghalaryan, Could you use the Armenian word for carrot next time?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։