Կիրակի, 23 սեպտեմբերի

«Լիդիան Արմենիա» ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել



Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել տեսչական մարմնի ղեկավարի 04.07.2018թ. և 17.07.2018թ. հանձնարարագրերի հիման վրա «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված փաստաթղթերը՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ: Դրա հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել է ուսումնասիրություն, ինչի նպատակով տեսչական մարմնից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Ինչպես տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը, ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր:

Մասնավորապես, «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմանների շեղումներով, ապօրինի, առանց ըդերքօգտագործման իրավունքի շուրջ 3 հեկտար մակերեսով տարածքից՝ 0,5-10 մետր խորությամբ տարհանվել է բազալտանման լեռնային զանգված և 2 հեկտար մակերեսով տարածքից՝ 0,5-8 մետր խորությամբ՝ կավանման լեռնային զանգված: Դրա հետևանքով, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական՝ ընդհանուր առմամբ շուրջ 18 միլիոն դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ