HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունն ընդունեց Չինաստանի տրամադրած շտապ օգնության մեքենաներն ու սարքավորումները

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Չինաստանի կառավարության կողմից անհատույց կարգով տրամադրված շտապ օգնության 65 ռեանիմոբիլները, գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները։ Այդ սարքավորումները շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով նվիրաբերվելու են Երևանում և մարզերում գործող բժշկական կազմակերպություններին։

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի կառավարությանը շնորհակալություն հայտնեց այս օգնության համար։ Ասաց՝ սա ևս մեկ անգամ ընդգծում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը։

Հարցը զեկուցելիս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գործադիրի անդամներին հայտնեց, որ շտապ օգնության այս ավտոմեքենաները ամբողջությամբ բավարարելու են հանրապետությունում առկա պահանջարկը․

«Մենք խնդիր չենք ունենալու շտապ օգնության մեքենաների բացակայության պատճառով շտապ օգնության կանչերի մերժման»,- ասաց նա։

Թորոսյանի փոխանցմամբ՝ շտապ օգնության 65 ռեանիմոբիլներից 55_ը կբաշխվեն, 10-ը կպահվեն պահուստում։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ կառավարությանը հայտնեց, որ Արսեն Թորոսյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել այս պահին գործող շտապ օգնության մեքենաներից մի քանիսը քրեակատարողական ծառայությանը փոխանցելու համար։

Նշենք, որ մարտի 22-ին առողջապահության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրվել էր համաձայնագիր, որով  չինական կողմը Հայաստանին անհատույց հիմունքներով նախատեսել էր տրամադրել 200 շտապ բժշկական օգնության ավտոմեքենա: Դրանք արդեն Հայաստանում են, որպես հավաստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրեր առաջ դրանց լուսանկարները հրապարակել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։

Նշենք, որ 2011թ. Չինաստանը Հայաստանին նվիրաբերել է 20 ռեանիմոբիլ և 68 գծային շտապ օգնության մեքենա` հագեցված անհրաժեշտ սարքավորումներով:

2017 թվականին պետական բյուջեով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել էր 150 միլիոն դրամ, որով առողջապահության նախարարությունը ձեռք էր բերել 10 շտապ բժշկական օգնության մեքենա և տրամադրել մարզային բժշկական կազմակերպություններին: Սակայն առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ տրանսպորտային միջոցներով ապահովվածությունը դեռևս հեռու է ցանկալիից թե՛ Երևանում, թե՛ հանրապետության մարզերում․

«Խնդիրն առավել ակնառու է մարզերի շտապ օգնության ծառայությունում, որտեղ տրանսպորտային միջոցների անբավարար քանակության պատճառով, բժշկական կազմակերպությունների գերակշիռ մասը նոր մեքենաների հետ մեկտեղ օգտագործում են հին (դեռևս խորհրդային տարիներից մնացած) մեքենաները, որոնց տեխնիկական վիճակը, բժշկական սարքավորումներով և պարագաներով ապահովվածությունը չի համապատասխանում կառավարության պահանջներին»,- ասվում է որոշման նախագծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter